HERE AND BEYOND
Ամերիաբանկը նախադեպ է ստեղծում շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման համակարգի ներդրմամբ
Մամուլի կենտրոն

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն FMO (NEDERLANDSE FINANCIERINGS-MAATSCHAPPIJ VOOR ONTWIKKELINGSLANDEN N.V.) և DEG (Deutsche Investitions- und Entwicklungsgesellschaft mbH) զարգացման ֆինանսական այս նշանավոր կազմակերպությունների աջակցությամբ հաջողությամբ ավարտին է հասցրել շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման համակարգի ներդրման գործընթացը: Ամերիաբանկն առաջիններից է տարածաշրջանում, որ ներդրել է շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման համակարգ: Այդ կապակցությամբ FMO-ն և DEG-ն շնորհակալական վկայական են շնորհել Ամերիաբանկին և իջեցրել 2009 թ. դեկտեմբերին FMO-ի, DEG-ի և Ամերիաբանկի միջև կնքված պայմանագրի ներքո Ամերիաբանկի կողմից ներգրավված միջոցների տոկոսադրույքը: Համաձայն պայմանագրի` Ամերիաբանկին տրամադրվել է 30 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկ, որից 20 մլն դոլար նախատեսված է ուղղել ՓՄՁ-ների ֆինանսավորմանը, իսկ 10 մլն ԱՄՆ դոլար` վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորմանը: Ֆինանսավորման գումարը հավասարաչափ բաշխվել է FMO-ի և DEG-ի միջև: Սա FMO-ի` Հայաստանում ֆինանսավորման առաջին փորձն է:


Ներդնելով շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման համակարգը` Ամերիաբանկը պարտավորվում է առաջնորդվել իր գործունեությանն առնչվող տեղական և միջազգային բնապահպանական և սոցիալական իրավական ակտերով և կիրառել աշխարհի լավագույն փորձը (ՄՖԿ-ի, ՎԶԵԲ-ի, FMO-ի չափանիշները, պահանջները և գործիքները):

2010թ. ապրիլից Ամերիաբանկը սկսել է շրջակա միջավայրի (էկոլոգիական) և սոցիալական ռիսկերի կառավարման համակարգի ուսումնասիրությունը, համապատասխան ներքին քաղաքականության, ընթացակարգերի և այլ ակտերի մշակումը, անձնակազմի վերապատրաստումը և համակարգի պիլոտային գործարկումը: 2010 թ. հուլիսին շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման համակարգն արդեն ինտեգրված էր և կիրառվում էր Ամերիաբանկի բոլոր ընթացիկ կորպորատիվ վարկավորման և ֆինանսավորման գործառնություններում: Այդ հարցում Ամերիաբանկին աջակցություն են ցուցաբերել միջազգային խորհրդատու FI Konsult s.r.o ընկերությունը (Չեխիայի Հանրապետություն) և FMO-ի Կարողությունների զարգացման ծրագիրը:

Ըստ Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի` «Ամերիաբանկի համար կայուն զարգացումը բիզնեսի ռացիոնալ կառավարման հիմնական գործոններից մեկն է: Բանկի նպատակն է կառավարել իր գործունեության հետ կապված էկոլոգիական և սոցիալական ռիսկերը` շրջակա միջավայրին և բանկին առնչվող անձանց վրա ազդեցությունը նվազեցնելու և բաժնետերերին երկարաժամկետ եկամուտներ ապահովելու համար: Բանկի` շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման քաղաքականության նպատակն է ստեղծել մոդելներ և մշակույթ` էկոլոգիական և սոցիալական ուղղակի և անուղղակի ազդեցությունը, ռիսկերն ու հնարավորություններն առավել լավ հասկանալու և կառավարելու համար»: 

Յուրգեն Ռիգտերինկը` FMO-ի ներդրումների գծով գլխավոր տնօրենը նշեց. «Սա առաջին անգամն է, երբ FMO-ն իր գործընկեր DEG հաստատության հետ համատեղ որոշում է կայացրել, որպես խրախուսման միջոց, իջեցնել ֆինանսավորման տոկոսադրույքը: Ամբողջությամբ ինտեգրված լինելով բանկի ռիսկերի կառավարման առօրյա գործառնություններին` համակարգը կնպաստի շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի ավելի արդյունավետ կառավարմանը համաշխարհային չափանիշներին համապատասխան: Ամերիաբանկի կողմից  FMO-ի և DEG-ի հետ վարկային պայմանագրի կնքումից հետո այսքան կարճ ժամանակահատվածում համակարգի ներդրումը իսկապես օրինակելի է:   Մեր կազմակերպությունների նպատակն է նոր արժեքներ ստեղծել մեր հաճախորդների համար` կայուն զարգացման միջոցով, ինչի մասին վկայում են վարկային ծրագրի բաղադրյալները` շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման համակարգը և վերականգնվող էներգետիկայի համար նախատեսված միջոցները: Սա իրոք «օրինակելի գործարք» է, որը կփոխի մեր և մեր գործընկերների մոտեցումը շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերին»:
________________________________

FMO-ի մասին
Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերությունը (FMO) երկրի միջազգային զարգացման բանկն է: Զբաղվում է զարգացող երկրների ընկերություններում և ֆինանսական հաստատություններում ռիսկային կապիտալի ներդրումներով: FMO-ի ներդրումային պորտֆելը կազմում է 4.6 մլրդ եվրո, ինչի շնորհիվ այն դասվում է մասնավոր հատվածը ֆինանսավորող աշխարհի ամենախոշոր զարգացման բանկերի շարքում: Մասամբ նաև հոլանդական կառավարության հետ ունեցած իր կապերի շնորհիվ FMO-ն ունակ է ստանձնել այնպիսի ռիսկեր, որոնք առևտրային ֆինանսների ոլորտի ներկայացուցիչները պատրաստ չեն կամ դեռևս պատրաստ չեն ստանձնել: FMO-ի առաքելությունն է ստեղծել բարգավաճող ընկերություններ և ֆինանսական հաստատություններ, որոնք կնպաստեն իրենց երկրների կայուն զարգացմանը: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.fmo.nl:

DEG-ի մասին
DEG-ը հանդիսանում է KfW Bankengruppe-ի (KfW բանկային խումբ) անդամ: Ֆինանսավորում է զարգացող և անցումային շրջանում գտնվող երկրներում մասնավոր ընկերությունների ներդրումները: Որպես Եվրոպայում զարգազման ֆինանսական խոշորագույն կազմակերպություններից մեկը` DEG-ը խրախուսում է մասնավոր բիզնեսի կառույցներին` ներդրումներ կատարելու կայուն տնտեսական աճի և կենսամակարդակի բարձրացման համար: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.deginvest.de:  

Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը Հայաստանի ամենադինամիկ բանկերից է և դասվում է ամենակայուն ֆինանսական հաստատությունների շարքում: Ամերիաբանկն առաջին ներդրումային բանկն է Հայաստանում և սկսած 2007թ. տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: Բանկը հիմնականում շեշտը դնում է կորպորատիվ և ներդրումային բանկային գործառնությունների վրա: Ամերիաբանկի հիմնական բաժնետերն է ռուսական առաջատար ներդրումաբանկային ընկերության` «Տրոյկա Դիալոգի» հետ փոխկապակցված «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ» ներդրումային ընկերությունը: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www2.ameriabank.am:
Թարմացված է առ 16.09.2010 թ., 15:45
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: