HERE AND BEYOND
Քարտով բիզնես վարկեր Ամերիաբանկից
Մամուլի կենտրոն

Հարցազրույց «Ամերիաբանկ» ՓԲԸ Բիզնես-բանկինգի պորտֆելային կառավարման բաժնի ղեկավար Կարեն Քարամյանի հետ 

 

Կպատմե՞ք ձեր նոր պրոդուկտի՝ բիզնես քարտով վարկային գծի առանձնահատկությունների մասին:


Ամերիաբանկը հաճախորդներին առաջարկում է բիզնես քարտով օվերդրաֆտ՝ օգտագործելով երեք պրոդուկտ՝ օնլայն ավտոմատ (մինչև 10 մլն ՀՀ դրամ) կամ կիսաավտոմատ հաստատվող սքորինգային վարկեր (մինչև 20 մլն ՀՀ դրամ), մինչև 50 մլն ՀՀ դրամի չափով օվերդրաֆտ՝ ապահովված հաշվի, POS-տերմինալների կամ ապառիկ ֆինանսավորման շրջանառությամբ, ինչպես նաև մաքսային քարտով վարկային գծեր՝ մինչև 20 մլն ՀՀ դրամ գումարի չափով: Բիզնես քարտից կարող է օգտվել ինչպես կազմակերպության ղեկավարը, այնպես էլ աշխատակիցները, որոնց համար թողարկվում են առանձին քարտեր՝ յուրաքանչյուրն իր սահմանաչափով:

Այս վարկատեսակի հիմնական առավելություններից մեկն է ցանկացած պահի ֆինանսական միջոցների հասանելիությունը, հատկապես եթե ունեք չկանխատեսված ծախսեր կամ կարճաժամկետ ֆինանսական դժվարություններ: Սա լավ լուծում է, հատկապես փոքր և միկրո բիզնեսի համար, որի համար միշտ արդիական են ազատ դրամական միջոցների և գրավի խնդիրները: Այսօր առավել քան երբևէ կարևոր է այն, որ վարկավորման ամբողջ գործընթացն ըստ էության իրականացվում է առցանց: Ամերիաբանկը միշտ ունեցել է առցանց ծառայությունների մեծ տեսականի, և համաճարակի օրերին սա, կարելի է ասել, իսկական փրկություն էր մեզ համար, որը թույլ տվեց աշխատել բնականոն ռեժիմով, առանց դժվարությունների: Ավանդական վարկի համեմատ օվերդրաֆտի մեկ այլ առավելություն է այն, որ օվերդրաֆտը չունի պարտադիր նպատակային օգտագործման պայման. հաճախորդը կարող է օգտագործել այն ցանկացած բիզնես նպատակով՝ իր հայեցողությամբ: Օվերդրաֆտը շատ հարմար գործիք է դրամարկղային պակասորդը լրացնելու, վարկերի մարումներ կատարելու, աշխատավարձ վճարելու համար, որը ներկա իրավիճակում մեծ կարևորություն է ձեռք բերում: Համաճարակի անբարենպաստ տնտեսական ազդեցությունը մեղմացնելու նպատակով Ամերիաբանկն իր հաճախորդներին ընձեռել է վարկային արձակուրդից օգտվելու հնարավորություն: Նշեմ, որ այս հնարավորությունից օգտվել է հաճախորդների միայն 43.4%, մինչդեռ մի մասը նախընտրել է ֆինանսական հարցերը լուծել օվերդրաֆտի միջոցով: Բիզնես քարտով օվերդրաֆտը թույլ է տալիս հետևել բոլոր ծախսերին և արդյունավետորեն կառավարել դրանք, ինչպես նաև պարզեցնել հաշվապահական հաշվառման գործընթացը:   

Բիզնես քարտով օվերդրաֆտի ամենամեծ առավելություններից մեկն ըստ իս այն է, որ այն թույլ է տալիս խնայել ժամանակը, արագացնել բիզնես գործընթացները և վաստակել ավելի մեծ շահույթ:

 

 

Քարտով վարկային պրոդուկտներն ԱՊՀ և Անդրկովկասի երկրներում այնքան էլ տարածված չեն: Ըստ ձեզ, ո՞րն է պատճառը:

Ավանդաբար համարվում է, որ անգրավ վարկային պրոդուկտը շատ ռիսկային է, այդ պատճառով էլ այն տարածված չէ: Բացի դրանից, օվերդրաֆտը կամ վարկային գիծը մարման ֆիքսված ժամանակացույց չունի, որը ևս ռիսկային է համարվում: Սակայն երբ մենք վերլուծեցինք մեր վարկային պորտֆելը, հասկացանք, որ քարտային պրոդուկտներն իրենց որակով չեն զիջում սովորական վարկերին, իսկ երբեմն անգամ գերազանցում են դրանք: Ամեն դեպքում, միշտ առկա է հաշվով շրջանառություն, տոկոսները մարվում են ավտոմատ, և որևէ խնդիր չի լինում: Կարծում եմ՝ բանկերը շուտով կակտիվանան այս ոլորտում, քանի որ քարտային վարկերն ավելի եկամտաբեր են և պակաս ժամանակատար, դրանց տոկոսադրույքն ավելի բարձր է, գործառնական ծախսերը՝ քիչ: Ուստի իրավիճակը կփոխվի, այն արդեն փոխվում է: Երեք տարում բիզնես քարտերով տրամադրված օվերդրաֆտների ծավալը կրկնապատկվել է:  

 

 

Գաղտնիք չէ, որ շատ ձեռնարկատերեր, հատկապես միկրո բիզնեսներ, օգտվում են ֆիզիկական անձանց համար նախատեսված վարկային պրոդուկտներից, այդ թվում ՝ վարկային քարտերից: Ո՞րն է ձեռնարկատիրոջ համար բիզնես քարտով վարկային գծի առավելությունը:

Բիզնես քարտով վարկի տոկոսադրույքը 2-3%-ով ավելի ցածր է, քան նմանատիպ վարկի տոկոսադրույքը ֆիզիկական անձանց համար: Բացի դրանից, ՀՀ կառավարությունը մշակում է օրինագիծ, համաձայն որի որոշ դեպքերում բիզնեսները պարտավոր են կատարել բացառապես անկախնիկ վճարումներ, իսկ անկանխիկ վճարումների համար հարկավոր է ունենալ ընկերության անունով գրանցված բիզնես քարտ: Ուստի ընտրությունն ակնհայտ է: 

 

 

Ազդե՞լ են արդյոք մեկուսացումը և համաճարակը քարտով վարկային գծերի պահանջարկի վրա: Եթե այո, ինչպե՞ս:

Համաճարակի ժամանակ բնականաբար մեծացավ անկանխիկ շրջանառությունը: Այդ ընթացքում մենք արեցինք ամեն ինչ, որպեսզի նվազագույնի հասցնենք բանկ այցելությունները: Շատ ընկերություններ սկսեցին իրենց գործընկերներից պահանջել գործարքներին իրականացնել անկանխիկ եղանակով, որը նպաստեց բիզնես քարտերի պահանջարկի աճին: Այն հաճախորդները, որոնք նախկինում չէին օգտվում օվերդրաֆտից, կամ օգտվում էին մասնակի, համաճարակի օրերին սկսեցին օգտագործել այս ծառայության բոլոր հնարավորությունները: Զգալիորեն ավելացել է առցանց ծառայությունների պահանջարկը, և նախկինում թվային ուղղությունը զարգացնող ընկերություններն այժմ շահեկան դիրքում են: Ամերիաբանկը մշտապես զարգացրել և զարգացնում է հեռահար ծառայությունները, այդ թվում՝ ինտերնետ բանկինգը: Մեր գրեթե բոլոր ծառայությունները հասանելի են առցանց: Ամերիաբանկը նաև միացել է ՀՀ կառավարության՝ կորոնավիրուսի բացասական տնտեսական հետևանքների մեղմացմանն ուղղված ծրագրերին, և բոլոր գործընթացներն իրականացվել են առցանց: Արդյունքում՝ Կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի շրջանակում, ՀՀ բանկերի կողմից տրամադրված վարկերի 37% բաժին է ընկնում Ամերիաբանկին, որովհետև մենք ավելի լավ էինք պատրաստված նոր իրողությանը:

 

 

Նախատեսու՞մ եք արդյոք հետագայում զարգացնել այս պրոդուկտը, եթե այո, ինչպե՞ս:  

Անշուշտ, նախատեսում ենք: Մեր նպատակն է բիզնես քարտով վարկային գծերը հնարավորապես հասանելի դարձնել ձեռնարկատերերի համար: Ըստ մեր ուսումնասիրությունների՝ բիզնես քարտերով բոլոր վարկերի 95% ավտոմատ և կիսաավտոմատ սքորինգային վարկեր են՝ մինչև 20 մլն ՀՀ դրամի չափով: Ուստի մենք հետևողականորեն աշխատում են երկու ուղղությամբ՝ սքորինգի և բիզնես-հարթակի բարելավում: Մենք արդեն ունենք կոնկրետ լուծումներ, որոնց մասին, հուսով եմ, շուտով կհայտարարենք: 

Աղբյուրը` SME Banking Club

Թարմացված է առ 13.08.2020 թ., 15:23
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: