Հարց 1: Ի՞նչ վարկ պետք է վերցնել, որպեսզի վերանորոգել բնակարանը կամ առանձնատունը։
Պատասխան: Բնակարանի կամ առանձնատան համար նպատակահարմար է վերցնել անշարժ գույքի վերանորոգման/վերակառուցման և կառուցման վարկը։ Դա հիփոթեքային վարկ է, ունի ավելի ցածր տոկոսադրույք և մարման ավելի երկար ժամկետ, քան սովորական սպառողական վարկը։
Հարց 2: Կարելի՞ է արդյոք ցածր տոկոսադրույքով հիփոթեքային վարկ վերցնել և օգտագործել այլ նպատակով։
Պատասխան: Ոչ, հիփոթեքային վարկը նպատակային է, նախատեսված է միմիայն անշարժ գույքի ձեռքբերման համար։ Վարկի մարման ողջ ժամանակահատվածի ընթացքում Բանկը պարբերաբար իրականացնում է մոնիտորինգ` ստուգելու համար վարկի օգտագործման նպատակայնությունը։
Հարց 3: Հնարավո՞ր է արդյոք մեքենայի գրավով հիփոթեքային վարկ վերցնել։
Պատասխան: Սկզբունքորեն ոչ, հիփոթեքային վարկ կարելի է վերցնել միայն անշարժ գույքի գրավով:
Հարց 4: Հնարավո՞ր է արդյոք մեքենայի գրավով սպառողական վարկ վերցնել։
Պատասխան: Այո, սպառողական վարկ կարելի է վերցնել ինչպես անշարժ, այնպես էլ շարժական գույքի գրավադրման պարագայում։ Որոշակի պայմաններ բավարարելու դեպքում հնարավոր է նաև վերցնել անգրավ սպառողական վարկ կամ վարկային գիծ, սակայն այդ դեպքում տոկոսադրույքը կարող է լինել ավելի բարձր:
Հարց 5: Ինչի՞ համար է նախատեսված սպառողական վարկը։
Պատասխան:
Սպառողական վարկը կարելի է ազատորեն տնօրինել` մասնավորապես` կենցաղային և էլեկտրոնային տեխնիկա գնելու, միջոցառումներ իրականացնելու և այլ ընթացիկ ծախսերը հոգալու համար։ Եթե Ձեզ անհրաժեշտ է ոչ շատ մեծ գումար, ապա սպառողական վարկն ամենաճիշտ լուծումն է։:
Հարց 6: Ո՞րն է ավտովարկի և սպառողական վարկի տարբերությունը։:
Պատասխան: Ավտովարկը ևս կարելի է դիտարկել որպես սպառողական վարկ, սակայն այն նպատակային վարկատեսակ է, որի տոկոսադրույքն ավելի ցածր է, ժամկետը՝ ավելի երկար: Որպես կանոն, մեքենայի ձեռքբերման համար այն ավելի նախընտրելի տարբերակ է։ Առաջնային շուկայում Բանկի հետ համագործակցող ընկերություններից մեքենայի ձեռքբերման դեպքում գործում են որոշակի հատուկ արտոնություններ: