HERE AND BEYOND
Ամերիաբանկի նոր՝ առավել մատչելի և գրավիչ առաջարկները
Մամուլի կենտրոն

24.05.2013/Դելովոյ Էքսպրես/ Ամերիաբանկն ընթացիկ տարում շարունակում է ընդլայնել մանրածախ ծառայությունների տեսականին` այն համալրելով նոր ու հետաքրքիր առաջարկներով: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ամերիաբանկ» ՓԲԸ մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը: Վերջինիս խոսքերով` բանկը վերանայել է մանրածախ բանկային ծառայությունների սակագները` բարելավելով և դարձնելով դրանք առավել մրցունակ: Խոսքն առաջին հերթին պլաստիկ քարտերի տրամադրման և սպասարկման պայմանների և սակագների մասին է, որոնք հիմնականում նվազեցվել են: Մասնավորապես նվազեցվել է վճարային քարտերի տարեկան սպասարկման վճարը:

Նշված փոփոխությունների հիմնական նպատակներից մեկը Հայաստանի մարզերում բանկային ծառայությունների պահանջարկի խթանումն է՝ Երևանի և մարզերի մասնաճյուղերում ծառայությունների սակագների նկատմամբ տարբերակված մոտեցման միջոցով:

Արման Բարսեղյանը ներկայացրեց Ամերիաբանկի կողմից առաջարկվող նոր բանկային պրոդուկտը, որը կոչվում է «Ամերիա» ավանդ: «Նոր ավանդն էապես տարբերվում է շուկայում առկա բոլոր առաջարկներից նրանով, որ այս դեպքում ավանդի պայմանները որոշակի առումով սահմանվում են հենց հաճախորդի, այլ ոչ թե թելադրվում են բանկի կողմից», - նշեց Արման Բարսեղյանը: «Ամերիա» ավանդը հաճախորդներին բանկի կողմից առաջարկվող բազային պրոդուկտի հիման վրա ավանդի իրենց նախընտրելի տեսակը կառուցելու հնարավորություն է տալիս: Հաճախորդը կարող է ձևակերպել ավանդը 4 արժույթով, ցանկացած ժամկետով (առավելագույնը 5 տարի), գումարի ավելացման և նվազեցման կամ, անհրաժեշտության դեպքում, պայմանագրի գործողությունը դադարեցնելու հնարավորություններով: «Այսպիսով մենք առաջարկում ենք ավանդ-կոնստրուկտոր և հաճախորդին ավանդի՝ իրեն անհրաժեշտ բաղկացուցիչ մասերն ինքնուրույն ընտրելու հնարավորություն ենք տալիս», - նշեց Արման Բարսեղյանը:

Արման Բարսեղյանը նշեց նաև, որ բանկը բարձրացրել է դրամային ավանդների տոկոսադրույքները՝ ազգային արժույթով ավանդների ծավալն ընդլայնելու նպատակով: Նշված ավանդատեսակի կարևորագույն առավելությունն այն է, որ ավանդատուն հնարավորություն ունի ստանալ ավանդի տոկոսադրույքով քարտով վարկային գիծ` ավանդի մինչև 30%-ի չափով:

Ամերիաբանկի ուշադրությունից անմասն չեն մնացել նաև ՓՄՁ-ները: Սույն թվականի մայիսի 15-ից մինչև հունիսի 28-ը Ամերիաբանկը հանդես է գալիս ՓՄՁ-ների վարկավորման հատուկ առաջարկով. «Պարզ և արագ» փաթեթ, որը նախատեսված է 5 մլն-ից մինչև 50 մլն դրամ կամ համարժեք արտարժույթի չափով վարկի պահանջարկ ունեցող փոքր և միջին ձեռնարկությունների համար:

Արման Բարսեղյանի խոսքով, նշված ծրագրի շրջանակներում բանկը կպարզեցնի վարկերի տրամադրման ընթացակարգը, իր վրա կվերցնի վարկի ապահովման միջոց հանդիսացող անշարժ գույքի գնահատման և ապահովագրման ծախսերը, ինչպես նաև ընկերության ղեկավարներին կտրամադրի VISA/MC Business և/կամ Gold տեսակի միջազգային վարկային քարտեր՝ առանց հավելյալ ապահովության:

Արման Բարսեղյանը նշեց նաև, որ Ամերիաբանկը կպարգևատրի բոլոր այն անձանց, ովքեր կուղղորդեն ՓՄՁ-ներին Ամերիաբանկ` «Պարզ և արագ» վարկավորման փաթեթից օգտվելու համար՝ բացելով վերջիններիս համար առարկայազուրկ ոսկով մետաղական հաշիվ, 1 կամ 2 գրամ առարկայազուրկ ոսկով՝ կախված տրամադրված վարկի գումարից: Նշված ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են դիմել Ամերիաբանկ՝ անվճար ուղղորդիչ կտրոն ստանալու նպատակով:

Արման Բարսեղյանը հայտնեց, որ 2013 թ-ի առաջին եռամսյակում Ամերիաբանկի մանրածախ բանկային գործառնությունների պորտֆելն աճել է 8 %-ով: Մինչև առաջին կիսամյակի վերջը բանկը նախատեսում է ապահովել նշված պորտֆելի 15 % աճ:

Անահիտ Ջուլհակյան

Դելովոյ Էքսպրես

Թարմացված է առ 11.06.2013 թ., 20:01
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: