HERE AND BEYOND
Ստորագրվեց դեպի Տաթև տանող ճոպանուղու կառուցման պայմանագիրը
Մամուլի կենտրոն

Ս.թ. հուլիսի 14-ին` ժամը 12:30-ին, Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ դեպի Տաթև տանող ճոպանուղու կառուցման պայմանագրի ստորագրումը և մամլո ասուլիսը: Ճոպանուղու կառուցումը մաս է կազմում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) "Տաթևի վերածնունդ և վերակառուցում" եռամյա ծրագրի, որը մեկնարկել է 2009թ. փետրվարին: Ծրագրի նպատակն է հոգևոր և պատմամշակութային բարձր արժեք ունեցող Տաթևի համալիրի վերականգնման և համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման միջոցով նպաստել Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը: Ծրագիրը բաղկացած է 4 բաղադրիչից, որոնցից առաջինն է ճոպանուղու կառուցումը և շահագործումը:

Պայմանագիրը ստորագրվեց ճոպանուղու կառուցման բաղադրիչի ղեկավար, ՀԱՄՀ խորհրդի անդամ Արտաշես Կազախեցյանի և ճոպանուղիների կառուցման շվեյցարական "Գարավենտա" ձեռնարկության վաճառքների գծով փոխնախագահ Փիթեր Բաումանի և ծրագրերի ղեկավար Նիկլաուս Մոզերի կողմից: Միջոցառմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՀԱՄՀ խորհրդի անդամ Ներսես Երիցյանը, ՀԱՄՀ գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը, "Ամերիա" ընկերության տնօրեն, ՀԱՄՀ խորհրդի անդամ Անդրեյ Մկրտչյանը և "Ամերիաբանկ" ՓԲԸ-ի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: Պայմանագրի շրջանակներում շուրջ մեկ տարվա ընթացքում կկառուցվի Սյունիքի մարզի Հալիձոր գյուղից դեպի Տաթև տանող ճոպանուղի, որի երկարությունը կկազմի 5,7 կիլոմետր: Իր դասում այս ճոպանուղին կլինի աշխարհում ամենաերկարը: Նախատեսվում է, որ ճոպանուղին կշահագործվի շուրջ տարի` յուրաքանչյուր ուղղությամբ միաժամանակ տեղափոխելով 25 ուղևոր:

Պայմանագրի ընդհանուր արժեքն է շուրջ 6,8 մլն եվրո: "Տաթևի վերածնունդ և վերակառուցում" ծրագիրն իրականացվում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից` Ռուբեն և Վերոնիկա Վարդանյանների ընկերների կողմից ստեղծված "Տաթև Ֆաունդեյշն" և ԱՌԳԱ հիմնադրամների ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաև "Հայաստան2020" ծրագրի կողմից: Ծրագրի իրականացման գործընկերն է "Ամերիաբանկ" ՓԲԸ-ն, որը հանդիսանում է ծրագրի սպասարկող բանկը և տրամադրում է ֆինանսական խորհրդատվություն:

Թարմացված է առ 20.10.2009 թ., 10:23
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: