|
ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ` ԱՐՏԱՀԱՆՈՒՄ
Հարցազրույց 'Բակսս' ՍՊԸ նախագահ Սամվել Բեգլարյանի հետ
Պ-ն Բեգլարյան, արդեն 10 տարուց ավել է, ինչ 'Բակսս' ընկերությունն զբաղվում է խեցգետնի որսով և արտահանմամբ: Վերջին տարիներին, սակայն, դուք լրջորեն ընդլայնել եք ձկնարտադրության հզորությունները և պատրաստ եք նաև ձուկ արտահանել:
Այո, արդեն երկար ժամանակ է, ինչ մեր ընկերությունն զբաղվում է Հայաստանի գետերում և լճերում, այդ թվում` Սևանա լճում, խեցգետնի որսով և հետագա արտահանմամբ: Արտահանում ենք Արևմտյան Եվրոպա, Ուկրաինա և Ռուսաստան: Մի քանի տարի առաջ մենք ձեռք բերեցինք հողատարածքներ ձկնաբուծարանի համար և սկսեցինք ձկան արտադրությունը: Մի քանի անգամ փորձեցինք արտահանել, սակայն չկարողացանք ապահովել պահանջվող ծավալը: Խեցգետնի արտահանման հետ կապված խնդիրներ չկան, քանի որ անհրաժեշտ ծավալով որսը հնարավոր է կլոր տարի, մինչդեռ ձկան դեպքում իրավիճակն այլ է: Այդ պատճառով մենք դադարեցրինք ձկան արտահանումը և ջանքերն ուղղեցինք արտադրության ընդլայնմանը: Հիմա արդեն կարող եմ ասել, որ սկսած 2013 թ. հունվարից մենք պատրաստ կլինենք ամսական արտահանել 30-40 տոննա ձուկ: Խոսքը գնում է հիմնականում կարմրախայտի և թառափի մասին, որոնք շնորհիվ իրենց համային հատկանիշների մեծ պահանջարկ ունեն Ռուսաստանում և Ուկրաինայում:
Իսկ ձեր եվրոպացի գործընկերները մտադի՞ր են արդյոք ձեզանից ձուկ գնել:
Առայժմ ոչ: Եվրամիությունը սահմանել է շատ խիստ սանիտարահիգիենիկ պահանջներ: Այժմ մենք աշխատում ենք մեր գործունեությունը և արտադրանքն այդ պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ, բայց դրա համար ժամանակ է հարկավոր: Մեր արտադրանքի համար տարաներ ապահովելու համար մենք ձեռք բերեցինք պենոպլաստե իրերի արտադրության գործարան, որն արդեն գործում է և արտադրում է ոչ միայն ձկան տարաներ, այլև պենոպլաստե այլ իրեր, որոնք կարող են օգտագործվել շինարարությունում, գյուղատնտեսությունում և այլուր: Մեր հետագա ծրագրերում է եվրաչափանիշներին համապատասխանող` ձկնեղենի վերամշակման գործարանի կառուցումը: Այդ ժամանակ արդեն կարող ենք մտածել դեպի Եվրոպա արտահանման մասին:
Այդ ամենի համար, անշուշտ, մեծ ներդրումներ են հարկավոր:
Մեր գործունեության սկզբից ի վեր մենք այն ընդլայնել ենք սեփական միջոցների հաշվին: Սակայն ցանկացած լուրջ ընդլայնում պահանջում է բոլորովին այլ ներդրումներ: Այդ առումով մենք արդեն չորրորդ տարին է, ինչ համագործակցում ենք Ամերիաբանկի հետ: Պետք է ասեմ, որ այդ համագործակցության շնորհիվ մենք հասանք արտադրության որակապես նոր մակարդակի: Պենոպլաստե իրերի արտադրության գործարանը նույնպես ձեռք է բերվել Ամերիաբանկի վարկային միջոցների հաշվին:
Ձեռներեցները հաճախ բողոքում են բանկերի կողմից ըմբռնման պակասից, վարկի ստացման հետ կապված դժվարություններից: Իսկ ինչպիսի՞ն է ձեր կարծիքը:
Ես չեմ կարող բոլորի անունից խոսել, բայց բանկ դիմելիս անհրաժեշտ է հիշել, որ անգամ համապատասխան գրավը կարող է վարկ ստանալու համար բավարար չլինել: Բանկը պետք է իմանա, թե ինչ նպատակներով է օգտագործվում վարկը, տեսնի միջանկյալ արդյունքները և այլն: Մեր ընկերությունը մշտապես պահպանում է կապը բանկի հետ: Նշեմ, որ բանկում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, որոնք պարզապես վարկեր չեն տալիս, այլ տալիս են նաև օգտակար խորհուրդներ, առաջարկում ձեզ մտահոգող խնդիրների լավագույն լուծումները: Օրինակ, երբ մենք առաջին անգամ դիմեցինք Ամերիաբանկ, մեզ վարկի փոխարեն առաջարկեցին ֆակտորինգ, որի մասին այդ ժամանակ մենք որևէ գաղափար չունեինք, ինչպես և ըստ իմ ունեցած տեղեկությունների չունեին տեղական ընկերություններից շատերը: ֆակտորինգի շնորհիվ մենք կարողացանք շատ արագ լուծել մեր ֆինանսական խնդիրները: Այդ ժամանակվանից ի վեր մենք համագործակցում ենք Ամերիաբանկի հետ և երբևէ խնդիրներ չենք ունեցել:
Ձկնեղենի վերամշակման գործարանը նու՞յնպես մտադիր եք վարկային միջոցներով ձեռք բերել:
Առայժմ դժվար է ասել: Ըստ մեր հաշվարկների` պենոպլաստե իրերի արտադրության գործարանից ստացված հասույթն ուղղվելու է գործարանի կառուցմանը: Սակայն եթե անհրաժեշտություն ծագի, կդիմենք Ամերիաբանկ:
Անահիտ Ջուլհակյան
http://express.am/article/37_982/view/napravlenie-export.html
Թարմացված է առ 11.09.2012 թ., 11:04
|