1. Ի՞նչ է վարկային արձակուրդը:
Վարկային արձակուրդը հնարավորություն է հաճախորդների համար հետաձգել վարկի մարումը:
Սկսած մարտի 13-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ ֆիզիկական անձ և Անհատ ձեռնարկատեր բոլոր հաճախորդները կարող են չիրականացնել գրաֆիկով նախատեսված իրենց վարկերի հերթական մարումները (թե' մայր գումարները, թե' հաշվեգրված տոկոսները)` առանց վարկային պատմության վրա որևէ բացասական հետևանքի:
2. Վարկային արձակուրդը պարտադի՞ր է:
Ոչ, պարտադիր չէ: Յուրաքանչյուր վարկառու իր վարկի մարման օրը հնարավորություն ունի մարել վարկը` ըստ գործող գրաֆիկի:
3. Ո՞ր վարկերի վրա է տարածվում վարկային արձակուրդը:
Վարկային արձակուրդի հնարավորությունը տարածվում է հիփոթեքային, սպառողական, ավտո, ապառիկ և այլ վարկերի վրա:
4. Արդյո՞ք վարկային արձակուրդը տարածվում է նոր տրամադրվող վարկերի վրա:
Ոչ, սկսած հայտարարությունը տարածելու օրվանից` մարտի 13-ից, նոր տրամադրվող վարկերի վրա վարկային արձակուրդը չի տարածվում: Միևնույն ժամանակ հորդորում ենք վարկերի մարումներն իրականացնել հեռահար ուղիների միջոցով:
5. Արդյո՞ք վարկային արձակուրդը կիրառելի է ժամկետանց վարկերի վրա:
Վարկային արձակուրդը կիրառելի չէ հայտարարության օրվա` մարտի 13-ի դրությամբ ժամկետանց վարկերի վրա: Սակայն եթե հաճախորդը մարի ժամկետանց վարկը մինչև ընթացիկ մարման օրը, հնարավորություն կունենա օգտվել վարկային արձակուրդից:
6. Երկու ամիսների ընթացքում չմարած գումարները ինչպե՞ս են մարվելու:
Վարկային արձակուրդից օգտվելու պարագայում չկատարված վարկային պարտավորության գումարը հավասարաչափ բաշխվելու է հետագա 7 ամիսների վրա (հունիսից-դեկտեմբեր)`համաձայն նոր կազմված ժամանակացույցի:Նշված գումարների վրա այդ ժամանակահատվածում որևէ լրացուցիչ տոկոսագումար չի կուտակվելու:
7. Եթե վարկի մարման օրը մինչև մարտի 13-ն է եղել, Ի՞նչ գրաֆիկով են լինելու հետագա մարումները:
Եթե ձեր վարկի մարման օրը եղել է մինչև մարտի 13-ը և դուք օգտվել ենք ապրիլ-մայիս ամիսներին վարկային արձակուրդի հնարավորությունից, ապա չվճարված գումարների մարումները հավասարաչափ բաշխվելու են առաջիկա վեց ամիսների վրա (հունիսից դեկտեմբեր):
Մայիս ամսին վճարվելու է միայն մայիս ամսվա ժամանակացույցով նախատեսված գումարը (մայիս ամսին մարում կարող են չունենալ այն վարկառուները, ովքեր ունեցել են մարում մինչև մարտի 13-ը և օգտվել են վարկային արձակուրդից նաև մայիս ամսին): Նախորդ երկու ամսվա գումարը բաշխվելու է հունիսից-դեկտեմբեր ամիսների վրա:
8. Արդյո՞ք վարկային արձակուրդը ենթադրում է հաճախորդի կողմից ավելի շատ տոկոսագումարի վճարում:
Ոչ:
9. Արդյո՞ք մեծանալու է հաճախորդի կողմից ամսական մարման գումարը:
Այո, քանի որ հաճախորդները բացի վարկի հերթական վճարման գումարից վճարելու են նախկինում չմարած երկու ամիսների գումարները` բաշխված 7 ամիսների վրա հավասարաչափ:
Նշված գումարների վրա այդ ժամանակահատվածում որևէ լրացուցիչ տոկոսագումար չի կուտակվելու:
10. Արդյո՞ք վարկային արձակուրդը ազդում է վարկային պատմության վրա:
Ոչ, որևէ բացասական ազդեցություն վարկային պատմության վրա վարկային արձակուրդը չունի: Ավելին` այս հնարավորությունը կանխարգելում է հնարավոր խնդիրների արդյունքում վարկային պատմության վատթարացումը:
11. Եթե հաճախորդի հաշիվներին առկա է վարկի մարման համար անհրաժեշտ գումարը, ինչպիսին է գործընթացը:
Վարկի մարման օրվա դրությամբ ձեր հաշիվներին մարման համար բավարար գումար առկա լինելու պարագայում Ձեր վարկի մարումը կկատարվի ըստ վարկային պայմանագրի պայմանների: Այս պարագայում «վարկային արձակուրդից» օգտվելու նպատակով անհրաժեշտ է տեղեկացնել Բանկին` համապատասխան վարկի մարման օրվանից 2 աշխատանքային օր առաջ` Բանկ ներկայացնելով դիմում: Դիմումը կարող եք ներկայացնել հեռահար եղանակներով` Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերով, էլ. փոստով կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն`(+374 10) 561111 հեռախոսահամարով:
12. Եթե հաճախորդը նախապես տրված վարկի մարման հանձնարարական ունի, օրինակ` պարբերական կատարվող վճարման հանձնարարականներ, որևէ փոփոխություն կատարվելո՞ւ է:
Ոչ, բոլոր պարբերական վճարման հանձնարարականները շարունակվելու են կատարվել ավտոմատ` ըստ հաճախորդի տրված հանձնարարականի:
13. Ներկայումս շատ հաճախորդներ օգտվում են եկամտահարկի հաշվին տոկոսագումարների ների հետվերդարձի հնարավորությունից: Վարկային արձակուրդը ինչպես է անդրադառնալու այդ վարկերի վրա:
Վարկային արձակուրդից օգտվելը պարտադիր բնույթ չի կրում, ուստի եկամտահարկի հաշվին պետության կողմից սուբսիդավորում ստացող հաճախորդները կարող են շարունակել մարել իրենց վարկային պարտավորությունները ըստ ընթացիկ գրաֆիկի: Այս պարագայում տոկոսագումարների հետվերդարձի մասով որևէ խնդիր չի առաջանա:
Եթե այնուամենայնիվ, օգտվելով վարկային արձակուրդի հնարավորությունից, հաճախորդը երկու ամիսների մարումը տեղափոխի հաջորդ ամիսների վրա, բանկը կտրամադրի համապատասխան տեղեկանքը, սակայն հնարավոր է, որ ընդհանուր տոկոսագումարը գերազանցի սուբսիդավորման ենթակա գումարը:
14. Արդյո՞ք վարկային արձակուրդը տարածվում է մոտակա երկու ամիսներին ամբողջապես մարվող/ վերջնաժամկետ ունեցող վարկերի վրա:
Այո, այդ վարկերի դեպքում կիրառվելու է նույն մեխանիզմը:
15. Հեռահար սպասարկման ի՞նչ հնարավորություններ է առաջարկում Ամերիաբանկը:
Ինտերնետ Բանկ ծառայության համար ներկայումս գործում են արտոնյալ պայմանները` ֆիզիկական անձանց համար ողջ ժամկետի համար անճար, իրավաբանական անձանց համար առաջին տարվա անվճար սպասարկմամբ: Բանկն ունի հեռահար սպասարկման ուղիների լայն հնարավորություններ` սկսած հաշվի բացումից մինչև վարկերի մարումները և հաշիվների գումարների մուտքագրում/ելքագրումը: Ծառայությունների ամբողջական ցանկը պարբերաբար ներկայացվում է մեր FB էջում և կայքում որպեսզի հաճախորդների ավելի հեշտ լինի կողմնորոշվել ծառայությունների բազմազանության մեջ:
16. Մարման նոր գրաֆիկը ինչպե՞ս ենք ստանալու, այցելելով Բանկ, թե հաղորդակցությամբ։
Վարկային արձակուրդի ժամանակահատվածի մայր գումարների և տոկոսագումարների համար մարման գրաֆիկները կձևավորվեն երկրորդ ամսվա մարումից հետո մի քանի օրվա ընթացքում:
Մարման գրաֆիկը կազմվելու է ձեր վարկային գրաֆիկի օրերին համապատասխան: Յուրաքանչյուր ամսվա համար լրացուցիչ վճարման գումարը հաշվարկելու համար պարզապես անհրաժեշտ է երկու ամիսների մայր գումարի և տոկոսագումարի հանրագումարը բաժանել 7:
17. Ինչպե՞ս պետք է օգտվենք, դիմում գրելու անհրաժեշտություն կա:
Ոչ, ֆիզիկական անձանց վարկային արձակուրդը կիրառվում է ավտոմատ, բացառությամբ այն դեպքերի, եթե հաճախորդի հաշվին առկա է մարման համար անհրաժեշտ գումարը:
18. Արդյո՞ք տարածվում է ապառիկի վարկերի վրա, օվերդրաֆտ/վարկային գիծ:
