HERE AND BEYOND
«Փխրուն հնգյակի» տնտեսական ապագան 2014թ-ին
Մամուլի կենտրոն

2014թ-ը կարող է շրջադարձային լինել զարգացող երկրների համար, քանի որ զարգացող տնտեսությունները պետք է հարմարվեն գլոբալ տնտեսական աճի առավել բարձր արագությանը, Չինաստանի կայուն աճին և ԱՄՆ-ի կողմից դրամական կարգավորման կրճատմանը: Այսպիսի տեսակետ է հայտնում Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի անկախ անդամ Ռոբերտ ֆոն Ռեկովսկին, ով նշանավոր Fidelity Investments ընկերությունում պատասխանատու է Զարգացող շուկաների ռազմավարության ձևավորման համար:

Ֆոն Ռեկովսկին 2014թ-ին զարգացող տնտեսությունենրի համար կատարված կանխատեսումները և գնահատականները շարադրել է «Զարգացող շուկաներ 2014, ինչպես կենտրոնական բանկերի քաղաքականությունը և աճը կարող են նպաստել շահույթի ստացմանը» զեկույցում, որը հրապարակված է Fidelity Investments-ի կայքում:

Փորձագետի գնահատականներով, ֆինանսական շուկայում պետք է սպասել լարվածության երկրորդ փուլի առաջ գալուն` որպես Դաշնային պահուստային համակարգի կողմից պարտատոմսերի գնման կրճատման հետևանք: Սակայն նրա դիտարկումով` չարժե միայն տոկոսադրույքների աճի հետևանքով զարգացող տնտեսությունների համար բացասական հետևանքներ սպասել: Պետք է դիտարկել, որ փոխատվական կապիտալի շուկայի համար կատարված կանխատեսումները բավականին զգուշական են:

ԱՄՆ-ի վարած արժութային քաղաքականությունն անշուշտ իր ազդեցությունը կունենա այնպիսի երկրների տնտեսության վրա, ինչպիսիք են Բրազիլիան, ՀԱՀ-ը, Հնդկաստանը, Թուրքիան և Ինդոնեզիան, որոնք միասին հայտնի են որպես «փխրուն հնգյակ»: Այս երկրների տնտեսությունները մոտակա ժամանակներում ամենայն հավանականությամբ կտուժեն կապիտալի արտահոսքի հետևանքով, ինչն իր հերթին կնվազեցնի այդ երկրների արժույթների փոխարժեքը:

Ֆոն Ռեկովսկին կանխատեսումներ է արել նաև Չինաստանի տնտեսական զարգացման վերաբերյալ: Հիմնական սլաքները հավաքվում են այն կետում, որ 2014թ-ին Չինաստանի` ինչպես և մյուս զարգացող երկրների համար ամենաօպտիմալ տարբերակը կլինի այն, որ դրանք կունենան ոչ այնքան «թեժ» և ոչ այնքան «սառը» տնտեսական ակտիվություն: Տնտեսական աճը այս տարում Չինաստանի համար կարող է կազմել 5%-7%, մինչդեռ նախորդ տասնամյակում այն միջինը կազմել է 8%-10%:

Մասնագետի կանխատեսումների համաձայն` զարգացող երկրների կայուն զարգացման համար ընթացիկ տարում մեծ նշանակույթուն են ունենալու անցկացվելիք ընտրությունները: Ինչպես նշվում է` համընդհանուր ընտրություններ են սպասվում Հնդկաստանում, նախագահական ընտրություններ` Թուրքիայում և Բրազիլիայում, խորհրդարանական և նախագահական ընտրություններ` Ինդոնեզիայում և այլն, իսկ դրանք չեն կարող իրենց ուղղակի կամ անուղղակի ազդեցությունները չունենալ տնտեսության վրա, քանի որ, որպես կանոն, ընտրություններից 3-6 ամիս առաջ նկատվում է շուկայական տարբեր ցուցիչների վատթարացում:

Տնտեսական զարգացման վրա 2014թ-ին մեծ ազդեցություն է ունենալու նաև կառուցվածքային բարեփոխումների իրականացումն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Բրազիլիան և Հնդկաստանը, քանի որ ներդրումներ կատարողներն արդեն ականատես են եղել Ֆիլիպիններում և Մեքսիկայում իրականացված բարեփոխումների արդյունքները և գուցե ձգտեն իրենց կապիտալը տեղափոխել այնտեղ:

Ռոբերտ ֆոն Ռեկովսկին իր ծավալուն աշխատանքում անդրադարձել է նաև Եվրոպայում նկատվող տնտեսական աճի տեմպերի թուլացմանը, զարգացող երկրներում ներդրում կատարող հիմնական աղբյուրների հնարավորություններին, Էներգակիրների գների դինամիկային, զարգացած երկրների կողմից մրցակցության սրմանը և այլն:

www.panorama.am

Թարմացված է առ 30.01.2014 թ., 12:01
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: