ԵՐԵՎԱՆ, նոյեմբերի 12 /ԱՌԿԱ/.
Ամերիաբանկը մտադրված է ստեղծել լավագույն բանկերից մեկը ոչ միայն Հայաստանում, այլև ԱՊՀ-ում, ասել է Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահ, "Տրոյկա Դիալոգ" խմբի Տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը:
"Ինչ-որ չափով մենք հաջողակ էինք, քանի որ հենց ճգնաժամից առաջ ավելացրեցինք կապիտալը և ընդունեցինք զարգացման ծրագիրը: Այդ իսկ պատճառով բանկն ուներ հիանալի հնարավորություն իր գործունեությունը զարգացնելու և ծավալները ընդլայնելու համար` չնայած ստեղծված բացասական ֆոնին: Մենք աճել ենք մի քանի անգամ, ինչն այդքան էլ դյուրին չէր ճգնաժամի պայմաններում", ասել է պ-ն Վարդանյանը լրագրողներին հինգշաբթի օրը Երևանում տեղի ունեցած Ամերիաբանկի գլխամասային գրասենյակի բացման հանդիսավոր արարողության ժամանակ:
Ընդ որում, նա շեշտեց, որ այդ իրավիճակում "մենք մեր ռազմավարությունը չենք փոխել. մենք եկել ենք երկար ժամանակով և ունենք լուրջ ֆինանսական ռեսուրսներ":
"Բնակչության եկամտի անկման հետ կապված ժամանակավորապես հետաձգվեց որոշ պրոդուկտների առաջարկը, որոնց իրացումը հնարավոր է շուկայում բարենպաստ պայմաններում", պարզաբանել է նա:
Այդ կապակցությամբ պ-ն Վարդանյանը նաև ավելացրեց, որ Ամերիաբանկը նպատակաուղղված է ոչ միայն շահութաբեր բանկ լինելուն, այլև օրինակ ծառայելուն որոշ ոլորտներում, մասնավորապես, հաճախորդների և աշխատակիցների նկատմամբ վերաբերմունքով:
"Ամերիաբանկ" ՓԲԸ-ի Տնօրիրնության նախագահ – գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն, իր հերթին, ասել է, որ հաջորդ տարի շեշտադրումն ավելի շատ արվելու է կորպորատիվ հաճախորդների ծառայությունների ընդլայնման, փոքր և միջին բիզնեսի, էներգետիկայի համակարգում ընդգրկված բիզնեսի վարկավորմանը:
"Բացի այդ, մենք մշակել ենք ակտիվների կառավարման նոր ծառայություն, որը կներկայացնենք մոտ ապագայում: Խոսքը սուբորդինացված պարտավորությունների ծառայության, ինչպես նաև հավատարմագրային կառավարման գծով ծառայությունների մասին է", պարզաբանել է նա:
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն (նախկինում` «Հայներարտբանկ», վերանվանվել է 2008թ. մայիսին) հիմնադրվել է 1992թ. ԽՍՀՄ-ի Վնեշէկոնոմբանկի հայկական մասնաճյուղի հիման վրա: 1992թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ կենտրոնական բանկից ստացել է բանկային գործունեության լիցենզիա: 2007թ. օգոստոսին Բանկի բաժնետոմսերը ձեռք է բերել ռուսաստանյան առաջատար և ամենամեծ ներդրումային ընկերության` «Տրոյկա Դիալոգ» խմբի հետ փոխկապակցված «Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունը:
Թարմացված է առ 13.11.2009 թ., 17:23
|