Այո, վարկային արձակուրդը տարածվում է բոլոր ֆիզիկական անձանց վարկերի վրա:
19. Արտոնյալ ժամկետով վարկային գծերի դեպքում արտոնյալ ժամկետը պահպանվո՞ւմ է:
Այո, վարկային գծի արտոնյալ ժամկետը կպահպանվի:
1. Ո՞ր բիզնես վարկերի վրա է տարածվում վարկի մայր գումարների հետաձգումը:
Տուրիստական, հյուրատնային, հանրային սննդի, տրանսպորտի և գյուղատնտեսության ոլորտների իրավաբանական անձանց վարկերի միայն մայր գումարների վրա կարող է կիրառվել «վարկային արձակուրդ»` առանց վարկային պատմության վրա բացասական ազդեցության:
Որոշումը կայացվելու է հաճախորդների դիմումների հիման վրա ` քննարկելով յուրաքանչյուր դեպքն առանձին:
Ա/Ձ-ների դեպքում անկախ ոլորտից, կիրառվում է ֆիզիկական անձանց առաջարկը:
2. Իրավաբանական անձանց դեպքում ինչպե՞ս է գործելու մեխանիզմը:
Միայն մայր գումարների մարումները հնարավոր է լինելու հետաձգել 3-6 ամսով` կախված հաճախորդի վարկունակությունից:
Հաճախորդը պետք է ներկայացնի դիմում, որի հիման վրա կդիտարկվի գրաֆիկի վերանայումը: Յուրաքանչյուր դիմում դիտարկվելու է առանձին և յուրաքանչյուրի գծով անհատական որոշում է կայացվելու: Դիմումը կարող եք ներկայացնել հեռահար եղանակներով` Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերով, էլ. փոստով կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն`(+374 10) 561111 հեռախոսահամարով:
3. 3-6 ամիսների ընթացքում չմարած գումարները ինչպե՞ս են մարվելու:
Վարկերի նշված ժամանակահատվածում չմարված մայր գումարը վերաբաշխվելու է վարկի մարմանը մնացած ժամանակահատվածի վրա:
4. Արդյո՞ք վարկային արձակուրդը տարածվում է նոր տրամադրվող վարկերի վրա:
Ոչ, սկսած հայտարարությունը տարածելու օրվանից` մարտի 13-ից, նոր տրամադրվող վարկերի վրա վարկային արձակուրդը չի տարածվում: Միևնույն ժամանակ հորդորում ենք վարկերի մարումներն իրականացնել հեռահար ուղիների միջոցով:
5. Արդյո՞ք վարկային արձակուրդը կիրառելի է ժամկետանց վարկերի վրա:
Վարկային արձակուրդը կիրառելի չէ հայտարարության օրվա` մարտի 13-ի դրությամբ ժամկետանց վարկերի վրա: Միևնույն ժամանակ, եթե հաճախորդը մարի ժամկետանց վարկը մինչև ընթացիկ մարման օրը, կարող է դիմել վարկային արձակուրդից օգտվելու համար:
6. Արդյո՞ք վարկային արձակուրդը ազդում է վարկային պատմության վրա:
Ոչ, որևէ բացասական ազդեցություն վարկային պատմության վրա վարկային արձակուրդը չունի: Ավելին` այս հնարավորությունը կանխարգելում է հնարավոր խնդիրների արդյունքում վարկային պատմության վատթարացումը:
7. Հեռահար սպասարկման ի՞նչ հնարավորություններ է առաջարկում Ամերիաբանկը:
Ինտերնետ Բանկ ծառայության համար ներկայումս սահմանել ենք արտոնյալ պայմանները` ֆիզիկական անձանց համար ողջ ժամկետի համար անճար, իրավաբանական անձանց համար առաջին տարվա անվճար սպասարկմամբ:
Մենք ունենք հեռահար սպասարկման ուղիների լայն հնարավորություններ` սկսած հաշվի բացումից մինչև վարկերի մարումները և հաշիվների գումարների մուտքագրում/ելքագրումը: Ծառայությունների ամբողջական ցանկը պարբերաբար ներկայացնում ենք մեր FB էջում և կայքում որպեսզի հաճախորդների ավելի հեշտ լինի կողմնորոշվել ծառայությունների բազմազանության մեջ:
8. Մարման նոր գրաֆիկը ինչպե՞ս ենք ստանալու, այցելելով Բանկ, թե հաղորդակցությամբ։
Մարման նոր ժամանակացույցը կարող եք դիտել Ինտերնետ Բանկ համակարգով կամ կուղարկվի Ձեզ Բանկում առկա էլեկտրոնային հասցեին: