HERE AND BEYOND
«Ամերիա»-ն հիվանդ երեխաներին օգնելու համար բարեգործական աճուրդ կկազմակերպի
Մամուլի կենտրոն

«Ամերիա» ընկերությունների խումբը ձևավորել է ավանդույթ` Ամանորի շեմին կազմակերպելու բարեգործական աճուրդ, որն ուղղված է հիվանդ երեխաների բուժմանը: «Խաղողը կյանք է» խորհրդանշական անունը կրող աճուրդն այս անգամ կանցկացվի դեկտեմբերի 6-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

Նրա խոսքերով` աճուրդի ողջ հասույթը կկրկնապատկվի «Ամերիա» ընկերությունների խմբի կողմից, և ամբողջ գումարը կուղղվի քաղցկեղային, հեմատոլոգիական, իդեոպաթիկ արթրիտ և հրատապ բուժում պահանջող այլ հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը: «Մեր նպատակն է օգնել այն երեխաներին, ովքեր պայքարում են իրենց կյանքի համար»,- նշեց նա` հավելելով, որ գումարը ուղղվում է այն երեխաների բուժմանը, որոնց ընտանիքները ի վիճակի չեն վճարել բուժման համար:

Տ.Ջրբաշյանը տեղեկացրեց, որ 2012թ-ին անցկացված բարեգործական աճուրդի ընթացքում հավաքվել է 35 մլն դրամ, որը կրկնապատկվել է «Ամերիա»-ի կողմից: Արդյունքում գումարը կազմել է 71 մլն դրամ: Բացի այդ, ըստ նրա, աճուրդից հետո մեկ ամսվա ընթացքում հանգանակությունների շնորհիվ հավաքվել է ևս 8 մլն դրամ:

Ընթացիկ տարում «Ամերիա» ընկերությունների խումբը երեխաների բուժման համար փոխանցել է 20 մլն 919 հազար դրամ: Տ.Ջրբաշյանը հայտնեց, որ տարվա ընթացքում Ամերիաբանկում բացված բարեգործական հաշվեհամարին ամեն ամիս գումար են փոխանցել նաև բանկի աշխատողները: Ընդհանուր առմամբ` 2012 թվականի դեկտեմբերից մինչև 2013 թվականի դեկտեմբերը շուրջ 100 մլն դրամ է ուղղվել երեխաների բուժմանը:

Նշվեց նաև, որ «Ամերիա»-ն համագործակցել է «Նվիրիր կյանք», «Օգնենք հայ մանուկներին», «Երեխաներ առանց ցավի», «Փյունիկ» և այլ հիմնադրամների հետ:

Անդրադառնալով այս տարվա աճուրդին, Տ.Ջրբաշյանը նշեց, որ արդեն չորրորդ տարին կազմակերպվող աճուրդին կներկայացվեն բարձրակարգ ու նրբահամ կոնյակներ, գինիներ, շամպայններ և արմանյակ տարբեր երկրների նշանավոր արտադրողներից: Աճուրդին կներկայացվեն էլիտար բացառիկ խմիչքներ, որոնց մի մասը աճուրդի համար հատուկ բերվել է Հայաստան: «Ես չէի սպասում, որ գինի արտադրող և ներմուծող ընկերությունները նման պատրաստակամություն ցույց կտան, նույնիսկ իրենք էին առաջարկում աճուրդին ներկայացնել աշխարհում քիչ վաճառվող բացառիկ խմիչքներ: Օրինակ` վաճառքի կհանվի 1875 թ-ի, 1913թ-ի արտադրության գինիներ»,- ասաց նա:

Նշվեց նաև, որ միջոցառմանն իրենց մասնակցությունը կունենան աշխարահռչակ Անտինորի գինեգործական ընտանիքի ներկայացուցիչը, պրոֆեսիոնալ սոմելյե Ռիդլ գինու սպասքի մասնագիտացված հայտնի ընկերությունից և խմիչքների արտադրության ոլորտում ճանաչում ունեցող մի շարք մասնագետներ:

Տ.Ջրբաշյանն ասաց, որ գումարը կփոխանցվի «Նվիրիր կյանք», «Օգնենք հայ մանուկներին», «Երեխաներ առանց ցավի» հիմնադրամներում և «Էխո» հ/կ-ում գրանցված 17 երեխայի, որոնք այս պահին գտնվում են բուժման մեջ և դրամական օգնության խիստ կարիք ունեն:

«Երբ գումար ես աշխատում, հասկանում ես, որ կան մարդիկ, ովքեր քո օգնության կարիք ունեն: Մենք փորձեցինք կենտրոնացնել մեր օգնությունը և աջակցել քաղցկեղով տառապող երեխաներին, քանի որ ուռուցքային հիվանդությունները թանկ արժեն, բայց նաև հավանականությունը մեծ է, որ երեխաները կհաղթահարեն այդ հիվանդությունը»,- ասաց Տ.Ջրբաշյանը:

www.panorama.am

Թարմացված է առ 05.12.2013 թ., 15:16
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: