HERE AND BEYOND
IFC-ի գործադիր փոխնախագահ և գլխավոր տնօրեն Լարս Հ. Թանելը հանդիպեց Ամերիաբանկի ղեկավարության հետ
Մամուլի կենտրոն

Օգոստոսի 26-ին Համաշխարհային խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) գործադիր փոխնախագահ և գլխավոր տնօրեն Լարս Հ. Թանելը IFC-ի այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ  այցելել է Ամերիաբանկ և հանդիպել Բանկի ղեկավարության հետ:


Պարոն Թանելը մեծ ներդրում է ունեցել IFC-ի գործունեության ընդլայնման, ինչպես նաև վերջինիս կողմից նորաստեղծ շուկաների համար հնարավորությունների ստեղծման և մարդկանց կյանքի բարելավման առաքելության գործում: Հայաստան կատարած այցի ժամանակ պարոն Թանելը այցելել է Ամերիաբանկ` նպատակ ունենալով ծանոթանալ IFC-ի կողմից Ամերիաբանկին տրամադրված միջոցների օգտագործման ուղղություններին, այդ միջոցների շնորհիվ հաճախորդների կողմից իրականացվող  աշխատանքներին, ինչպես նաև IFC-ի և Ամերիաբանկի  հետագա անելիքներին:

Հանդիպման մասնակիցները նշեցին, որ Ամերիաբանկը հաջողությամբ և բավականին կարճ ժամկետներում է օգտագործել IFC-ի կողմից տրամադրված միջոցները: Նշենք, որ IFC-ն Ամերիաբանկին տրամադրել է 10 մլն ԱՄՆ դոլարի երաշխիք` միջազգային առևտրի ֆինանսավորման համար և 15 մլն ԱՄՆ դոլարի վարկ` փոքր հիդրոէլեկտրակայաների կառուցման համար:

Առևտրի ֆինանսավորման երաշխիքը Բանկին հնարավորություն է ընձեռել ընդլայնել իր հաճախորդների օտարերկրյա առևտրային գործարքները Հայաստանում: Ամերիաբանկը միացել է IFC-ի “Համաշխարհային առևտրի ֆինանսավորման ծրագրին” որպես թողարկող բանկ և ստացել 100 տոկոս երաշխիք իր հաճախորդների ներկրման և արտահանման գործառնությունների համար, ներառյալ փոքր և միջին ձեռնարկությունները: Բանկը ստացել է նաև ծրագրում մասնակցող ավելի քան 300 բանկերի համաշխարհային ցանցից օգտվելու հնարավորություն:

Կարևորելով վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման անհրաժեշտությունը տնտեսության համար` Ամերիաբանկն ակտիվորեն հանդես է գալիս այդ ոլորտի ֆինանսավորման տարբեր ծրագրերով:
IFC-ից ստացված 15 միլիոն դոլարի վարկը Ամերիաբանկին հնարավորություն է տվել տրամադրել երկարաժամկետ ֆինանսավորում Վայոց ձորի, Գեղարքունիքի և Լոռու մարզերի թվով 8 փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար, որոնց ընդհանուր դրվածքային հզորությունը կազմում է 26.08 ՄՎտ, իսկ կանխատեսվող էլեկտրաէներգիայի արտադրանքը`80.6 մլն ԿՎՏժ: 
 
Փոքր ՀԷԿ-երի ֆինանսավորումն օգնում է մեծացնել Հայաստանի տեղական էլեկտրաէներգիայի արտադրությունը, դիվերսիֆիկացնել էլեկտրամատակարարման աղբյուրները, կրճատել  ածխաթթու գազի արտանետումները և նվազեցնել երկրի կախվածությունը վառելիքի ներկրումից:

Հանդիպման մասնակիցները դիտեցին նաև տեսաֆիլմ "Ջերմուկ-2" փոքր հիդրոէլեկտրակայանի շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ, որի նախագծային արժեքի գերակշիռ մասը ֆինանսավորվում է Ամերիաբանկի վարկային միջոցների հաշվին՝ IFC-ի  կողմից տրամադրված վարկի շրջանակներում:

Ակնկալվում է, որ այսուհետ կընդլայնվի IFC-ի և Ամերիաբանկի համագործակցությունը` ի նպաստ Հայաստանի տնտեսության հետագա բարգավաճման:
__________________________
 
IFC-ի մասին 
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն զարգացող երկրներում համաշխարհային զարգացման ամենախոշոր հաստատությունն է, որի ուշադրությունն ուղղված է մասնավոր հատվածին: Մենք մարդկանց համար ստեղծում ենք աղքատությունից խուսափելու և կենսամակարդակը բարելավելու հնարավորություններ: Մենք այդ անում ենք տրամադրելով ֆինանսավորում` աջակցելով գործարարներին ավելի ու ավելի շատ մարդկանց աշխատանքով ապահովելու և հիմնական ծառայություններ մատուցելու գործում, համախմբելով կապիտալն այլ աղբյուրներից և տրամադրելով խորհրդատվական ծառայություններ` նպատակաուղղված կայուն զարգացմանը: Համաշխարհային տնտեսության համար անկայուն ժամանակներում մեր նոր ներդրումները 2009թ.-ի ֆինանսական տարում հասել են ռեկորդային 18 միլիարդ դոլարի: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե’ք www.ifc.org:
 
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը Հայաստանի ամենադինամիկ բանկերից մեկն է և դասվում է երկրում ամենակայուն ֆինանսական հաստատությունների շարքում: Այն առաջին ներդրումային բանկն է Հայաստանում և 2007 թվականից ի վեր տրամադրում է բանկային ոլորտում նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: Բանկը հիմնականում կենտրոնանում է կորպորատիվ և ներդրումային բանկային գործունեության վրա: Ամերիաբանկը պատկանում է ռուսական առաջատար ներդրումային բանկային “Տրոյկա Դիալոգ” խմբի հետ փոխկապակցված "TDA հոլդինգզ լիմիթիդ" (TDA Holdings Limited) ներդրումային ընկերությանը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե’ք www2.ameriabank.am
Թարմացված է առ 30.08.2010 թ., 17:04
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: