Ամերիաբանկի և Կասկադ Բանկի քարտապանների համար սույն թվականի ապրիլի 15-ից ստեղծվում են սպասարկման նոր հնարավորություններ: Նրանք կարող են օգտվել երկու բանկերի բանկոմատների ամբողջ ցանցից նույն սակագներով, ինչպիսիք ներկայումս գործում են քարտը թողարկող բանկի բանկոմատներում կատարվող գործարքների համար: Երկու բանկերի արդեն գործող բանկոմատների թվաքանակը հասնում է 53-ի, որոնցից 39-ը Ամերիաբանկի բանկոմատներն են, 14-ը` Կասկադ Բանկի:
Ամերիաբանկը նախատեսում է 2010թ. ավելացնել բանկոմատների թվաքանակը, ինչպես նաև ընդլայնել աշխարհագրական ընդգրկվածությունը` տեղադրելով դրանք իր հաճախորդների համար նախընտրելի տարածքներում:
Նշենք, որ մոտ ժամանակներս երկու բանկերի քարտապաններին սպասվում է նոր անակնկալ ևս` նրանք կօգտվեն երկու բանկերի զեղչային ընդարձակ համակարգից, որն ընդգրկում է ավելի քան 150 առևտրային կետեր, ժամանցի վայրեր, հասարակական սննդի օբյեկտներ, բուժական կենտրոններ և այլ ծառայությունների ոլորտներ:
Ամերիաբանկը հանդես է գալիս ArCa, MASTER CARD, VISA քարտերի թողարկմամբ և սպասարկմամբ, այդ թվում նաև VISA PIATINUM և MASTER CARD PLATINUM քարտերի թողարկմամբ և առաջակում է այդ քարտերի ամբողջական փաթեթ, որը ներառում է լրացուցիչ ծառայությունների տրամադրում` IAPA միջազգային զեղչային քարտ, Priority Pass ակումբային քարտ և ճանապարհորդական ապահովագրություն “ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ” ապահովագրական ընկերության կողմից:
Միավորման արդյունքում երկու բանկերի հաճախորդներին առաջարկվող միասնական, առավել կատարելագործված և նորացված ծառայությունների մատուցումը, լինելու է շարունակական:
Ներկայացվածը վկայում է, որ երկու բանկերի միավորումը սպասարկման առավել բարենպաստ պայմաններ է ստեղծում այդ բանկերի հաճախորդների համար, ինչպես և հավաստիացրել էին բանկերի բաժնետերերն իրենց ուղերձում: