HERE AND BEYOND
"Ամերիաբանկի" նոր կենսաթոշակային ծրագրերը կապահովեն Հայաստանի զարգացման համար երկարաժամկետ ներդրումներ
Մամուլի կենտրոն

"Ամերիաբանկը" պատրաստվում է գարնանը նոր առաջարկով հանդես գալ Հայաստանի ներդրումային շուկայում: Այս անգամ Բանկը հանրությանը ներկայանալու է ներկազմակերպական կենսաթոշակային ծրագրերով, որոնք նպատակ ունեն ապահովելու ֆինանսապես անկախ և անհոգ ծերություն: Ոչ պետական կենսաթոշակային համակարգի այս ներդրումը կարևորվում է նաև այն համգամանքով, որ այն լուծում է ոչ միայն սոցիալական խնդիր, այլև ապահովում է Հայաստանի զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող երկարաժամկետ ներդրումներ:

 

Ծրագրերը հնարավորություն կտան ներդրողին կատարել վճարումներ հատուկ հավատարմագրային կառավարման հաշվին, որոնք հիմնականում նախատեսված են վերադարձնել նրան կենսաթոշակային տարիքում` ըստ նախապես պայմանավորված ժամանակացույցի:

 

Առաջարկվող ծրագրերը կարող են լինել անձնական և կորպորատիվ: Առաջին դեպքում քաղաքացին ինքն է կատարում վճարումներն իր ապագա կենսաթոշակի համար, իսկ երկրորդ դեպքում մասնակցում է նաև գործատուն:

 

Երկրորդ ծրագիրը նախատեսված է բոլոր այն կազմակերպությունների համար, որոնք հետաքրքրված են իրենց մոտ երկար տարիների աշխատանքային արդյունավետ գործունեություն ծավալած աշխատակիցներին չկորցնելու, նրանց բարձրորակ աշխատանքը խրախուսելու և աշխատակիցների համար բարեկեցիկ ապագա ապահովելու խնդիրներով: Քանի որ վճարումները նախատեսվում են աշխատակցին հասցնել կենսաթոշակի անցնելուց հետո, գործատուի համար հնարավորություն է ստեղծվում աշխատակիցների հետ կառուցել կանխատեսելի երկարաժամկետ հարաբերություններ: Ծրագիրը կխթանի նաև նոր աշխատակիցների ներգրավմանը, ինչպես նաև կնպաստի տվյալ կազմակերպության` որպես աշխատակիցների հանդեպ առանձնահատուկ հոգածություն ցուցաբերող քաղաքակիրթ կազմակերպության վարկանիշի ձևավորմանը:

 

Ներկազմակերպական կենսաթոշակային ծրագրերը հիմնված են փոխկապակցված հավատարմագրային կառավարման հաշիվների վրա: Կազմակերպությունը մշակում է կենսաթոշակային վճարումների ծրագիր աշխատակիցների անունով, համաձայն որի կազմակերպությունը և աշխատակիցները կատարում են վճարներ` ըստ նախապես համաձայնեցված ժամանակացույցի: Վճարվելիք գումարները կարող են կազմել աշխատավարձի 3-15%-ը` գործատուի և աշխատակիցների փոխհամաձայնությամբ: Պայմանագիրը կնքելուց աշխատակիցը և գործատուն հստակ ամրագրում են այն դրույթները, թե աշխատանքային պայմանագրի վաղաժամկետ լուծման հանգամանքը ինչպես կարող է անդրադառնալ գումարների վճարման վրա:

 

Գումարների կուտակման փուլում աշխատակիցների ներդրումային պորտֆելի վիճակի վերաբերյալ Բանկը եռամսյակային հաշվետվություններ է տրամադրում գործատուին` որպես հիմնադրի և աշխատակիցներին` որպես շահառուների:

 

Առաջարկվող ծրագրերը բավականին ճկուն են և չեն պարտադրում, որ վճարումների սկիզբը համընկնի օրենքով սահմանված կենսաթոշակային տարիքին, կարող են նախատեսվել ինչպես ավելի վաղ, այնպես էլ ավելի ուշ ժամկետներ` ըստ ներդրողի ցանկության, բացի այդ, այս ծրագրերը չեն փոխարինում սոցիալական թոշակը, այլ ապահովում են հավելյալ եկամուտ: Աշխատակիցներին նաև հնարավորություն է ընձեռվում իրենց հայեցողությամբ վաղաժամկետ ստանալ իրենց իսկ կողմից կուտակած գումարը` միանվագ կամ ամենամսյա վճարումների տեսքով` ամբողջությամբ կամ մասնակի` նախապես համաձայնեցնելով գործատուի և Բանկի հետ:

 

Ծրագիրը հնարավորություն է տալիս հստակ սահմանել նաև այն դեպքերը, երբ գործատուն կարող է ժամանակից շուտ փոխհատուցել աշխատակցին` ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում /հիվանդություն, դժբախտ պատահար և այլն/:

 

Ներկայացված ծրագրերի շրջանակներում հավաքագրված կենսաթոշակային գումարների կառավարման համար "Ամերիաբանկը" մշակել է հատուկ ռազմավարական ծրագիր "Տրոյկա Դիալոգ" ռուսական խոշորագույն ներդրումային ընկերության հետ համատեղ, որը հսկայական փորձ ունի կենսաթոշակային ակտիվների կառավարման գործում: Ըստ մշակված ռազմավարության` այդ գումարները սկզբնական տարիներին կտեղաբաշխվեն Հայաստանի կապիտալի շուկայում առավել վստահելի ներդրումային գործիք հանդիսացող պետական արժեթղթերում, իսկ հետագայում՝ արդեն բավականաչափ գումարի առկայության պարագայում, Բանկը կարող է պորտֆելի մի մասը տեղաբաշխել նաև նախընտրելի միջազգային արժեթղթերում:

Թարմացված է առ 25.07.2009 թ., 11:22
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: