HERE AND BEYOND
"Դրամական միջոցները խնդիր չեն: Արժանի վարկառուներ գտնելն է դժվար", Ամերիաբանկը նոր մասնաճյուղ է բացել Քաջարանում
Մամուլի կենտրոն
''Деловой Экспресс"

Գույնզգույն թելերով կապած գունավոր փուչիկներ և ավելորդ շքեղություն Ամերիաբանկի Քաջարանի բացման արարողությանը չկար: Ամենն արված էր ճաշակով և չափի մեջ` մասնաճյուղի աշխատակցուհիների մետաքսե էլեգանտ վզկապները, ֆուրշետի մրգերի գույնը` ընտրած Ամերիաբանկի կորպորատիվ երանգներին համահունչ…:

Քաջարանի մասնաճյուղի բացման արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 24-ին, և պատահական չէ, որ կարմիր ժապավենը բանկի տնօրինության նախագահ – գլխավոր տնօրեն` Արտակ Հանեսյանի հետ միասին կտրեց Քաջարանի "Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ"-ի (ԶՊԿ) կոմերցիոն տնօրեն` Արծրունի Ավետիսյանը: Հենց այս կոմբինատն է հանդիսանում բանկի ամենախոշոր հաճախորդներից մեկը, և հիմնականում այս համագործակցության շնորհիվ Ամերիաբանկն այստեղ բացեց իր մասնաճյուղը: Քաջարանի մասնաճյուղը բանկի երկրորդ ներկայացուցչական գրասենյակն է մայրաքաղաքից դուրս: Այսպիսով, այսօրվա դրությամբ Ամերիաբանկը մեկական մասնաճյուղ ունի  Քաջարանում և Երևանում: Վերջին գրասենյակը բացվել է բանկի գլխամասային գրասենյակի վերջերս տեղի ունեցած Գ. Լուսավորիչ հասցեով տեղափոխումից հետո: Ա. Հանեսյանի խոսքերով բանկի մասնաճյուղերի ցանցն ընդլայնվելու է: 2009թ. վերջերին նախատեսվում է մասնաճյուղ բացել Դիլիջանում: Մի քանի մասնաճյուղեր կբացվեն հաջորդ տարի: Աշխարհագրական տեսանկյունից նրանք գտնվելու են Հայաստանի երկրորդ և երրորդ քաղաքներում` Գյումրիում և Վանաձորում: Բացի այդ, Երևանում կբացվի ևս մեկ գրասենյակ: Դիտարկվում է նաև Կապանում մասնաճյուղ բացելու հնարավորությունը: Եթե այս նախագիծն իրագործվի, Սյունիքը կլինի Ամերիաբանկի գրասենյակների առումով առաջատար մարզը Երևանից հետո: Քանի որ Ամերիաբանկը կորպորատիվ բանկ է, մասնաճյուղ բացելու հարցն այս կամ այն մարզում առաջին հերթին կախված է տվյալ մարզում կորպորատիվ հաճախորդների առկայությունից:

Այնուամենայնիվ, վերադառնանք Քաջարան: "Մասնաճյուղի բացումն առաջին հերթին պայմանավորված է ԶՊԿ-ի հետ համագործակցությամբ", ասում է Ամերիաբանկի Մանրածախ գործառնությունների դեպարտամենտի տնօրեն` Վազրիկ Սեկոյանը: "Բացի այդ, մարզի մեր մոնիտորինգը ցույց տվեց, որ այստեղ բավականին հետաքրքիր շուկա և բանկային ծառայությունների պահանջարկ կա: Այս ամենը կանխորոշեց մասնաճյուղի բացման որոշման կայացումը: Այսպիսով, մեր թիրախ հաճախորդներն են` առաջին հերթին` կոմբինատը, ինչպես նաև կոմբինատը սպասարկող կազմակերպություններն ու գործընկերները, և իհարկե, կոմբինատի անձնակազմն ու մարզի բնակչությունը": Ահա թե ինչ ասաց ԴԷ-ին ԶՊԿ-ի կոմերցիոն տնօրեն` Արծրունի Ավետիսյանը. "Այսօր կոմբինատն օգտվում է 6 բանկերի ծառայություններից, և Ամերիաբանկը այդ բանկերից առաջատարներից մեկն է: Այս բանկում մենք բավականին մեծ մասնաբաժին ունենք շրջանառության մեջ: Բացի այդ, մենք ողջունում ենք նոր գրասենյակի բացումը Քաջարանում, քանի որ, այսպիսով ուժեղանում է մրցակցությունը, ինչը հանգեցնում է սպասարկման որակի բարելավմանը":
"Շատ հանգամանքներ են վկայում այն մասին, որ հաճախորդները գոհ են մնալու Ամերիաբանկի սպասարկումից: Գրասենյակը հագեցած է տեխնիկական սարքավորումներով: Մասնաճյուղը գտնվում է անխափան առ-ցանց կապի մեջ գլխամասային գրասենյակի հետ: Եվ ամենակարևորը` մարդկային գործոնը: Ամերիաբանկը հանդիսանում է այն սակավ բանկերից մեկը, որն առաջնորդվում է "Երազանքի թիմ" ստեղծելու փիլիսոփայությամբ և սկզբունքներով", ասում է բանկի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետ` Արմինե Ղազարյանը: "Մենք ողջունում ենք ակտիվ, նվիրված, համարձակ և նպատակասլաց անձանց, որոնք պատրաստ են դառնալ մեր թիմի անդամ: Մենք ոչ մի ջանք չենք խնայում նման մարդկանց գտնելու համար", շարունակում է նա: Ըստ Ա. Ղազարյանի, չնայած բոլոր դժվարությունների, կարելի է փաստել, որ այդպիսի թիմ կա Ամերիաբանկում, ինչպես նաև կա մի համակարգ, որի միջոցով բանկը կարող է աշխատանքի շուկայից ներգրավել անհրաժեշտ աշխատակիցներին: Ինչ վերաբերում է մարզերում անձնակազմի ընտրությանը, ապա մարզերում այս հարցն ավելի բարդ է, քան մայրաքաղաքում, ինչպես խոստովանում է Ա. Ղազարյանը: Սակայն, ի վերջո, բանկն ապահովում է այնպիսի որակ, որպեսզի հաճախորդը տարբերություն չզգա մայրաքաղաքում և մարզում սպասարկվելիս:

Ճգնաժամը դեռ չի անցել: Ա. Հանեսյանի հետ մեր ճեպընթաց հարցազրույցի առաջին հարցը հետևյալն էր.
- Ներկայումս ինչպիսի՞ հիմնական խնդիրներ ունի բանկը:
- Դժվար է գտնել արժանի վարկառուների: Մենք շատ իրացվելի միջոցներ ունենք, որոնք կարող էինք ուղղել ոչ միայն բիզնեսի վարկավորմանը, այլև ֆիզիկական անձանց վարկեր տրամադրելուն: Սակայն, արժանի վարկառուները դեռ քիչ են:
- Խիստ ընտրություն է, թե՞ ճգնաժամի հետ կապված նաև մտքերի սակավություն է նկատվում:
- Ճգնաժամը հետ է պահում գործարարներին լրացուցիչ վարկ վերցնելուց: Քանի որ դրամային շրջանառությունն ընկել է, գործարարները չեն ուզում ռիսկի դիմել և վարկ վերցնել իրենց աշխատանքային ծավալներն ընդլայնելու համար:
- Արդյո՞ք կարելի է ասել, որ այս առումով Ամերիաբանկն ստիպված էր փոքր-ինչ փոփոխել իր սկզբնական պլանները:
- Բիզնես պլանի առումով մենք գերազանցել ենք երկու տարի առաջ կանխատեսված ցուցանիշները: Այնուամենայնիվ, որոշ փոփոխություններ կատարվել են: Դրանք առաջին հերթին վերաբերում են որոշ հատվածների վերաբերյալ մեր հայեցակետերին, բիզնեսի ուղղվածությանը առաջիկա երեք տարիների համար: Մենք որոշել ենք մեծ ուշադրություն դարձնել էներգետիկայի ոլորտին, փոքր և միջին բիզնեսին, ինչպես նաև մշակող արդյունաբերությանը:
- Ո՞ր ոլորտների ֆինանսավորումն եք դադարեցրել:
- Ոչ մի ոլորտի ֆինանսավորումը չենք դադարեցրել, սակայն այժմ փոքր-ինչ զսպողական ենք մոտենում շինարարության ոլորտին: Սա ամենևին չի նշանակում, որ մենք չենք տրամադրում հիփոթեքային վարկեր:
- Գո՞հ եք բանկի զարգացումից:
- Մեր ցուցանիշներն այդ հարցի լավագույն պատասխանն են: Խնդրահարույց վարկերը կազմում են մեր պորտֆելի ընդամենը 0,8 %: Ընդ որում, վերջին երեք ամսվա ընթացքում վարկային պորտֆելն աճել է 10 մլրդ դրամով և հասել է գրեթե 40 մլրդ դրամի: 
Թարմացված է առ 13.06.2016 թ., 12:04
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: