HERE AND BEYOND
Ամերիաբանկն ավելացրել է շահույթը ավելի քան 50%-ով
Մամուլի կենտրոն

Երևան, 30 հունվարի /banks.am/ Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ բանկային համակարգի ընդհանուր շահույթը 2012-ին նվազել է մոտ 1%-ով, Ամերիաբանկի տարեկան շահույթը (6.7 մլրդ դրամ) գերազանցել է 2011թ. ցուցանիշը ավելի քան 50%-ով, այսօր ասել է բանկի ֆինանսական տնօրեն Գեւորգ Թառումյանը:

Ներկայացնելով 2012թ. բանկի գործունեության արդյունքները, Գեւորգ Թառումյանն ասել է, որ բանկի ակտիվները 2012-ին աճել են 22%-ով (245 մլրդ դրամ), իսկ պարտավորությունները՝ 25%-ով (208,14 մլրդ դրամ), պարտավորությունների կազմում հաճախորդներից ներգրաված միջոցներն աճել են 39%-ով, իսկ բանկի ցպահանջ պարտավորություններն աճել են 48%-ով: Ժամկետային ավանդները բանկում 2012թ. աճել են 35%-ով:

«Բանկի հաճախորդների թիվը 2012-ին աճել է 28%-ով, ընդ որում՝ 14%-ով աճել են իրավաբանական անձ-հաճախորդները եւ 29%-ով՝ ֆիզիկական անձ-հաճախորդները եւ առաջիկա 2 շաբաթվա ընթացքում, մեր ծառայություններից օգտվելը հեշտացնելու համար, բանկը կբացի նոր՝ «Սայաթ Նովա» մասնաճյուղը», - ասել է Գեւորգ Թառումյանը, հավելելով, որ այս տարի նախատեսվում է եւս մեկ մասնաճյուղի բացում Երեւանում եւ, հավանաբար, 2 նոր մասնաճյուղ մարզերում:

Ըստ ֆինանսական տնօրենի, բանկի վարկային ներդրումները 2012-ին աճել են 7%-ով (146 մլրդ դրամ), իսկ ՓՄՁ-ների եւ ֆիզանձանց վարկավորումը աճել է համապատասխանաբար 12% (21 մլրդ) եւ 13%-ով (25 մլրդ): Հիփոթեքային վարկավորումը բանկում 2012-ին աճել է 25%-ով, եւ, ըստ Գեւորգ Թառումյանի, այստեղ մեծ տեսակարար կշիռ է կազմում երկրորդային շուկան, ընդ որում, բավականին արագ աճում է հիփոթեքային շուկան մարզերում:

Գեւորգ Թառումյանը տեղեկացրել է, որ դոլարային վարկերի տոկոսադրույքները բանկում կազմում են 11-12% տարեկան խոշոր բիզնեսի համար, իսկ փոքր ձեռնարկությունների համար՝ 13-14%; դրամային վարկերը հիմնականում ուղղվում են փոքր բիզնեսին եւ ֆիզանձանց, որոնց համար վարկավորման տոկոսադրույքները կազմում են շուրջ 15%:

Բանկի ակնկալիքներով 2012-ին համակարգում գրանցված շուրջ 20%-անոց աճը կպահպանվի նաեւ 2013-ին. «2013-ին ակնկալում ենք բանկային համակարգի, այդ թվում՝ վարկավորման 18-22%-անոց աճ», - եզրափակել է Ամերիաբանկի ֆինանսական տնօրենը:

banks.am

Թարմացված է առ 01.02.2013 թ., 10:47
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: