Երեւան/Մեդիամաքս/. Առաջին փոքր ՀԷԿ-երը, որոնց շինարարությունը ֆինանսավորում է Ամերիաբանկը Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) վարկային միջոցներով, շահագործման կհանձնվեն արդեն այս տարեվերջին:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին ասել է «Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը` բանկի կողմից IFC-ի միջոցներով ֆինանսավորվող առաջին ՀԷԿ-երից մեկի ("Ջերմուկ 2") շինարարության դիտման ընթացքում:
Վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում IFC-ն Ամերիաբանկին հատկացրել է $15 մլն վարկ, որը բանկը հիմնականում ուղղում է փոքր ՀԷԿ-երի ֆինանսավորմանը:
IFC-ի ծրագրով Ամերիաբանկը վարկեր է տրամադրում 8 տարի ժամկետով, տարեկան 11% տոկոսադրույքով:
"Ջերմուկ 2"-ը շահագործման կհանձնվի այս տարվա դեկտեմբերին: Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է $3,15 մլն, որից $2 մլն-ը կազմել են «Ամերիաբանկի» վարկային միջոցները: Ջերմուկ 2 ՀԷԿ-ի վարկավորումը մեկնարկել էր նախորդ տարվա սեպտեմբերին եւ շարունակվում է փուլերով:
Արտակ Հանեսյանը տեղեկացրել է, որ ներկայումս Ամերիաբանկը $20 մլն դրամ ընդհանուր ծավալով վարկավորում է 12 ՀԷԿ-երի կառուցումը: Ընթացիկ տարում բանկը վերականգնվող էներգետիկայի վարկավորմանը կուղղի $25 մլն, որից $15 մլն-ը կկազմեն IFC-ի միջոցները, իսկ $10 մլն-ը` FMO DEG հոլանդա-գերմանական կոնսորցիումի վարկը:
IFC-ի կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեկը նշել է, որ Հայաստանն ունի Հարավային Կովկասում հիդրոէներգետիկայի զարգացման ամենամեծ ներուժը:
"Վերականգնվող էներգետիկայի զարգացումը կկրճատի Հայաստանի կախվածությունը էներգակիրների ներկրումից եւ կնվազեցնի մթնոլորտ ջերմագազերի արտանետումները",- նշել է նա:
Թարմացված է առ 11.06.2010 թ., 9:49
|