Ամերիաբանկն ավարտեց բանակցությունները զարգացման ֆինանսական երկու նշանավոր կազմակերպությունների` FMO-ի (NEDERLANDSE FINANCIERINGS-MAATSCHAPPIJ VOOR ONTWIKKELINGSLANDEN N.V.) և DEG-ի (DEUTSCHE INVESTITIONS - UND ENTWICKLUNGSGESELLSCHAFT MBH) հետ` պարտքային ֆինանսավորման ներգրավման ուղղությամբ:
Վերոհիշյալ կազմակերպություններից ներգրավվելու է 30 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ, որից 20 մլն ԱՄՆ դոլարը` բիզնեսի վարկավորման համար, իսկ 10 մլն ԱՄՆ դոլարը` վերականգնվող էներգետիկայի ոլորտի փոքր հիդրոէլեկտրակայանների կամ հողմակայանների վարկավորման համար: Վարկերը տրամադրվելու են շուկայում գործող մարման ժամկետներից զգալիորեն երկար ժամկետներով:
Բիզնեսի վարկերը նախատեսված են բոլոր այն կազմակերպությունների համար, որոնց տարեկան շրջանառությունը կազմում է 5 մլն դրամից մինչև 5 մլրդ դրամ, իսկ աշխատակիցների թվաքանակը` մինչև 250: Տրամադրվող վարկերի գումարը կարող է հասնել մինչև 1.5 մլն ԱՄՆ դոլարի, իսկ վերականգնվող էներգետիկայի ոլորտի ձեռնարկություններին կարող են տրամադրվել վարկեր` մինչև 5 մլն ԱՄՆ դոլարի չափով:
Ամերիաբանկի կողմից FMO և DEG միջազգային խոշորագույն կազմակերպություններից բացառիկ պայմաններով ներգրավվելիք գումարները մեծապես կնպաստեն Բանկի կողմից արդեն իրականացվող վարկավորման ծրագրերի բարեհաջող իրագործմանը:
***
FMO-ի մասին
Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերությունը (FMO) երկրի միջազգային զարգացման բանկն է: Զբաղվում է զարգացող երկրների ընկերություններում և ֆինանսական հաստատություններում ռիսկային կապիտալի ներդրումներով: FMO-ի ներդրումային պորտֆելը կազմում է 4.2 մլրդ եվրո, ինչի շնորհիվ այն դասվում է մասնավոր հատվածը ֆինանսավորող աշխարհի ամենախոշոր զարգացման բանկերի շարքում: Մասամբ նաև հոլանդական կառավարության հետ ունեցած իր կապերի շնորհիվ` FMO-ն ունակ է ստանձնել այնպիսի ռիսկեր, որոնք առևտրային ֆինանսների ոլորտի ներկայացուցիչները պատրաստ չեն կամ դեռևս պատրաստ չեն ստանձնել: FMO-ի առաքելությունն է ստեղծել բարգավաճող ընկերություններ և ֆինանսական հաստատություններ, որոնք կնպաստեն իրենց երկրների կայուն զարգացմանը: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.fmo.nl:
DEG-ի մասին
DEG-ը հանդիսանում է KfW Bankengruppe-ի (KfW բանկային խումբ) անդամ: Ֆինանսավորում է զարգացող և անցումային շրջանում գտնվող երկրներում մասնավոր ընկերությունների ներդրումները: Որպես Եվրոպայի խոշորագույն զարգազման ֆինանսական կազմակերպություններից մեկը` DEG-ը խրախուսում է մասնավոր բիզնեսի կառույցներին` ներդրումներ կատարելու կայուն տնտեսական աճի և կենսամակարդակի բարձրացման համար: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.deginvest.de:
Թարմացված է առ 13.01.2010 թ., 19:10
|