HERE AND BEYOND
Ամերիաբանկն ամփոփեց «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթի արդյունքները. հաղթող թիմը ստացավ 3 մլն ՀՀ դրամ մրցանակ
Մամուլի կենտրոն

Այսօր կայացավ Ամերիաբանկի կողմից VISA վճարային համակարգի հետ իրականացվող «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթը մեկնարկել էր 2021թ. դեկտեմբերին: Մրցույթի շրջանակում 4-6 հոգուց կազմված ուսանողական թիմերը պետք է ներկայացնեին նորարարական գաղափարներ, որոնք կարող են փոփոխություն բերել մարդու/հասարակության որևէ խմբի կյանքում, գիտության կամ տնտեսության ոլորտում: 

Կարևորելով երիտասարդների ներուժը, գաղափարներն ու զարգացումը` Ամերիաբանկը նրանց հնարավորություն է տալիս հանդես գալու նորարար, արդյունավետ գաղափարներով: Մրցույթին մասնակցելու առանցքային պայմաններից մեկն այն էր, որ ներկայացվող նախագիծն իրագործվի Հայաստանում 1-2 տարվա ընթացքում 3 մլն ՀՀ դրամի բյուջեի շրջանակում:

   

Նախագծերն ուսումնասիրվել և գնահատվել են տարբեր ոլորտների մասնագետներից կազմված ժյուրիի կողմից, որի կազմում էին`

1. Տիգրան Ջրբաշյանը` «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար

2. Ռեբեկա Հակոբյանը` Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն

3. Վահան Մելքումյանը`  Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության Զարգացման և վերապատրաստման բաժնի ղեկավար 

4. Էլեն Դանիելյանը` Ամերիաբանկի Անհատական ֆինանսական ծառայությունների և քարտերի վարչության ղեկավար

5. Արտյոմ Շամցյանը` Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն 

6. Նազարեթ Սեֆերյանը` Կորպորատիվ պատասխանատվության մասնագետ

7. Արմինե Մկրտչյանը` «ռեԱրմենիա» հարթակի հոգաբարձուների խորհրդի անդամ

8. Սեդա Պապոյանը` Girls in Tech Armenia-ի գործադիր տնօրեն

9. Դիանա Արզումանյանը` Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր, տնօրեն

10. Աննա Խաչատրյանը` EPIC ինկուբատորի գործառնությունների և համայնքների հետ կապի մենեջեր

 

Առավելագույն միավորներ ստացած թիմերը եզրափակիչ փուլում ներկայացրին իրենց նախագծերը: 

Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչվեց «TakeAR» նախագիծը, որն արժանացավ գլխավոր մրցանակին` 3 մլն ՀՀ դրամ: Նախագծի նպատակն է Հայաստանում դպրոցական կրթական համակարգը զինել լրացված իրականության և վիրտուալ իրականության տեխնոլոգիաներով: Որպես գաղափարի մեկնարկ` նախատեսվում է լրացված իրականության տեխնոլոգիայի կիրառմամբ ստեղծել 8-րդ դասարանի կենսաբանության /մարդու անատոմիա/ դասագրքի վիրտուալ լաբորատորիա` բջջային հավելվածի ձևով:

 

Հետևյալ հինգ թիմերն ստացան խրախուսական մրցանակներ` 100,000-ական ՀՀ դրամի չափով:

   

«World Without Waste» /«Աշխարհն առանց աղբի»

Թիմն աշխատում է Սյունիքի մարզում` Կապան քաղաքում: Բնության աղտոտումը կանխարգելելու նպատակով հիմնադիրները մտադիր են կազմակերպություններից և անհատներից հավաքել օգտագործված թուղթ և վերամշակել այն:

«Տեսկա»

Նախագծի նպատակը խելացի աղբամանների տեղադրումն է Մասիս քաղաքում։ Խելացի աղբամանները կարողանալու են տեղեկատվություն փոխանցել քաղաքացիներին աղբի ճիշտ տեսակավորման մասին. սա կիրագործվի աղբամանների վրա պատկերված QR կոդերի միջոցով։ Արդեն տեսակավորված աղբը նախատեսվում է վաճառել աղբ վերամշակող կազմակերպություններին։

«Outvite»

«Outvite»-ի առաքելությունն է մարդկանց ազատել ժամանցային միջոցառումների որոնման և պլանավորման ջանքերից՝ ստեղծելով հավելված, որտեղ ներկայացված կլինեն տվյալ տարածքում գտնվող ժամանցի վայրերը: 

«Հիպոկրատին հավատարիմ»

Նախագծի հիմքը դրվել է դեռևս 2014 թվականին` «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից։ Նպատակն է բարելավել մարդկանց կյանքի որակը, ցուցաբերել անվճար բժշկական օգնություն մարզերում, այնպիսի վայրերում, որտեղ անհրաժեշտ տեխնիկայի, սանիտարահիգիենիկ և շենքային պայմանների բացակայությամբ պայմանավորված` մարդիկ զրկված են որակյալ բժշկական ծառայություններ ստանալու հնարավորությունից։

«Սերմերով բաժակներ»

Թիմը ցանկանում է գեներացնել մի նախագիծ, որը Հայաստանն ավելի կանաչ կդարձնի, մասնավորապես` արտադրել էկո թղթից երկշերտ բաժակներ և ափսեներ, որոնց շերտերի միջև լցված կլինեն տարատեսակ բույսերի սերմեր։ Երբ այսպիսի բաժակները կամ ափսեները ընկնեն հողի մեջ, դրանց բաղադրության մեջ եղած ստվարաթուղթը, որը հանդիսանալու է պարարտանյութ, որոշ ժամանակ հետո կքայքայվի ամբողջությամբ, իսկ սերմերը ծիլ կտան ընկած տեղում։ 

Թարմացված է առ 14.04.2022 թ., 13:24
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: