«Ավելին իրագործելու ազատություն» կարգախոսի ներքո Ամերիաբանկը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ հանդես է գալիս հաճելի անակնկալով` ուղղված Երևան քաղաքն առավել բարետես ու գեղեցիկ դարձնելու ցանկության իրագործմանը:
Մայրաքաղաքի արտաքին տեսքի բարելավման ծրագրերին հանրության մասնակցությունն առավել ակտիվ դարձնելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանը և Ամերիաբանկը նախաձեռնել են «Երազանքների պատ» ծրագիրը, որի շրջանակում բնակչությանը հնարավորություն է ընձեռվում իրագործել ավելին` մայրաքաղաքի արտաքին ձևավորման առնչությամբ իրենց կարծիքներն ու առաջարկությունները ներկայացնելու միջոցով։
Ծրագիրը կմեկնարկի հունիսի 1–ին, ժամը 15։00–ին Հյուսիսային պողոտայի (Square 1-ի և Armani խանութ սրահի միջակայքում) և Աբովյան փողոցի հատման հատվածում և կավարտվի հունիսի 15-ին: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մայրաքաղաքի փոքրիկ բնակիչներին հնարավորություն է տրվում օգտվել ավելին անելու հնարավորությունից և «ցանկությունների պատին» նկարների միջոցով առաջինն արտահեյտել մայրաքաղաքն առավել բարետես դարձնելուն ուղղված իրենց ցանկությունները։
Հունիսի 4-ից «երազանքների պատեր» կտեղակայվեն նաև Կասկադում /Ալեքսանդր Թամանյանի արձանի հարևանությամբ/, «Մոսկվա» կինոթատրոնի հարակից «Ազնավուրի» հրապարակում, Կոմիտասի պողոտա-Կասյան փողոց խաչմերուկում և Գարեգին Նժդեհի հրապարակում։ Յուրաքանչյուր ոք կարող է հանդես գալ ինքնատիպ ցանկությամբ, որն ուղղված կլինի Երևան քաղաքի արտաքին տեսքի բարելավմանը, մեր քաղաքն առավել գեղեցիկ ու հրապուրիչ դարձնելու ցանկության իրագործմանը: Տեղերում տրվող կանաչ թղթի վրա անհրաժեշտ է գրել ցանկությունը, անուն ազգանունը, կոնտակտային հեռախոսահամարը և փակցնել «Երազանքների պատ»-ին: Բոլոր տարածքներում կլինեն գործընթացը համակարգող անձինք:
Ակցիայի ավարտից հետո կուսումնասիրվեն բոլոր առաջարկություններն ու կարծիքները, և առավել ուշագրավ ու տպավորիչ ցանկությունները կիրագործվեն Ամերիաբանկի ֆինանսավորմամբ:
Օգտվե'նք ավելին իրագործելու ազատությունից և ավելի'ն իրագործենք մեր սիրելի մայրաքաղաքի համար:
Թարմացված է առ 01.06.2012 թ., 10:42
|