HERE AND BEYOND
Հայաստանում դարավոր պատմություն ունեցող բանկային գործի ավանդույթները շարունակվում են
Մամուլի կենտրոն

 

Ամերիաբանկում չեն զլացել և մանրակրկիտ ուսումնասիրել են Հայաստանի բանկային գործի պատմությանն առնչվող արխիվները: Հոկտեմբերի 26-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը ներկայացրեց ուսումնասիրությունների արդյունքները` միաժամանակ անդրադառնալով ներկա ժամանակահատվածի` ընթացիկ տարվա III եռամսյակի հիմնական ցուցանիշներին:

ԴԵՌ 1895 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԱՍՏԱՖՅԱՆ (ՆԵՐԿԱՅՈՒՄՍ` ԱԲՈՎՅԱՆ) ՓՈՂՈՑՈՒՄ բացվեցտարածաշրջանի ամենախոշոր բանկի` Թիֆլիսի կոմերցիոն բանկի գրասենյակը: Բանկի հիմնադիր կապիտալը 500 հազար ռուբլի էր, ինչն այդ ժամանակների համար բավականին լուրջ գումար էր: Գրասենյակի հիմնադիրները մեր հայտնի հայրենակիցներն էին: Իսկ 1910 թ. ռուսական ուղղափառ եկեղեցու դիմաց (ներկայիս Վազգեն Սարգսյան փողոցի վրա` Շահումյան հրապարակի հարևանությամբ) սկսեց գործել Թիֆլիսի կոմերցիոն բանկի հայկական մասնաճյուղը: Բանկը 1916 թ. վերանվանվեց Կովկասյան բանկ (մասնաճյուղն էլ հետևաբար վերանվանվեց Կովկասյան բանկի երևանյան գրասենյակ), որի փայատերերն էին, մասնավորապես, Էջմիածնի կաթողիկոսությունը, Աֆրիկյանների առևտրային տները և այլ հայտնի ձեռներեց ընտանիքներ:    
 
Առաջին հանրապետության կարճատև գոյության ընթացքում բանկը խոշորագույնն էր երկրում, իսկ կառավարիչն էր պր. Քալանթարովը: 1920 թ. խորհրդային իշխանության հաստատումից հետո բանկը ազգայնացվեց` դառնալով սովետական Գոսբանկի մասնաճյուղ: Եվս մի քանի տարի անց դրա հիման վրա ստեղծվեց Կոմունալ բանկը, իսկ 1959 թ.` Ստրոյբանկը: Հետագայում` 1974 թ., այն վերակազմավորվեց ԽՍՀՄ-ի Վնեշտորգբանկի մասնաճյուղի: Դա Հայաստանի միակ բանկն էր, որն իրականացնում էր միջազգային գործառնություններ, արտարժույթ էր փոխանակում և թողարկում «Բերյոզկա» արժութային խանութների ցանցի հանրահայտ չեկերը: 1988 թ. վերանվանվեց Վնեշէկոնոմբանկ, իսկ երրորդ հանրապետության անկախության օրոք (1992 թ.)` Հայներարտբանկ:
 
Ներկայումս Երևանի այս հանրահայտ վայրը պատկանում է Ամերիաբանկին, որն իրավ նոր շունչ է հաղորդել բանկային գործի փառավոր պատմությանը: Բանկը որդեգրել է պատմության նկատմամբ հոգատար մոտեցումը` միաժամանակ տարածելով այն և հիշեցնելով հանրությանն այն փաստը, որ Հայաստանում գործում է մեկ դար պատմություն ունեցող բանկ, որի ակունքները գալիս են առաջին հանրապետության և անգամ ավելի վաղ ժամանակաշրջաններից: Եվ մոտեցումն այստեղ հստակ է. առջևում ավելի մեծ գործեր են սպասվում: Այդ իսկ պատճառով այսօր մայրաքաղաքի տարբեր վայրերում կարելի է տեսնել Ամերիաբանկի նոր կարգախոսը. «100 տարին դեռ սկիզբն է» …
 
ԻՍԿ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԻՐՈՔ ՏՊԱՎՈՐԻՉ Է: ԱՅՍ ՏԱՐՎԱ ՍԿԶԲԻՆ ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ներկայացրեց հանրապետության լավագույն եռյակի մեջ մտնելու հավակնոտ ծրագիր: Ահա այսօր` 9 ամիս անց, դա արդեն իրողություն է, և բանկը բազմաթիվ ցուցանիշներով առաջին կամ երկրորդ դիրքերն է զբաղեցնում Հայաստանի բանկային համակարգում: Ամփոփելով ավարտված եռամսյակի որոշ արդյունքները` Տիգրան Ջրբաշյանը հայտնեց, որ բանկի ընդհանուր ակտիվները կազմում են 152,5 մլրդ ՀՀ դրամ (122,3 մլրդ ՀՀ դրամ տարվա սկզբին), ընդհանուր պարտավորությունները` 121,3 մլրդ ՀՀ դրամ (93 մլրդ տարվա սկզբին), իսկ ընդհանուր կապիտալը` 31,2 մլրդ ՀՀ դրամ (29,3 մլրդ ՀՀ դրամի դիմաց):
 
Կանոնադրական կապիտալի և վարկային ներդրումների մեծությամբ Ամերիաբանկն առաջատար դիրքերում է: Ս. թ. 9 ամսվա ընթացքում վարկային պորտֆելը հասավ 88 մլրդ ՀՀ դրամի, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշի համարյա կրկնապատիկն է: Մինչև տարեվերջ այս ցուցանիշը կհասնի 90 մլրդ ՀՀ դրամի: Բանկի վստահելիության ապացույցներից է նաև վարկային պորտֆելի դասակարգված վարկերի ցուցանիշը, որը կազմում է ընդամենը 0,5 % (նույն ցուցանիշը ՀՀ բանկային համակարգում միջինում ավելի քան 4 % է), ինչպես նաև ֆիզիկական անձ ավանդատուների աճող թիվը (այդ ցուցանիշով բանկը առաջատար հնգյակում է): Հիշեցնենք, որ տարվա կեսին բարեհաջող ավարտվեց Ամերիաբանկի և Կասկադ Բանկի միացման գործընթացը:  
 
Այսպիսով, Ամերիաբանկը լիիրավ կարող է համարվել 100-ամյա պատմություն ունեցող հայկական բանկային գործի փառավոր ավանդույթների իրավահաջորդը: Այդ կապակցությամբ բանկը պատրաստել է շուրջ 100 անակնկալ և հետաքրքիր նախաձեռնություններ (նոր պրոդուկտներ, աշխատավարձային սխեմաներ կորպորատիվ հաճախորդների համար և այլն), որոնք ս. թ. IV եռամսյակում սպասում են թե́ բանկի  հաճախորդներին և խոշոր ավանդատուներին, թե́ ուսանողներին, որոնք հնարավորություն կունենան մրցույթի մասնակցել: Ամերիաբանկն ի սկզբանե ձեռք է բերել նորարար բանկի համբավ, այդ իսկ պատճառով կարելի է վստահ լինել առաջարկվող նոր պրոդուկտների և ծառայությունների բարձր որակի և օգտակարության մեջ: Արդեն եկող շաբաթ բանկն սպառողներին կառաջարկի նոր վարկատեսակ, որը նոր հատված կձևավորի Հայաստանի վարկային շուկայում` բացահայտելով բազմաթիվ նոր սպառողների:    
 
Իսկ մամլո ասուլիսի օրն Ամերիաբանկը հայ հանդիսատեսին հերթական անգամ հնարավորություն ընձեռեց կենդանի մասնակցություն ունենալ համաշխարհային մեծության աստղերի ստեղծագործությանը: Այս անգամ Երևանում միակ համերգով հանդես եկավ անգլիացի երաժիշտ և երգիչ, համաշխարհային ռոքի և բլյուզի լեգենդար կատարող Ջո Կոկերը …
Աշոտ Արամյան
Թարմացված է առ 02.11.2010 թ., 16:34
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: