Երեւան/Մեդիամաքս/. Ամերիաբանկի եւ Կասկադ Բանկի միաձուլման գործընթացը Ամերիաբանկ ապրանքանիշի ներքո նախատեսվում է ավարտել այս տարի, այսօր ասել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Կասկադ Բանկի գործադիր տնօրեն Ահարոն Լեւոնյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Արտակ Հանեսյանը չի մեկնաբանել, թե Ամերիաբանկի բաժնետերերի կապիտալում ինչ տեսակարար կշիռ են ունենալու TDA Holdings Limited-ը (Ամերիաբանկի միակ բաժնետերը) եւ Կասկադ Կապիտալ Հոլդինգսը (Կասկադ Բանկի միակ բաժնետերը)` նշելով, որ դրա մասին կտեղեկացվի ավելի ուշ:
Հանեսյանի խոսքերով, միաձուլումից կշահեն երկու բանկերի հաճախորդները, քանի որ այն թույլ կտա ընդլայնել ծառայությունների տեսականին եւ զգալիորեն մեծացնել տնտեսության վարկավորումը:
Պատասխանելով հարցին այն մասին, թե ինչու էին երկու բանկերը նախորդ տարի հերքում հնարավոր միաձուլման մասին լուրերը, բանկերի ներկայացուցիչներն ասել են, որ նախորդ տարի սկսված բանակցությունները հետաձգվել էին տնտեսական ճգնաժամի հետեւանքով: "Այժմ` ճգնաժամի ստեղծած խոչընդոտների հաջող հաղթահարումից հետո, մենք վերադարձել ենք բանակցային սեղանին",- ասել է Արտակ Հանեսյանը:
"Հայաստանի բանկային հատվածի կոնսոլիդացումը բնական գործընթաց է, քանի որ ընդամենը $3 մլրդ ծավալ (խոսքը բանկային ակտիվների մասին է) ունեցող շուկայի համար 22 բանկերի առկայությունը հաճախ խոչընդոտում է ոլորտի զարգացմանը",- ասել է Կասկադ Բանկի գործադիր տնօրեն Ահարոն Լեւոնյանը:
Պատասխանելով ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հարցին` Արտակ Հանեսյանը չի բացառել, որ հետագայում նոր բանկի կառույցում կարող է ընդգրկվել նաեւ Կասկադ Ինվեստմենտսը, սակայն բացառել է Կասկադ Ինշուրանս ապահովագրական ընկերության հետ միաձուլման հնարավորությունը` բացատրելով դա նրանով, որ Ամերիաբանկը մտադիր չէ զբաղվել ապահովագրական բիզնեսով: