HERE AND BEYOND
Ամերիաբանկը եւ ֆրանսիական Պրոպարկո գործակալությունը պայմանագիր ստորագրեցին
Մամուլի կենտրոն

18.04.2013/lragir.am/ Այսօր Արմենիա Մարիոթ հյուրանոցում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիական Պրոպարկո Զարգացման ֆինանսական գործակալությունը (Investment and Promotion Company for Economic Cooperation) եւ «Ամերիաբանկ» ՓԲԸ պայմանագիր ստորագրեցին 15 մլն ԱՄՆ դոլարի չափով Ամերիաբանկին վարկ տրամադրելու մասին: Պրոպարկոյի կողմից պայմանագիրը ստորագրեց ներդրումների գծով փոխտնօրեն Ժերոմ Բերտրան-Հարդին, իսկ հայկական կողմից՝ Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: Պայմանագրի ստորագրմանը ներկա էր նաեւ Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:

Դեսպան Ռենոն նշել է, որ այս իրադարձությունը համահունչ է Հայաստանի ու Ֆրանսիայի հարաբերությունների զարգացմանը, որի նպատակն է ավելի ամրապնդել երկու երկրների միջեւ տնտեսական փոխգործակցությունը: Դեսպանը հիշեցրեց, որ այդ մասին ընդգծել են նաեւ երկու երկրների նախագահներն իրենց հանդիպման ժամանակ:

«Սա կոնկրետ եւ շոշափելի արտահայտությունն է այն քաղաքականության, որին մի քանի տարի առաջ ձեռնամուխ էր եղել Զարգացման ֆրանսիական գործակալությունը, այն է՝ այնպես անել, որ Հայաստանն ընդգրկվի իր ծավալած գործունեության դաշտում եւ օգտվի իր ծառայություններից: Իսկ Հայաստանի համար մատչելիությունն ապահովող համաձայնագիրն ավելի առարկայական արտահայտություն ստացավ 2011 թվականին Ֆրանսիայի նախագահի Հայաստանի կատարած պետական այցի ժամանակ»,- ասել է դեսպանը:

Ռենոյի խոսքով, նախքան ՀՀ կառավարության եւ ԶՖԳ միջեւ պայմանագրի ստորագրումը Պրոպարկոն արդեն հետազոտական աշխատանքներ է իրականացրել Հայաստանում, իսկ այսօրվա ստորագրությունն էլ նախապես իրականացված աշխատանքի արգասիքն է լինելու:

Դեսպանի խոսքով, պատահական չէ, որ Ռուսաստանից հետո Ֆրանսիան ուղիղ ներդրումների ծավալով առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանում: Այժմ շուրջ 150 ֆրանսիական կազմակերպություններ գործունեություն են ծավալում Հայաստանում, իսկ քսանն էլ արդեն կայուն ներկայացվածություն ունեն այստեղ:

«Որպես Ֆրանսիայի դեսպան՝ իմ գոհունակությունն եմ հայտնում, որ Պրոպարկոյի գործունեությունը վերաբերելու է գյուղատնտեսության ոլորտին եւ նախեւառաջ այն պատճառով, որ Ֆրանսիան գյուղոլորտում՝ ի դեմս Պեռնո Ռիկար կոնյակի գործարանի, իր ներկայացվածությունն ունի: Սա այն ոլորտն է, որտեղ անելիքները շատ են, եւ Ֆրանսիան հույս ունի աջակցել այս նախաձեռնությանը»,- ասել է նա:

Անրի Ռենոն ընդգծել է նաեւ, որ պայմանագրի ստորագրման համար բավական պատեհ առիթ է ընտրվել, որը համընկավ Հայաստանի նախագահի երկրորդ ժամկետի մեկնարկին, ինչպես նաեւ Ասոցացման վերաբերյալ Հայաստան-ԵՄ բանակցությունների հերթական փուլի հետ:

Պրոպարկոյի ներկայացուցիչ Ժերոմ-Բերտրան Հարդին նշել է, որ վարկային համաձայնագրի ստորագրումը մեծ ուրախություն է իրենց համար՝ ավելացնելով, որ Ամերիաբանկը չհապաղեց իր թեկնածությունը ներկայացնել ծրագրի իրականացման համար, որը պետք է մեկնարկ հանդիսանա Հայաստանում իրենց միջեւ հետագա համագործակցության համար:

«Մեր ընտրությունը պայմանավորված է շուկայում Ամերիայի զբաղեցրած դիրքով, ֆինանսական վիճակով եւ գյուղատնտեսական ձեռնարկություններին ֆինանսավորելու ունակությամբ: Այս վարկային գծի շահառուները պետք է լինեն գյուղմթերքների արտադրությամբ եւ ընդհանրապես գյուղոլորտում աշխատող ձեռնարկությունները»,- ասել է նա:
Հարդին հույս է հայտնել, որ իրենց գործունեությունը կօժանդակի Հայաստանի տնտեսության զարգացմանը, իսկ այս առաջին ձեռնարկը կվերածվի արգասաբեր, բեղուն եւ երկարատեւ համագործակցության:

Արտակ Հանեսյանն էլ ասել է, որ առաջին անգամ Հայաստանում պայմանագիր է ստորագրվում Պրոպարկոյի եւ Հայաստանի ֆինանսական կառույցի միջեւ: «Ուրախ եմ, որ Ամերիան դրդապատճառ հանդիսացավ, որ Պրոպարկոն մտնի հայկական շուկա, նաեւ տեղյակ եմ, որ սա ընկերության երկրորդ գործարքն է Հարավային Կովկասում: Պրոպարկոն միջոցներ կհատկացնի, որոնք կուղղվեն Հայաստանի զարգացման համար մեծ նշանակություն ունեցող գյուղատնտեսության ոլորտ: Մենք էլ մեր հերթին մեր գործունեությունն ուղղելու ենք գյուղատնտեսության ոլորտի փոքր եւ միջին գործարարներին, այդ թվում, վերամշակող ու արտահանող ձեռնարկություններին»,- ասել է Հանեսյանը՝ ավելացնելով, որ փոքր եւ միջին բինզեսի վարկավորումը եւ զարգացումն իրենց երկու տարվա ռազմավարական զարգացման ուղղությունն է, եւ այդ մասին են վկայում բանկի ֆինանսական ցուցանիշները: Միայն այս տարվա առաջին եռամսյակում ՓՄՁ վարկավորումն ավելացել է 15%-ով, իսկ ողջ տարվա համար հավակնոտ նպատակ է դրված՝ փոքր եւ միջին բիզնես վարկավորման ծավալները մեծացնել 75%-ով: Հանեսյանի խոսքով, բանկի առաջին եռամսյակի ցուցանիշները վկայում են, որ նպատակը հասանելի է:

Արտակ Հանեսյանը, պատասխանելով հարցին, թե որքան կկազմի տոկոսադրույքը, նշել է, որ դա կախված է շուկայի եւ տվյալ ընկերության գործունեության պայմաններից: Այդուհանդերձ, նա նշել է, որ վարկի պայմանները մրցակցային են լինելու եւ տրվելու են 8 տարով

 

lragir.am

Թարմացված է առ 22.04.2013 թ., 13:27
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: