Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում տեղեկացրել է Ամերիաբանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Լևոն Արևշատյանը:
Վերականգնվող էներգետիկայի վարկավորման ծրագրի շրջանակներում ընկերությունները կարող են դիմել բանկ` փոքր հիդրո- և հողմային էլեկտրակայանների կառուցման կամ արդիականացման նպատակով վարկ ստանալու համար: Վարկերի մարման ժամկետը մինչեւ 8 տարի է` 3 տարի արտոնյալ ժամկետով: Տոկոսադրույքները սկսվելու են տարեկան 11%-ից:
Լևոն Արևշատյանը տեղեկացրել է, որ վարկային ծրագրի ընդհանուր ծավալը կազմում է $20 մլն, որոնք Ամերիաբանկին են տրամադրել 2 միջազգային ֆինանսական հաստատություններ: Բանկի կանխատեսումներով ծրագրի իրականացման արդյունքում կառուցվելու կամ արդիականացվելու են 15-20 ՄՎտ ընդհանուր հզորությամբ փոքր էլեկտրակայաններ:
"Ամերիաբանկը ներդնելու է բնապահպանական ռիսկերի կանխատեսման, զսպման եւ չեզոքացման ամբողջական համակարգ, որի մասնագետները մասնակցելու են այս կամ այն ծրագրի վարկավորման մասին որոշման ընդունմանը" - ասաց Լևոն Արևշատյանը:
Անդրադառնալով բանկում մեկնարկող ՓՄՁ վարկավորման ծրագրին, նա նշեց, որ այն առավելապես նախատեսված է միջին ընկերությունների համար, որոնց տարեկան շրջանառությունը գերազանցում է $15 մլն-ը, իսկ աշխատակիցների թիվը կազմում է մինչեւ 250: Տվյալ վարկային ծրագրի շրջանակներում ընկերությունները կարող են ցածր տոկոսադրույքներով (սկսած տարեկան 11%-ից) ֆինանսավորում ստանալ մինչեւ $1.5 մլն-ի չափով: Լևոն Արևշատյանը տեղեկացրեց, որ այս ծրագիրը, որի ընդհանուր ծավալը կազմում է $40 մլն, ևս իրականացվում է միջազգային ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությամբ:
Թարմացված է առ 26.10.2009 թ., 16:24
|