HERE AND BEYOND
Ամերիաբանկն առաջարկում է ոսկով մետաղական հաշիվներ
Մամուլի կենտրոն
Ամերիաբանկն առաջարկում է 999.9 հարգի ոսկով առարկայազուրկ մետաղական հաշիվների բացում և վարում: Այն նախատեսված է ֆիզիկական անձանց և կորպորատիվ հաճախորդների համար:
Առարկայազուրկ մետաղական հաշիվները հնարավորություն են ընձեռում պահպանել խնայողություններն անկանխիկ ոսկով: Որպես խնայողությունների այլընտրանքային տարբերակ` ոսկով մետաղական հաշիվները հնարավորություն են ընձեռում ոչ միայն դիվերսիֆիկացնել խնայողությունները, այլ նաև ավելացնել դրանք` միջազգային շուկայում ոսկու գնի բարձրացման շնորհիվ:
 
Ոսկով մետաղական հաշիվն ունի նաև մի շարք այլ առավելություններ` այն հնարավորություն է տալիս նվազեցնել անկայուն ֆինանսական շուկայի, մասնավորապես, արժույթների փոխարժեքների տատանման ազդեցությունը: Ինչպես ցույց տվեց վերջին ֆինանսատնտեսական ճգնաժամը, ոսկին շարունակում է հանդիսանալ առաջատար և գրավիչ ֆինանսական գործիք` հատկապես ֆինանսական շուկաների անկայուն իրավիճակներում:
 
Ի տարբերություն ֆիզիկական տեսքով ոսկու, առարկայազուրկ մետաղական հաշվում պահվող անկանխիկ ոսկին չունի անվտանգ պահպանման, կորստի կամ վնասման խնդիր, ինչպես նաև ոսկու հարգի հետ կապված հնարավոր զեղծարարության վտանգ: Անկանխիկ ոսկին ապահովում է իրացվելիության բարձր մակարդակ, քանի որ հաճախորդը կարող է ցանկացած ժամանակ վաճառել ոսկին բանկին` այդ պահին գործող փոխարժեքով և ստանալ իր գումարը:
 
Ամերիաբանկում մետաղական հաշիվները բացվում են առանց միջնորդավճարի, և հաշվի նվազագույն մնացորդի պահանջի, չկա գումարների և ժամկետների սահմանափակում: Հաճախորդի անկանխիկ ոսկու հաշվառման և անկանխիկ ոսկով գործարքների կնքման նպատակով նշվում են միայն ոսկու հարգը և կշիռը` առանց  ոսկու այլ անհատական տվյալների:
Ամերիաբանկը ոսկու գնանշումն իրականացնում է գրամով և իր ինտերնետային կայքում օրական կտրվածքով հրապարակում է տվյալներ ոսկու գնանշման մասին, որը փոփոխվում է` կախված միջազգային շուկաներում ոսկու գնի փոփոխությունից:
 
Առաջարկելով ոսկով առարկայազուրկ մետաղական հաշիվների բացման և վարման ծառայությունը` Ամերիաբանկն ընդլայնում է իր հաճախորդներին առաջարկվող ծառայությունների շրջանակը` ապահովելով միջոցների տեղաբաշխման ևս մեկ այլընտրանքային տարբերակ:
Թարմացված է առ 01.02.2011 թ., 17:24
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: