Հունիսի 26-ին, ժամը 17:00 Մոսկվա կինոթատրոնին հարող Շառլ Ազնավուրի անվան հարապարակում Երևանի Քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Ամերիաբանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության Նախագահ Արտակ Հանեսյանը մասնակցեցին Երևանում առաջին անգամ իրագործվող եռաչափ (3D) ստրիտ արտի հանդիսավոր բացման արարողությանը։
Երևանի քաղաքապետարանը և Ամերիաբանկը «Ավելին իրագործելու ազատություն» կարգախոսի ներքո հունիսի 1-ից հանդես են եկել «Երազանքների պատ» ծրագրով` ուղղված Երևան քաղաքի արտաքին տեսքի բարելավման ցանկությունների իրագործմանը: Ծրագրի շրջանակում բնակչությանը հնարավորություն է ընձեռվել մայրաքաղաքի ձևավորման առնչությամբ ներկայացնել իրենց կարծիքներն ու առաջարկությունները՝ փակցնելով իրենց առաջարկությունները նշված երազանքների պատերին:
Այս կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը և Ամերիաբանկը մատուցում են առաջին և իր բնույթով չափազանց յուրօրինակ նվեր Երևանին: Այս առիթով Երևան էր հրավիրվել գերմանացի աշխարհահռչակ 3D նկարիչ Նիկոլայ Արնդտը, որպեսզի ձևավորի Երևանի ամենասիրելի հատվածներից մեկի` Ազնավուրի անվան հրապարակի հատակը:
Այս աննախադեպ ծրագիրն իրականացվել է Երևանի պատմության մեջ առաջին անգամ որպես եզակի և շատ յուրօրինակ ձևավորում, որը նոր շունչ կհաղորդի և կգեղեցկացնի մեր քաղաքը: Նկարիչը սկսել է իր աշխատանքը հունիսի 20-ին և հունիսի 25-ին նկարն արդեն ավարտված էր։
Ուրախալի է այն փաստը որ մեր համաքաղաքացիները մեծ ոգևորությամբ են մասնակցել այս նախաձեռնությանը և բոլոր ցանկությունների, ներառյալ facebook-ի գրառումները, ընդհանուր քանակը եղել է 4000-ից ավելի, որից մոտ 800-ը եղել են 3D ստրիտ արտի վերաբերյալ։ Մնացած ցանկությունների մեջ գերակշռում են այնպիսի ցանկություններ ինչպիսիք են Երևանի կանաչապատումը, լուսավորությունը, սահմանափակ կարողություններով մարդկանց համար ինքնուրույն տեղաշարժման պայմանների ստեղծումը։ Եվ քանի որ երազանքների և ցանկությունների քանակը աննախադեպ էր, և նշված ուղղություններով բազմաթիվ նմանատիպ ցանլություններ են գրանցվել, Ամերիաբանկը և Երևանի Քաղաքապետարանը, ամփոփելով նշված երազանքները, կմշակեն հատուկ նախագիծ, որը կներկայացնի երևանցիների հավաքական երազանքը:
Օգտվե'նք ավելին իրագործելու ազատությունից և ավելի'ն իրագործենք մեր սիրելի մայրաքաղաքի համար:.jpg)
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
«Ամերիաբանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի և հաղորդակցման խումբ
Թարմացված է առ 26.06.2012 թ., 16:41
|