Ներդրումային բանկ
Կապիտալի շուկաներ
Հանդիսանալով տեղական կապիտալի շուկայի առաջատար՝ Ամերիաբանկն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ պարտքային և փայատիրական կապիտալի շուկաներում՝ պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման կազմակերպումից մինչև երկրորդային շուկայում իրացվելիության ապահովում (շուկայի ստեղծում): Բարեհաջող կերպով իրականացնելով բազմաթիվ աննախադեպ և նշանակալի գործարքներ և նոր հնարավորություններ ստեղծելով ներդրողների համար՝ մենք վաստակել ենք նորարար ներդրումային բանկի համբավ:
Բաղկացած լինելով գիտակ և փորձառու մասնագետներից՝ Կապիտալի շուկաների բաժնի մեր անձնակազմը տրամադրում է ծառայությունների լայն ընտրանի և տարբեր գործարքների վերաբերյալ խորհրդատվություն, այդ թվում`
-
նախքան առաջնային տեղաբաշխումը համապատասխանության ստուգում և առաջնային տեղաբաշխման խորհրդատվություն
-
կորպորատիվ կառավարման խորհրդատվություն և ԿԲ պահանջների համաձայն հաշվետվությունների կազմման աջակցություն
-
ազդագրի մշակման և գրանցման ներկայացման աջակցություն
-
արժեթղթերի տեղաբաշխման ծառայություններ
-
արժեթղթերի շուկայի ստեղծում
Ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելիս մենք հաշվի ենք առնում կորպորատիվ հաճախորդների բոլոր պահանջները` առաջարկելով կապիտալի շուկաների գծով այնպիսի լուծումներ, որոնք լավագույնս համապատասխանում են հաճախորդների սպասելիքներին:
Ամերիաբանկի կապիտալ շուկաների բաժինն առանցքային դեր է ունեցել տեղական ֆինանսական շուկայում տեղի ունեցած բոլոր նորարարական նախաձեռնություններում.
-
2008թ. մեր կողմից կազմակերպվեց Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայում մինչ այդ նախադեպը չունեցող աճուրդի միջոցով (մրցակցային հայտերի հիման վրա)՝ կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխումը:
-
2012թ. մենք կազմակերպել ենք ամենամեծ ծավալով կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումը:
-
2013թ. դեկտեմբերին մենք հանդես ենք եկել որպես Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) առաջին դրամային պարտատոմսերի տեղաբաշխման գլխավոր կազմակերպիչ և տեղաբաշխող: Դա Հայաստանում ոչ ռեզիդենտի կողմից պարտատոմսերի թողարկման առաջին գործարքն էր:
-
2014թ. հունվարին Ամերիաբանկը հանդես է եկել որպես ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով թողարկված պարտատոմսերի տեղաբաշխման գլխավոր կազմակերպիչ և տեղաբաշխող: Դա լողացող տոկոսադրույքով պարտատոմսերի առաջին տեղաբաշխումն էր Հայաստանում:
-
Ամերիաբանկի շուկայի ստեղծման ծառայությունների շնորհիվ «ՍԱՍ Գրուպ» ընկերության՝ 2 տարի մարման ժամկետով, ԱՄՆ դոլարով թողարկված պարտատոմսերը դարձան «Հայաստանի ֆոնդային բորսայում» (նախկինում՝ Նասդաք ՕԷՄԷՔՍ Արմենիա) ամենաակտիվ կերպով շրջանառվող կորպորատիվ արժեթղթերը՝ ապահովելով 96% շրջանառություն երկրորդային շուկայում:
-
2016թ-ից սկսած Ամերիաբանկը մեկնարկեց տարբեր արժույթներով սեփական պարտատոմսերի թողարկումը: 2018թ. դրությամբ Ամերիաբանկը «Հայաստանի ֆոնդային բորսայում» ուներ ցուցակված և առևտրին թույլատրված պարտատոմսերի 11 տրանշ:
Պարտքային և փայատիրական կապիտալի շուկաներին առնչվող մեր ծառայությունների սակագները պայմանական բնույթ ունեն: Ընդհանուր առմամբ, դրանք հաշվարկվում են՝ հիմք ընդունելով փաստացի ծախսված ժամանակը և ռեսուրսները: Արժեթղթերի տեղաբաշխման ծառայության դեպքում նաև կիրառվում է տեղաբաշխման վճար, որը հաշվարկվում է որպես տոկոս տեղաբաշխված պարտատոմսերից:
Թարմացված է առ 18.05.2022 թ., 11:00