HERE AND BEYOND
Ամերիաբանկը պատրաստվում է արժեթղթեր ձեռք բերել ամերիկյան և ռուսական շուկաներում
Մամուլի կենտրոն
"Կապիտալ" օրաթերթ, 27 հունվարի 2010թ. Երևան,

Սամվել Ավագյան
Ճգնաժամի պայմաններում Ամերիաբանկին հաջողվել է էական աճ արձանագրել բոլոր հիմնական ցուցանիշների գծով: Բանկի պարտավորությունները 2009թ. աճել են երեք անգամ՝ Դ23.4 մլրդ-ից հասնելով Դ69.1 մլրդ-ի: Համարյա կրկնակի աճել են ակտիվները՝ Դ50 մլրդ-ից հասնելով Դ103.5 մլրդ-ի: Ընդ որում` և՛ ակտիվների, և՛ պարտավորությունների աճով բանկը զբաղեցնում է առաջին տեղը բանկային համակարգում:
 
Ամերիաբանկը Հայաստանի հնագույն բանկերից է, նախկինում այն կոչվում էր "Հայներարտբանկ": Բանկի բուռն զարգացումը սկսվել է 2007թ., երբ ռուսաստանյան խոշորագույն ներդրումային ընկերության՝ "Տրոյկա դիալոգի" հետ փոխկապակցված "Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդ" ընկերությունը ձեռք բերեց բանկի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը: 2008թ. Հայներարտբանկը վերանվանվեց Ամերիաբանկ:
 
Երեկ հրավիրած ասուլիսում բանկի տնօրինության նախագահ - գլխավոր տնօրեն` Արտակ Հանեսյանը հայտարարեց, որ բանկն առաջին երեք տարիների համար կարևորում է ոչ թե շահույթների ստացումը, այլ զարգացումը, և ջանքերը կենտրոնացնելու է նոր բանկային տեխնոլոգիաների ներդրման, շենքային պայմանների բարելավման, աշխատակիցների վերապատրաստման, բրենդինգի վրա:
 
Չնայած այն հանգամանքին, որ բանկի ռազմավարությունն ուղղված է կորպորատիվ հաճախորդներին, ֆիզիկական անձանց շրջանում նույնպես վստահություն կա: 2009թ. կորպորատիվ հաճախորդների ավանդներն աճել են 3.2 անգամ, ֆիզիկական անձանցը՝ 7.5 անգամ:
 
Հանեսյանը դա մասամբ պայմանավորում է այն հանգամանքով, որ բանկային համակարգում իրենք առաջինն են ներդրել ավանդների ամբողջական ապահովագրության համակարգ: Այս հարցում Ամերիաբանկը համագործակցում է իր ռազմավարական գործընկերոջ՝ "Ռոսգոսստրախի" հետ:
2010թ. բանկի ծրագրերն ու նպատակները նույնպես կարելի է հավակնոտ համարել՝ ակտիվների 25% աճ, վարկերի 30% աճ, կապիտալի 10% աճ: Այս տարվա մարտի 5-ին Դիլիջանում սպասվում է նոր մասնաճյուղի բացում, հետո մասնաճյուղ կբացվի կա՛մ Գյումրիում, կա՛մ Վանաձորում, ինչպես նաև Երևանի փոքր կենտրոնում: Վերջինս հատկապես կարևորվում է ֆիզիկական անձանց սպասարկման առումով: Հաճախորդներին կառաջարկվեն բանկային նոր ծառայություններ:
 
Ակտիվների և պարտավորությունների աճի հետ մեկտեղ տեղի է ունենում նաև դրանց կառուցվածքային փոփոխություն: Չնայած «Ամերիաբանկի» տրամադրած վարկերի աճը տարվա կտրվածքով կազմել է 73%, աճի նման տեմպը հետ է մնում ակտիվների աճից:
 
2009թ. Ամերիաբանկը զգալի ռեսուրսներ է կենտրոնացրել միջբանկային փոխառությունների համար, մեծացրել է արժեթղթային պորտֆելը (հիմնականում պետական պարտատոմսերի հաշվին), ավանդներ է տեղաբաշխել արտասահմանյան բանկերում: Զգալի ավելացել են բանկի ազատ դրամական միջոցները՝ մեծացնելով բանկի իրացվելիությունը:
 
2010թ. Ամերիաբանկը նախատեսում է դուրս գալ միջազգային շուկա՝ արժեթղթեր ձեռք բերել ամերիկյան և ռուսական շուկաներում, սակայն դրանց ծավալը մեծ չի լինի՝ ընդհանուր ներդրումային ծրագրերի 5%-ի չափով: Չի բացառվում, որ թողարկվեն արտարժութային պարտատոմսեր, սակայն դրա համար հարկավոր է նախ ստանալ ԿԲ-ի թույլտվությունը:
 
Հանեսյանի տեղեկացմամբ՝ իրենք արդեն մի քանի տարի է՝ նման նախաձեռնությամբ հանդես են եկել, ներկայում ԿԲ-ի հետ քննարկում են թողարկման տեխնիկական կողմը: Արտարժութային պարտատոմսերը հիմնականում նախատեսված են ոչ ռեզիդենտ ներդրողների համար:
 
Ամերիաբանկի հիմնական հաղթաթղթերից մեկը ակտիվների որակն է: Բանկը չունի անհուսալի և կասկածելի վարկեր, իսկ հսկվող և ոչ ստանդարտ վարկերի տեսակարար կշիռը կազմում է ընդհանուր վարկային ներդրումների 0.17%-ը:
Հանեսյանն ասում է, որ տարվա ընթացքում ընդամենը տասը վիճահարույց վարկ են ունեցել, սակայն դրանցից ոչ մեկը դուրս չի գրվել, իսկ երկու դեպքում գումարը վերականգնվել է գրավի իրացման միջոցով:
Թարմացված է առ 27.01.2010 թ., 21:00
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: