HERE AND BEYOND
Ամերիա խումբը հանգանակել է 30.573 մլն ՀՀ դրամ ծանր հիվանդություններով տառապող երեխաների բուժման համար «Խաղողը կյանք է» բարեգործական աճուրդի ժամանակ
Մամուլի կենտրոն

Դեկտեմբերի 6-ին «Ամերիա» ընկերությունների խումբը կազմակերպեց հերթական բարեգործական աճուրդը՝ այս անգամ «Խաղողը կյանք է» խորագրով: Աճուրդին ներկայացվել էին կոնյակի, գինիների և շամպայնի բարձրակարգ հատընտիր տեսակներ: Ավանդույթին համաձայն «Ամերիա» ընկերությունների խումբը կրկնապատկեց աճուրդից ստացված ողջ հասույթը, ինչի արդյունքում ծանր հիվանդություններով տառապող 17 երեխաների բուժմանը կուղղվի ավելի քան 61 մլն ՀՀ դրամ:

Աճուրդին ներկայացվել են 20 տեսակի էլիտար խմիչքներ, որոնք հատուկ այդ նպատակով բերվել են Հայաստան: Դրանց շարքում են «Արարատ Նոյան Տապան» կոնյակը` 70 տարեկան, Pian dell Vigne 2008թ. (5լ), Tignanello 2010 (6լ), 1877թ. սպիտակ թնդեցված գինի Մադեռան, Cristal Rose Vintage 2005 և այլ յուրահատուկ խմիչքներ: Աճուրդի ժամանակ իրենց լավագույն արտադրանքը ներկայացրին «Արարատ կոնյակի գործարան» ՓԲԸ-ն, «Պեռնո Ռիկար Արմենիա»-ն, «Նոյ» կոնյակի-օղու-գինու կոմբինատը, «Արտէքսիմ» ՍՊԸ-ն, «Արմանյակ Դելորդ» ՍՊԸ-ն, «Շատո Արարատ Վինյարդ» ՓԲԸ-ն, «Ավերս» ՓԲԸ-ն, «Անդակո» ՓԲԸ-ն և In Vino խանութը: Աճուրդի արդյունքներով առավել թանկ գնահատվեց «Արարատ Նոյան Տապան» 70 տարեկան կոնյակը, որը վաճառվեց 2 մլն ՀՀ դրամով: Ընդհանուր առմամբ, խմիչքների վաճառքից ստացված հասույթը կազմեց 27.1 մլն դրամ, որին գումարվեցին անհատական հանգանակությունները` 3.473 մլն ՀՀ դրամի չափով: Արդյունքում, դեկտեմբերի 6-ի ընդհանուր հասույթը կազմեց 30.573 մլն ՀՀ դրամ, որը ինչպես և նախորդ տարիներին, կրկնապատկվեց «Ամերիա» խմբի կողմից՝ կազմելով 61 մլն ՀՀ դրամ: Հիշեցնենք, որ 2010թ. աճուրդի արդյունքում հավաքվել էր 19 մլն ՀՀ դրամ, 2011թ.՝ 21 մլն ՀՀ դրամ, իսկ 2012թ.՝ 79 մլն ՀՀ դրամ:

«Մենք այսօր մասնակցում ենք այս միջոցառմանը, քանի որ այն ուղղված է ծանր հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը: Մեր ընկերությունը վաղուց է սատարում մարդկանց կյանքի բարելավմանն ուղված գործունեությունը»,  նշեց Riedel գինու սպասքի մասնագիտացած ընկերության՝ Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում վաճառքների գծով փոխտնօրեն Ալեքսանդր Զորինը:

«Անտինորի ընտանիքը, որն արդեն 600 տարի է, ինչ զբաղվում է գինեգործությամբ, այս աճուրդին ներկայացրել է երկու նմուշ, որոնք կապացուցեն մեր ընտանիքի կողմից պատրաստված գինիների կատարելությունը: Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանում ներկայացնել իտալական գինեգործության լավագույն ավանդույթները հանուն երեխաների կյանքի փրկության»,  ասաց Գվիդո Վանուկին՝ Անտինորի ընտանիքի միջազգային փորձագետ-մենեջերը:
«Ես շատ ուրախ եմ տեսնել, թե ինչպես է աճուրդի մասնակիցների թիվը տարեց տարի ավելանում: Այս տարի տեղի ունեցավ արդեն 4-րդ աճուրդը, որի ողջ հասույթը կհատկացվի 17 երեխաների բուժմանը: Ինչպես և անցած տարի, այս տարի ևս մենք կկրկնապատկենք այս գումարը», - ասաց «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի Տնօրինության նախագահ – գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Աճուրդի ողջ հասույթը կկրկնապատկվի «Ամերիա» ընկերությունների խմբի կողմից, և ամբողջ գումարը կուղղվի քաղցկեղային, հեմատոլոգիական և իդիոպաթիկ արթրիտ ունեցող երեխաների բուժմանը: Մասնավորապես, գումարը կփոխանցվի «Նվիրիր կյանք», «Օգնենք հայ մանուկներին», «Երեխաներ առանց ցավի» հիմնադրամներում և «Էխո» հ/կ-ում գրանցված 17 երեխայի, որոնք այս պահին գտնվում են բուժման մեջ և դրամական օգնության խիստ կարիք ունեն: Այն բոլոր անհատները և կազմակերպությունները, որոնք ցանկություն ունեն մասնակցելու այս նախաձեռնությանը, կարող են գումարները փոխանցել Ամերիաբանկում բացված 1570036910764400 բարեգործական հաշվեհամարին:

Նշենք, որ «Ամերիա» ընկերությունների խումբը հայաստանյան շուկայում ամենաարագ զարգացող ֆինանսական խմբերից մեկն է բանկային և խորհրդատվական ծառայությունների ոլորտում: «Ամերիա» ընկերությունների խումբն իր կողմից առաջարկվող խորհրդատվական և ֆինանսական ծառայությունների փաթեթի միջոցով համալիր աջակցություն է ցուցաբերում Հայաստանի և տարածաշրջանի տարբեր սոցիալ-տնտեսական և բիզնես ոլորտներում գործող կազմակերպություններին և անհատներին: Խմբի մեջ են մտնում Ամերիաբանկը, «Ամերիա» խորհրդատվական ընկերությունը և «Ամերիա Ասեթ Մենեջմենթ» ներդրումային ընկերությունը:

www.arminfo.am

Թարմացված է առ 13.12.2013 թ., 15:44
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: