«ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ հանդես է գալիս յուրահատուկ առաջարկով Հայաստանի ֆինանսական շուկայում` արտարժույթով պարտատոմսերի թողարկում, որը հնարավորություն է ընձեռում շահավետ պայմաններով ներդրում կատարել անվանական արժեկտրոնային պարտատոմսերում:
Առաջարկվող պարտատոմսերի անվանական եկամտաբերությունը կազմում է տարեկան 10.1%, որը կվճարվի տարին 2 անգամ:
Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից`2012թ. դեկտեմբերի 6-ի ժամը 10:00-ից մինչև 2013թ. հունվարի 10-ի ժամը 16:00-ն ընկած ժամանակահատվածում:
Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 10 ԱՄՆ դոլար, ինչը հանրությանը հնարավորություն կընձեռի առավել լայն ընդգրկվածություն ունենալ պարտատոմսերի ձեռքբերման գործընթացում:
Նախատեսվում է տեղաբաշխել թվով 700.000 պարտատոմս` 7.000.000 ԱՄՆ դոլար ծավալով, որի շրջանառության ժամկետը կազմում է 24 ամիս: Արժեկտրոնները վճարվելու են 6 ամիս պարբերականությամբ` պարտատոմսի անվանական արժեքի 5.05%-ի չափով: Արժեկտրոնների վճարումները կատարվելու են 2013 թվականի հունիսի 6-ին, 2013 թվականի դեկտեմբերի 6-ին, 2014 թվականի հունիսի 6-ին և 2014 թվականի դեկտեմբերի 6-ին:
Պարտատոմսերի հրապարակային առաջարկի ազդագիրը հրապարակված է ՀՀ Կենտրոնական բանկի, «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ և «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ ինտերնետային կայքերում: Ազդագրի օրինակը կարելի է ստանալ «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ գլխամասային գրասենյակում, Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում և ցանկացած մասնաճյուղում:
«ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ պարտատոմսերը նոր հնարավորություններ են ստեղծում հասարակության համար` արդյունավետ գործարքներում ներդրում կատարելով:
***
«ՍԱՍ - ԳՐՈՒՊ» ՍՊԸ
ՍԱՍ-ԳՐՈՒՊ-ը Հայաստանում մանրածախ առևտրի ոլորտի առաջատար ընկերություններից է: Այն հիմնադրվել է 1995 թ., երկու եղբայրների` Արամ և Արտակ Սարգսյանների կողմից: «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն ունի թվով յոթ «ՍԱՍ սուպերմարկետ» և երկու «ՍԱՍ հոմ» խանութ սրահ: Այն Հայաստանում առաջին սուպերմարկետների ցանցն է, որը գործել է շաբաթը յոթ օր, օրը` 24 ժամ: 2011 թ. ստեղծել և գործարկել է տարածաշրջանում առաջին առցանց սուպերմարկետը՝ www.sas.am կայքը: «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ տեղական սպառողին մշտապես մատուցում է թարմ և բարձրորակ պարնեային, այդ թվում` բացառիկ օրգանական և բիո սննդատեսակներ, ոչ պարենային ապրանքատեսակներ: 2012 թ. ապրիլի 30-ին «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն Ֆրանկֆուրտում Business Initiative Directions (B.I.D.) կազմակերպության կողմից արժանացել է «Լավագույն գործատու» մրցանակին: 2012 թ. հոկտեմբերի 16-ին ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից արժանացել է «Գ+» ներդրումային վարկանիշին, որը «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին դասել է ֆինանսական կայուն կազմակերպությունների շարքին:
Մանրամասն տեղեկությունների համար այցելել www.sasgroup.am :
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: Ամերիաբանկն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
Մանրամասն տեղեկությունների համար այցելել www2.ameriabank.am :
Թարմացված է առ 30.11.2012 թ., 14:25
|