English Version
www.ameriabank.am | 010 561111

ԱԿՆԱՐԿ

Գործունեության հիմնական ցուցանիշներ

ԱԿՆԱՐԿ

Տնօրենների խորհրդի նախագահի ուղերձը

Հարգելի հաճախորդներ, բաժնետերեր և գործընկերներ,

Հպարտությամբ հայտնում եմ, որ մենք հաջողությամբ ավարտեցինք ևս մեկ տարի՝ պահպանելով շուկայի բացարձակ առաջատարի դիրքերը ֆինանսական բոլոր ցուցանիշներով: Մենք կարողացանք իրականացնել Բանկի առջև դրված բոլոր հիմնական նպատակները և զգալիորեն բարձրացնել մեր եկամտաբերությունը մակրոտնտեսական տատանումների և քաղաքական անորոշության բարդ պայմաններում:
Հայաստանի տնտեսության համար տարին ընդհանուր առմամբ լի էր մարտահրավերներով, որոնք պայմանավորված էին արտաքին գործոններով, մասնավորապես՝ Ռուսաստանի տնտեսական ճգնաժամով և տարածաշրջանային հակամարտություններով: Ի հեճուկս Հայաստանի տնտեսության ռիսկայնության ժամանակավոր աճի և պահանջարկի զգալի կրճատման՝ գրանցվեց տնտեսական աճ. ՀՆԱ-ն, թեպետ դանդաղ տեմպերով, բայց շարունակում էր աճել:
Տարին նշանավորվեց քաղաքական փոփոխություններով, որոնք ձևավորեցին դրական սպասումներ, հատկապես՝ օտարերկրյա ներդրումների և գործարար միջավայրի հիմնարար բարեփոխումների տեսանկյունից: 2017թ. ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունները թույլ են տալիս եզրակացնել, որ ընդհանուր առմամբ ՀՀ աշխարհաքաղաքական դիրքորոշումները, ինչպես նաև տնտեսական բարեփոխումների վեկտորը կմնան անփոփոխ:
Տարին վճռորոշ էր Հայաստանի բանկային համակարգի համար, քանի որ մոտենում էր Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի (ԿԲ) կողմից ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվի բարձրացված մակարդակի ապահովման վերջնաժամկետը: Արդյունքում տեղի ունեցավ կապիտալի զգալի ներհոսք դեպի բանկային համակարգ, որը հետագա տարիների ընթացքում տնտեսության վրա կունենա դրական ազդեցություն: Բանկային համակարգում տեղի ունեցան նշանակալի վերակառուցման և վերակազմակերպման գործընթացներ, որոնց արդյունքում շուկայի հիմնական մասնակիցների միջև մրցակցությունն էլ ավելի սրվեց: Նման շուկայական պայմաններում Ամերիաբանկին ոչ միայն հաջողվեց պահպանել առաջատարի իր դիրքերը, այլև ակտիվների ու եկամտաբերության տպավորիչ աճի շնորհիվ ընդլայնել շուկայի իր մասնաբաժինը: Առաջիկա տարվա մեր հիմնական նպատակն է պահպանել ՀՀ ֆինանսական շուկայում առաջատարի դիրքը՝ հիմնական շեշտը դնելով եկամտաբերության և ծախսերի արդյունավետության բարձրացման վրա: Մենք հավատարիմ ենք մնում կապիտալի միջազգային շուկայում առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO) իրականացնելու մեր ռազմավարական ծրագրին, որի համաձայն էլ սահմանում ենք մեր նպատակները: Մենք թե՛ օրգանական, և թե՛ ոչ օրգանական աճի հնարավորությունների մշտական փնտրտուքների մեջ ենք՝ ջանալով ապահովել միջին շուկայական աճի համեմատ առաջանցիկ աճ: Համոզված ենք, որ շուկայի բացարձակ առաջատարի դիրքը, կայուն աճը, եկամտաբերության բարձրացումն ու ռիսկերի ռացիոնալ կառավարումը կլինեն մեզ համար հիմնարար շարժիչ ուժեր՝ առաջնային հրապարակային տեղաբաշխումը հաջողությամբ իրականացնելու համար:
Դեպի միջազգային կապիտալի շուկա տանող ուղին հարթելու համար անհրաժեշտ է ոչ միայն ապահովել ֆինանսական գերազանց արդյունքներ, այլև կատարելագործված կորպորատիվ կառավարում, գերազանց ներքին հսկողություն և թափանցիկության բարձր մակարդակ: Հպարտ ենք արձանագրել, որ Ամերիաբանկին հաջողվել է հասնել զգալի արդյունքի՝ ունենալով տեղական շուկայի ֆինանսական հաշվետվությունների ամենազարգացած և ամենաթափանցիկ համակարգերից մեկը, և ստեղծել միջազգային լավագույն փորձին համահունչ կորպորատիվ կառավարման մոդել:
Մենք հետևողականորեն բարելավում ենք մեր բիզնես-գործընթացները և ծառայությունների որակը՝ կատարելով շարունակական ներդրումներ ՏՏ ենթակառուցվածքի զարգացման և նորարար թվային լուծումների մշակման ուղղությամբ: Հետևելով միջազգային թվային լուծումների զարգացման միտումներին՝ 2016թ. ընթացքում մենք նախաձեռնել ենք Բանկի ենթակառուցվածքային լայնածավալ նախագծեր, որոնք զգալիորեն կզարգացնեն բիզնես-գործընթացները և կբարելավեն հաճախորդների փորձառությունը:
Նշված բոլոր ձեռքբերումներն իրականություն են դարձել բացառապես մեր ղեկավարների և աշխատակիցների նվիրվածության և քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Ես հպարտ եմ, որ միասնական արժեքներ կրող այս տաղանդավոր թիմի մասն եմ կազմում, որի միահամուռ ուժերի շնորհիվ Բանկը կարողանում է գերազանց արդյունքներ ապահովել: Շնորհակալ եմ բոլորին՝ բացառիկ նվիրվածության և հիանալի թիմային աշխատանքի համար:
Ամփոփելով Բանկի արդյունքները և ձեռքբերումները՝ ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել մեր բոլոր հաճախորդներին, գործընկերներին ու բաժնետերերին իրենց վստահության, հավատարմության և մեր ողջ գործունեության ընթացքում ցուցաբերած շարունակական աջակցության համար:

Տնօրենների խորհրդի
նախագահ՝
Անդրեյ Մկրտչյան

ԱԿՆԱՐԿ

Գլխավոր տնօրենի ուղերձը

Ավարտվեց առաջընթացի և ձեռքբերումների ևս մեկ տարի, որի ընթացքում Ամերիաբանկը շարունակում էր իրականացնել բիզնես ծրագրով սահմանված իր նպատակները՝ աճի տեմպերով, ակտիվների որակով և եկամտաբերության մակարդակով գերազանցելով միջին շուկայական ցուցանիշները: Ամերիաբանկը Հայաստանի խոշորագույն ֆինանսական հաստատությունն է և պահպանում է շուկայի առաջատարի իր դիրքերը բոլոր հիմնական ցուցանիշներով: Մենք ավարտեցինք տարին ակտիվների և վարկային պորտֆելի ռեկորդային աճի ցուցանիշներով (համապատասխանաբար՝ 39.4% և 61.4%): Ակտիվների միջին տարեկան աճը վերջին 5 տարվա ընթացքում կազմել է 29%, ինչի շնորհիվ Բանկի շուկայական մասնաբաժինը 9.7%-ից աճել է մինչև 17.4%: Ամերիաբանկը շարունակում է տնօրինել ՀՀ բանկային համակարգի խոշորագույն վարկային պորտֆելը, որի վերջին 5 տարվա միջին տարեկան աճը կազմել է 30%: Մեր ռազմավարական նպատակն է պահպանել բացարձակ առաջատարի դիրքերը՝ շարունակաբար ընդլայնելով շուկայի մեր մասնաբաժինը:
Ցանկացած ընկերության հաջողության կարևորագույն չափանիշը բարդ մակրոտնտեսական միջավայրում գործունեություն վարելու կարողությունն է: ՀՀ բանկային համակարգը 2016թ. բազմաթիվ մարտահրավերների առաջ կանգնեց, որոնք պայմանավորված էին մասնավորապես ՀՀ ԿԲ պահանջների խստացմամբ և անկայուն տնտեսական իրավիճակով: ՀՀ ԿԲ խստացված դրամային քաղաքականության արդյունքում հաջողվեց զսպել փոխարժեքների բարձրացումը, և ՀՀ դրամն այսպիսով տարածաշրջանի ամենակայուն արժույթներից մեկը դարձավ: Սակայն արդյունքում բանկերն ստիպված եղան պահուստավորման մեծ ծախսեր կրել: Տնտեսական աճի դանդաղումը մեկ այլ մարտահրավեր էր, որը վարկային ռեսուրսների պահանջարկի կրճատման պայմաններում թեժ մրցակցություն առաջացրեց ֆինանսական հաստատությունների միջև: Չնայած տնտեսական անկայունության և բանկերի համար ստեղծված բարդ իրավիճակի՝ մենք կարողացանք վերոնշյալ մարտահրավերները վերածել հնարավորությունների: Մենք ապահովեցինք աճ մեր գործունեության բոլոր ուղղություններով. 2016թ. ընթացքում մեր կորպորատիվ վարկային պորտֆելն աճեց 70%-ով, իսկ մանրածախ վարկային պորտֆելը՝ 26%-ով: 2016թ. նոր վարկային արշավի շնորհիվ արձանագրվեց մանրածախ ՓՄՁ վարկերի աննախադեպ 66% աճ: Մանրածախ գործառնությունների զարգացման հսկայական ներուժը պայմանավորված է ենթակառուցվածքային մեծածավալ ներդրումներով (բանկոմատներ, մասնաճյուղեր, հեռակառավարման համակարգեր):
Չնայած բանկային համակարգում սուր մրցակցության հետևանքով զուտ տոկոսային մարժան ենթարկվում էր ճնշման՝ մեր զուտ շահույթն աճեց 29%-ով: Շուկայում շահույթով մեր մասնաբաժինն ավելացավ 2.3 տոկոսային կետով՝ կազմելով եկամտաբեր բանկերի ընդհանուր շահույթի 18.6%-ը: Կապիտալի եկամտաբերությունը 12 ամսվա ընթացքում կազմել է 10.2%՝ գերազանցելով շուկայական միջին ցուցանիշը 7.5 տոկոսային կետով: Մենք շարունակելու ենք բարձրացնել բանկի շահութաբերությունը և զգալիորեն բարելավել զուտ տոկոսային մարժայի ու կապիտալի եկամտաբերության ցուցանիշները: Զուտ տոկոսային մարժայի վրա գործադրվող ճնշումը մեղմելու նպատակով 2016թ. մենք շարունակաբար նվազեցրել ենք ֆինանսավորման արժեքն ու ավանդների տոկոսադրույքները: Զգալիորեն ցածր տոկոսադրույքների պայմաններում 2016թ. ընթացքում մեր ավանդներն ու պարտատոմսերն աճել են 62%-ով, ինչը միանշանակ վկայում է մեր հաճախորդների հավատարմության և Բանկի բարձր վարկունակության մասին:
2016թ. ընթացքում մենք խստորեն վերահսկել ենք ռիսկերը և մեր ուշադրությունը սևեռել ակտիվների որակի հետագա բարձրացման վրա: Մեկ և ավելի օր ժամկետանց չաշխատող վարկերը նվազել են 3.9 տոկոսային կետով՝ կազմելով 3.3%, որը զգալիորեն ցածր է միջին շուկայական 7.7% ցուցանիշից: Իննսուն և ավելի օր ժամկետանց չաշխատող վարկերը նվազել են 1.9 տոկոսային կետով՝ կազմելով 2.9%: Զգալիորեն բարելավվել է վարկային ռիսկի մակարդակը: Այն կրճատվել է 0.6 տոկոսային կետով՝ կազմելով 1.5%:
Մենք շարունակեցինք համագործակցել տարածաշրջանում բոլոր խոշոր միջազգային ֆինանսական հաստատությունների հետ՝ 2016 թ-ին կնքելով նոր գործարքներ: 2016թ. առաջին կեսին 20 մլն ԱՄՆ դոլարի հիմնական վարկային պայմանագիր կնքվեց DEG ընկերության հետ: Եվս 20 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտքային արժեթուղթ տեղաբաշխվեց responsAbility Investments AG ընկերության միջոցով: Ավելին, 2016թ. չորրորդ եռամսյակում 20 մլն ԱՄՆ դոլարի գլխավոր վարկային պայմանագիր կնքվեց Proparco ընկերության և 10 մլն ԱՄՆ դոլարի չափով ազգային արժույթով վարկային պայմանագիր` ՎԶԵԲ-ի հետ:
Մենք գրանցել ենք նաև ընկերության վարկանիշի բարելավում. «Fitch» միջազգային վարկանշային կազմակերպությունը վերահաստատել է Ամերիաբանկին շնորհած՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի (Long-term Issuer Default Rating (IDR)) «B+» վարկանիշը` սահմանելով «Կայուն հեռանկար» նախկին «Բացասականի հեռանկարի» փոխարեն: Հեռանկարը սահմանելով «Կայուն»՝ Fitch-ն ակնկալում է, որ Բանկը կպահպանի իր դիրքը՝ դիմակայելով արտաքին ճնշմանը և դժվարություններին: 2015թ. չորրորդ եռամսյակում ՎԶԵԲ-ից 40 մլն ԱՄՆ դոլար ներգրավման արդյունքում Բանկն ունի նաև եկամտաբերության բավարար մակարդակ և կապիտալի զգալի պաշար:
2016թ. Ամերիաբանկն արժանացավ մի շարք հեղինակավոր ամսագրերի (The Banker, Global Finance, Euromoney) միջազգային մրցանակների և գնահատանքի, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է տեղական շուկայում առաջատարի մեր դիրքը և մեր կողմից մատուցվող ծառայությունների բարձր որակը: Մենք շարունակում ենք լինել ամենաակտիվ ներդրումային բանկը և Հայաստանի ներքին շուկայում պարտատոմսերի տեղաբաշխման կազմակերպիչների վարկանշային աղյուսակի առաջատարը: 2016թ. Բանկը թողարկել և հաջողությամբ տեղաբաշխել է 20 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով դոլարային ու դրամային պարտատոմսեր և նախատեսում է 2017թ. շարունակել պարտատոմսերի թողարկումը՝ նպատակ ունենալով դիվերսիֆիկացնել միջոցների ներգրավման աղբյուրներն ու իջեցնել ֆինանսավորման արժեքը:
Մեր հաջողության գրավականը մեր հավատարիմ հաճախորդներն են, ովքեր վստահում են մեզ, մեր բաժնետերերն են, ովքեր հավատում են մեր երկարաժամկետ հաջողությանը, և, իհարկե, հմուտ ու նվիրված մասնագետների մեր թիմն է, որի նվիրված աշխատանքը ոգեշնչում է մեզ շարունակել մեր առաջընթացը: Ես վստահ եմ, որ մենք մեր առաջընթացը պահպանելու ճիշտ ուղու վրա ենք և կշարունակենք իրականացնել մեր միջնաժամկետ ու երկարաժամկետ բիզնես թիրախները:

Տնօրինության նախագահ-
գլխավոր տնօրեն՝
Արտակ Հանեսյան

ԱԿՆԱՐԿ

Պատմական ակնարկ

1910 – 2007

1910թ. Երևանի Տեր-Ղուկասյան փողոցում կառուցվեց Թիֆլիսի առևտրային բանկի Էրիվանյան մասնաճյուղը: 1916թ. Թիֆլիսի առևտրային բանկը վերանվանվեց Կովկասյան բանկ: Արխիվային տվյալները վկայում են, որ Հայաստանի առաջին հանրապետության տարիներին Հայաստան մտնող դրամական հոսքերը հիմնականում անցնում էին Կովկասյան բանկի Էրիվանյան մասնաճյուղով: Հեղկոմի՝ 1920թ. դեկտեմբերի 18-ի որոշմամբ Հայաստանի տարածքում գործող մասնավոր բանկերն ազգայնացվում են, և 1922թ. մարտի 24-ին հիշյալ շենք է տեղափոխվում Հայաստանի Պետբանկը: Մինչ այդ՝ 1921թ. փետրվարից մինչև 1922թ. մարտը, շենքն զբաղեցնում էր Հայկական հեռագրային գործակալությունը: 1924թ. մարտին հիմնադրվեց Հայաստանի Կոմունալ բանկը, որը նույն թվականին սկսեց գործել Նալբանդյան 2 (նախկին Տեր-Ղուկասյան փողոց) հասցեում: 1959թ. Կոմունալ բանկը լուծարվեց, և նրա ակտիվներն ու պարտավորությունները փոխանցվեցին Ստրոյբանկի հայաստանյան գրասենյակին, որը տեղակայված էր նույն վայրում՝ Նալբանդյան 2 հասցեում գտնվող պատմական բանկային շենքում: 1974թ. նույն շենքում հիմնադրվեց ԽՍՀՄ Վնեշտորգբանկի հայաստանյան մասնաճյուղը, իսկ Ստրոյբանկի մասնաճյուղը տեղափոխվեց այլ տարածք: 1988թ. նշյալ շենքում ձևավորվեց ԽՍՀՄ Վնեշէկոնոմբանկի հանրապետական մասնաճյուղը, որը 1992թ. վերակազմավորվեց և դարձավ Հայներարտբանկ: 1995թ. տեղի ունեցավ օտարերկրյա կապիտալի ներգրավում. բանկի բաժնետոմսերի հիմնական փաթեթը ձեռք բերեց Քոմփութրոն Ինդասթրիզ Իսթեբլիշմենթ ընկերությունը:

2007 – 2009

2007թ. Հայներարտբանկի բաժնետոմսերի հիմնական փաթեթը` 96%-ը, ձեռք է բերվում Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ ընկերության կողմից: Սկսվում է Հայաստանի ամենահին բանկի պատմության բեկումնալի փուլ, որն ազդարարվում է Բանկի ռեսուրսների համալրմամբ ու ծառայությունների պորտֆելի շեշտակի արդիականացմամբ` համաշխարհային և հայաստանյան ֆինանսական շուկայի զարգացումներին և պահանջներին համապատասխան: 2008թ. «Հայներարտբանկ» ՓԲԸ-ն վերանվանվում է «Ամերիաբանկ» ՓԲԸ:

Մրցանակներ և հավաստագրեր

2009թ. Բանկն ստացավ ISO 9001:2008 որակի միջազգային չափանիշներին համապատասխանության վկայագիր:

Նորամուծություններ և ենթակառուցվածք

  • 2009թ. բացվեց 2 մասնաճյուղ՝ Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության կենտրոն Քաջարանում (Սյունիքի մարզ) և Երևանում (Կենտրոն մասնաճյուղ), իսկ Գլխամասային գրասենյակը տեղափոխվեց նոր տարածք:
  • Նույն թվականին Ամերիաբանկը դարձավ Visa International-ի հիմնական անդամ և Հայկական ֆոնդային բորսայի անդամ: 2009թ. Ամերիաբանկը հանդես եկավ նոր առաջարկով ՀՀ բանկային համակարգում` Visa Gold և MasterCard Gold քարտերի ամբողջական փաթեթով, որը ներառում էր լրացուցիչ ծառայությունների տրամադրում՝ IAPA միջազգային զեղչային քարտ և ճանապարհորդական ապահովագրություն:
  • Ամերիաբանկը միացավ ՄՖԿ-ի Համաշխարհային առևտրի ֆինանսավորման ծրագրին (Global Trade Finance Program, GTFP)` որպես թողարկող բանկ:

Ֆինանսական գործարքներ

  • ՄՖԿ՝ 5 մլն ԱՄՆ դոլարի առևտրավարկային երաշխիք առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի շրջանակներում և 15 մլն ԱՄՆ դոլարի վարկ Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ծրագրերը ֆինանսավորելու նպատակով (2009):
  • 2009թ. դեկտեմբերին FMO և DEG հետ կնքվեց 30 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման ներգրավման պայմանագիր, որից 20 մլն ԱՄՆ դոլարը ՓՄՁ վարկավորման, իսկ 10 մլն ԱՄՆ դոլարը` վերականգնվող էներգետիկայի նպատակով:

2010 – 2011

2010թ. հունիսին հաստատվեց և գրանցվեց «Ամերիաբանկ» ՓԲԸ և «Կասկադ Բանկ» ՓԲԸ միացման պայմանագիրը: 2011թ. նոյեմբերին Ամերիաբանկի միակ բաժնետեր Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ ընկերությունն անվանափոխվեց ԱՄԵՐԻԱ ԳՐՈՒՊ (Սի-Ուայ) ԼԻՄԻԹԵԴ ընկերության: 2007-2013թթ. ընթացքում ԱՄԵՐԻԱ ԳՐՈՒՊ (Սի-Ուայ) ԼԻՄԻԹԵԴ ընկերությունն աստիճանաբար ավելացնում էր Բանկի կանոնադրական կապիտալը:

Մրցանակներ և հավաստագրեր

  • 2010թ. Կոմերցբանկն Ամերիաբանկին շնորհեց 2 մրցանակ՝ առևտրի ֆինանսավորման ոլորտում անթերի համագործակցության համար և միջազգային գործարքների իրականացման Որակի գերազանցության մրցանակը: Միջազգային փոխանցումների բնագավառում ապահովեց վճարման հանձնարարականների ավտոմատ կատարման 99.85% արդյունք, որի համար արժանացավ Կոմերցբանկի ևս մեկ մրցանակի՝ STP Award 2011:
  • Ամերիաբանկը FMO-ի և DEG-ի աջակցությամբ ավարտին հասցրեց շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման համակարգի ներդրման գործընթացը: FMO-ն և DEG-ն Ամերիաբանկին արժանացրեցին շնորհակալական վկայականի և իջեցրեցին 2009թ. դեկտեմբերին FMO-ի, DEG-ի և Ամերիաբանկի միջև կնքված պայմանագրի ներքո Ամերիաբանկի կողմից ներգրավված միջոցների տոկոսադրույքը:
  • ՄՖԿ-ն Ամերիաբանկին շնորհեց Առևտրի ֆինանսավորում 2010 մրցանակը` որպես առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի շրջանակներում Կովկասյան տարածաշրջանում ամենաակտիվ թողարկող բանկը, և GTFP Award 2011 մրցանակը` որպես լավագույն թողարկող բանկը Կովկասում:
  • Գերմանական TÜV Rheinland ընկերությունը վերահաստատեց Ամերիաբանկին շնորհված` ISO 9001:2008 որակի կառավարման միջազգային չափանիշներին համապատասխանության վկայականը և երեք տարով երկարաձգեց հավաստագրի ժամկետը:
  • Financial Times-ի The Banker ամսագրի կողմից Բանկին շնորհվեց «Հայաստանում տարվա լավագույն բանկ 2010» մրցանակ:
  • Euromoney ամսագրի կողմից շնորհվեց «Հայաստանի տարվա լավագույն բանկ 2011» գերազանցության մրցանակ:

Նորամուծություններ և ենթակառուցվածք

  • Բանկը բացեց 5 նոր մասնաճյուղ՝ 2-ը մարզերում («Դիլիջան» և «Վանաձոր»), 3-ը մայրաքաղաքում («Կասկադ», «Կոմիտաս», «Մոսկովյան»):
  • Ստացավ միջնաժամկետ և երկարաժամկետ պետական (գանձապետական) պարտատոմսերի գործակալի կարգավիճակ:
  • ՄՖԿ-ն և Ամերիաբանկը ստորագրեցին Միջազգային սվոփների և ածանցյալ գործիքներով գործառնությունների հիմնական համաձայնագիրը, որը ռիսկերի կառավարման գործարքների միջազգային չափանիշ է:

Ֆինանսական գործարքներ

  • Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Ամերիաբանկին տրամադրեց 10 մլն ԱՄՆ դոլարի վարկ` Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման համար:
  • Կնքվեց պայմանագիր Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) հետ` փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման համար Ամերիաբանկին 30 մլն ԱՄՆ դոլարի վարկային գիծ տրամադրելու վերաբերյալ:
  • Կնքվեց 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ` փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման համար:
  • Առաջին անգամ միջազգային ֆինանսական կառույցն՝ ի դեմս Կոմերցբանկի, հայկական բանկի (Ամերիաբանկի) համար հաստատեց բանկային երաշխիք ազգային արժույթով և խոշոր գումարի վարկ՝ առանց որևէ ապահովվածության:
  • Ամերիաբանկը Citibank-ի հետ կնքեց 4 մլն ԱՄՆ դոլարի սահմանաչափով CARTA (Continuing Agreement for Reimbursement of Trade Advances) պայմանագիր առևտրի ֆինանսավորման համար: Առաջին անգամ Citibank-ը հայկական բանկի տրամադրեց դրամական միջոցներ` հիմք ընդունելով միայն բանկի ֆինանսական կայուն վիճակը և վստահություն ներշնչող գործունեությունը:

2012 – 2013

Ամերիաբանկը դարձավ Հայաստանի խոշորագույն բանկը ընդհանուր ակտիվների և հաճախորդների նկատմամբ պարտավորությունների ցուցանիշներով:

Մրցանակներ և հավաստագրեր

  • Կոմերցբանկն Ամերիաբանկին շնորհեց մրցանակներ՝ «Առևտրի ֆինանսավորման ոլորտում լավագույն գործընկեր 2012»՝ անթերի համագործակցության համար, մրցանակ միջազգային փոխանցումների բնագավառում վճարման հանձնարարականների կատարման 99% արդյունքի ապահովման համար (STP Award 2012), «Առևտրի ֆինանսավորում 2013» գերազանցության մրցանակ:
  • Ամերիաբանկը ճանաչվեց լավագույն թողարկող բանկ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում` ՄՖԿ-ի կողմից:
  • Բանկը ճանաչվեց լավագույն թողարկող բանկ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում` Առևտրի ֆինանսավորման GTFP ծրագրի ներքո էներգիայի արդյունավետ օգտագործման նախագծերում ՄՖԿ-ի կողմից:
  • ՎԶԵԲ-ի կողմից Բանկը ստացավ Հայաստանում առևտրի ֆինանսավորման ոլորտում տարվա լավագույն թողարկող բանկ 2012 մրցանակ:
  • Գերմանական TÜV Rheinland ընկերությունը վերահաստատեց Ամերիաբանկին շնորհված՝ ISO 9001:2008 որակի կառավարման միջազգային չափանիշներին համապատասխանության վկայականը:
  • 2012թ. և 2013թ. Global Finance ամսագրի կողմից Ամերիաբանկին շնորհվեցին «Տարվա լավագույն բանկ», «Առևտրի ֆինանսավորման ոլորտում տարվա լավագույն բանկ», «Լավագույն պայմաններով արտարժույթ փոխանակող տարվա բանկ» մրցանակները:
  • Financial Times-ի The Banker ամսագրի կողմից Բանկին շնորհվեց Հայաստանի տարվա լավագույն բանկ 2013 մրցանակ:
  • Euromoney ամսագրի կողմից շնորհվեց «Հայաստանի տարվա լավագույն բանկ 2012» գերազանցության մրցանակ՝ երկրորդ տարին անընդմեջ:

Նորամուծություններ և ենթակառուցվածք

  • Բացվեց 2 մասնաճյուղ Երևանում («Շենգավիթ», «Սայաթ-Նովա»):
  • 2013թ. Բանկը դարձավ միջազգային խոշորագույն ֆակտորինգային միության` «Ֆակտորզ Չեյն Ինթերնեշնըլ»-ի անդամ:
  • Ամերիաբանկն առաջինը Հայաստանում իր հաճախորդներին ընձեռեց հնարավորություն` ձեռք բերել միջազգային կապիտալի շուկայում շրջանառվող՝ Հայաստանի առաջին սուվերեն, ԱՄՆ դոլարով թողարկված եվրապարտատոմսերը:
  • Ներդրվեց VISA ինտերնետ էքվայրինգի ծառայությունը:
  • ՎԶԵԲ-ն առաջին անգամ հայկական բանկի՝ ի դեմս Ամերիաբանկի, շնորհեց հաստատող բանկի կարգավիճակ միջազգային առևտրի աջակցման ծրագրի (Trade Facilitation Program, TFP) շրջանակներում:

Ֆինանսական գործարքներ

  • Ամերիաբանկը 15 մլն ԱՄՆ դոլար հատկացրեց Անդրկովկասում առանձնահատուկ նշանակության նախագծի` Չարենցավանում մետաղաձուլական գործարանի կառուցման համար` ՄՖԿ-ի առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի շրջանակներում:
  • DEG-ի հետ կնքվեց 20 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր` փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման համար:
  • ՎԶԵԲ-ը և Ամերիաբանկը ստորագրեցին Ամերիաբանկին 12 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ տրամադրելու մասին պայմանագիր` Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների, վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության նախագծերի ֆինանսավորման համար:
  • Ֆրանսիական Պրոպարկո զարգացման ֆինանսական գործակալությունը և Ամերիաբանկը ստորագրեցին պայմանագիր Ամերիաբանկին 15 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ տրամադրելու մասին` ուղղված Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի և սննդի վերամշակման փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Սա Պրոպարկոյի առաջին ֆինանսական ներդրումն է Հայաստանում:
  • Ավստրիական զարգացման բանկը (OeEB) և Ամերիաբանկը ստորագրեցին պայմանագիր` Ամերիաբանկին 15 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ տրամադրելու մասին` ուղղված Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների, վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորմանը:
  • Ամերիաբանկը ներկայացավ հայկական բանկի համար եզակի գործարքով` հանդես գալով ոչ միայն որպես ակրեդիտիվ թողարկող բանկ, այլ նաև որպես ակրեդիտիվ հաստատող բանկ՝ մեծ բանկային խմբի անդամ հանդիսացող առաջատար ղազախական բանկի համար:

2014 – 2015

Բանկը պահպանեց առաջատար բանկի իր դիրքը Հայաստանի բանկային համակարգում՝ առաջին անգամ Հայաստանի բանկային ոլորտի պատմության մեջ անցնելով 1 մլրդ ԱՄՆ դոլար ակտիվների ցուցանիշը:

Մրցանակներ և հավաստագրեր

  • 2015թ. Fitch միջազգային վարկանշային կազմակերպությունը վերահաստատեց Ամերիաբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի «B+» վարկանիշը՝ հիմք ընդունելով Բանկի կենսունակության «B+» վարկանիշը: Առաջին անգամ հայկական ընկերությանը տրվեց իր երկրի վարկանշային մակարդակին հավասար վարկանիշ, որը համաշխարհային պրակտիկայում համարվում է ընկերության վարկանիշի գնահատման լավագույն ցուցանիշ:
  • Միջազգային Corporate Intl ամսագիրը 2014թ. համաշխարհային մրցանակաբաշխության արդյունքում Ամերիաբանկին ճանաչեց որպես Հայաստանում 2013թ. ֆակտորինգային ծառայությունների ոլորտում լավագույն բանկ:
  • Ամերիաբանկն արժանացավ ՎԶԵԲ-ի «Տարվա գործարք 2013» մրցանակին: «Տարվա գործարք 2013»-ն Ամերիաբանկի և Կոմերցբանկի միջև կնքված գործարք է, որը երաշխավորվել է ՎԶԵԲ-ի կողմից:
  • Global Finance ամսագրի կողմից Բանկն արժանացավ ՝ «Հայաստանում լավագույն պայմաններով արտարժույթ փոխանակող բանկ 2014», «Հայաստանում առևտրի ֆինանսավորման ոլորտում լավագույն բանկ 2014» և «Հայաստանում տարվա լավագույն բանկ 2014» մրցանակներին:
  • Կոմերցբանկն Ամերիաբանկին շնորհեց միջազգային գործարքների իրականացման Որակի գերազանցության STP Award 2013 մրցանակը:
  • Ամերիաբանկը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի կողմից հաղթող ճանաչվեց Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում անվանակարգում և նոր սահմանված Բորսայի լավագույն անդամ ռեպո և սվոփ գործառնությունների անվանակարգում: Դեպոզիտար գործունեության մասով Ամերիաբանկը դարձավ Դեպոզիտար համակարգի լավագույն հաշվի օպերատոր-պահառու օտարերկրյա արժեթղթերի շուկայում:
  • Գերմանական TÜV Rheinland ընկերությունը վերահաստատեց Ամերիաբանկին շնորհված ISO 9001:2008 որակի կառավարման միջազգային չափանիշներին համապատասխանության վկայականը և երեք տարով երկարաձգեց հավաստագրի ժամկետը:
  • Ամերիաբանկը ճանաչվեց Հայաստանի 2015թ. «Տարվա լավագույն բանկ»՝ Global Finance հեղինակավոր ամսագրի «Աշխարհի լավագույն զարգացող բանկեր 2015» հատուկ հետազոտության արդյունքում, ինչպես նաև «Լավագույն ենթապահառու բանկ 2015», «Լավագույն բանկ առևտրի ֆինանսավորման ոլորտում 2015» և «Լավագույն պայմաններով արտարժույթ փոխանակող բանկ 2015»:
  • Ամերիաբանկն արժանացավ Euromoney 2014 Գերազանցության մրցանակին` որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում:
  • Ամերիաբանկը ճանաչվեց Հայաստանի 2015թ. Տարվա լավագույն բանկ Financial Times հեղինակավոր կազմակերպության The Banker ամսագրի կողմից:

Նորամուծություններ և ենթակառուցվածք

  • Բացվեց 3 մասնաճյուղ՝ «Արշակունյաց» և «Արշակունյաց պլյուս» մասնաճյուղերը Երևանում, «Կապան» մասնաճյուղը ՀՀ Սյունիքի մարզում:
  • Գործարկվեց նորագույն տեխնոլոգիաներով հագեցած Կոնտակտային կենտրոնը՝ ապահովելով վճարային քարտերի շուրջօրյա սպասարկում:
  • Առցանց բանկային ծառայություններից օգտվող հաճախորդների համար ներդրվեց նոր համակարգ` AmeriaToken մեկանգամյա գաղտնաբառ գեներացնող հեռախոսային հավելված՝ առաջին անգամ հայաստանյան բանկային համակարգում:
  • Ներդրվեց նոր` Ameria Mobile Banking հավելվածը, որը հնարավորություն տվեց սմարթֆոնների և պլանշետների միջոցով օգտվել բանկային հիմնական ծառայություններից և շուրջօրյա ռեժիմում կառավարել հաշիվները:
  • Ներդրվեց քարտով օնլայն փոխանցումների նոր համակարգ, ինչի շնորհիվ քարտից քարտ և քարտից բանկային հաշիվ օնլայն փոխանցումները հնարավոր է իրականացնել Ամերիաբանկի կայքի միջոցով՝ ցանկացած բանկի քարտերից Ամերիաբանկի քարտային և բանկային հաշիվներին:
  • Ամերիաբանկը CR2 իռլանդական ընկերության հետ կնքեց պայմանագիր՝ Հայաստանում հեռահար բազմաֆունկցիոնալ բանկային ծառայությունների նոր BankWorld համակարգի ներդրման մասին: Սա CR2-ի առաջին նախագիծն է Հայաստանում:
  • Ամերիաբանկը և Յուքոմ ընկերությունը ներդրեցին Հայաստանում նոր ծառայություն` Ամերիա TV Բանկինգ:
  • Հերթերի կառավարման նախագծի շրջանակներում Երևանի մարդաշատ վայրերում և Բանկի հիմնական մասնաճյուղերում տեղադրվեցին կանխիկի ընդունման բանկոմատներ և վճարային տերմինալներ: Մի քանի մասնաճյուղերում պիլոտային կարգով ներդրվեց հերթերի կառավարման համակարգ:
  • Կյանքի կոչվեցին մի շարք նախագծեր` Բանկի կողմից իրականացվող գործառույթների ավտոմատացման և ծառայությունների բարելավման ուղղությամբ, ներդրվեցին մի շարք նոր գործիքներ, այդ թվում՝
  • կարճ հաղորդագրությամբ ուղարկվող գաղտնաբառերի միջոցով hաճախորդների նույնականացում՝ հեռախոսային և TV բանկինգի, ԱրՔա համակարգում գործարքների իրականացման նպատակով,
  • օնլայն և մոբայլ բանկինգի մեկանգամյա գաղտնաբառեր գեներացնող AmeriaToken հավելված Blackberry-ի համար,
  • նոր AmeriaToken iPhone/iPad-ի համար:

Ֆինանսական գործարքներ

  • Բանկը կնքեց հոբելյանական 80-րդ գործարքը ՎԶԵԲ-ի առևտրի աջակցման ծրագրի շրջանակներում:
  • Բանկի վարկային պորտֆելը համալրվեց նոր վարկերով՝ Նորվիկ ՈՒՎԿ վարկային պորտֆելի մի մասի ձեռքբերման հաշվին:
  • ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամը (OFID) և Ամերիաբանկը ստորագրեցին պայմանագիր Ամերիաբանկին 20 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ տրամադրելու մասին` ուղղված Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը:
  • Ամերիաբանկը FMO-ի և Ավստրիական զարգացման բանկի հետ ստորագրեց 25 մլն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկային պայմանագիր` Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման, վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորման համար:
  • 2014թ. Ամերիաբանկը և FMO-ն կնքեցին 20 մլն ԱՄՆ դոլարի փոխարկելի ստորադաս փոխառության պայմանագիր: ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ հայկական բանկը փոխարկելի ստորադաս փոխառություն ներգրավեց միջազգային ֆինանսական կազմակերպությունից:
  • 2015թ. ՄՖԿ-ն Ամերիաբանկին տրամադրեց 50 մլն ԱՄՆ դոլարի ստորադաս փոխառություն:
  • ՎԶԵԲ-ը 40 մլն ԱՄՆ դոլար ներդրեց Ամերիաբանկի կապիտալում՝ ձեռք բերելով Բանկի բաժնեմաս (2015թ. տարեվերջում): Առաջին փուլում ներդրվել է 30 մլն ԱՄՆ դոլար (20.7% բաժնեմաս), իսկ մնացած 10 մլն ԱՄՆ դոլարը կօգտագործվի կապիտալի հետագա համալրման նպատակով:

2016

Պահպանել է առաջատար բանկի դիրքը ՀՀ բանկային համակարգում` առաջինը Հայաստանի բանկային ոլորտի պատմության մեջ հատելով 1 մլրդ ԱՄՆ դոլար վարկային պորտֆելի մեծության շեմը:

Մրցանակներ և հավաստագրեր

  • 2016թ. Fitch միջազգային վարկանշային գործակալությունը վերահաստատեց Ամերիաբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի «B+» վարկանիշը և վերանայեց կանխատեսումը՝ «բացասականից» դարձնելով «կայուն»: Դա խոսում է գործակալության այն սպասումների մասին, որ Ամերիաբանկը կպահպանի իր կայուն դիրքը` դիմակայելով արտաքին բարդ միջավայրի ճնշումներին և մարտահրավերներին:
  • Բանկը ստացավ STP մրցանակ Կոմերցբանկի կողմից՝ 2015թ. արդյունքներով միջազգային գործարքների անթերի իրականացման համար:
  • ՎԶԵԲ-ի կողմից շնորհվեց «Տարվա գործարք` էներգաարդյունավետություն» մրցանակ ՝ 2015թ. Հայաստանում ջերմոցային ենթակառուցվածքի էներգաարդյունավետության բարելավման համար:
  • EMEA Finance ամսագրի՝ 2015թ. Եվրոպայի բանկային մրցանակաբաշխության արդյունքներով Ամերիաբանկը ճանաչվեց Հայաստանի Տարվա բանկ:
  • Global Finance ամսագրի կողմից Բանկին շնորհվեցին «Հայաստանի լավագույն բանկ 2016», «Լավագույն բանկ արտարժութային գործառնությունների ոլորտում 2016» և «Լավագույն ներդրումային բանկ 2016» մրցանակները:
  • Բանկին շնորհվեց Euromoney 2016 Գերազանցության մրցանակ` որպես «Տարվա լավագույն բանկ» Հայաստանում:
  • Financial Times հեղինակավոր կազմակերպության The Banker ամսագրի կողմից Բանկը ճանաչվեց Հայաստանի 2016թ. «Տարվա լավագույն բանկ»:

Նորամուծություններ և ենթակառուցվածք

  • Ընդլայնեց երկարացված աշխատանքային գրաֆիկով աշխատող իր մասնաճյուղերի ցանցը՝ բացելով ևս մեկ նմանատիպ մասնաճյուղ Երևանում («Երիտասարդական» մասնաճյուղը):
  • Երկու Express Banking 24/7 ինքնասպասարկման կետեր տեղադրվեցին Երևանում:
  • Ընդլայնեց հեռախոսային բանկինգի միջոցով մատուցվող ծառայությունների ցանկը:
  • Բարելավվեց քարտային վճարումների համար նախատեսված vPOS մոդուլը, որն այժմ հաճախորդներին հնարավորություն է տալիս մեկ անգամ գրանցելով քարտը՝ կատարել վճարումներ՝ առանց տվյալների կրկնակի մուտքագրման անհրաժեշտության:
  • Բանկը սկսեց համագործակցել ՀՀ Արդարադատության նախարարության հետ՝ պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակի ծրագրի շրջանակներում:

Ֆինանսական գործարքներ

  • Բանկը կնքեց հոբելյանական 100-րդ գործարքը ՎԶԵԲ-ի առևտրի աջակցման ծրագրի շրջանակներում: «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակներում ստորագրվեց 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային գծի պայմանագիր՝ կանանց ձեռներեցությանն աջակցելու նպատակով:
  • DEG ընկերությունը Ամերիաբանկին տրամադրեց 20 մլն ԱՄՆ դոլարի վարկ` ՓՄՁ-ների վարկավորման նպատակով:
  • Ամերիաբանկը կնքեց 20 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր Պրոպարկո ընկերության հետ՝ ուղղված ՓՄՁ-ների, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկայի, առողջապահական և կրթական ծրագրերի ֆինանսավորմանը:
  • Բանկն սկսեց համագործակցել Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամի (GCPF) հետ՝ կնքելով 30 մլն ԱՄՆ դոլարի չապահովված վարկի պայմանագիր՝ ուղղված վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետ ծրագրերի ֆինանսավորմանը:
  • Ամերիաբանկն իր ներդրումային կառավարիչ responsAbility Investments AG ընկերության միջոցով հաջողությամբ տեղաբաշխեց 20 մլն ԱՄՆ դոլարի պարտքային արժեթղթեր լյուքսեմբուրգյան չորս ներդրումային հիմնադրամներում: Տեղաբաշխումից ստացված միջոցներն ուղղվել են ՓՄՁ-ների վարկավորմանը և վերականգնվող էներգետիկայի ծրագրերի ֆինանսավորմանը:

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն

Ամերիաբանկը մշտապես ձգտում է համատեղել բաժնետերերի, հաճախորդների, աշխատակիցների և լայն հանրության շահերը:
Բանկի գործունեությունը կառուցվում է այնպիսի հիմնարար սկզբունքների վրա, ինչպիսիք են ազնվությունը, փոխվստահությունը և գործարար էթիկայի նորմերը, որոնք թույլ են տալիս Բանկին հավուր պատշաճի սպասարկել ինչպես անհատներին, այնպես էլ ցանկացած մեծության իրավաբանական անձանց: Որպես երկրի առաջատար ֆինանսական հաստատություն՝ Բանկը դարձել է Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ:

2016թ. ընթացքում Ամերիաբանկը շարունակեց պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել հանրության նկատմամբ՝ իրագործելով համապարփակ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) քաղաքականություն: Բանկն իր գործունեությունն այս բնագավառում ծավալում է երիտասարդ սերնդի և գործարար հանրության հետ մասնագիտական գիտելիքների փոխանակման, կրթական նախաձեռնությունների աջակցման, երեխաների առողջապահության և բարօրության ապահովման, ինչպես նաև ենթակառուցվածքային և համայնքային զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացման ուղղությամբ:

Հավատարիմ լինելով իր միասնականության և վստահության սկզբունքներին՝ 2016թ. վերջին Ամերիաբանկը ստեղծեց ԿՍՊ կոմիտեն, որը բաղկացած է Բանկի տարբեր դեպարտամենտների 7 ներկայացուցիչներից: Կոմիտեն ապահովում է հիմնավորված և համակարգված որոշումների ընդունում ԿՍՊ ոլորտում: Կոմիտեն առանձնացված կոլեգիալ մարմին է, որը պատասխանատվություն է կրում ԿՍՊ ուղղությամբ միասնական մոտեցումների և ԿՍՊ գործընկերների ու նախագծերի ընտրության թափանցիկության համար:

ԱԿՆԱՐԿ

Միջազգային գործընկերներ

ՎԶԵԲ-ի հետ համագործակցությանը մեկնարկել է 2010թ., երբ ՎԶԵԲ-ն Ամերիաբանկին տրամադրեց 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային գիծ փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման համար: ՎԶԵԲ-ը տրամադրեց նաև 2 մլն ԱՄՆ դոլարի երաշխիք՝ առևտրի ֆինանսավորմանն աջակցելու համար:

Հետագայում սահմանաչափն ավելացավ և այժմ կազմում է 52 մլն ԱՄՆ դոլար:
2016թ. կնքվեց է 100-րդ հոբելյանական գործարքը ՎԶԵԲ-ի առևտրի աջակցման ծրագրի շրջանակներում: Նույն տարում Ամերիաբանկն առաջինը միացավ կին գործարարների աջակցմանն ուղղված ՎԶԵԲ-ի «Կանայք բիզնեսում ծրագրին»: 2016թ. դեկտեմբերին կնքվեց 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկավորման պայմանագիր:

Առևտրի ֆինանսավորման ոլորտում արդյունավետ համագործակցության արդյունքում Ամերիաբանկը տարիներ շարունակ արժանացել է ՎԶԵԲ-ի մի շարք մրցանակների, ինչպիսիք են՝ Հայաստանի ամենաակտիվ թողարկող, ժամանակակից օպտիկամանրաթելային ցանցի կառուցման ֆինանսավորման համար Տարվա գործարք (2013թ.) և ջերմոցային տնտեսությունների Էներգաարդյունավետության բարձրացման համար Տարվա գործարք (2015թ.) մրցանակները: Ամերիաբանկը նաև առաջին բանկն էր Հայաստանում, որՎԶԵԲ-ի «Առևտրի աջակցման» ծրագրի (TFP) շրջանակներում ստացավ հաստատող բանկի կարգավիճակ:

2015թ. դեկտեմբերին ՎԶԵԲ-ը 40 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կատարեց Ամերիաբանկի կապիտալում` ձեռք բերելով Բանկի բաժնեմաս, որից 30 մլն ԱՄՆ դոլարն արդեն տեղաբաշխված է: ՎԶԵԲ-ը ձեռք բերեց բաժնետոմսերի 20.7%-ը: Ներդրումների նպատակն է ուժեղացնել Ամերիաբանկը և պատրաստվել առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO): 2016թ. Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի կազմում ընդգրկվեց ՎԶԵԲ-ը ներկայացնող անկախ տնօրեն:

Դեռևս 2009թ. մեկնարկած համագործակցությունը Համաշխարհային բանկի խմբի անդամ հանդիսացող ՄՖԿ-ի հետ թույլ տվեց Ամերիաբանկին ընդլայնել վերականգնվող էներգետիկայի ոլորտի, մասնավորապես փոքր ՀԷԿ-երի ֆինանսավորումը, ինչպես նաև խթանել երկրում առևտրի ֆինանսավորման գործիքների զարգացումը: Արդյունքում Բանկը դարձավ առաջատարը Հայաստանում առևտրի ֆինանսավորման ոլորտում:

ՄՖԿ-ի հետ հետագա համագործակցության ընթացքում 2009թ. Բանկին տրամադրվեց 15 մլն ԱՄՆ դոլարի վարկ` նախատեսված Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտի ֆինանսավորման համար: Հաշվի առնելով փոխվստահության վրա հիմնված կայուն համագործակցությունը` ՄՖԿ-ն ավելացրեց Բանկին տրամադրված` միջազգային առևտրի ֆինանսավորման երաշխիքի սահմանաչափը` այն հասցնելով 40 մլն ԱՄՆ դոլարի: Ընդհանուր առմամբ, ՄՖԿ-ի կողմից Ամերիաբանկին տրամադրված միջոցների ծավալը 2014թ. հասավ 80 մլն ԱՄՆ դոլարի: «Կովկասյան տարածաշրջանում առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի շրջանակներում ամենաակտիվ թողարկող բանկ 2011» և «Լավագույն թողարկող բանկ՝ Եվրոպայում ու Կենտրոնական Ասիայում առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի շրջանակներում էներգիայի արդյունավետ օգտագործման նախագծերում 2012» մրցանակները լավագույն ապացույցն են Ամերիաբանկի և ՄՖԿ-ի միջև ձևավորված բեղուն հաtմագործակցության, հատկապես եթե հաշվի առնենք, որ սրանք ՄՖԿ-ի առաջին խրախուսական մրցանակներն են` շնորհված Կովկասյան տարածաշրջանում գործող բանկի:

ՄՖԿ-ն նաև ֆինանսավորել է «Ամերիա» խմբի անդամ «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի » ընկերության՝ Հայաստանում առաջին «կանաչ» բիզնես կենտրոնը կառուցելու նախագիծը՝ տրամադրելով 9 մլն ԱՄՆ դոլարի վարկ սեփական միջոցներից ու ներգրավելով ևս 9 մլն ԱՄՆ դոլար DEG-ից: Նախագծի ընդհանուր արժեքն է շուրջ 37 մլն ԱՄՆ դոլար, որի մնացած մասը ֆինանսավորում է «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ն սեփական միջոցներից:

2015թ. դեկտեմբերին ՄՖԿ-ն 50 մլն ԱՄՆ դոլարի ստորադաս փոխառություն տրամադրեց Ամերիաբանկին` վերջինիս կապիտալն ավելացնելու, երկրի տնտեսվարող սուբյեկտների վարկավորման հնարավորությունները և ֆինանսավորման հասանելիությունը ընդլայնելու, տնտեսական աճն ու աշխատատեղերի ստեղծումը խթանելու նպատակով: Երկարաժամկետ կապիտալ տրամադրելով՝ ՄՖԿ-ն նպատակ է հետապնդում ամրապնդել Հայաստանի բանկային ոլորտի կայունությունը և օժանդակել Ամերիաբանկի՝ իր արժեքավոր գործընկերոջ ռազմավարական նպատակների իրագործմանը: Հաշվի առնելով Ամերիաբանկի կորպորատիվ կառավարման համակարգի բարձր որակն ու աճի արագընթաց տեմպերը՝ ՄՖԿ-ի տրամադրած ստորադաս փոխառությունը կնպաստի Բանկի զարգացմանը և թույլ կտա նախապատրաստվել բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման:

Ամերիաբանկն սկսեց համագործակցել FMO-ի հետ 2009թ.` ստորագրելով 30 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր: Համագործակցության նպատակն էր Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների և վերականգնվող էներգետիկայի ոլորտի ֆինանսավորումը: Ծրագրի շրջանակներում Բանկն ընդլայնեց ՓՄՁ-ների և վերականգնվող էներգետիկայի վարկավորման ծավալները:

2010թ. Ամերիաբանկը FMO-ի և DEG-ի աջակցությամբ բարեհաջող ավարտեց էկոլոգիական և սոցիալական ռիսկերի կառավարման համակարգի ներդնումը: Նշենք, որ Ամերիաբանկը տարածաշրջանում առաջիններից էր, որ ներդրեց նման համակարգ՝ արժանանալով FMO-ի և DEG-ի գնահատանքի հավաստագրին: Ի նշան գնահատանքի՝ նվազեցվեց նաև 2009թ. դեկտեմբերին կնքված պայմանագրի շրջանակներում տրված վարկի տոկոսադրույքը:

2014թ. Ամերիաբանկը և FMO-ն կնքեցին 20 մլն ԱՄՆ դոլարի փոխարկելի ստորադաս փոխառություն ներգրավելու մասին պայմանագիր: Առաջին անգամ՝ ՀՀ բանկային համակարգի պատմության ամբողջ ընթացքում, միջազգային ֆինանսական կազմակերպությունը փոխարկելի ստորադաս փոխատվություն տրամադրեց հայկական բանկի: Սա խորհրդանիշն է միջազգային ներդրողների կողմից ՀՀ բանկային համակարգի հանդեպ աճող վստահության:

Ամերիաբանկի և ԱԶԲ-ի համագործակցության մեկնարկն ազդարարվեց 2011թ.՝ վերականգնվող վարկային գիծ տրամադրելու մասին պայմանագրի կնքմամբ: Պայմանագրի շրջանակներում Բանկին տրամադրված միջոցներն ուղղվեցին առևտրի զարգացմանը և Հայաստանի կայուն տնտեսական աճի ապահովմանը: Առևտրի ֆինանսավորման ոլորտում ավելի քան արգասաբեր համագործակցության արդյունքում 2011թ. Բանկին տրամադրվեց 20 մլն ԱՄՆ դոլարի վարկ` նախատեսված փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման համար: Առևտրի ֆինանսավորման բնագավառում արդյունավետ համագործակցության արդյունքում 2016թ. Բանկի համար սահմանված առևտրի ֆինանսավորման սահմանաչափը հասավ 14 մլն ԱՄՆ դոլարի:

2013թ. Պրոպարկո ֆրանսիական զարգացման գործակալությունը Բանկի հետ կնքեց 15 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որն ազդարարեց համագործակցության սկիզբը՝ դառնալով Պրոպարկոյի առաջին ներդրումը Հայաստանում և երկրորդը՝ Հարավային Կովկասում: Վարկը գյուղատնտեսության և փոքր ու միջին վերամշակող ձեռնարկությունների ֆինանսավորման նոր՝ երկարաժամկետ հնարավորություններ կստեղծի` նպաստելով տնտեսության զարգացմանը և նոր աշխատատեղերի բացմանը:
Ամերիաբանկի կայուն դիրքը բանկային ոլորտում պատճառ հանդիսացավ 2016թ. երկրորդ 20 մլն ԱՄՆ դոլարի համաձայնագրի կնքման համար: Այս նոր ֆինանսավորման ուղղություններն են՝ ՓՄՁ, էներգաարդյունավետությունը, վերականգնվող էներգիան, առողջապահությունը և կրթությունը:

DEG-ի հետ համագործակցությունը սկսվեց 2009թ.` այս կազմակերպության և FMO-ի հետ համատեղ վարկային գծի պայմանագրի կնքմամբ: Հետագայում համագործակցությունը վերածվեց ռազմավարական գործընկերության, երբ 2012թ. նոյեմբերին ստորագրվեց 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր: Վարկը տրամադրվել է 8 տարի ժամկետով և նախատեսված է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման համար: Այս համագործակցությունը համահունչ է Բանկի ռազմավարությանը, համաձայն որի փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորումը վարկային քաղաքականության առաջնային ուղղություններից է: Ավելին, 2016թ. մայիսին Ամերիաբանկը վերահաստատեց իր ռազմավարական կողմնորոշումը դեպի ՓՄՁ՝ կնքելով ևս մեկ 20 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր DEG հետ:

2013թ. կնքվել է 15 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր՝ 8 տարի ժամկետով,

2015թ. կնքվել է ևս մեկ 25 մլն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկային պայմանագիր Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության (FMO) և Ավստրիական Զարգացման բանկի (OeEB) հետ: Երկու դեպքում էլ պայմանագրերի շրջանակներում ստացված ֆինանսական միջոցներն ուղղվել են Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների և վերականգնվող էներգետիկայի/էներգաարդյունավետության ոլորտի ֆինանսավորմանը:

2016թ. Ամերիաբանկը ամրապնդեց իր վարկանիշը միջազգային կապիտալի շուկաներում՝ իր ներդրումային կառավարիչ responsAbility Investments AG ընկերության միջոցով՝ հաջողությամբ տեղաբաշխելով 20 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտքային արժեթղթեր լյուքսեմբուրգյան չորս ներդրումային ֆոնդերի միջև: Արժեթղթերի տեղաբաշխումից ձեռք բերված միջոցներն ուղղվել են Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը, վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորմանը:

Միջազգային գործընկերների ցանկը համալրվեց ևս մեկ պատվավոր գործընկերով՝ Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամով (GCPF), որի հետ Ամերիաբանկը կնքեց 30 մլն ԱՄՆ դոլարի չապահովված վարկի պայմանագիր՝ ուղղված վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետ ծրագրերի ֆինանսավորմանը:

2015թ. հունիսին Ամերիաբանկը և հիմնադրամը կնքեցին 20 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային պայմանագիր՝ նախատեսված Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման համար:

2010թ. Բանկին տրամադրվեց 30 մլն ԱՄՆ դոլարի վարկային գիծ փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման համար:

Ամերիաբանկի և Առևտրի և զարգացման սևծովյան բանկի համագործակցությունը սկսվեց 2014թ., երբ կնքվեց մանդատային համաձայնագիր, որի շրջանակներում Ամերիաբանկին տրամադրվեց 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային գիծ 6 տարի ժամկետով՝ նախատեսված փոքր և միջին ձեռնարկատիրության վարկավորման համար:

ԱԿՆԱՐԿ

Մրցանակներ

Ուշագրավ է, որ 2010թ.-ից ի վեր յուրաքանչյուր տարի Բանկը ճանաչվում է լավագույն բանկ կամ Euromoney պարբերականի կողմից (2016, 2014, 2012, 2011), կամ Financial Times-ի The Banker ամսագրի կողմից (2016, 2015, 2013, 2010): Հինգ տարի անընդմեջ՝ սկսած 2012թ.-ից, Ամերիաբանկն արժանանում է Global Finance-ի մրցանակների՝ մի քանի կարևոր անվանակարգերում, մասնավորապես՝ Հայաստանի լավագույն բանկ արտարժութային գործառնությունների ոլորտում, Հայաստանի լավագույն բանկ առևտրի ֆինանսավորման ոլորտում, Հայաստանի լավագույն ենթապահառու բանկ, Հայաստանի լավագույն ներդրումային բանկ և Հայաստանի լավագույն բանկ: 2016թ. Ամերիաբանկը ճանաչվեց լավագույն բանկ երեք հեղինակավոր հրատարակությունների կողմից միաժամանակ՝ Euromoney, Global Finance և The Banker: 2016թ. Ամերիաբանկը ճանաչվեց լավագույն բանկ Հայաստանում նաև EMEA Finance ամսագրի կողմից:
Բանկը միջազգային պարբերականների և գործընկերների մրցանակներին է արժանացել նաև առանձին գործառնական ոլորտներում: Ամերիաբանկին շնորհվել է Կոմերցբանկի STP Award մրցանակը՝ 2015թ. արդյունքներով միջազգային փոխանցումների անթերի կատարման համար: Յուրաքանչյուր տարի Կոմերցբանկն այս մրցանակը շնորհում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն գործընկեր բանկերին` որպես հատուկ մրցանակ տվյալ բանկերի կողմից միջազգային գործարքների քանակական և որակական ամենաբարձր չափանիշների ապահովման համար: 2008թ.-ից ի վեր Ամերիաբանկն արդեն ութերորդ անգամ է արժանանում Կոմերցբանկի «STP Award» մրցանակին:
2016թ. Ամերիաբանկն արժանացավ ՎԶԵԲ-ի «Տարվա գործարք էներգաարդյունավետության ոլորտում» մրցանակին՝ 2015թ. Հայաստանում ջերմոցների ենթակառուցվածքի և էներգաարդյունավետության զարգացման գործում զգալի ներդրում ունենալու համար:

ԱԿՆԱՐԿ

Գործառնական ԵՎ ֆինանսական ցուցանիշներ

Ամերիաբանկը 2016թ. արդյունքներով խոշորագույն հարկատուն է հայաստանյան բանկերի ցանկում: 2016թ. արձանագրելով ակտիվների 39.4% աճ՝ Ամերիաբանկը վերահաստատեց շուկայի առաջատարի իր դիրքը, որը զբաղեցնում էր 2013թ. 1-ին եռամսյակից ի վեր:

Հաշվետու տարում Ամերիաբանկի ակտիվները կազմել են շուրջ 719.4 մլրդ ՀՀ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա 1 մլրդ ԱՄՆ դոլարի ռեկորդային ցուցանիշը մոտ 0.4 մլրդ ԱՄՆ դոլարով (նախորդ տարում այս ցուցանիշը կազմել է շուրջ 515.9 մլրդ ՀՀ դրամ): 2015թ. Ամերիաբանկն առաջին բանկն էր Հայաստանի բանկային համակարգի պատմության մեջ, որը գերազանցեց ակտիվների 1 մլրդ ԱՄՆ դոլարի ակտիվների շեմը:

2016թ. Ամերիաբանկը բանկային համակարգի բացարձակ առաջատարն էլ բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշներով.

  • Վարկային պորտֆելը (ներառյալ լիզինգը և ֆակտորինգը) աճել է 61.4%-ով և կազմել ավելի քան 505.5 մլրդ ՀՀ դրամ, պարտավորություններն աճել են 43.5%-ով և կազմել մոտ 655 մլրդ ՀՀ դրամ: Բանկի ընդհանուր կապիտալն աճել է 8.6%-ով՝ կազմելով մոտ 64.4 մլրդ ՀՀ դրամ:
  • 2016թ. վերջում Բանկի զուտ շահույթը կազմում էր ավելի քան 6.2 մլրդ ՀՀ դրամ:

Այս արդյունքները ոչ միայն Բանկի առաջատար դիրքի և վստահելիության ապացույցն են, այլև որպես շուկայի առաջատարի կողմից շուկայի հետագա զարգացման համար սահմանված նշաձող:

ԱԿՆԱՐԿ

Տեխնոլոգիաների ԵՎ ենթակառուցվածքի զարգացում

Տեխնոլոգիաների մշակում

Ամերիաբանկը նպատակ ունի մշտապես կատարելագործել իր հաճախորդներին տրամադրվող ծառայությունների որակը և տրամադրել լրացուցիչ հարմարավետություն: Բանկը թե՛ տեղական, և թե՛ տարածաշրջանային հարթակներում բիզնես ծավալող իր հաճախորդների համար հանդես է գալիս որպես գործընկեր՝ առաջարկելով նորարարական, համապարփակ և բարձրորակ ֆինանսական լուծումներ: Բանկը մշտապես ներդրումներ է կատարում ֆինանսական վերլուծությունների և զարգացման մեջ՝ նպատակ ունենալով բանկային գործարքների մշակումը դարձնել ավելի ճկուն, օպտիմալացնել և էլ ավելի կատարելագործել թվային բանկինգի հաճախորդի փորձառությունը, ինչպես նաև տրամադրել հաճախորդի պահանջներին համապատասխան հատուկ մշակված անհատական ֆինանսական ծառայություններ (օրինակ՝ հատուկ առաջարկ տնտեսության մի շարք ոլորտների աշխատակիցների համար, ուղղորդման պարգևավճարներ, էներգախնայող լուծումների ձեռքբերման վարկավորման հատուկ սակագներ և այլն):
Ամերիաբանկի նորարարական քաղաքականությունները հիմնված են հետևյալ սկզբունքների վրա.

  • Նորարարության, Բանկի ռազմավարական նպատակների ու ընթացիկ զարգացման համաձայնեցում,
  • Ուղղվածություն դեպի միջազգային լավագույն փորձը, տեխնոլոգիաների շարունակական արդիականացում և ամենաժամանակակից բանկային լուծումների ներդնում,
  • Հաճախորդամետ մոտեցում և անհատական ժամանակակից լուծումներ:

Հավատարիմ մնալով վերը նշված սկզբունքներին` Ամերիաբանկը կարճ ժամանակում դարձավ Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկը: Այսօր Ամերիաբանկը հզոր ֆինանսական հաստատություն է, որն իր հաճախորդների կողքին է՝ որպես հուսալի գործընկեր՝ պատրաստ դիմակայելու ցանկացած մարտահրավերի ու քայլել ժամանակին համընթաց, հանդես գալ աննախադեպ նորարար լուծումներով ու ամենաարդի տեխնոլոգիաներով:

Հաճախորդների փորձառության բարելավումներ

Համընթաց քայլելով արդի բանկային տեխնոլոգիաների հետ՝ Ամերիաբանկը նպատակ է հետապնդում իր հաճախորդներին տրամադրել առավել նորարար լուծումներ: 2016թ. ընթացքում Բանկն իրականացրեց մի շարք ներքին և արտաքին բարելավումներ, որոնց հետևանքով թե՛ բանկային, և թե՛ որոշ ոչ բանկային ծառայություններից օգտվելը դարձավ էլ ավելի հասանելի և հարմարավետ:

Հասանելիության տեսանկյունից Ամերիաբանկն ընդլայնեց իր ԱԳՄ-ների, վճարային տերմինալների, կանխիկի մուտքագրման և ելքագրման սարքերի ցանցը (մանրամասների համար՝ «Աշխարհագրական տարածում» հատվածը): Բանկը միացավ ՀՀ Արդարադատության նախարարության պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակի ծրագրին՝ քաղաքացիներին հնարավորություն ընձեռելով ստանալ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, իրավաբանական անձանց գրանցման վերաբերյալ տեղեկանքներ և այլ փաստաթղթեր անմիջապես Ամերիաբանկի համապատասխան մասնաճյուղից:

Բանկը շարունակել է նաև բարելավել քարտային վճարումների իրականացման vPOS ծրագրային գործիքը: Այս համակարգը պատրաստի լուծում է, որը թույլ է տալիս խուսափել ծրագրավորման և վճարային մեխանիզմի ներդրման հետ կապված խնդիրներից, խնայել ժամանակ և անմիջապես սկսել էլեկտրոնային բիզնեսի առաջխաղացումը: Գործարար համայնքի կողմից այս գործիքը պատրաստակամորեն ընդունվեց և ներդրվեց կիրառության մեջ: 2016թ. Բանկն ընդլայնեց իր vPOS գործիքի հնարավորությունները՝ ավելացնելով վերջինիս կրկնակի վճարման ֆունկցիան, որը հնարավորություն է տալիս հաճախորդներին մեկ անգամ գրանցել իրենց քարտը և հետագա վճարումներն իրականացնել՝ առանց միևնույն քարտային տվյալները յուրաքանչյուր անգամ մուտքագրելու: Նշված տեխնոլոգիան հատուկ նախատեսված էր Բանկի գործընկերների՝ իրենց հաճախորդների ամենօրյա առցանց վճարումների ծավալի ավելացման և հարմարավետության բարձրացման համար:

Այլ տեխնոլոգիական լուծումներից 2016թ. ներդրվեցին USSD ծառայությունը և հերթերի կառավարման համակարգը: USSD ծառայությունը տրամադրվում է ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի 3 օպերատորներից 2-ի հետ համատեղ՝ հնարավորություն տալով Բանկի հաճախորդներին համառոտ տեղեկատվություն ստանալ Բանկում առկա հաշիվների վերաբերյալ, ինչպես նաև արտակարգ իրավիճակում իսկույն արգելափակել քարտը SMS հաղորդագրության միջոցով: 2015թ. փորձարկված հերթերի կառավարման համակարգը 2016թ. հաջողությամբ ներդրվեց Երևանի ամենածանրաբեռնված մասնաճյուղերում: Վերջապես, որպես իր գործունեության հիմնարար ուղղություն, Ամերիաբանկն այժմ CR2 BankWorld հարթակի ներդրման վերջին փուլում է գտնվում: Այս համակարգը ոչ միայն զգալիորեն կբարելավի հաճախորդների փորձառությունը թվային բանկային ծառայությունների բնագավառում, այլև կներկայացնի ֆինանսական համակարգի համար լիովին նոր գործիքներ:

2016թ. Բանկը շարունակեց նաև ներքին իրավական ակտերի ընթացիկ վերանայումները: Փոփոխությունների հիմնական նպատակն էր բարելավել ներքին հսկողության համակարգը և վերացնել անհամապատասխանությունները, կատարելագործել բանկի բիզնես-գործընթացները և համապատասխանեցնել դրանք օրենսդրական դաշտի փոփոխություններին՝

  • Ամբողջովին վերանայվել և կատարելագործվել են բանկային ծառայությունների մատուցման ընթացակարգերը և հաստատման իրավասությունները (ավանդների ընդունում և սպասարկում, հաճախորդների հեռահար սպասարկում, գանձումներ, սակագներից շեղումներ և զեղչերի տրամադրում, անհատական պահատուփերի սպասարկում):
  • Վերանայվել են վարկավորման սահմանաչափերը, վարկավորման սահմանված պայմաններից շեղումով վարկերի հաստատման իրավասությունները, ներդրվել են մակրոտնտեսական իրավիճակից կախված՝ իրավասությունների կառավարման սցենարներ:
  • Թարմացվել են կորպորատիվ կառավարմանը վերաբերող ներքին ակտերը:

2016թ. վերջի դրությամբ Բանկի ներքին կանոնակարգման համակարգը ներառում էր 19 քաղաքականություն, 25 կանոնակարգ, 52 ընթացակարգ, 81 հրահանգ և 52 մեթոդական ցուցում:

Ֆինանսական լուծումներ

Ամերիաբանկը նաև աշխատում է հաճախորդներին տրամադրել հատուկ մշակված ֆինանսական լուծումներ, որոնք լավագույնս կբավարարեն կոնկրետ հաճախորդների սեգմենտներին: Մասնավորապես, Բանկը շուկայում ներկայացրել է մի քանի նոր ծառայություններ: ՓՄՁ-ների համար նախատեսված էներգաարդյունավետ ծրագրերի ֆինանսավորման վարկերի շրջանակներում հաճախորդները կարող են ձեռք բերել էներգաարդյունավետ սարքավորումներ և/կամ մեքենաներ, կառուցել կամ թարմացնել էներգաարդյունավետ ենթակառուցվածքներ կամ էներգաարդյունավետ ծրագրերի իրականացման համար արտոնյալ պայմաններով ֆինանսավորում ստանալ: Այլ վարկային լուծումների շարքում հատկանշական են վերաֆինանսավորման և սահմանաչափի պրոդուկտները: Վերջինս վարկային սահմանաչափ է, որը հաստատվում է անշարժ գույքի և վարկունակության ցուցանիշների հիման վրա: Հաստատվելուց հետո հաճախորդը կարող է այդ սահմանաչափի շրջանակներում ստանալ վարկեր, վարկային գծեր և օվերդրաֆտներ՝ առանց վարկային պատմության լրացուցիչ ուսումնասիրության:

Ներկայացվեց «Ասա ընկերոջդ» ուղղորդման ծրագիրը՝ պարգևավճարներ առաջարկելով յուրաքանչյուր բարեհաջող ուղղորդման համար:

Ամերիաբանկը նաև «Best Card» ՍՊԸ-ի հետ համատեղ հանդես եկավ ԱՅՈ հետվճարային ծրագրով, որի շրջանակներում թողարկվեցին Visa AYO Classic և Visa AYO Gold քարտերը: Ծրագիրը հնարավորություն է տալիս Ամերիաբանկի քարտերով (բացառությամբ Business և Նվեր քարտերի) անկանխիկ վճարում իրականացնելիս ստանալ ծախսած գումարի մինչև 21%-ի չափով հետվճար՝ գործընկեր առևտրի և սպասարկման կետերում:

Աշխարհագրական տարածում

Ամերիաբանկը մասնաճյուղեր ունի Հայաստանի խոշոր քաղաքներում և մարզկենտրոններում` «Վանաձոր» (Լոռի), «Դիլիջան» (Տավուշ), «Քաջարան» (Սյունիք), «Կապան» (Սյունիք), ինչպես նաև 8 մասնաճյուղ և Գլխամասային գրասենյակը մայրաքաղաքի ամենաբանուկ վայրերում: Բոլոր մասնաճյուղերի և Գլխամասային գրասենյակի միջև կապն ապահովվում է առցանց ռեժիմով` թույլ տալով Բանկի հաճախորդներին մշտապես բարձրակարգ սպասարկում ստանալ ցանկացած մասնաճյուղում` անկախ նրանից, թե որ մասնաճյուղում են հաշիվ բացել:

2016թ. Ամերիաբանկը բացեց իր 8-րդ մասնաճյուղը Երևանում՝ «Երիտասարդական» մասնաճյուղը՝ կենտրոնի ամենաբանուկ հատվածում տեղակայված առևտրի կենտրոններից մեկում:

Ավելին, մասնաճյուղերի ցանցի զարգացմանը զուգընթաց՝ Ամերիաբանկը Երևանում տեղադրել է շուրջօրյա ինքնասպասարկման տերմինալներ (express banking)՝ հաճախորդների համար առավել հարմարավետ դարձնելով հեռահար բանկային ծառայությունները: 2016թ. վերջի դրությամբ տեղադրված բանկոմատների ընդհանուր թիվը կազմում է 108, POS տերմինալների քանակը` 1,253, POS Cash տերմինալներինը` 31, իսկ վիրտուալ տերմինալներինը (vPOS)` 179:

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Արտաքին միջավայր

Մակրոտնտեսական նախադրյալներ

2016թ. Հայաստանի բանկային համակարգը կրում էր տարածաշրջանի բացասական մակրոտնտեսական ազդեցությունը՝ պայմանավորված շարունակվող բացասական տարածաշրջանային միտումներով, ինչպես նաև դեռևս 2014թ. Ռուսաստանի տնտեսության վիճակով և զարգացող երկրների տնտեսական խնդիրներով: 2009թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո ՀՀ տնտեսությունը 2010-2015թթ. աստիճանաբար վերականգնվում էր՝ տարեկան միջինում աճելով 4%-ով, մինչդեռ 2016թ. տնտեսական աճը կազմեց ընդամենը 0.2%, որն ամենացածրն է վերջին 7 տարվա ընթացքում: Այս ցուցանիշը համապատասխանում է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող այլ երկրների նույն ցուցանիշին:

ՀՀ տնտեսության վրա առավել մեծ ազդեցություն ունեցած արտաքին գործոններն են՝ 2015-2016թթ. համաշխարհային տնտեսության դանդաղ աճը (պայմանավորված զարգացող երկրներում և հատկապես Ռուսաստանում տիրող իրավիճակով), նավթի և մետաղների գների շարունակական անկումը, տարածաշրջանի և Ռուսաստանի շուրջ աշխարհաքաղաքական զարգացումները, ինչպես նաև Ռուսաստանի տնտեսական անկումը, որը հանգեցրեց դեպի Հայաստան կատարվող փոխանցումների և օտարերկրյա ուղղակի ներդրումների կրճատմանը:

ՀՀ տնտեսության զարգացումը մեծապես կախված է Ռուսաստանի՝ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերոջ, տնտեսական վիճակից: Ռուսաստանից կախվածությունն ավելի խորացավ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո (2015թ. հունվարին): Մասնավորապես, ԵՏՄ-ին միանալուց հետո 2015-2016թթ. Հայաստանն սկսեց օգտվել մաքսային և այլ արտոնություններից, սակայն Ռուսաստանում տնտեսական խնդիրների և ներմուծման ծավալի կրճատման պատճառով դրանք սպասվածից պակաս արդյունավետ էին: 2016թ. Ռուսաստանից Հայաստան կատարվող մասնավոր փոխանցումների ծավալը շարունակեց կրճատվել՝ տարեվերջում 2013թ. համեմատ նվազելով 33.4%-ով (2014թ.՝ 7.8%-ով, 2015թ.՝ 23.2%-ով, 2016թ.՝ 6.1%-ով), ինչը նույնպես պայմանավորված էր Ռուսաստանի տնտեսության անկմամբ: Ռուսաստանում գործունեություն ծավալող Հայաստանի քաղաքացիների մասնավոր փոխանցումները մեծ ազդեցություն ունեն Հայաստանի տնտեսության վրա. նախորդ երկու տարիների ընթացքում գրանցված հսկայական անկման տեմպը սկսում է դանդաղել և նույնիսկ 2017թ. առաջին ամսվա ընթացքում նկատվում է աճ:

Այդուհանդերձ, հարկ է նշել, որ 2016թ. Հայաստանի տնտեսական զարգացումները ունեին նաև դրական միտումներ (հանքաարդյունաբերության և սննդի արտադրության աճի վերականգնում, վճարային հաշվեկշռի պակասորդի կրճատում, կայուն փոխարժեքներ ու գներ): Մոտակա 2-3 տարվա կանխատեսումները աճի չափավոր տեմպեր են խոստանում: Ըստ միջազգային կազմակերպությունների կանխատեսումների (Արժույթի միջազգային հիմնադրամ, Համաշխարհային բանկ, ՎԶԵԲ)՝ 2017թ. տնտեսական աճը կկազմի 2-2.7%:

2016թ. (դեկտեմբերից դեկտեմբեր)սպառողական գների ինդեքսը կազմում էր 98.9%, որը գնաճի կանխատեսված շեմից ցածր էր (4% ± 1.5%): Երկրորդ տարին անընդմեջ գնանկում է գրանցվել: Միևնույն ժամանակ գնաճի միջին տարեկան մակարդակը նույնպես բացասական է, այն կազմել է-1.4% , որը Հայաստանում վերջին 26 տարվա ընթացքում գրանցված՝ գների միջին տարեկան փոփոխության ամենացածր ցուցանիշն է: Գնանկումը հիմնականում պայմանավորված էր դրամ-դոլար կայուն փոխարժեքով և միջազգային շուկաներում ապրանքների գների անկմամբ: 2017թ. սպառողական գների ինդեքսի կտրուկ տատանումներ չեն նախանշվում, այն կլինի գնաճի կանխատեսված սահմաններում:

2016թ. անվանական ՀՆԱ-ն կազմեց 5.07 տրիլիոն ՀՀ դրամ, որն ամենաբարձրն է պատմության մեջ:Իրական ՀՆԱ-ն 8.7%-ով գերազանցում է նախաճգնաժամային (2008թ.) մակարդակը, սակայն դոլարային արտահայտմամբ անվանական ՀՆԱ-ն դեռևս զիջում է 2008թ. ցուցանիշներին: 2016թ. այն կազմեց 10.6 մլրդ ԱՄՆ դոլար՝ 0.2%-ով ավել, քան 2015թ. գրանցված ցուցանիշը, սակայն 9.1%-ով քիչ, քան 2014թ. ցուցանիշը, ինչը պայմանավորված է 2014թ. դեկտեմբերին փոխարժեքի տատանումների արդյունքում դրամի` դոլարի նկատմամբ 15% արժեզրկմամբ:Տնտեսական աճի դանդաղումը հիմնականում պայմանավորված էր 2015թ. ՀՆԱ-ի աճին նպաստող տնտեսության հիմնական ճյուղերի անկմամբ՝ գյուղատնտեսության (-5.8%, ՀՆԱ-ի աճի նվազում 1 տոկոսային կետով՝ ի տարբերություն 2015թ. տվյալների, երբ այս ճյուղի մասնաբաժինը ՀՆԱ-ի աճում կազմում էր 2.4 տոկոսային կետ),հանքաարդյունաբերության (անգամ 14.9% աճի պայմաններում այս ճյուղի մասնաբաժինը ՀՆԱ-ի աճում կազմել է ընդամենը 0.3 տոկոսային կետ՝ ի տարբերություն 2015թ. 1.2 տոկոսային կետի)և շինարարության (11.3% կրճատում՝ ՀՆԱ-ի աճի անկում 0.8 տոկոսային կետով):Սակայն շնորհիվ տնտեսության այլ ճյուղերում՝ հատկապես մշակութային, հանգստի և ժամանցի ծառայությունների ոլորտում (1.0 տոկոսային կետ ՀՆԱ-ի աճի կառուցվածքում)և արտադրության, պետական կառավարման ու պաշտպանության ծառայությունների ոլորտում (յուրաքանչյուրը՝ 0.4 տոկոսային կետ)գրանցված աճի՝ ՀՆԱ-ի աճը ընդհանուր առմամբ դրական է եղել: Ընդ որում ժամանցի ոլորտի աճը (30.3%) հիմնականում պայմանավորված է շահումով խաղերի աճով՝ ներառյալ համապատասխան առցանց ծառայությունները: Աճ է գրանցվել նաև մանրամեծածախ առևտրի (1.2%` ի տարբերություն 2015թ. գրանցված 8.2% անկման) և տրանսպորտի (14.6%) ճյուղերում, մինչդեռ ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտը 1%-ով կրճատվել է՝ պայմանավորված հեռահաղորդակցության ենթաճյուղում գրանցված անկմամբ: ՏՏ ոլորտն ընդհակառակը, շարունակում է աճել բարձր տեմպերով (ավելի քան 30%):

Ներմուծում և արտահանում
մլն ԱՄՆ դոլար

5 տարի անընդմեջ նշանակալի աճ գրանցածգյուղատնտեսության ոլորտը 2016թ. թեթև անկում է ապրել, որը պայմանավորված է նախորդ տարվա համեմատ եղանակային անբարենպաստ պայմանների արդյունքում մշակաբույսերի աճեցման ենթաճյուղում գրանցված անկմամբ: Միևնույն ժամանակ անասնաբուծությունը և ձկնաբուծությունը շարունակել են աճել: 2011-2015թթ. գյուղատնտեսության միջին տարեկան աճը դեռևս բավականին տպավորիչ է և կազմում է 7.2%: 2016թ. գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ-ի կառուցվածքում ամենամեծն է (16%): Սա Եվրոպայում և ԱՊՀ-ում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է անգամ 2015թ. համեմատ մոտ 1.3 տոկոսային կետով անկումից հետո: Կանխատեսումների համաձայն այս ոլորտը կշարունակի աճել՝ շնորհիվ արդյունաբերական գյուղատնտեսության զարգացման և կառավարության՝ նշված ոլորտի զարգացումը խթանող մի շարք ծրագրերի իրականացման: ԵՏՄ անդամակցությունը, ինչպես նաև արևմտյան երկրներից Ռուսաստան գյուղմթերքի ներկրման էմբարգոն, նպաստում են հայկական ապրանքների արտահանմանը դեպի Ռուսաստան և խթանում Հայաստանում գյուղմթերքի արտադրությունը: p

2015թ.հանքաարդյունաբերության ոլորտը տպավորիչ 14.9% իրական աճ գրանցեց՝ ի հաշիվ արտադրության ծավալի աճի, չնայած հումքի, հատկապես պղնձի գների անկմանը: Միաժամանակ նախորդ տարվա 4% անկման համեմատ՝ այս տարիարդյունաբերության ոլորտը 4.4% աճ է ապահովել` ի հաշիվ ծխախոտի արտադրության շարունակական աճի (23.5%), մետաղագործության ծավալի ընդլայնման և սննդի ու ըմպելիքների արտադրության ոլորտում աճի տեմպերի վերականգնման: p

2011-2014թթ. ընթացքում ամենաարագ աճող ոլորտներից էինֆինանսական և ապահովագրական ծառայությունները: Այդուհանդերձ, 2010-2014թթ. գրանցված աճի երկնիշ ցուցանիշներից հետո 2015թ. ոլորտը 7.2% անկում ապրեց, ինչը հիմնականում պայմանավորված էր տարածաշրջանում տնտեսական աճի տեմպերի անկմամբ և դրան զուգահեռ 2014թ. վերջում դրամի արժեզրկման ռիսկի աճով: 2016թ. նշված ոլորտում աճը որոշ չափով վերականգնվեց և կազմեց 3.2%: p

Յոթերորդ տարին անընդմեջ արտահանման աճի տեմպերը գերազանցում են ներմուծման աճի տեմպերը, ինչը դրական միտում է մի երկրի համար, որի արտաքին առևտրային հաշվեկշռի պակասորդը բարձր է: Չնայած 2015թ. արձանագրվել էր անկում (պատճառը՝ Ռուսաստանի ՀՆԱ-ի անկումը, մետաղների գների և տրանսֆերտների ծավալի նվազումը, տարածաշրջանում արժույթների արժեզրկումը), 2016թ. թե՛ արտահանման, թե՛ ներմուծման տեմպերը նախորդ տարվա համեմատ աճեցին: Ավելին, գրանցվել է արտահանման ծավալի տպավորիչ՝ 20% աճ, իսկ ներկրման ծավալն աճել է 1.6%-ով: Արտահանման ծավալի առաջանցիկ աճը ներմուծման ծավալի համեմատ նպաստեց նրան, որ արտաքին առևտրային հաշվեկշռի պակասորդը 2015թ. համեմատ կրճատվեց ևս 244 մլն ԱՄՆ դոլարով: Ներկրման ծավալը դոլարային արտահայտմամբ գերազանցում էր արտահանման ծավալն ընդամենը 1.8 անգամ, ինչն ամենացածր ցուցանիշն է վերջին 22 տարվա ընթացքում, սակայն արտաքին առևտրային հաշվեկշռի պակասորդի հետագա կրճատումը լուրջ մարտահրավեր է` ենթադրելով արտահանվող ապրանքների և ծառայությունների կառուցվածքի փոփոխություն:Ընթացիկ վճարային հաշվեկշռի պակասորդը ևս զգալիորեն նվազել է, և այժմ պակասորդ/ՀՆԱ հարաբերակցությունը վերջին 20 տարվա ընթացքում ամենացածրերից մեկն է: p

Հայաստանիարտաքին պարտքը 2016թ. կազմում էր ՀՆԱ-ի 45.5%-ը՝ 2015թ. 41%-ի համեմատ, գումարային արտահայտմամբ՝ 4,798 մլն ԱՄՆ դոլար (11.2% աճ անվանական արժեքով՝ դոլարային արտահայտմամբ): Աճը պայմանավորված է Կառավարության կողմից վերցրած մի շարք խոշոր վարկերով՝ անկման շրջանում տնտեսության զարգացմանը սատարելու համար: Կանխատեսելով անկումը՝ ՀՀ կառավարությունը դեռևս 2015թ. 1-ին եռամսյակում տեղաբաշխել էր լրացուցիչ 500 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր՝ 7.15% արժեկտրոնային եկամտաբերությամբ (նախկին 6%-ի համեմատ) և 10 տարի մարման ժամկետով (2025թ. մարտին, նախորդը՝ 2020թ. սեպտեմբերին) և հետ գնել 200 մլն դոլարի պարտատոմսեր նախորդ թողարկումից: Նշենք, որ 1-ին թողարկումը տեղի էր ունեցել 2013թ.՝ 700 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով: Արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն ըստ միջազգային կազմակերպությունների բարձր ռիսկի գոտում չէ, անգամ եթե հաշվի առնենք 2015թ. նոր պարտքի ներգրավումը: Ավելին, արտարժույթով կատարված պահուստավորումն՝ ըստ ստանդարտ չափանիշների, ընդունելի մակարդակի վրա է: 2016թ. վերջի դրությամբ նշված պահուստների ծավալը կազմել է 2.2 մլրդ ԱՄՆ դոլար (նախորդ տարվա համեմատ աճել է 24%-ով), ինչը հավասար է մոտ 8 ամսվա արտահանման ծավալին՝ ի տարբերություն սահմանված 3 ամսվա չափանիշի: p

2015թ. Հայաստանը շարունակում էր ակտիվորեն համագործակցել միջազգային կառույցների հետ և տեղաբաշխել ներգրավված միջոցները (ՀԲ, Արժույթի միջազգային հիմնադրամ, ԱԶԲ, ԵՄ): Մասնավորապես, 2016թ. ՀԲ աջակցությամբ իրականացվում էր 18 նախագիծ տնտեսության տարբեր բնագավառներում: Ծրագրերն իրականացվում էին բազմաթիվ ոլորտներում՝ ճանապարհաշինություն, էներգետիկա, գյուղատնտեսություն, կրթություն, առողջապահություն, ոռոգման համակարգեր, գյուղական համայնքների զարգացում, հանրային կառավարում և դատական համակարգ: Ասիական զարգացման բանկի մշակած՝ 2016-2018թթ. երկրի գործառնությունների բիզնես պլանը (ԵԳԲՊ) կազմվել է այնպես, որ ներդաշնակ լինի ՀՀ 2014-2025թթ. զարգացման ռազմավարությանը և Կառավարության՝ 2014-2017թթ. ծրագրին: ԵԳԲՊ-ն համահունչ է ԱԶԲ-ի 2020թ. Ռազմավարության միջնաժամկետ գնահատմամբ նախանշված առաջնահերթ խնդիրներին, ինչպես նաև ԱԶԲ-ի մշակած՝ Հայաստանի՝ 2014-2018թթ. գործընկերության ռազմավարությամբ սահմանված առաջնային նպատակներին: Հայաստանում ՎԶԵԲ-ի քաղաքականությունն ուղղված է հետևյալ ռազմավարական նպատակների իրականացմանը. մասնավոր հատվածի մրցունակության բարձրացում՝ կարողությունների ամրապնդման, ընկերությունների թափանցիկության բարձրացման և գործարար միջավայրի բարելավման միջոցով, կապիտալ շուկաների զարգացում, ազգային արժույթով ֆինանսավորման խրախուսում, կայուն և առևտրայնացված կոմունալ ծառայությունների զարգացում: p

Վերջին տարիների ընթացքում ՀՀ ձեռնամուխ է եղել երկրումներդրումային և գործարար միջավայրի բարելավմանը: Արդյունքում ՀԲ Doing Business 2017 զեկույցում Հայաստանը նախորդ տարվա համեմատ 5 կետով բարելավեց իր դիրքը՝ զբաղեցնելով 38-րդ հորիզոնականը: Բացի այդ, Հայաստանը նաև 3 կետով բարելավեց իր դիրքը Համաշխարհային տնտեսական ֆորումի 2016-2017թթ. մրցունակության ինդեքսում՝ զբաղեցնելով 79-րդ հորիզոնականը, ինչպես նաև Heritage Foundation հետազոտական կենտրոնի կողմից հրապարակված՝ 2017թ. տնտեսական ազատության ինդեքսում՝ զբաղեցնելով 33-րդ հորիզոնականը նախորդ 54-րդ հորիզոնականի փոխարեն և «չափավոր ազատ» երկրների խմբից տեղափոխվելով «հիմնականում ազատ» երկրների խումբ:

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀՀ բանկային համակարգ*

2016թ. ՀՀ բանկային համակարգում կարևորագույն իրադարձություններից էին բանկերի խոշորացման գործընթացը և մի շարք ֆինանսավարկային հաստատությունների ելքը շուկայից:

Ընդառաջ գնալով 2017թ. հունվարի 1-ից պարտադիր դարձած՝ նվազագույն նորմատիվային կապիտալի նոր պահանջներին **՝ 2016թ. ՀՀ բանկային համակարգը ականատես եղավ կապիտալի համալրման, ինչպես նաև բանկերի միավորման գործընթացներին:

Դեռ 2015թ. ընթացք ստացած կամ հայտարարված միաձուլման գործարքների արդյունքում 2016թ. վերջում գործող 21 առևտրային բանկից Հայաստանում մնացել էր 17 բանկ:

Միաձուլման հետևանքով շուկայից հեռացած չորս բանկերից երեքն ունեին օտարերկրյա բաժնետերեր: Ըստ ՀՀ ԿԲ տվյալների՝ 2016թ. վերջումօտարերկրյա կապիտալի մասնաբաժինը ՀՀ բանկային համակարգում կազմում էր61.4%՝ նախորդ տարվա 67.7%-ի համեմատ:

Մնացած բանկերը կամ արդեն ունեին բավարար կապիտալ՝ նորմատիվային պահանջին համապատասխանելու համար, կամ լրացուցիչ միջոցներ ներգրավեցին գործող կամ նոր ներդրողներից:

Այսպես, ճիշտ ժամանակին կանխատեսելով երկրի տնտեսական վիճակի հետագա վատթարացումը՝ ՀՀ ԿԲ-ն իր որոշմամբ պարտավորեցրեց բանկերին բարելավել իրացվելիության գործակիցները, ինչը փոքր և թույլ տնտեսության պայմաններում կարևոր քայլ էր՝ արտակարգ իրավիճակներից ապահովագրվելու համար: Թեև արդյունքում երկիրը հավելյալ ծախսեր կրեց, շուկան լքեցին հենց թույլ մասնակիցները, որոնց կլանեցին ավելի առողջ, ամուր և ագրեսիվ բանկերը:

Փաստորեն, տարվա արդյունքներով ՀՀբանկերը աստիճանաբար բավարարեցին կապիտալի նոր պահանջներին, ինչը թույլ տվեց ամրապնդել բանկային համակարգի ֆինանսական կայունությունը, բարձրացնել բանկերի մրցունակությունը և նրանց դերը տնտեսությունում, քանի որ ընդլայնվել են լայնածավալ ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները, և նոր հիմքեր են ստեղծվել ֆինանսական ծառայություններն ավելի հասանելի դարձնելու համար:

Հայաստանի տնտեսությունը բավականին կենտրոնացված բնույթ ունի, և փոքր բանկերն ի վիճակի չեն ադեկվատ կերպով բավարարել իրական հատվածի պահանջներն ու կարիքները: Տնտեսության գրեթե բոլոր ոլորտների առաջին երկու-երեք խաղացողները չափով ավելի մեծ են, քան ցանկացած հայկական բանկ, այդ իսկ պատճառով ոչ մի բանկ միայնակ ի վիճակի չէ սպասարկել նման խոշոր հաճախորդների, սա ևս մեկ կողմ փաստարկ է խոշորացման համար:
Ավելին, բանկերի խոշորացումը կնպաստի նոր բանկային տեխնոլոգիաների ավելի արագ ներդրմանը: Փոքր բանկերն անգամ, եթե համապատասխանեին բոլոր նորմատիվային պահանջներին, շատ շուտ կկորցնեին իրենց մրցակցային առավելությունները՝ չունենալով նորամուծություններ ներդնելու նույն ֆինանսական հնարավորությունները, ինչ խոշոր բանկերը:

Մի շարք փորձագետներ կանխատեսում են, որ առաջիկայում Հայաստանում սպասվում է բանկերի միաձուլման երկրորդ ալիքը: Այդպես բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն շեմի բարձրացումը կարող է ՀՀ բանկային համակարգի լայնածավալ կառուցվածքային փոփոխությունների սկիզբը դնել:

Խոշորացման գործընթացներին զուգահեռ 2016թ. բանկային համակարգում արձանագրվել էհիմնական ֆինանսական ցուցանիշների աճի տեմպերի արագացում և/կամ վերականգնում: Շարունակվում էր բանկերի օրգանական աճը, որի մասին վկայում է ակտիվների, վարկավորման ծավալի և պարտավորությունների էական ավելացումը:

Միևնույն ժամանակ 2016թ. երկրի տնտեսական ակտիվության ցուցանիշները (+0.2%) զգալիորեն տարբերվում են բանկերի ֆինանսական կատարողականի ցուցանիշներից ժամանակային տարբերության գործոնը՝ այս նույն ցուցանիշները կարող են ազդանշել ընդհանուր տնտեսության վերականգնումն արդեն 2017-2018թթ.: 2016թ. ընթացքում սահմանափակող քաղաքականությունը մի փոքր մեղմացվել է՝ նպատակ ունենալով խթանել թե՛ իրական հատվածի, և թե՛ բանկային համակարգի զարգացումը: Մասնավորապես, վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 7 անգամ՝ 2016թ. նոյեմբերին կազմելով 6.5%: Բացի այդ, սեպտեմբերին ԿԲ-ն իջեցրել է արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստների նվազագույն չափը 20%-ից մինչև 18%:

Ֆինանսական կայունությանը և զարգացմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություններից էին նաև 2016թ. վերջում ՀՀ ԿԲ-ի կողմից կառավարությանը հաստատման համար ներկայացված՝ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի և մի շարք հարակից օրենքների փոփոխությունները, որոնք իրականացվում են Հայաստանում ֆինանսական համակարգի կայունության ապահովման՝ ՀԲ և Արժույթի միջազգային հիմնադրամի ծրագրերի շրջանակներում: Առաջարկվող փոփոխությունների համաձայն վնաս կրող բանկերին արգելվում է շահաբաժին վճարել բաժնետերերին, պարգևատրում վճարել ղեկավարությանը և կիրառել խրախուսման այլ միջոցներ: Բացի այդ, նրանք պետք է ստեղծեն ֆինանսական ամրության պաշար՝ խնդիրների ի հայտ գալու դեպքում այն օգտագործելու համար, ինչպես նաև ներդնեն կարգավորման մի շարք այլ գործիքներ, որոնք ավելի հասկանալի են դարձնում ՀՀ ֆինանսական օրենսդրությունն օտարերկրյա ներդրողների համար, ինչն էլ իր հերթին թույլ կտա ապահովել ֆինանսական համակարգի կայունությունը:

Fitch գործակալության կանխատեսումները ՀՀ բանկային համակարգի վերաբերյալ

Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը 2017թ. ՀՀ բանկային համակարգին շնորհել է «կայուն» կանխատեսում: Գործակալությունն ակնկալում է վարկավորման պահանջարկի չափավոր վերականգնում 2017թ., ասվում է գործակալության՝ «ԱՊՀ երկրների և Վրաստանի բանկերը՝ կանխատեսում 2017թ. համար» զեկույցում (2017 Outlook: CIS and Georgian Banks): Չափավոր աճը հնարավոր կդառնա մակրոտնտեսական բարենպաստ միտումների, դրամի նկատմամբ ճնշման կրճատման և տոկոսադրույքների ընդհանուր մակարդակի նվազման ֆոնին:

Բանկային համակարգի երկնիշ աճ (2016թ.)

Երկու տարի շարունակ հարկադրված լինելով համալրել իր կապիտալը՝ ՀՀ բանկային համակարգը արձանագրեց երկնիշ աճ 2016թ. վերջում: Հատկանշական է, որ Հայաստանը կարողացավ երկնիշ աճ ապահովել այն ժամանակ, երբ հարևան երկրներում ճիշտ հակառակ միտումներն էին, ընդ որում այլ երկրների համեմատ մեր բոլոր ցուցանիշները բավական դրական են: p

Կենտրոնական բանկի կողմից կապիտալի նվազագույն շեմը 6 անգամ ավելացնելուց և 30 մլրդ ՀՀ դրամի հասցնելուց հետո շուկայում ակտիվորեն շարունակվում էին կապիտալացման նպատակով միջոցների ներգրավման և բանկերի միավորման գործընթացները: Բանկերի կապիտալը հաշվետու տարում ավելացավ շուրջ 21.1%-ով՝ հասնելով 669.4 մլրդ ՀՀ դրամի, ինչը թույլ է տալիս բանկերին ավելացնել ակտիվները: p

Կապիտալի աճին զուգահեռ տարվա վերջում գրանցվել է նաև ակտիվների և պարտավորությունների երկնիշ աճ: Այսպես, 2016թ. բանկերի ակտիվներն աճել են 18.5%-ով՝ կազմելով 4 տրիլիոն ՀՀ դրամ, իսկ վարկային ներդրումներն ավելացել են 20.5%-ով՝ կազմելով 2.6 տրիլիոն ՀՀ դրամ: Բանկերի պարտավորությունները մեկ տարվա ընթացքում աճել են 18.1%-ով մինչև 3.5 տրիլիոն ՀՀ դրամ: Պարտավորությունները հաճախորդների նկատմամբ ավելացել են 24.1%-ով՝ կազմելով 2.3 տրիլիոն ՀՀ դրամ: p

Բանկային համակարգի համախառն շահույթը 2016թ. կրճատվել է՝ կազմելով 16 մլրդ ՀՀ դրամ՝ 2015թ. 18.2 մլրդ ՀՀ դրամի համեմատ: 2016թ. 4 բանկեր վնասով են աշխատել: Առանց այդ վնասի՝ շահութաբեր բանկերի շահույթը կազմել էր 33.4 մլրդ ՀՀ դրամ, նախորդ տարվա 18.7 մլրդ ՀՀ դրամի համեմատ:

Ֆինանսական միջնորդության մակարդակի բարձրացում

Դանդաղ տնտեսական աճը և վարկավորման ակտիվացումը նպաստել են Հայաստանում ֆինանսական միջնորդության մակարդակի բարձրացմանը և իրական հատվածի համար բանկային համակարգի դերի ամրապնդմանը: Արդյունքում թե՛ Հայաստանի ամբողջ ֆինանսական համակարգը, թե՛ բանկային հատվածն ունեն բարձր իրացվելիություն և տնտեսության տարբեր ճյուղերի հեռանկարային ծրագրերը ֆինանսավորելու համար անհրաժեշտ կապիտալ՝ չվտանգելով ֆինանսական կայունությունը: Դրա մասին են վկայում ՀՀ ԿԲ սահմանած նորմատիվային ցուցանիշները, որոնք ապացուցում են, որ բոլոր բանկերն ունեն տնտեսությունը ֆինանսավորելու և նոր ֆինանսական միջոցներ կուտակելու բարձր ներուժ:

ՀՀ բանկերն ունեն կայունության բավականին մեծ պաշար՝ ճգնաժամին դիմակայելու համար:

  • Բանկային համակարգի կապիտալի համարժեքության ցուցանիշը կազմում է 20%՝ ի համեմատ ԿԲ կողմից սահմանված 12% նվազագույն շեմի:
  • Իրացվելիության ցուցանիշները նույնպես բավականին բարձր են՝ Ն2.1՝ 32.5%, Ն2.2՝ 170.8%:
  • Հաճախորդների վարքագիծը ևս վկայում է բանկերի հուսալիության մասին: 2016թ. հաճախորդների նկատմամբ պարտավորություններն ավելացան 24.1%-ով, մինչդեռ 2015թ. աճը կազմել էր 10.9%:

Վարկային պորտֆելի որակ

2016թ. ՀՀ բանկային համակարգի առջև ծառացած մարտահրավերներից էր ժամկետանց պարտավորությունների կառավարումը, ինչն անխուսափելի էր անկայուն և ճգնաժամային տնտեսության պայմաններում: Բանկերը կարողացան ոչ միայն կանխել վարկային պորտֆելի հետագա վատթարացումը, այլև մասամբ նվազեցնել ժամկետանց վարկերի թիվը: Դա հնարավոր դարձավ անհուսալի վարկերի դուրսգրման, վարկավորման ծավալի աճի, ինչպես նաև մասամբ՝ ժամկետանց վարկերի վերադարձի շնորհիվ:

Այդուհանդերձ, հարկ է նշել, որ ըստ ՀՀ ԿԲ տվյալների Հայաստանի բանկային ոլորտում օտարերկրյա կապիտալի մասնակցությունը կազմում է 61.4%: Հայկական բանկային հատվածի նկատմամբ վստահության և հետաքրքրության մասին են վկայում նաև միջազգային ֆինանսական հաստատություններից ներգրավված երկարաժամկետ միջոցները՝ ուղղված Հայաստանի տնտեսության զարգացմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը:

Իրավական դաշտ

2016թ. մի շարք փոփոխություններ և լրացումներ կատարվեցին ՀՀ որոշ իրավական ակտերում, մասնավորապես` ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում, Քրեական օրենսգրքում, «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում, ինչպես նաև «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում, որոնք առնչվում են նաև բանկային և ֆինանսական ոլորտների հետ:

Մասնավորապես՝ համապատասխան փոփոխություններ են կատարվել.

  • Քաղաքացիական օրենսգրքի 450-րդ հոդվածի 3 մասում, 451-րդ հոդվածի 2 մասում, 452-րդ և 454-րդ հոդվածներում, որոնցով սահմանվում է, որ պայմանագիրը գրավոր ձևով կարող է կնքվել նաև փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային, էլեկտրոնային հաղորդակցության կամ կապի այլ միջոցներով տեղեկություն կամ հաղորդագրություն (փաստաթուղթ) փոխանակելու միջոցով և, որ այդ դեպքում, եթե օրենքով նման պայմանագրի ձևի վերաբերյալ այլ պահանջ սահմանված չէ, էլեկտրոնային թվային ստորագրությամբ չպաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթն ունի նույն իրավական նշանակությունը, ինչ անձի կողմից ձեռագիր ստորագրված փաստաթուղթը:
  • Քաղաքացիական օրենսգրքի Հոդված 236-ում, մասնավորապես` ամրագրվել է, որ գրավ դրված գույքը կարող է դառնալ այլ գրավի առարկա (հաջորդող գրավ): Գրավ դրված գույքը այլ գրավի (հաջորդող գրավի) առարկա դարձնելու գրավատուի իրավունքը սահմանափակող համաձայնությունն առ ոչինչ է:
  • ՀՀ Քրեական օրենսգրքով 184.1 Հոդվածով քրեականացրել է գրավառուին վնաս պատճառելը, այն է` գրավ դրված գույքը դիտավորությամբ ոչնչացնելը, թաքցնելը, օտարելը, վնասելը կամ որևէ այլ կերպ ոչ պիտանի դարձնելը, որով խոչընդոտվել է գրավառուի գույքային իրավունքի իրականացումը, և նրան պատճառվել է ՀՀ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկը գերազանցող գումարի չափով վնաս:
  • «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով փոփոխություններ կատարվեցին, որոնք վերաբերում են երաշխավորված ավանդների հատուցման կազմակերպմանը:
  • «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանվել է, որ բռնագանձում չի կարող տարածվել քաղաքացի-պարտապանին պատկանող միակ այն բնակարանի (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, և որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից սահմանված` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից: Եթե միակ բնակարանն իրացվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ սահմանված գումարը գերազանցող գնով, ապա ՀՀ Կառավարության կողմից սահմանված` միակ բնակարանի իրացման համար նախատեսված գումարը վերադարձվում է պարտապանին: Վերոգրյալ դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ գույքը գրավադրված է պահանջատիրոջ պահանջի ապահովման համար, ինչպես նաև երբ բավարարվում են ալիմենտային, կյանքին կամ առողջությանը կամ հանցագործության պատճառված վնասների հատուցման պահանջները:
  • Կենտրոնական բանկի խորհուրդը 2016թ. սեպտեմբերի 20-ի նիստում լրացումներ և փոփոխություններ է կատարել է «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում: Փոփոխություններով ընդլայնվել է միջազգային կազմակերպությունների ցանկը, որոնցից ներգրավված միջոցները ենթակա են պարտադիր պահուստավորման նվազեցված դրույքաչափերով, ինչպես նաև խթանվել է տեղական բորսաներում թողարկված պարտատոմսերով երկարաժամկետ միջոցների ներգրավումը: Միաժամանակ մեղմացվել է նաև արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման ընթացակարգը. դրույքաչափը նվազեցվել է 20%-ից 18%, ինչպես նաև մեծացել է բանկերի կողմից արտարժույթով պարտադիր պահուստավորման իրականացման ճկունությունը (Կենտրոնական բանկում պահուստավորման ենթակա միջոցների կարգավորման երկշաբաթյա ժամկետը երկարաձգվել է մինչև 28-35 օր):

ՀՀ բանկային համակարգի հիմնական ցուցանիշները

ՀՀ բանկային համակարգի հիմնական ցուցանիշները

ՀՀ բանկային համակարգի քանակական ցուցանիշները

Գործունեության հիմնական ցուցանիշների աճի ցուցանիշը

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ամերիաբանկի դիրքը ՀՀ բանկային համակարգում

2016թ. Ամերիաբանկը պահպանել է աճի բարձր տեմպերը՝ զգալիորեն առաջ անցնելով բանկային համակարգից

  • 2013թ.-ից ի վեր Ամերիաբանկը բանկային համակարգի առաջատարն է ակտիվների ծավալով, ընդ որում Բանկի՝ շուկայի մասնաբաժինը շարունակաբար աճում է (10.7%՝ 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ, 17.4%՝ 2016թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ): 2015թ. Ամերիաբանկի ակտիվները հատեցին 500 մլրդ ՀՀ դրամի (1 մլրդ ԱՄՆ դոլարի) սահմանը, ինչն աննախադեպ երևույթ էր ՀՀ բանկային համակարգում: 2016թ. Բանկի ակտիվները կազմում էին արդեն 700 մլրդ ՀՀ դրամ, որը համարժեք է 1.5 մլրդ ԱՄՆ դոլարին: 2016թ. Ամերիաբանկի ակտիվներն աճել են շուրջ 203 մլրդ ՀՀ դրամով կամ 39.4%-ով՝ ցուցաբերելով շուկայի ամենահատկանշական բացարձակ աճը: Արդյունքում՝ Բանկի մասնաբաժինը շուկայում հասավ 17.4%-ի՝ 2015թ. 14.8%-ի համեմատ: Բանկային ոլորտի ընդհանուր աճը կազմեց 18.5%:
  • 2015թ.-ից ի վեր Ամերիաբանկը գլխավորում է ՀՀ բանկերի ցուցակը ընդհանուր կապիտալի մեծությամբ՝ նոր ներդրողի շնորհիվ, իսկ 2016թ. ամրապնդել է իր դիրքը՝ շուկայի մասնաբաժինը հասցնելով 9.6%-ի: Բանկը պահպանեց և ամրապնդեց իր դիրքը որպես առաջատար ըստ կանոնադրական կապիտալի: Ամերիաբանկի ընդհանուր կապիտալն ավելացավ 5.1 մլրդ ՀՀ դրամով կամ 8.6%-ով: Ընդհանուր կապիտալով Բանկի մասնաբաժինը ընդհանուր շուկայում կազմեց 9.6%՝ 2015թ. 10.7%-ի համեմատ: Ընդհանուր աճը բանկային համակարգում կազմեց 21.1%: 10 բանկ համալրեց կանոնադրական կապիտալը՝ ՀՀ ԿԲ նորմատիվային պահանջը բավարարելու նպատակով:
  • Հաճախորդների նկատմամբ պարտավորություններն աճեցին 121 մլրդ ՀՀ դրամով կամ 41%-ով: Բանկն առաջատարն է նաև այս ցուցանիշով՝ շուկայի 17.7% մասնաբաժնով՝ 2015թ. 15.6%-ի համեմատ: Ընդհանուր աճը բանկային համակարգում կազմեց 24.1%, ընդ որում` Ամերիաբանկի ներդրումն այդ աճում կազմում է 26.5%:
  • Տնտեսությանը տրված վարկերն ավելացան 192.4 մլրդ ՀՀ դրամով կամ 61.4%-ով, ինչի արդյունքում Բանկի՝ շուկայի մասնաբաժինը կազմեց 19.7%՝ նախկին 14.7%-ի համեմատ: Բանկային համակարգում ընդհանուր աճը կազմել է 20.5%:
  • Բանկը շուկայի առաջատարն է շահույթի ցուցանիշով: Բանկի շահույթը ավելի քան 6 անգամ գերազանցում է շուկայի միջին շահույթի ցուցանիշը և ավելի քան 3 անգամ գերազանցում է շահութաբեր բանկերի շահույթի միջին ցուցանիշը:
  • Ամերիաբանկի ROA և ROE ցուցանիշերը գերազանցում է բանկային ոլորտի միջին ցուցանիշները մի քանի անգամ:

Միջազգային ֆինանսական հաստատությունների հետ համագործակցության ընդլայնումը (այդ թվում՝ կապիտալում ուղղակի ներդրումների ձևով) ստեղծել է բոլոր պայմանները Բանկի հետագա աճի և 2017թ. ՀՀ տնտեսության՝ աննախադեպ ծավալով վարկավորման համար:

Գերազանցելով համակարգի աճի տեմպերը

2016թ. Ամերիաբանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարն է ըստ բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշներով: Հիմնական ցուցանիշների դինամիկան, ինչպես նաև Հայաստանի բանկային համակարգում Բանկի մասնաբաժինը ներկայացված են ստորև:

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ռազմավարություն ԵՎ բիզնես-մոդել

2016 թվականին Ամերիաբանկը պահպանեց իր բարձր աճի տեմպերը: Բանկն ամրապնդեց իր դիրքերը ՀՀ առաջատար բանկերի շարքում, վերահաստատեց իր դերը որպես կայուն, ժամանակակից, իրացվելի, արագ աճող և մրցունակ ֆինանսական հաստատություն՝ հետագա աճի և զարգացման հսկայական ներուժով:

Առանձնակի ուշադրություն դարձնելով հաճախորդների պահանջների բավարարմանը՝ Բանկն արդեն իսկ ամուր դիրք է գրավել որպես առաջատար ըստ նորարարության և սպասարկման չափանիշների: Մենք մշտապես կատարելագործում ենք աշխատանքի կազմակերպման, կորպորատիվ կառավարման և հաճախորդների սպասարկման տեխնոլոգիաները, ձգտում ընդլայնել առաջարկվող ծառայությունների և պրոդուկտների ցանկը, ներգրավել հմուտ, արհեստավարժ անձնակազմ և ապահովել պահանջվող ռեսուրսների մշտական առկայությունը: Բանկը վերահաստատում է իր որդեգրած ռազմավարությունը՝ դառնալ ունիվերսալ բանկ՝ կորպորատիվ և մանրածախ ծառայությունների հավասար բաշխվածությամբ:

Ռազմավարության գլխավոր խնդիրն է Բանկի առաջատար դիրքերի պահպանումը և ամրապնդումը բոլոր հիմնական ցուցանիշներով, մասնավորապես.

  • լինել բացարձակ առաջատարը սպասարկման որակով՝ շարունակելով 2008թ. որդեգրված հաճախորդակենտրոն քաղաքականությունը,
  • լինել առաջատարը նորարարություններով՝ առաջարկելով լավագույն միջազգային բանկային լուծումները և ժամանակին արձագանքելով հաճախորդների արագ փոփոխվող կարիքներին,
  • ընդլայնել ծառայությունների տեսականին՝ հաճախորդների ամենատարբեր կարիքները բավարարելու համար,
  • պահպանել ամենամեծ ունիվերսալ բանկի առաջատար դիրքն ըստ ակտիվների՝ ապահովելով կորպորատիվ, մանրածախ և ՓՄՁ պորտֆելների հավասար բաշխվածություն,
  • ապահովել հաճախորդների ավելի մեծ բազայի հասանելիություն՝ տնտեսապես առավել ակտիվ շրջաններում ներկայացուցչությունների ստեղծման կամ հեռակառավարման ծառայությունների զարգացման միջոցով,
  • բարելավել բանկային համակարգի առաջատարի դիրքերը բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշներով,
  • բարձրացնել Բանկի ֆինանսական արդյունավետությունը (կապիտալի եկամտաբերություն և ծախսերի ու եկամուտների հարաբերություն),
  • լայնորեն կիրառել կորպորատիվ կառավարման լավագույն փորձը,
  • ընդլայնել անձնակազմի լոյալությանն ու մոտիվացմանն ուղղված ծրագրերը՝ ներդրումներ կատարելով մարդկային կապիտալի մեջ և պատրաստելով նոր տաղանդների,
  • բարձր պահել բրենդի հեղինակությունը և միջոցներ ձեռնարկել բրենդի մասին իրազեկվածությունն ավելացնելու նպատակով:

Առաքելություն

Բարելավել կյանքի որակը՝

  • մեր հաճախորդներին տրամադրելով միջազգային որակի ֆինանսական ծառայություններ և գործարար լուծումներ,
  • իրականացնելով հասարակության բարօրության համար նշանակալի բիզնես և սոցիալական ծրագրեր,
  • ձևավորելով յուրահատուկ կորպորատիվ մշակույթ և միջազգային ընկերության զարգացման սեփական մոդելը՝ միավորելով հաջողակ մարդկանց,
  • շարունակաբար ավելացնելով բաժնետիրական արժեքը:

Տեսլական

  • Դառնալ ֆինանսական և գործարար լուծումներ տրամադրող միջազգային ընկերություն:
  • Լինել թիրախային շուկաների առաջատարը սպասարկման որակով ու արդյունավետությամբ՝ ներգրավելով ընդհանուր արժեքներ կրող բացառիկ մարդկանց:

Առաքելությամբ ու տեսլականով սահմանված խնդիրները լուծելու և ռազմավարական նպատակներին հասնելու համար մենք նախանշել ենք հետևյալ կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերը.

  • շարունակաբար ներդրումներ կատարել սպասարկման որակը բարձրացնելու նպատակով, բարելավել բիզնես-գործընթացները, ապահովել ամենաուշադիր և հոգատար մոտեցումը հաճախորդների հանդեպ,
  • որպես միջնաժամկետ նպատակ՝ ավելացնել շուկայի մասնաբաժինը (սրան կնպաստի նաև Բանկի ներգրաված բավականին մեծածավալ նոր կապիտալը, որը թույլ կտա ապահովել հետագա ագրեսիվ աճ),
  • ներկայացնել նոր բանկային ու ներդրումային ծառայություններ, նորարար լուծումներ՝ միջազգային լավագույն փորձին համահունչ, ներդնել հեռահար սպասարկման բազմաֆունկցիոնալ լուծումներ,
  • ապահովել ակտիվների առաջանցիկ աճ բանկային համակարգում՝ միևնույն ժամանակ պահպանելով շահութաբերության և ռիսկերի ընդունելի մակարդակ,
  • ապահովել ընդհանուր եկամտի կառուցվածքում ոչ տոկոսային եկամտի մասնաբաժնի երկարաժամկետ աճ,
  • շարունակաբար բարձրացնել անձնակազմի մասնագիտական պատրաստվածությունը և մոտիվացիան,
  • նախապատրաստել առաջնային հրապարակային տեղաբաշխման ծրագիրը. Ամերիաբանկի նպատակն է դառնալ առաջին հայկական բանկը, որը պաշտոնապես կցուցակվի կապիտալի առաջատար միջազգային շուկաներում,
  • շարունակաբար բարձրացնել ֆինանսական կայունությունը և հավելյալ ապահովություն ստեղծել բոլոր շահառուների համար` վերանայելով ռիսկերի պարամետրերը անկայուն ժամանակահատվածներում,
  • առանձնակի ուշադրություն դարձնել մանրածախ և ՓՄՁ ծառայություններին, շարունակել զարգացնել ներդրումային բանկային ծառայությունները, առաջանցիկ աճ ապահովել բոլոր հիմնական ցուցանիշներով և դառնալ առաջատար արդյունավետության ցուցանիշներով:

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Մանրածախ բանկային ծառայություններ

Վերջին տարիների ընթացքում Ամերիաբանկը դիրքավորվում է որպես ունիվերսալ բանկ և մանրածախ բանկային գործառնությունների զարգացումը համարում է իր հիմնական ռազմավարական ուղղություններից մեկը: Չնայած տեղական շուկան բավականին հագեցած է մանրածախ ծառայություններով` Ամերիաբանկը գնալով ամրապնդում է իր դիրքերն այս ոլորտում:

2016թ. Բանկը շարունակում էր զարգացնել հեռակառավարման ծառայությունները՝ միաժամանակ ընդգծելով վարկավորման ընդլայնման կարևորությունը՝ որպես տնտեսական աճի խթան: Մշակվեցին և ներդրվեցին բազմաթիվ նոր ծառայություններ ու առաջարկներ:

Սպասարկման դիվերսիֆիկացված ցանց

Սպասարկման բազմակողմանի ցանցը զարգացնելու նպատակով Բանկը նախաձեռնել է մասնաճյուղերի ցանցի ընդլայնման նախագծեր՝

  • Բանկը բացեց իր նոր «Երիտասարդական» մասնաճյուղը Երևանի կենտրոնում տեղակայված առևտրի կենտրոններից մեկում:
  • Գործարկվեց ինքնասպասարկման երկու կետ բանուկ վայրերում:
  • Կատարվեցին Գյումրիում նոր մասնաճյուղի բացման (2017թ. մարտին) նախապատրաստական աշխատանքները:

Բանկն իր զարգացման առաջնահերթ նպատակների շարքում մշտապես կարևորել է թվայնացված ծառայությունների շարունակական բարելավումը՝ դրանք հաճախորդների համար առավել հասանելի ու դյուրին դարձնելով: Բանկը զգալիորեն բարելավել է ինտերնետային և հեռախոսային բանկային ծառայությունները՝ հիմնականում շեշտադրելով հաճախորդների շրջանում առավել մեծ պահանջարկ ունեցող գործառույթները:

Արդյունքում՝ 2016թ. դեկտեմբերին, նախորդ տարվա համեմատ ինտերնետային և հեռախոսային բանկային ծառայություններից օգտվողների քանակն ավելացավ 28%-ով, իսկ հեռակառավարման համակարգերով իրականացված գործարքների քանակը՝ 160.5%-ով:

2016թ. Ամերիաբանկը մեկնարկեց Կոնտակտային Կենտրոնի հիմքի վրա գործող իր համապարփակ վիրտուալ մասնաճյուղը, որի միջոցով ծառայությունների լայն ցանկ հասանելի դարձավ հաճախորդների համար հեռախոսի միջոցով, այդ թվում՝ փոխանցումներ, կոմունալ վճարումներ, ավանդների կառավարում, քարտերով գործարքներ և այլն: Բանկը նախապատրաստվում է CR2 BankWorld բազմալիքային բանկային հարթակի մեկնարկին, որը կլինի աննախադեպ նորարարություն բանկային փորձառության տեսանկյունից: Հեռահար բանկային ծառայությունները կմիավորվեն մեկ միասնական հարթակում՝ ընձեռելով հաճախորդներին առավելագույն հարմարավետություն և միասնական հասանելիություն Բանկի ծառայություններին տարատեսակ գործիքների միջոցով:

Նոր ծառայություններ

Ամերիաբանկը մշակել էհատուկ առաջարկ տնտեսության մի շարք առանցքային ոլորտների համար՝ հաշվի առնելով առկա պահանջները: Տնտեսության ոլորտների ցանկը պարբերաբար թարմացվում է և համապատասխանեցվում առանցքային ոլորտների աշխատակիցների պահանջներին: Առաջարկը ներառում է քարտերի սպասարկման և վարկավորման արտոնյալ պայմաններ, այդ թվում՝ ցածր տոկոսադրույքներ, սահմանվածից բարձր վարկ/գրավ հարաբերակցություն գրավով ապահովված վարկերի համար, հատուկ պայմաններ հեռահար բանկային ծառայություններից օգտվելու դեպքում և որ ամենակարևորն է՝ վարկավորման պարզեցված ընթացակարգ: Ամերիաբանկի առաջարկի նպատակն է պարզ ու հարմար բանկային ծառայություններ մատուցել նշված ոլորտների աշխատակիցներին՝ հնարավորություն տալով վերջիններիս ողջ ուշադրությունն ուղղել իրենց կարևոր առաքելության իրականացմանը:

2016թ. ներկայացվեց նոր պրոդուկտ՝ անշարժ գույքի գրավադրմամբ վարկ: Այս պրուդուկտի հիմնական գաղափարը ֆիզիկական անձանց պարզեցված ընթացակարգով վարկային սահմանաչափի տրամադրումն է. Բանկը հաճախորդի համար հաստատում է վարկային սահմանաչափ, որից հաճախորդը կարող է օգտվել ցանկացած ժամանակ իր նախընտրությամբ՝ առանց նոտարական վավերացման հավելյալ ծախսեր կրելու:

Քանի որ Ամերիաբանկն ունի հավատարիմ գործընկերների և հաճախորդների բավականին մեծ բազա՝ որոշվեց մշակել ուղղորդման ծրագիր, որի միջոցով մենք շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր հաճախորդներին, ովքեր իրենց ընկերներին և հարազատներին խորհուրդ են տալիս օգտվել Ամերիաբանկի ծառայություններից: Ծրագիրը հասանելի է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար: Այն Ամերիաբանկի հաճախորդներին և այլ անձանց հնարավորություն է տալիս պարգևավճար ստանալ Բանկի որոշակի ծառայություններից օգտվելու նպատակով մարդկանց ուղղորդելու դիմաց: Բացի դրանից, ուղղորդվող անձանց ծառայությունները մատուցվում են արտոնյալ պայմաններով:

Ի թիվս այլ պրոդուկտների՝ 2016թ. ներկայացվեց ևս մեկ նոր պրոդուկտ՝ «էֆեկտիվ վարկ», էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ձեռքբերման նպատակով: Նշված պրոդուկտի հիմնական առավելություններն են վարկավորման պարզեցված ընթացակարգն ու ցածր տոկոսադրույքը:

Բանկը ՎԶԵԲ-ի հետ համատեղ՝ հանդես եկավ վարկավորման նոր առաջարկով, որը նախատեսված է կանանց կողմից վարվող բիզնեսը զարգացնելու համար: Բանկը նախատեսում է հետագայում ևս ընդլայնել այս ուղղությամբ իր գործունեության շրջանակները՝ նպատակ ունենալով բարենպաստ պայմաններ ստեղծել գործարար կանանց համար:

«Յունիսթրիմ» համակարգի հետ համագործակցության շրջանակներում ներկայացվեց նոր «Փոխանցում քարտին» ծառայությունը, որը հաճախորդներին թույլ է տալիս շուրջօրյա ռեժիմում դրամական փոխանցումներ ստանալ անմիջապես իրենց քարտերին և կառավարել իրենց միջոցները՝ առանց Բանկ այցելելու:

Հաճախորդների սպասարկում

Սպասարկման արդյունավետությունը բարձրացնելու, հերթերի կառավարումը հեշտացնելու նպատակով իրականացվեց գործողությունների մի ամբողջ համալիր, մասնավորապես՝ Երևանում գործող մասնաճյուղերում ներդրվեց հերթերի կառավարման համակարգ:

Նպատակ ունենալով բարելավել սպասարկման որակը և բարձրացնել ժամանակի կառավարման արդյունավետությունը՝ 2017թ. Ամերիաբանկը նախատեսում է ներդնել հերթերի կառավարման համակարգի բջջային հավելված:

Աշխատավարձային նախագծեր

2016թ. Ամերիաբանկը շարունակեց աշխատավարձային նոր նախագծերի իրականացումը՝ այս պրոդուկտն առավել արդյունավետ ու շահավետ դարձնելով հաճախորդների համար: Տարբեր ընկերությունների ու կազմակերպությունների հետ ստորագրվեց աշխատավարձային նախագծերի մոտ 90 պայմանագիր:

Հաճախորդների բազա և ավանդներ

Հաճախորդների ռազմավարության և սպասարկման շարունակական բարելավման շնորհիվ՝ ավելացել է Ամերիաբանկի մանրածախ հաճախորդների բազան, ընդ որում՝ փոքր և միկրո ձեռնարկությունները՝ 7.8%-ով, իսկ ֆիզիկական անձ հաճախորդները՝ 4.9%-ով:

Հաճախորդների բազայի քանակական աճին զուգահեռ ավելացել է նաև ավանդային բազան՝ մանրածախ սեգմենտի ցպահանջ ավանդների բազան ավելացել է 10%-ով՝ կազմելով 41,221 մլն ՀՀ դրամ, իսկ ժամկետային ավանդների բազան՝ 16%-ով՝ կազմելով 123,028 մլն ՀՀ դրամ:

2016թ. Բանկը թողարկել է 8,421 մլն ՀՀ դրամի պարտատոմսեր, որոնցից 6,358 մլն ՀՀ դրամի պարտատոմսերը տեղաբաշխվել են ֆիզիկական անձանց շրջանում, ինչը վկայում է Բանկի հանդեպ հաճախորդների բարձր վստահության և արդյունավետ համագործակցության մասին:

Վճարային քարտեր

Իր ռազմավարության շրջանակներում Բանկը մշտապես կարևորում է քարտային պրոդուկտների շարունակական զարգացումը:

Այս նպատակը մենք իրագործում ենք գործող քարտային պրոդուկտների բարելավման և նոր պրոդուկտների ներկայացման միջոցով:

Նշված պրոդուկտներից է 2016թ. ներդրված հետվճարի (cashback) համակարգը, որը հաճախորդներին թույլ է տալիս հետ ստանալ որոշակի առևտրային կետերում կատարված անկանխիկ վճարումների մի մասը:

Բանկի քարտային պրոդուկտների զարգացման հիմքում ընկած են սպասարկման բարձր որակն ու ծառայությունների հասանելիությունը: Քարտային գործարքների շուրջօրյա մոնիտորինգն ու տեխնիկական օժանդակումը թույլ են տալիս բարձրակարգ աջակցություն ցուցաբերել հաճախորդներին: Նշված ջանքերի շնորհիվ՝ Բանկին հաջողվեց բարելավել այս ոլորտում արդյունավետության իր հիմնական ցուցանիշները՝ գրանցելով քարտային ընդհանուր բազայի 9.8% աճ:

Բանկը վարկային գծերը համարում է քարտային բիզնեսի կարևոր տարր, որի զարգացման ուղղությամբ գործադրված ջանքերի շնորհիվ վարկային գծերի պորտֆելն աճել է 25%-ով:

Մենք կարևորում ենք նաև այն, որ հաճախորդների համար գնումներ կատարելու գործընթացը լինի հնարավորինս հեշտ ու հաճելի, որի նպատակով մենք ընդլայնել ենք POS տերմինալների և վիրտուալ POS տերմինալների ցանցը: 2016թ. վիրտուալ POS տերմինալների քանակն ավելացավ 72%-ով՝ հասնելով 179-ի, իսկ դրանցով իրականացված գործարքների ծավալը՝ 106%-ով: POS տերմինալների քանակն ավելացավ 45%-ով՝ հասնելով 1,253-ի, իսկ դրանցով իրականացված գործարքների ծավալը՝ 33%-ով:

Մանրածախ վարկավորում

2016թ. Բանկն ամբողջությամբ վերանայեց և բարելավեց վարկավորման իր պայմանները՝ հետևյալ առանցքային ուղղություններով.

  • վարկավորման պայմաններ (նվազագույն պահանջների և վարկային պրոդուկտների պայմանների վերանայում, վարկավորման պարզեցված ընթացակարգ, որը հիմնված է ACRA համակարգում ունեցած միավորների քանակի վրա),
  • տոկոսադրույք (իջեցված տոկոսադրույքներ բոլոր արժույթների համար),
  • ավտոսրահների հետ համագործակցության պայմանագրեր (հաճախորդների համար առավել շահավետ պայմաններով):

2016թ. մարտին Բանկը վերաֆինանսավորման մեծածավալ արշավ սկսեց՝ առաջարկելով վերաֆինանսավորել հաճախորդների՝ այլ բանկերից ստացված վարկերը՝ իր վրա վերցնելով վարկի տեղափոխման ծախսերը: Արշավի շրջանակներում բազմաթիվ հաճախորդներ կարողացան տեղափոխել իրենց վարկերը (այդ թվում՝ ՓՄՁ, հիփոթեքային, ավտո և այլ վարկեր): Արշավի նպատակն էր թեթևացնել հաճախորդների վարկային բեռը՝ առաջարկվող առավել ցածր տոկոսադրույքների և վարկի մարման ժամկետների երկարաձգման միջոցով:

2016թ. իրականացված ծավալուն աշխատանքների շնորհիվ Բանկի վարկային պորտֆելն ավելացավ 25.7%-ով, մասնավորապես՝ տարեվերջի դրությամբ Բանկի մանրածախ վարկային պորտֆելը կազմում էր 60,240 մլն ՀՀ դրամ, ՓՄՁ վարկերը գրանցեցին ամենամեծ՝ 66% աճը: Ինչ վերաբերում է ֆիզիկական անձանց տրամադրված վարկերին, հիփոթեքային վարկերի պորտֆելը նախորդ տարվա համեմատ աճել է 15%-ով՝ կազմելով 20,051 մլն ՀՀ դրամ, ավտովարկերի պորտֆելը կազմել է 2,043 մլն ՀՀ դրամ, իսկ վարկային քարտերինը՝ 18,404 մլն ՀՀ դրամ:

Ամերիաբանկի մանրածախ սեգմենտի ժամկետային և ցպահանջ ավանդները (ներառյալ պարտատոմսերը) մլն ՀՀ դրամ
Ամերիաբանկի մանրածախ սեգմենտի հաճախորդները
Մանրածախ սեգմենտի հաճախորդների վարկերը մլն ՀՀ դրամ
Վճարային քարտերի քանակը

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Կորպորատիվ բանկային ծառայություններ

Կորպորատիվ բանկային ծառայությունների շուկայում Ամերիաբանկն ունի վստահելի ռազմավարական գործընկերոջ համբավ: Բանկը ցուցաբերում է անհատական մոտեցում և օգնում յուրաքանչյուր հաճախորդին գտնել տարբեր ֆինանսական գործիքներից բաղկացած, իր համար լավագույն լուծումը:

Հաշվետու տարվա ընթացքում Ամերիաբանկն ավելի քան 18.5%-ով ընդլայնեց կորպորատիվ հաճախորդների բազան:

Նախորդ տարվա համեմատ Ամերիաբանկն ընդլայնեց կորպորատիվ հաճախորդների ցպահանջ ավանդների պորտֆելը մոտ 165%-ով, իսկ ժամկետային ավանդների պորտֆելը՝ 65%-ով: 2016թ. Ամերիաբանկը թողարկեց կորպորատիվ պարտատոմսեր և ամբողջությամբ տեղաբաշխեց դրանք:

Ամերիաբանկը որդեգրել է կորպորատիվ հաճախորդների հետ համագործակցության հետևյալ սկզբունքները.

  • Անհատական մոտեցում, հաճախորդի կարիքների բացահայտում և համապատասխան ֆինանսական լուծումների առաջարկում:
  • Ֆինանսական խորհրդատվություն տեղական և արտասահմանյան շուկաներում, այդ թվում՝ լուծումներ գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար:
  • Յուրաքանչյուր հաճախորդին հատուկ նրա պահանջների համար մշակված անհատական ծառայությունների ամբողջական փաթեթի տրամադրում:
  • Հաճախորդների հետ գործընկերական հարաբերությունների ստեղծում՝ նպաստելով նրանց գործունեության աճին և զարգացմանը:
  • Նպատակային ծրագրային միջոցների հասանելիության ապահովում:
  • Սպասարկման բարձր որակի ապահովում:

2016թ. ընթացքում Բանկը պահպանեց վերջին 7 տարիների ընթացքում ունեցած կորպորատիվ վարկավորման ոլորտում առաջատարի իր դիրքը: Ամերիաբանկը կրկին առաջինն է՝ ըստ խոշոր կազմակերպություններին տրամադրված վարկերի: 2015թ. համեմատ՝ այս ցուցանիշն աճել է 77%-ով՝ կազմելով 384 մլրդ ՀՀ դրամ:

2016թ. Բանկը շարունակեց ընդլայնել ՓՄՁ վարկավորման իր պորտֆելը՝ մրցակցային և բարենպաստ պայմաններով ֆինանսավորում առաջարկելով փոքր և միջին բիզնեսին: ՓՄՁ վարկավորմանն ուղղված նպատակային քաղաքականության արդյունքում ՓՄՁ վարկերի պորտֆելն աճեց 38.4%-ով՝ տարեվերջում կազմելով 63.8 մլրդ ՀՀ դրամ (131.5 մլն ԱՄՆ դոլար): Նշված աճը պայմանավորված էր հիմնականում ֆինանսավորման ընթացքում ճկուն վարկային մեխանիզմների կիրառմամբ, հաճախորդներին ցուցաբերվող անհատական մոտեցմամբ և մատուցվող ծառայությունների բարձր որակով: ՓՄՁ ֆինանսավորումն ընդգրկեց բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ էներգետիկան, գյուղատնտեսությունը, շինարարությունը, զբոսաշրջությունը և այլ ոլորտներ: Բանկի առանձնակի ուշադրությանն արժանացան հատկապես էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի նախագծերը, որոնց իրականացման համար Բանկը ֆինանսավորում տրամադրեց ամենաբարենպաստ պայմաններով:

Լիզինգ և ֆակտորինգ

2016թ. Ամերիաբանկը վերանայեց լիզինգի կառուցվածքը՝ առաջարկելով ֆինանսական վարձակալություն՝ անշարժ գույքի ձեռքբերման նպատակով: Զգալիորեն աճեց Ամերիաբանկի հաճախորդների կողմից ֆինանսական վարձակալության գործիքի միջոցով էներգաարդյունավետ սարքավորումների ձեռքբերման ծավալը:

Տնտեսության ֆինանսավորման այլընտրանքային մեթոդների շարքում ֆակտորինգային գործառնությունները համարվում են կարճաժամկետ ֆինանսավորման ամենահարմար լուծումներից մեկը:

2016թ. վերջի տվյալներով Ամերիաբանկի ֆակտորինգի պորտֆելը կազմել է 4.2 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա համեմատ՝ ֆակտորինգային գործառնությունների ընդհանուր ծավալն աճել է 61%-ով, ընդ որում՝ գործարքների զգալի մասը՝ 77%-ը, բաժին է ընկել արտահանման ֆակտորինգին: Նշված գործառնությունների ծավալի ընդլայնումը Բանկին հնարավորություն տվեց ներգրավել շրջանառու կապիտալի և ազատ դրամական միջոցների կարիք ունեցող բոլոր չափերի ընկերություններ տարբեր ոլորտներից: Արդյունքում արտահանման ֆակտորինգի ընդհանուր ծավալը կազմեց 21.2 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 33%-ով: Բազմաբնույթ հաճախորդների հետ աշխատանքն Ամերիաբանկին թույլ է տալիս նրանցից յուրաքանչյուրի համար ոչ ստանդարտ ու առանձնահատուկ մոտեցումներ մշակել և միմյանց հետ հետաձգված վճարման պայմաններով համագործակցող հաճախորդներին նոր լուծումներ առաջարկել:

2013թ. Բանկը հանդիսանում է «Ֆակտորզ Չեյն Ինթերնեշնըլ»միջազգային ֆակտորինգային միության անդամ: Նշված կառույցը ֆակտորինգի և դեբիտորական պարտքի ֆինանսավորման բնագավառում միջազգային ներկայացուցչական մարմինն է, որին 2016թ. միացավ նաև International Factors Group միջազգային ֆակտորինգային կազմակերպությունը: Սա եզակի հարթակ է, որը ներկրողներին և արտահանողներին թույլ է տալիս ֆակտորինգային գործառնությունների ոլորտում սերտ համագործակցություն ծավալել միջազգային մակարդակով:

Առևտրի ֆինանսավորում

Ամերիաբանկը Հայաստանում առևտրի ֆինանսավորման ծառայություններ մատուցող հիմնական կառույցներից է: Մեր առաջարկած գործիքները նախատեսված են՝ մեղմացնելու ինչպես օտարերկրյա, այնպես էլ տեղական շուկաների ռիսկերը:

Թողարկված ակրեդիտիվների ու բանկային երաշխիքների, սպասարկման բարձր մակարդակի ու նոր հետաքրքիր նախագծերի համար Բանկն արժանանում է հեղինակավոր միջազգային կազմակերպությունների բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ ՎԶԵԲ-ի՝ «Հայաստանում ամենաակտիվ թողարկող բանկ» մրցանակին, ՄՖԿ-ի՝ «Կովկասյան տարածաշրջանում առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի շրջանակներում ամենաակտիվ թողարկող բանկ» մրցանակին, ՎԶԵԲ-ի՝ «Տարվա լավագույն գործարք» մրցանակին՝ Հայաստանում նոր սերնդի օպտիկամանրաթելային ցանցի կառուցման ֆինանսավորման համար, ՄՖԿ-ի՝ «Լավագույն թողարկող բանկ առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի շրջանակներում էներգիայի արդյունավետ օգտագործման նախագծերում» մրցանակին, Կոմերցբանկի՝ «Առևտրի ֆինանսավորման ոլորտում անթերի համագործակցության» մրցանակին: Ամերիաբանկը նաև դարձավ առաջին հայկական բանկը, որն ստացավ ՎԶԵԲ-ի առևտրի աջակցման ծրագրի շրջանակներում հաստատող բանկի կարգավիճակ: 2016թ. ՎԶԵԲ-ը Ամերիաբանկին շնորհեց «Տարվա գործարք` էներգաարդյունավետություն» մրցանակը՝ Հայաստանում ջերմոցային ենթակառուցվածքի էներգաարդյունավետության բարելավման համար:

Հաճախորդների հետ սերտ համագործակցության արդյունքում Բանկը կարողանում է հիմնավորված խորհրդատվություն և հաճախորդի ֆինանսական կարիքներից բխող նորարար լուծումներ առաջարկել: 2016թ. Բանկը ևս մեկ անգամ ապացուցեց, որ առևտրի ֆինանսավորման ոլորտում հուսալի, դինամիկ և վստահելի գործընկեր է: 2016թ. վերջում Բանկի կողմից թողարկված ակրեդիտիվների ու բանկային երաշխիքների պորտֆելը գերազանցեց 17.45 մլրդ ՀՀ դրամը:

Շնորհիվ ՄՖԿ-ից, ՎԶԵԲ-ից, ԱԶԲ-ից և մի շարք խոշոր առևտրային բանկերից ներգրավված միջոցների՝ Բանկը թողարկում է ակրեդիտիվներ և ֆինանսավորում հաճախորդների ներմուծման գործարքները շուկայականից ցածր տոկոսադրույքներով: Ընդհանուր առմամբ, 2016թ. Բանկը ֆինանսավորում էր առևտուրն ինչպես տեղական և միջազգային վճարային գործիքների թողարկման և արտահանման/ներմուծման գործառնությունների սպասարկման, այնպես էլ միջազգային բանկերից և ֆինանսական հաստատություններից ռեսուրսների ներգրավման հաշվին հայրենական արտադրողների արտահանման և ներկրման գործառնությունների ուղղակի ֆինանսավորման միջոցով: Մասնավորապես, Ամերիաբանկի համար միջազգային ֆինանսական կազմակերպությունների և առևտրային բանկերի կողմից բացված վարկային սահմանաչափերը 2016թ. վերջում գերազանցում էին 71 մլրդ ՀՀ դրամը:

Հաշվետու տարվա ընթացքում Ամերիաբանկն իրագործեց ազգային նշանակության մի քանի նախագիծ արտադրության, ջերմոցային տնտեսության, հանքաարդյունաբերության, մետաղագործության և հումքի ձեռքբերման ոլորտներում: Այդ գործարքները թե՛ ծավալի, թե՛ նշանակության տեսանկյունից հատկապես տպավորիչ էին և՛ տեղական շուկայի, և՛ տարածաշրջանի մակարդակով:

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներդրումաբանկային ԵՎ առԵՎտրային գործառնություններ

Ներդրումաբանկային և առևտրային գործառնություններ

Որպես նորարարական ունիվերսալ բանկ՝ Ամերիաբանկը հիմք է ստեղծել Հայաստանում ներդրումաբանկային և առևտրային գործառնությունների ոլորտի ծառայությունների զարգացման համար: Բարեհաջող իրականացնելով բազմաթիվ աննախադեպ, ոլորտի համար էական գործարքներ և պարբերաբար ստեղծելով նոր հնարավորություններ ներդրողների համար՝ Ամերիաբանկը վաստակել է նորարար ներդրումային բանկի համբավ:

Ամերիաբանկը տրամադրում է ներդրումաբանկային և առևտրային ծառայությունների ամենալայն տեսականին Հայաստանում: Այն ընդգրկում է կորպորատիվ ֆինանսները, կապիտալի շուկաները, միաձուլումներն ու ձեռքբերումները, արտարժութային և բրոքերային գործառնությունները, միջնորդություն Դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի ռեեստրավարման և պահառության ծառայությունների ժամանակ:

Կորպորատիվ ֆինանսների խորհրդատվություն

Ամերիաբանկի Կորպորատիվ ֆինանսների բաժինն առաջարկում է ընթացիկ օժանդակություն կորպորատիվ ֆինանսների ոլորտում և լուծումների մշակում Ամերիաբանկի հաճախորդների համար: Թիմը համախմբել է փորձառու բազմակողմանի մասնագետների, ովքեր կարող են խորհրդատվություն տրամադրել ամենատարբեր բնագավառներում՝ պարտքային և փայատիրական ֆինանսավորում կապիտալի փակ շուկաներից, վարկանիշի ստացում և ֆինանսավորման ռազմավարության մշակում:

2016թ. Կորպորատիվ ֆինանսների բաժինը էական ներդրում ունեցավ Բանկի հետագա աճն ապահովելու գործում՝ ներգրավելով 100 մլն ԱՄՆ դոլար միջոցներ 5 տարբեր միջազգային/զարգացման ֆինանսական հաստատությունների միջոցով: Ամերիաբանկը ոչ միայն ապահովում է գործող միջազգային կառույցների և զարգացման հիմնադրամների հետ հարաբերությունները, այլև մշտապես աշխատում է նոր միջազգային գործընկերների բացահայտման ուղղությամբ, որոնք հետաքրքրված են Հայաստանի գործարար ոլորտների զարգացմամբ:

2016թ. միջազգային ֆինանսական հաստատությունների և զարգացման հիմնադրամների ցուցակը թարմացվել է՝ ներառելով երկու նոր գործընկերներ՝ Լյուքսեմբուրգում գործող responsAbility Investments AG-ն և Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամը(GCPF): Այս գործարքները վկայում են այն մասին, որ միջազգային ներդրողների համար Ամերիաբանկը հուսալի ու թափանցիկ է:

Նախորդ 7 տարիների ընթացքում Ամերիաբանկն ընդհանուր առմամբ ներգրավել է շուրջ 500 մլն ԱՄՆ դոլար տարբեր միջազգային ֆինանսական հաստատություններից և զարգացման կառույցներից, որոնց թվում են Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ), Հոլանդիայի զարգացման բանկը (FMO), Գերմանական ներդրումների և զարգացման ընկերությունը (DEG), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ), Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ), Ավստրիական զարգացման բանկը (OeEB), Պրոպարկո ֆրանսիական գործակալությունը, Առևտրի և զարգացման սևծովյան բանկը (BSTDB) և ՕՊԵԿ-ը:

Միջազգային կառույցներից և զարգացման գործակալություններից ներգրավված միջոցներն ուղղվել են փոքր և միջին ձեռնարկությունների, էներգաարդյունավետության/վերականգնվող էներգետիկայի և գյուղատնտեսական նախագծերի ֆինանսավորմանը` հստակ ընդգծելով Ամերիաբանկի դիրքորոշումը վերոնշյալ ոլորտների նկատմամբ: Մենք վստահ ենք, որ միջազգային ֆինանսական միջոցներն ուղղելով դեպի այդ ոլորտներ, էապես նպաստում ենք երկրի կայուն տնտեսական աճին: Մեր թիմի կողմից ներգրավված ներդրողների ցանկը չի սահմանափակվում միայն միջազգային ֆինանսական կառույցներով և զարգացման գործակալություններով, այլ ներառում է միջազգային ներկայություն ունեցող խոշոր բանկեր, որոնք համագործակցում են Ամերիաբանկի հետ նաև գործառնական ոլորտում:

Ինչ վերաբերում է մասնավոր նախագծերին, ապա մեր հաճախորդների թվում են Հայաստանի խոշորագույն ջերմոցային տնտեսություններից երկուսը, որոնց Բանկը տրամադրում է բազմակողմանի խորհրդատվություն և աջակցություն գործունեության ընդլայնման համար շուրջ 100 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավելու հարցում: Այս ուղղությամբ միջազգային ֆինանսական կառույցների հետ բանակցություններն ընթանում էին 2015թ. և շարունակվեցին 2016թ.:

Կապիտալի շուկաներ

Ամերիաբանկի պրոֆեսիոնալ թիմը շարունակում է աջակցել իր հաճախորդներին՝ պարտքային և փայատիրական կապիտալի շուկաներում գործունեություն ծավալող անձանց՝ նրանց առաջարկելով ծառայությունների ամբողջական փաթեթ, որը ներառում է կորպորատիվ պարտատոմսերի թողարկումը, արժեթղթերի առաջնային և երկրորդային տեղաբաշխումը, շուկա ստեղծողի (մարքեթ-մեյքերի) ծառայություններ և խորհրդատվություն: 2016թ. Ամերիաբանկը պահպանել է տեղական կապիտալի շուկաներում առաջատարի իր դիրքերը:

Ամերիաբանկն առաջին անգամ թողարկեց տեղական շուկայում կորպորատիվ պարտատոմսեր՝ իրականացնելով 15 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պարտատոմսեր, որը ցայսօր տեղական շուկայի ամենախոշոր պարտատոմսերի թողարկումն էր և կազմեց ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա արժեթղթերի շուկայի ԱՄՆ դոլարով պարտատոմսերի 45%-ը:

Դրան հետևեց 50 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսերի թողարկումը, որից 5 մլն ԱՄՆ դոլարը տեղաբաշխվեց առաջին տրանշի միջոցով: Երկրորդային շուկայում բավարար իրացվելիություն ապահովելու նպատակով Ամերիաբանկը ներգրավեց շուկա ստեղծող: ԱՄՆ դոլարով պարտատոմսերի թողարկումը կլինի շարունակական գործընթաց՝ զուգակցվելով երկրորդային շուկայի ակտիվությամբ և տեղական շուկայում զգալի իրացվելիության մակարդակով:

Մեկ այլ հաջողված պարտատոմսերի նախագիծ, որն Ամերիաբանկն ավարտել է 4-րդ եռամսյակում, 1 մլրդ ՀՀ դրամ արժողությամբ արժութային պարտատոմսերի թողարկումն էր, որի միջոցով Բանկը առաջարկեց գրավիչ ներդրումային պրոդուկտ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների և տեղական արժույթով ներդրողների համար:

Բանկը պահպանել է Հայաստանում կորպորատիվ պարտատոմսերի շուկայի առաջատարի իր դիրքերը` հանդես գալով որպես ՄՖԿ-ի և ՎԶԵԲ-ի ՀՀ դրամով առաջին պարտատոմսերի թողարկման գլխավոր համակազմակերպիչ և շուկա ստեղծող: ՄՖԿ-ի և ՎԶԵԲ-ի դրամային պարտատոմսերի թողարկումը «AAA» վարկանիշ ունեցող ոչ ռեզիդենտ հաստատության կողմից ՀՀ ազգային արժույթով պարտատոմսերի թողարկման աննախադեպ գործարք էր պարտքային կապիտալի շուկայում, ընդ դրում՝ ՎԶԵԲ-ի պարտատոմսերը լողացող տոկոսադրույքով առաջին արժեթղթերն էին, որոնք ներկայացվել էին ՀՀ բանկերին և այլ ֆինանսական հաստատություններին՝ որպես իրացվելիության կառավարման նոր գործիք:

Ամերիաբանկը Հայաստանում և տարածաշրջանում հանդես է գալիս որպես կապիտալի շուկաների զարգացման ջատագով: Համոզված լինելով, որ Հայաստանի փայատիրական և պարտքային կապիտալի շուկաներն ունեն խոստումնալից ապագա, մենք շարունակաբար աշխատում ենք դրանք զարգացնելու ուղղությամբ:

Միաձուլումներ և ձեռքբերումներ

Ամերիաբանկի Միաձուլումների և ձեռքբերումների բաժինը տրամադրում է ընկերությունների վաճառքի, ձեռքբերման և միաձուլման ծառայությունների համալիր փաթեթ: Թիմը մասնագիտացված է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են բիզնեսի գնահատումը, ֆինանսական և կոմերցիոն ստուգումները (due diligence), խորհրդատվությունը և վաճառքի/ ձեռքբերման նախագծերի կառավարումը:

2016թ. Միաձուլումների և ձեռքբերումների թիմի հիմնական շեշտը հյուրանոցառեստորանային (HoReCa), ֆինանսական ծառայությունների, հանքարդյունաբերության, մասնագիտացված մանրածախ առևտրի, կոմերցիոն անշարժ գույքի, հեռահաղորդակցությունների, առողջապահության և սննդի արդյունաբերության ոլորտներն էին: Ամերիաբանկը մատուցել է խորհրդատվություն տարատեսակ ոլորտներում, ինչպիսիք են՝ անշարժ գույքի, տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտները:

ՀՀ ԿԲ կողմից ընդունված և 2017թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող կապիտալի նվազագույն սահմանաչափը լրացուցիչ խթան էր բանկային ոլորտում վերջին երկու տարիների ընթացքում միաձուլումների և ձեռքբերումների գործընթացների ակտիվացման համար: Չնայած, որ միաձուլումների և ձեռքբերումների հետ կապված սպասումներից հետո մի քանի փոքր գործարքներ տեղի ունեցան, միևնույն է ընդհանուր իրավիճակը մնում է կայուն՝ առաջիկա խոշոր ձեռքբերումների ակնկալիքով, որոնք անխուսափելիորեն կհանգեցնեն բանկային ոլորտի կոնսոլիդացմանը: 2016թ. Ամերիաբանկի Միաձուլումների և ձեռքբերումների թիմը հանդես է եկել որպես խորհրդատու երեք հիմնական գործարքներում և հետագայում նույնպես հետևելու է շուկայի զարգացումներին:

Առևտրային գործառնություններ

2016թ. տվյալներով Ամերիաբանկն առաջատարն էր ՀՀ շուկայում արտարժութային գործառնությունների ոլորտում: 2016թ. առևտրային գործառնություններից զուտ եկամուտը աճել է 59.7%-ով՝ զգալիորեն գերազանցելով բանկային ոլորտի ցուցանիշը, որը նախորդ տարվա համեմատ մնացել է գրեթե նույն մակարդակի վրա` 0.5%:

Այս տարվա ընթացքում ՀՀ արտարժույթի շուկան համեմատաբար կայուն էր՝ առանց արտարժույթի փոխարժեքի զգալի տատանումների: Բանկի հաճախորդների արտարժութային գործարքների ծավալի աճը գերազանցել է բանկային ոլորտի միջին ցուցանիշը: Բանկային ոլորտում առևտրային գործառնությունների ծավալը կազմել է 23.3%: Ամերիաբանկը շարունակում էր ակտիվորեն մասնակցել հայկական եվրապարտատոմսերի շուկայի գործունեությանը և շուկայի խոշորագույն մասնակիցներից էր ոչ պետական պարտատոմսերում իրականացված ներդրումների ծավալով:

2016թ. Ամերիաբանկի բրոքերային ծառայություններից օգտվող հաճախորդների քանակը աճել է ավելի քան 10%-ով, իսկ գործարքները աճել են ավելի քան 20%-ով: Ամերիաբանկը բրոքերային ծառայություններ է մատուցում 23 երկրի 100-ից ավել մասնագիտացված առևտրային հարթակներում, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել տարատեսակ արժեթղթերի առքուվաճառք ֆոնդային բորսաներում և մշտապես տեղեկացված լինել ֆինանսական շուկայի զարգացումների մասին: Բացելով բրոքերային հաշիվ Ամերիաբանկում` հաճախորդը ստանում է հասանելիություն աշխարհի ամենամեծ ֆոնդային բորսաներին, ինչպիսիք են` NYSE-ն, NASDAQ-ը, AMEX-ը, ARCA-ն, CBOT-ը (ԱՄՆ), Տորոնտոյի և Մոնրեալի ֆոնդային բորսաները (Կանադա), LSE-ն, LSE International Order Book-ը (Միացյալ Թագավորություն), Ֆրանկֆուրտի բորսան FWB (Գերմանիա), Վիեննայի բորսան VSE (Ավստրիա), Բրյուսելի Euronext բորսան, Nasdaq OMX Europe NUROEN-ը (Բելգիա), Euronext France-ը (Ֆրանսիա), Շվեյցարիայի ֆոնդային բորսան SWX (Շվեյցարիա), Borsa Italiana-ն (Իտալիա), Մադրիդի բորսան (Իսպանիա), Տոկիոյի բորսան TSE.JPN (Ճապոնիա), Հոնկոնգի բորսան SEHK (Չինաստան), Ավստրալիայի բորսան ASX և այլն: Հաճախորդը հնարավորություն է ստանում իրականացնել տարբեր արժույթներով գնանշվող արժեթղթերի առքուվաճառքի գործարքներ և ստանալ միջազգային շուկաների արժեթղթերի գնանշումներն իրական ժամանակում:

Բանկի գործունեության արդյունքում Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի` 2016թ. «Լավագույն պայմաններով արտարժույթ փոխանակող բանկ»՝ Global Finance ամսագրի կողմից: 2017թ. սկզբին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան հայտարարեց «Բորսայի լավագույն անդամ 2016» մրցանակաբաշխության հաղթողներին. Ամերիաբանկը հաղթեց «Դեպոզիտար համակարգի լավագույն հաշվի օպերատոր-պահառու օտարերկրյա արժեթղթերի շուկայում» անվանակարգում:

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՒՂԵՐՁ

Հարգելի գործընկերներ,

Պահպանելով կորպորատիվ կառավարման լավագույն չափանիշները՝ այս տարի ևս մենք մեր ջանքերն ուղղել ենք գերազանց մակարդակի կորպորատիվ կառավարում ապահովելուն:

Մենք խորապես հավատում ենք, որ կորպորատիվ կառավարման ամենաբարձր նշաձողի սահմանումն ու պահպանումը առանցքային նշանակություն ունեն մեր ռազմավարական ծրագրերի իրականացման և, ընդհանուր առմամբ, մեր գործունեության երկարաժամկետ հաջողության համար:

Կապիտալի միջազգային շուկաների հասանելիությունը սահմանված է մեր ռազմավարությամբ, և ուրեմն մեր կողմից իրականացվող կորպորատիվ կառավարումը պետք է համահունչ լինի միջազգային նորմատիվ պահանջներին և լավագույն չափանիշներին:

2016թ. մենք զգալի ձեռքբերումներ ունեցանք այս առումով, մշակեցինք խորհրդի նոր կառուցվածք և կորպորատիվ կառավարման նոր կանոնակարգեր: Բանկի Տնօրենների խորհրդին միացավ երեք նոր անդամ՝ Պիեռ Գյուրջյանը, Օլեգ Ցարկովը և Ալեքսեյ Գերմանովիչը: Պիեռ Գյուրջյանը փոխարինեց Գոռ Նահապետյանին, ում պաշտոնավարման ժամկետը սպառվել էր:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Գոռին 2007թ. խորհրդին անդամակցելուց ի վեր դրսևորած նվիրումի և ծանրակշիռ ներդրման համար: Իր պաշտոնավարման ընթացքում նա կարևոր դեր է խաղացել և հսկայական աջակցություն ցուցաբերել Ամերիաբանկի կայացման գործում:

Պիեռ Գյուրջյանը փորձառու և հմուտ մասնագետ է, ով բացառիկ ձեռքբերումների է հասել ֆինանսական և խորհրդատվական ծառայությունների ոլորտներում: Մեզ համար մեծ պատիվ է ողջունել նրան մեր խորհրդի կազմում:

Մենք ուրախ ենք նաև ողջունել Ալեքսեյ Գերմանովիչին ու Օլեգ Ցարկովին՝ որպես խորհրդի նոր անդամների:

Ալեքսեյ Գերմանովիչը ներկայացնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը: Նա պրոֆեսիոնալ անկախ տնօրեն է, Ռուսաստանում կորպորատիվ հաղորդակցման և ներդրողների հետ հարաբերությունների կառավարման ոլորտի առաջատար մասնագետներից մեկը: Օլեգ Ցարկովը ներդրումային ոլորտի փորձառու մասնագետ է և ֆինանսաբանկային ասպարեզում իր հարուստ փորձը կծառայեցնի մեր ընկերության զարգացմանը:

Մենք ավարտել ենք Տնօրենների խորհրդին կից կոմիտեների ձևավորման գործընթացը: Պահանջվող բոլոր ներքին կանոնակարգերն ու ընթացակարգերն արդեն իսկ հաստատվել և գործում են: Ապահովելով բոլոր իրավական նախապայմանները՝ մենք այժմ պատրաստ ենք թևակոխել հաջորդ՝ գործնական փուլ:

Համոզված ենք, որ խորհրդին կից գործող կոմիտեները խորհրդին հնարավորություն կտան առավել արդյունավետ և տեղեկացված որոշումներ կայացնել՝ նպաստելով Տնօրենների խորհրդի ղեկավարման և վերահսկման գործառույթների բարելավմանը:

Մենք ուրախ ենք ներկայացնել կորպորատիվ կառավարման ոլորտում մեր ձեռքբերումները և մտադիր ենք շարունակել բարելավումը՝ այս գործընթացը համարելով շարունակական և անսպառ:

Վստահ ենք, որ կորպորատիվ կառավարման մեր կատարելագործված համակարգը թույլ կտա արդյունավետ փոխգործակցություն ապահովել մեր ղեկավարության և շահառուների միջև՝ նպաստելով մեր ռազմավարական ծրագրերի իրականացմանն ու բաժնետերերի ներդրումների եկամտաբերության աճին:

Տնօրենների խորհրդի նախագահ՝

Անդրեյ Մկրտչյան

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Կորպորատիվ կառավարման կառուցվածքը

Բանկի կորպորատիվ կառավարման կառուցվածքը Տնօրինության, Տնօրենների խորհրդի, բաժնետերերի և այլ շահառուների միջև հարաբերությունների կառավարման հիմքն է: Բանկի կորպորատիվ կառավարման համակարգը ներառում է հետևյալ մարմինները.

Բաժնետերերի ընդհանուր ժողովը Բանկի կառավարման բարձրագույն մարմինն է, որը կանոնակարգում և ղեկավարում է Բանկի գործունեության հիմնական ուղղությունները: Բաժնետերերի ընդհանուր ժողովն իրավասու է հաստատել Բանկի ռազմավարական զարգացման վերաբերյալ բոլոր առանցքային որոշումները:

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Տնօրենների խորհուրդ

Տնօրենների խորհուրդը պատասխանատու է Բանկի երկարաժամկետ առաջընթացի ապահովման համար: Այն սահմանում է Բանկի ռազմավարությունն ու հիմնական արժեքները և վերահսկում ղեկավարության գործունեությունը:

Խորհրդի նպատակն է Բանկի բաժնետերերի համար առավելագույն ներդրումային արժեքի ապահովումը և այլ շահագրգիռ անձանց շահերի պաշտպանությունը:

Խորհրդի հիմնական խնդիրներից մեկն է ներքին հսկողության արդյունավետ համակարգի ներդնումը, Բանկի գործունեության հետ առնչվող ռիսկերի պատշաճ վերահսկումն ու ռիսկերի «ախորժակի» սահմանումը: Էական ռիսկերի, այդ թվում՝ սոցիալական, բնապահպանական և էթիկական ռիսկերի բացահայտումը, դրանց գնահատումը և կառավարումը Բանկում կրում են շարունակական բնույթ: Խորհուրդը պատասխանատու է ռիսկերի և հսկողության ներքին քաղաքականությունների և ընթացակարգերի մշակման համար, իսկ գործադիր մարմինն ստանձնել է դրանց ներդրման և իրականացման պարտականությունը: Ներքին հսկողության համակարգերի և դրանց արդյունավետության գնահատման պատասխանատվությունը նույնպես կրում է խորհուրդը:

Խորհուրդը պարտավոր է մշտապես ապահովել իր աշխատանքի պատշաճ կատարման համար անհրաժեշտ գիտելիքի և հմտությունների համապատասխան պաշար: Խորհրդի արդյունավետության տեսանկյունից առանցքային դեր է խաղում տեղեկատվության ու կառավարման գործընթացների հասանելիությունը ամբողջ Բանկի մակարդակով: Խորհրդի բոլոր անդամները մշտապես ձգտում են ապահովել իրենց մասնակցությունը բոլոր նիստերին, եթե ոչ առկա, ապա հեռակա կարգով:

Խորհրդի անդամները և նախագահը հաճախակի այցելում են Բանկ և շփվում բոլոր օղակների աշխատակիցների հետ, ինչը նրանց հնարավորություն է տալիս տեղում ծանոթանալ ընկերության մշակույթին, արժեքներին ու գործնական համատեքստ ստեղծել նիստերի ընթացքում քննարկվող տեղեկությունների համար:

Իր պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումների ընթացքում խորհուրդն ուսումնասիրում է ղեկավարության բոլոր գործողությունները՝ դրանց հիմնավորվածությունը գնահատելու նպատակով: Այդ հարցում առավել կարևոր դեր է խաղում խորհրդի նախագահը, ով հնարավորություն է տալիս խորհրդի բոլոր անդամներին արտահայտել իրենց դիրքորոշումը:
Ամերիաբանկի Տնօրենների խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Տնօրենների խորհրդի կանոնակարգով, որով սահմանվում են խորհրդի գործունեության հիմնական նպատակներն ու խնդիրները, իրավասությունների շրջանակը, նիստերի նախապատրաստման, հրավիրման և վարման կարգը:

2016թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Տնօրենների խորհրդի կազմում ընդգրկված էին հետևյալ 7 անդամները:

Տնօրենների խորհրդի կառուցվածքը

Տնօրենների խորհրդի անդամների պաշտոնավարման ժամկետը սահմանվում է Ընդհանուր ժողովի կողմից և չի կարող 5 տարուց պակաս և 10 տարուց ավել լինել, ընդ որում Տնօրենների խորհրդի նախագահն ու անդամներն ունեն վերընտրվելու իրավունք: Բանկի այն բաժնետերերը, որոնք տիրապետում են Բանկի տեղաբաշխված բաժնետոմսերի 10 և ավել տոկոսին, իրավունք ունեն առանց ընտրության ընդգրկվել Բանկի Տնօրենների խորհրդի կազմում կամ խորհրդի կազմում նշանակել իրենց ներկայացուցչին: Փոքր մասնակցություն ունեցող բաժնետերերը կարող են միավորվել և խորհրդի կազմում ընդգրկել իրենց միասնական ներկայացուցչին:

Խորհրդի կազմը, անդամների թիվը և որակավորումը, ինչպես նաև նրանց փոխլրացնող փորձառությունն ու հմտություններն անմիջականորեն անդրադառնում են խորհրդի արդյունավետության վրա: Խորհուրդը պարբերաբար անդրադառնում է այս հարցին՝ հասկանալու համար, թե ինչպիսի մարդիկ են անհրաժեշտ ներկայում և կարող են անհրաժեշտ լինել ապագայում՝ հաջողության հասնելու համար:

Գիտակցելով բազմազան հմտություններ և գիտելիքները մեկտեղելու բոլոր առավելությունները՝ Բանկը Տնօրենների խորհրդում ընդգրկել է Բանկը հավուր պատշաճի ղեկավարելու համար անհրաժեշտ ամենատարբեր ունակություններ և փորձառություններ ունեցող մարդկանց: Խորհրդի նոր անդամներ ներգրավելիս՝ Բանկը հաշվի է առնում աշխարհագրական բազմազանությունը, բանկային գործի, ակտիվների կառավարման, խորհրդատվության, ֆինանսների և միջազգային բիզնեսի ոլորտներում հարուստ մասնագիտական փորձը: Խորհրդի համար կադրային պլանավորման նպատակն է խորհրդի և Տնօրինության համար մշտապես ապահովել համապատասխան մասնագիտական որակավորմամբ և փորձառությամբ մարդկային ռեսուրսներ: Հիմնական սկզբունքն այն է, որ չնայած նոր մարդիկ կարող են նոր շունչ հաղորդել առօրյա գործընթացներին և հանդես գալ նոր գաղափարներով, մենք բարձր ենք գնահատում նաև Բանկում բազմամյա փորձ ունեցող անդամներին, ովքեր առավել խոր գիտելիք և պատկերացում ունեն Բանկի ամեն մի գործընթացի մասին:

Խորհրդի արդյունավետ աշխատանքը Բանկի հաջողության հիմնական գրավականներից է: Բանկը մշտապես իրականացնում է Տնօրենների խորհրդի անդամների վերապատրաստման ծրագիր, որը հատուկ համապատասխանեցված է նրանցից յուրաքանչյուրի պահանջներին: Ծրագրի նպատակը խորհրդի անդամների շարունակական զարգացումն է: Այն հնարավորություն է տալիս ընդլայնել մասնագիտական աշխարհայացքը, ավելի խոր պատկերացում կազմել բիզնեսի և շուկաների մասին:

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Տնօրենների խորհրդին կից կոմիտեներ

2016թ. Ամերիաբանկը մշակել և հաստատել է խորհրդին կից կոմիտեների գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերը:
Ներկայումս Բանկում գործում է խորհրդին կից երեք կոմիտե.

Կոմիտեների կազմում ընդգրկվելը որևէ կերպ չի ազդում Տնօրենների խորհրդի իրավասությունների ու պարտականությունների վրա և չի սահմանափակում դրանք:

Կոմիտեներն իրենց պարտականություններն իրականացնում են ինքնուրույն, սակայն վերջնական հաստատման համար կոմիտեների որոշումները և նախագծերը ներկայացվում են Տնօրենների խորհրդին:
Համաձայն Բանկի ներքին կանոնակարգերի՝ համակողմանի ուսումնասիրման ենթակա ցանկացած հարց սկզբում պետք է քննարկվի կոմիտեների մակարդակով, այնուհետև ներկայացվի Տնօրենների խորհրդին:

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Տնօրենների խորհրդի անդամներ

Անդրեյ Մկրտչյան

Տնօրենների խորհրդի նախագահ

Ծննդյան ամսաթիվ՝ 2 դեկտեմբերի, 1973թ.

Անդրեյ Մկրտչյանը նշանակվել է Տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում 2013թ. նոյեմբերի 27-ին, իսկ մինչ այդ՝ 2007թ.-ից մինչև 2013թ., եղել է Տնօրենների խորհրդի անդամ:

Փորձ և հմտություններ

Ա. Մկրտչյանն «Ամերիա» ՓԲԸ Տնօրենների խորհրդի նախագահն է: Անդրեյ Մկրտչյանը կանգնած է եղել Հայաստանում ներդրումային բանկային և խորհրդատվական ծառայությունների ստեղծման ակունքներում: Նրա հարուստ փորձը ռազմավարական կառավարման ոլորտում դարձել է այդ ընկերությունների աճի ու զարգացման գրավականը: Նա առաջին գործարարն է Հայաստանից, ով դարձել է Համաշխարհային տնտեսական համաժողովի Նոր առաջնորդների ենթախմբերից մեկի հիմնադիր անդամը: Անդրեյ Մկրտչյանը նաև մի շարք մասնավոր և պետական կազմակերպությունների խորհուրդների անդամ է:

Ա. Մկրտչյանն ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի կողմից արժանացել է նաև պատվո շքանշանի՝ Հայ առաքելական եկեղեցու համար կատարած բարեգործական գործունեության համար:

Կրթություն: 

Ա. Մկրտչյանը իր մագիստրոսի գիտական աստիճանը ստացել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում: Նա ստացել է կրթաթոշակ Ամերիկյան Տնտեսական Ասոցիացիայի (AEA) կողմից Կոլորադոյի պետական համալսարանի տնտեսագիտական բաժնում՝ իր գիտական աշխատանքի համար, ինչպես նաև մասնակցել է մի շարք համալսարանների գործարար ծրագրերին, այդ թվում՝ Kingston Business School, Harvard Business School, INSEAD GELI և այլն:

Ռոբերտ ֆոն Ռեկովսկի

Տնօրենների խորհրդի անկախ անդամ

Ծննդյան ամսաթիվ՝ 26 հուլիսի, 1966թ.

Ռոբերտ ֆոն Ռեկովսկին զբաղեցնում է Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի անկախ անդամի պաշտոնը 2012թ. հոկտեմբերից:

Փորձ և հմտություններ

Համաշխարհային ակտիվների կառավարման ոլորտում ավելի քան 28 տարվա փորձառություն ունեցող Ռոբերտ ֆոն Ռեկովսկին Fidelity Investments ընկերության՝ զարգացող շուկաների ռազմավարության բաժնի փոխնախագահն է: Նրան են հանձնված ամերիկյան և կանադական ներդրողների մի շարք ինստիտուցիոնալ և մանրածախ ներդրումային հիմնադրամներ զարգացող շուկաներում:

1989թ. ընդունվել է Fidelity Investments ընկերության՝ ֆիքսված եկամտաբերությամբ ներդրումների բաժին: 1995թ. զարգացող շուկաների պարտքային գործիքների կառավարման խմբի հետ տեղափոխվել է բարձր եկամտաբերությամբ ներդրումների բաժին` որպես սուվերեն պարտքային գործառնությունների վերլուծաբան: 1996-1998թթ. ընկերության լոնդոնյան գրասենյակում զբաղվել է եվրոպական շուկայում կապիտալ ներդրումների ուսումնասիրությամբ` միաժամանակ շարունակելով զբաղեցնել վերլուծաբանի իր պաշտոնը: 2002-2004թթ. եղել է զարգացող շուկաների հիմնադրամների` Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանների մասով պատասխանատու առաջատար կառավարիչ: 2004թ. տեղափոխվել է Բոստոն, ուր ստանձնել է ընկերության` զարգացող շուկաներում կապիտալի ներդրումային հիմնադրամների կառավարումը:

Կրթություն

Ստացել է Ալբանիայի Նյու-Յորքի նահանգային համալսարանի (SUNY) (ԱՄՆ) քաղաքագիտության բակալավրի գիտական աստիճան, ինչպես նաև Հյուսիսարևելյան համալսարանը (ԱՄՆ)` ստանալով մագիստրոսի կոչում: Ունի նաև ֆինանսների մագիստրոսի կոչում, որն ստացել է Բրենդայզ համալսարանում:

Ռուբեն Վարդանյան

Տնօրենների խորհրդի անդամ

Ծննդյան ամսաթիվ՝ 25 մայիսի, 1968թ.

Ռուբեն Վարդանյանն Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի անդամ է նշանակվել 2013թ. նոյեմբերի 27-ին: Ռուբեն Վարդանյանը 2007թ. Բանկի վերակազմավորման պահից մինչև 2013թ. զբացեղրել է «Ամերիաբանկ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը:

Փորձ և հմտություններ

Ռուբեն Վարդանյանը հայտնի ներդրումային բանկիր է՝ ավելի քան 25 տարվա փորձով, նշանակալից դեր է խաղացել Ռուսաստանի կապիտալի շուկաների կայացման գործում:

Հանդիսանում է Մոսկվայի «ՍԿՈԼԿՈՎՈ» կառավարման դպրոցի հիմնադիր-գործընկեր, խորհրդատվական միջազգային խորհրդի նախագահի տեղակալ, Զարգացող շուկաների հետազոտության ինստիտուտի նախագահ, «ՍԿՈԼԿՈՎՈ» բիզնես-դպրոցի հարստության կառավարման և բարեգործության կենտրոնի փորձագիտական խորհրդի նախագահ, մի շարք կազմակերպությունների խորհրդի անդամ Ռուսաստանում և այլուր, այդ թվում՝ Համաշխարհային բանկի խմբի՝ մասնավոր հատվածը սպասարկող անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի Տնտեսական խորհրդատվական խորհրդի անդամ:

Նախքան 2012թ. հունվարին Սբերբանկի հետ միավորումը զբաղեցնում էր Ռուսաստանի և ԱՊՀ առաջին և խոշորագույն ներդրումային բանկերից մեկի՝ «Տրոյկա Դիալոգ»-ի տնօրենների խորհրդի նախագահ – գլխավոր տնօրենի պաշտոնը:

Ռուբեն Վարդանյանը նաև անդամակցում է մի շարք ընկերությունների, այդ թվում՝ «ԿԱՄԱԶ»-ի, «ՍԻԲՈՒՐ Հոլդինգ»-ի, «ՋոուլԱնլիմիթեդ»-ի խորհուրդներին: Մինչև 2015թ.

Կրթություն 

Ռուբեն Վարդանյանն ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, որից հետո ուսանել է մի շարք միջազգային ինստիտուտներում և դպրոցներում, այդ թվում` INSEAD-ում, Հարվարդի բիզնես-դպրոցում, Յեյլի համալսարանում և Սթենֆորդում:

Նուբար Աֆեյան

Տնօրենների խորհրդի անդամ

Ծննդյան ամսաթիվ՝ 25 հուլիսի, 1962թ.

Նուբար Աֆեյանն Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի անդամ է նշանակվել 2010թ. հուլիսին:

Փորձ և հմտություններ

Նուբար Աֆեյանը առողջապահության և կայուն զարգացման ոլորտներում մասնագիտացող սկսնակ կազմակերպություններում ներդրումներ կատարող Flagship Ventures ընկերության ղեկավար գործընկերը և գործադիր տնօրենն է: Այս ընկերությունը խթանել է ավելի քան 75 գիտական նախագծերի զարգացումը, 500-ից ավելի արտոնագրեր է թողարկել և ավելի քան 50 կլինիկական փորձարկումներ է իրականացրել նորարարական թերապևտիկ միջոցների համար:

Նա կենսաբանական սարքավորումների և գործիքների արտադրության ոլորտի առաջատար PerSeptive Biosystems-ի հիմնադիրն էր և գործադիր տնօրենը: Applera Corporation-ի կողմից PerSeptive-ի ձեռքբերումից հետո Ն. Աֆեյանը դարձավ Applera-ի գլխավոր փոխնախագահը և տնօրենը, նախաձեռնեց և վերահսկեց Celera Genomics ընկերութան ստեղծումը:

Վերջին երկու տասնամյակի ընթացքում Ն. Աֆեյանը մասնակցել է կենսաբանական և տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող 20-ից ավել հաջողակ ձեռնարկությունների հիմնադրմանը և կայացմանը: Ներկայումս Նուբար Աֆեյանը հանդիսանում է մի շարք պետական և մասնավոր ընկերությունների խորհրդի անդամ: Նա Flagship-ի ներդրումային պորտֆելի կազմի մեջ մտնող Affinnova, BG Medicine, Bind Biosciences, Ensemble Discovery, Helicos BioSciences, Joule Biotechnologies, LS9 և Eleven Biotherapeutics ընկերությունների տնօրենն է:

Ն. Աֆեյանը մի շարք կազմակերպությունների, այդ թվում` Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տեխնոլոգիական նորամուծությունների Deshpande կենտրոնի, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Ուայթհեդ ինստիտուտի և Մոսկվայի «ՍԿՈԼԿՈՎՈ» կառավարման դպրոցի խորհրդատվական կոմիտեների անդամ է, ինչպես նաև Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և Դիլիջանի միջազգային դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ է: 2016թ. նշանակվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ: Պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով հայրենանվեր գործունեության համար:

Կրթություն 

Ստացել է Քիմիական ճարտարագիտության բակալավրի աստիճան McGill համալսարանից: Ունի կենսատեխնիկական գիտությունների դոկտորի կոչում (Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ), բազմաթիվ գիտական հրապարակումների և արտոնագրերի հեղինակ է:

Պիեռ Գյուրջյան

Տնօրենների խորհրդի անդամ

Ծննդյան ամսաթիվ՝ 8 փետրվարի, 1961թ.

Պիեռ Գյուրջյանը Տնօրենների խորհրդի անդամ է նշանակվել 2016թ. դեկտեմբերին:

Փորձ և հմտություններ

Պ. Գյուրջյանը Բելգիայի խոշորագույն համալսարաններից մեկի՝ Բրյուսելի ազատ համալսարանի տնօրենների խորհրդի նախագահն է: Աշխատում է RVVZ հիմնադրամում որպես գործընկեր, պատասխանատու է հիմնադրամի՝ համաշխարհային մակարդակի բարեգործական ծրագրերի համար: RVVZ հիմնադրամի նպատակն է աշխարհի բարեփոխումը նորարար և փոխակերպող լուծումներով, որին հիմնադրամը ձգտում է հասնել տարածքային զարգացման և կրթական ծրագրերի միջոցով:

Պ. Գյուրջյանը 27 տարի աշխատել է «McKinsey & Company» ընկերությունում որպես ավագ գործընկեր: 2005-2012թթ. եղել է ընկերության լյուքսեմբուրգյան գրասենյակի ղեկավար գործընկերը, այնուհետև ստանձնել մարդկային կապիտալի կառավարման ծառայությունների ղեկավարումը Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանում: Այդ ընթացքում օգնում էր ընկերության հաճախորդներին զարգացնել անհատական և ինստիտուցիոնալ առաջնորդության կարողությունները, մասնավորապես՝ խորհրդատվություն տրամադրում ընկերությունների ղեկավարներին կառավարման, ներքին մշակույթի փոփոխության և ղեկավարման արդյունավետության վերաբերյալ: Ակտիվորեն մասնակցում էր մի շարք ֆորումների (Բաուերի ֆորում, Ղեկավարների առաջխաղացում, Փոփոխության առաջնորդներ)՝ որպես ավագ դասընթացավար, ինչպես նաև ընկերության ավագ գործընկերների համար նախատեսված ներքին ուսումնական ծրագրերին, որոնց շարքում հատկապես

առանձնանում է INSEAD-ի և Հարվարդի համալսարանի առաջատար դասախոսների մասնակցությամբ անցկացվող՝ խորհրդատվության վարպետության դասերի ծրագիրը: «Հայաստան 2020» ծրագրի ստեղծման և զարգացման ակտիվ մասնակից էր: Պ. Գյուրջյանի մասնագիտական հարուստ փորձը ներառում է խորհրդատվության տրամադրում բազում ոլորտներում՝ ռազմավարություն, կազմակերպական հարցեր, գործառնություններ և ընկերությունների վերակազմավորում տարածաշրջանային մակարդակով, այդ թվում՝ հետմիաձուլումային ինտեգրում: Նա նաև բելգիական առաջատար UCB դեղագործական ընկերության տնօրենների խորհրդի անդամ է, վարձատրության և ղեկավար անձնակազմի նշանակման կոմիտեի անդամ: Անդամակցում է Նախագահների համաշխարհային կազմակերպությանը, YouthStart Belgium-ի (նախկինում NFTE Belgium) տնօրենների խորհրդի նախագահն է և Բելգիայի Հարվարդի ակումբի նախկին նախագահը: Հետաքրքրվում է փիլիսոփայությամբ, որի հիման վրա մշակել է «Առաջնորդություն և իմաստություն» նորարարական ուսումնական ծրագիրը: Դասավանդում է «Գործադիր տնօրենների հեռանկարներ» Բրյուսելի ազատ համալսարանի Սոլվեյ բիզնես դպրոցում:

Կրթություն 

Ստացել է Բրյուսելի ազատ համալսարանի կոմերցիոն ճարտարագիտության բակալավրի աստիճան և Հարվարդի բիզնես դպրոցի գործարար կառավարման մագիստրոսի կոչում:

Ալեքսեյ Գերմանովիչ

Տնօրենների խորհրդի անդամ

Ծննդյան ամսաթիվ՝ 19 հուլիսի, 1977թ.

Ալեքսեյ Գերմանովիչը Տնօրենների խորհրդի անդամ է նշանակվել 2016թ. օգոստոսին:

Փորձ և հմտություններ

Ա. Գերմանովիչը պրոֆեսիոնալ անկախ տնօրեն է, Ռուսաստանի՝ կորպորատիվ հաղորդակցման և ներդրողների հետ փոխհարաբերությունների ոլորտում ամենակարկառուն մասնագետներից մեկը:

Ունի ռուսական խոշոր ընկերություններում որպես տնօրենների խորհրդի և գործադիր մարմինների անդամ աշխատելու 15 տարվա փորձ (ֆինանսների, տրանսպորտի և ավիացիայի, ավտոմոբիլային տրանսպորտի, հանքագործության և մետաղաձուլության, մեդիայի և հաղորդակցման ոլորտներում): Ներկայում «Աերոֆլոտ-ռուսական ավիաուղիներ», «Բանկ Սանկտ-Պետերբուրգ» և «Է.ՕՆ Ռոսիա» (այժմ՝ Ունիպրո) ընկերությունների խորհրդի անդամ է: Նախկինում եղել է Պետական տրանսպորտային լիզինգային ընկերության, Սիբիրյան ավիաուղիների, «Իրկուտսկ» միջազգային օդանավակայանի, «ՍԳ Տրանս», «Ռեն ԹիՎի», «Սոլերս» («Սևեռստալ-Ավտո») և մի շարք այլ ընկերությունների խորհրդի անդամ, ինչպես նաև «Սևեռստալ Գրուպ»-ի և Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի գործադիր մարմնի անդամ: Ա. Գերմանովիչն ունի նաև դասախոսական գործունեության փորձ: Աշխատել է Մոսկվայի «ՍԿՈԼԿՈՎՈ» կառավարման դպրոցում որպես պետական և սոցիալական ծրագրերի տնօրեն և դասախոս: Անկախ տնօրենների ասոցիացիայի, PwC ընկերության և Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռներեցների միության կողմից 2013, 2014 և 2015թթ. ընդգրկվել է Ռուսաստանի 50 լավագույն անկախ տնօրենների ցուցակում: Ա. Գերմանովիչը Ռուսաստանի պետական գույքի կառավարման դաշնային գործակալության փորձագիտական խորհրդին կից կորպորատիվ կառավարման կոմիտեի նախագահն է, Անկախ տնօրենների ասոցիացիայի, Ռուսաստանի տնօրենների ինստիտուտի, Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռներեցների միության, Կորպորատիվ տնօրենների և ղեկավարների ասոցիացիայի անդամ:

Կրթություն 

Ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը տնտեսագետի և լրագրողի որակավորումներով: Ունի ղեկավարի գործարար կառավարման մագիստրոսի կոչում Քրենֆիլդի համալսարանից (Մեծ Բրիտանիա):

Օլեգ Ցարկով

Տնօրենների խորհրդի անդամ

Ծննդյան ամսաթիվը՝ 22 սեպտեմբերի, 1966թ.

Օլեգ Ցարկովը Տնօրենների խորհրդի անդամ է նշանակվել 2016թ. սեպտեմբերին:

Փորձ և հմտություններ

Օ. Ցարկովը «Սվարոգ Քեփիթըլ Էդվայզըրս» ընկերության հիմնադիր և ղեկավար գործընկեր է, պատասխանատու է ընկերության ռազմավարական զարգացման, ինչպես նաև մանրածախ առևտրի, սպառողական ապրանքների և կոմերցիոն անշարժ գույքի ոլորտներում ակտիվների կառավարման համար: 2016թ. մայիսից զբաղեցնում է Phoenix Advisors ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը: Իրականացրել է միաձուլման և ձեռքբերման, ֆինանսավորման ներգրավման մի շարք գործարքներ: 2000-2003թթ. ղեկավարել է «Տրոյկա Դիալոգ» ընկերության ներդրումաբանկային վարչությունը: Նրա օրոք «Տրոյկա Դիալոգ»-ը դարձավ ռուսական շուկայի առաջատարը միջին կապիտալացմամբ ներդրումային գործառնությունների ոլորտում և ռուբլով պարտատոմսերի թիվ 1 անդերրայթերը: 1996-1998թթ. Օ. Ցարկովը «Կրեդիտանստալտ Գրանտի»-ի՝ այն ժամանակվա ռուսական խոշորագույն բրոքերային ընկերության գործադիր տնօրենն էր: Միաժամանակ Ֆոնդային շուկայի մասնակիցների ազգային ասոցիացիայի, Դեպոզիտար քլիրինգային ընկերության և Ռուսական առևտրային համակարգի անդամ էր:

Կրթություն

Ավարտել է Ռեդինգի համալսարանի ISMA բիզնես դպրոցը (Մեծ Բրիտանիա)՝ ստանալով մագիստրոսի կոչում՝ «միջազգային ֆինանսական շուկաներ» մասնագիտացմամբ:

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Տնօրինություն

Բանկի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է Բանկի գործադիր մարմինը` Տնօրինությունն ու Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը:

Տնօրինության կազմի մեջ են մտնում գլխավոր տնօրենը, տնօրինության անդամները (այդ թվում` գլխավոր տնօրենի տեղակալը և գլխավոր հաշվապահը): Գլխավոր տնօրենին և վերջինիս ներկայացմամբ Տնօրինության անդամներին նշանակում է Տնօրենների խորհուրդը:

Տնօրինության և գլխավոր տնօրենի իրավասությանն են պատկանում Բանկի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը՝ բացառությամբ կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների բացառիկ իրավասությանը վերապահված հարցերի:

Արտակ Հանեսյան

Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն

Ծննդյան ամսաթիվ՝ 12 փետրվարի, 1973թ.

2007թ. հոկտեմբերին Արտակ Հանեսյանն ստանձնեց «Հայներարտբանկ» ՓԲԸ-ի, ներկայումս` «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը, իսկ 2008թ. ապրիլից առ այսօր զբաղեցնում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենի պաշտոնը:

Փորձ և հմտություններ 

Ա. Հանեսյանն ունի ՀՀ բանկային համակարգում բարձրագույն ղեկավար պաշտոններում աշխատելու հարուստ փորձ: Այս ոլորտում նա աշխատում է ավելի քան 20 տարի, որոնց ընթացքում զբաղեցրել է մի շարք կարևոր պաշտոններ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում, ներառյալ գլխավոր տնօրենի պաշտոնը (2006-2007թթ.), ֆինանսական գլխավոր վարչության պետի, վարչության նախագահի տեղակալի պաշտոնները (1998-2006թթ.): Նա ՀՀ Կենտրոնական բանկում ստանձնել է վերահսկողության, կարգավորման և արտոնագրման վարչության մասնագետի, ավագ մասնագետի, իսկ այնուհետև վերահսկողության վարչության առաջին բաժնի պետի պարտականությունները (1995-1998թթ.): Աշխատել է «Արմինվեստբանկ» ՓԲԸ-ում որպես ինժեներ (1993-1994թթ.):

Կրթություն 

Ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը (տնտեսագետի որակավորմամբ)` ստանալով մագիստրոսի կոչում:

Գևորգ Թառումյան

Տնօրինության անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ֆինանսական տնօրեն

Ծննդյան ամսաթիվ՝ 23 մայիսի, 1969թ.

Գևորգ Թառումյանը Տնօրինության անդամ է նշանակվել 2012թ. օգոստոսին:

Փորձ և հմտություններ

Գևորգ Թառումյանն ունի տեղական և համաշխարհային մակարդակի բանկերում ֆինանսական տնօրենի պաշտոնում աշխատելու ավելի քան 15 տարվա փորձ, որն անգնահատելի դեր է խաղում այժմ Ամերիաբանկի Տնօրինության կազմում աշխատելու համար:

Բանկային համակարգում իր գործունեությունն սկսել է 1994թ. ՀՀ Կենտրոնական բանկի վերահսկողության ծառայությունում, որտեղ զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ, ինչպես նաև իրականացրել է Միջին Ասիայի և Կովկասի բանկերի վերահսկողության բազելյան կոմիտեի տարածաշրջանային խմբի համակարգումը Հայաստանում: 1999թ. տեղափոխվել է Հայներարտբանկ՝ որպես ֆինանսական տնօրեն, իսկ 2006թ. նշանակվել է նույն բանկի գլխավոր տնօրենի տեղակալ: Աշխատել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում որպես գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահի տեղակալ և ֆինանսական դեպարտամենտի տնօրեն (2007-2008թթ.), այնուհետև՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում որպես գլխավոր ֆինանսական տնօրեն: 2012թ. մարտի 6-ին նշանակվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ: Գևորգ Թառումյանն աշխատում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում 2012թ. հունիսից՝ որպես Գլխավոր տնօրենի տեղակալ և ֆինանսական տնօրեն: Բանկային համակարգում աշխատանքը Գևորգ Թառումյանը համատեղել է դասախոսական գործունեության հետ` բանկային համակարգի աշխատողների համար կարդալով դասախոսություններ ֆինանսական վերլուծության և ռիսկերի կառավարման թեմաներով: Հանդիսանում է բանկային գործ, ֆինանսական վերլուծություն և ռիսկերի կառավարում թեմաներով մի շարք ձեռնարկների հեղինակ և համահեղինակ:

Կրթություն 

1992թ. ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը, 2004 թվականին մասնակցել է Լոնդոնի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի՝ ղեկավարների համար նախատեսված դասընթացին:

Գագիկ Սահակյան

Տնօրինության անդամ, կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն

Ծննդյան ամսաթիվ՝ 16 հունիսի, 1973թ.

Գագիկ Սահակյանը Տնօրինության անդամ է նշանակվել 2012թ. փետրվարին:

Փորձ և հմտություններ

Գ. Սահակյանն ունի Հայաստանում որպես խորհրդական և ղեկավար աշխատելու մեծ փորձ: Ավելին, նա «Ամերիա» թիմում է եղել սկզբնավորման օրից՝ նախ աշխատելով որպես ավագ խորհրդական, իսկ հետո՝ գործընկեր և կառավարման խորհրդատվության բաժնի ղեկավար (1999-2012թթ.): Մասնակցել է Հայներարտբանկի ձեռքբերման ամբողջ գործընթացին, այժմ Ամերիաբանկում զբաղեցնում է կարևոր պաշտոններ՝ խորհրդական (2008թ. սեպտեմբերի 1-ից 2010թ. նոյեմբերի 30-ը), կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն (2010թ. դեկտեմբերի 1-ից 2012թ. փետրվարի 12-ը), տնօրինության անդամ-կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն (2012թ. փետրվարի 13-ից առ այսօր):

Կրթություն

Ավարտել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը: 1995-1997թթ. ուսումը շարունակել է Հայաստանի ամերիկյան համալսարանի գործարար կառավարման ֆակուլտետում և ստացել գործարար կառավարման մագիստրոսի որակավորում: Հետագայում մասնակցել է Հարվարդի համալսարանի Քենեդի կառավարման դպրոցի դասընթացին (2004թ.):

Արման Բարսեղյան

Տնօրինության անդամ, մանրածախ բանկային գործառնությունների գծով տնօրեն

Ծննդյան ամսաթիվ՝ 1 հուլիսի, 1976թ.

Արման Բարսեղյանը Տնօրինության անդամ է նշանակվել 2012թ. սեպտեմբերին:

Փորձ և հմտություններ

Արման Բարսեղյանը շուրջ 20 տարի աշխատում է մանրածախ բանկային գործառնությունների ոլորտում: Բանկային համակարգում իր աշխատանքային ուղին սկսել է 1997թ. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում (նախկինում Միդլենդ Արմենիա Բանկ ԲԸ)՝ որպես Ֆինանսական վերահսկողության բաժնի մասնագետ: Այնուհետև զբաղեցրել է տարբեր պաշտոններ, մասնավորապես` Ֆինանսական վերահսկողության բաժնի գործառնությունների կառավարիչ (2001-2004թթ.), մասնաճյուղի կառավարիչ (2004-2008թթ.) և մանրածախ ծառայությունների դեպարտամենտի տնօրեն (2008-2012թթ.):

Արման Բարսեղյանն ստանձնել է Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրենի պաշտոնը 2012թ. հունիսին:

Կրթություն

1992-1997թթ. սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում` «Համաշխարհային էկոնոմիկա» մասնագիտացմամբ: Այնուհետ ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական կոչում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտում:

Արթուր Բաբայան

Տնօրինության անդամ, առևտրային գործառնությունների գծով տնօրեն

Ծննդյան ամսաթիվ՝ 22 նոյեմբերի, 1972թ.

Արթուր Բաբայանը Տնօրինության անդամ է նշանակվել 2013թ. դեկտեմբերի 24-ին:

Փորձ և հմտություններ

Ա. Բաբայանը բանկային համակարգում իր մասնագիտական ուղին սկսել է 1999թ. «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում, ներկայումս` «Ամերիաբանկ» ՓԲԸ, որտեղ աշխատելով առ այսօր` զբաղեցրել է տարբեր պաշտոններ` արտարժութային և ֆոնդային գործառնությունների վարչության դիլեր (1999-2001թթ.), գլխավոր դիլեր (2001-2002թթ.), դիլինգային կենտրոնի ղեկավար` (2002-2013թթ.), առևտրային գործառնությունների գծով տնօրեն (11.2013թ.): Նշանակվել է Տնօրինության անդամի պաշտոնակատար (11.2013թ.-12.2013թ.), ապա Տնօրինության անդամ-առևտրային գործառնությունների գծով տնօրեն (12.2013թ.-ից առ այսօր):

Կրթություն 

Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը:

Տիգրան Ջրբաշյան

Տնօրինության անդամ, զարգացման գծով տնօրեն

Ծննդյան ամսաթիվ՝ 23 հունվարի, 1968թ.

Տիգրան Ջրբաշյանը Տնօրինության անդամ է նշանակվել 2008թ. նոյեմբերից 2011թ. դեկտեմբերը և 2013թ. հունիսից առ այսօր: 

Փորձ և հմտություններ

Տ. Ջրբաշյանը Հայաստանի տնտեսության հիմնական ոլորտներում կառավարման խորհրդատվության ավելի քան 20 տարվա փորձ ունի: Նա Հայաստանում ռազմավարության մշակման, ճյուղային բարեփոխումների, իրավական ակտերի մշակման, ինստիտուցիոնալ հնարավորությունների ընդլայնման ոլորտներում ամենակարկառուն փորձագետներից մեկն է: Նրա մշակած լուծումների շնորհիվ բազում պետական և մասնավոր հաստատություններ կարողացել են զգալիորեն բարելավել իրենց գործունեության արդյունավետությունը, ճիշտ օգտագործել կազմակերպության ռեսուրսները, մարդկային կապիտալը, համակարգել բիզնես գործընթացները: Հեղինակել է ավելի քան 130 գիտական հոդվածներ և հրապարակումներ ինստիտուցիոնալ տնտեսագիտության, արդյունաբերական տնտեսագիտության, ներդրումային և ֆինանսական շուկայի զարգացման, առևտրային քաղաքականության մշակման, մակրոտնտեսական տեսության, Հայաստանի` ԵՄ-ին ինտեգրման և ԱՀԿ-ին անդամակցության խնդիրների վերաբերյալ, որոնք տպագրվել են տեղական և միջազգային ամսագրերում և հանդեսներում: Տ. Ջրբաշյանն ընդունվել է աշխատանքի Ամերիաբանկում 2008թ.՝ որպես խորհրդական, իսկ այնուհետև՝ որպես զարգացման գծով տնօրեն: Ներկայումս «Ամերիա» ընկերությունների խմբի գործընկերն է և կառավարման խորհրդատվության բաժնի ղեկավարը:

Կրթություն

Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը` ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում: Սովորել է ՌԴ Բաումանի անվան Պետական տեխնիկական համալսարանի ասպիրանտուրայում, ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական կոչում Հայաստանի տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտում: 

Գոհար Խաչատրյան

Տնօրինության անդամ, գլխավոր հաշվապահ

Ծննդյան ամսաթիվ՝ 3 մայիսի, 1963թ.

Գոհար Խաչատրյանը տնօրինության անդամի պաշտոնակատար է եղել 2008թ. մարտից մինչև հունիս, իսկ 2008թ. հունիսից առ այսօր՝ տնօրինության անդամ:

Փորձ և հմտություններ 

Իր ավելի քան 25 տարվա աշխատանքային փորձի ընթացքում զբաղեցրել է հիմնարար պաշտոններ ինչպես կարգավորող մարմնում, այնպես էլ մասնավոր բանկերում:

Գոհար Խաչատրյանն իր աշխատանքային ուղին սկսել է ՀՀ Կենտրոնական բանկում, որտեղ զբաղեցրել է հետևյալ պաշտոնները` հաշվապահ (1991-1992թթ.), տնտեսագետ (1992-1994թթ.), գլխավոր տնտեսագետ (1994թ.) և առաջատար մասնագետ (1994-2000թթ.): Այնուհետև նա տեղափոխվել է «Հայներարտբանկ» ՓԲԸ, ներկայումս` «Ամերիաբանկ» ՓԲԸ, որտեղ աշխատելով առ այսօր` զբաղեցրել է հետևյալ պաշտոնները. Ֆինանսական դեպարտամենտի հաշվեկշիռների և հաշվետվությունների վերլուծության վարչության պետ (2000թ.), Ֆինանսական հաշվետվությունների և ծախսերի վերահսկման վարչության պետ (2000-2001թթ.), Ֆինանսական դեպարտամենտի կառավարչական հաշվապահության վարչության պետ (2001-2003թթ.), գլխավոր կառավարչական հաշվապահ (2003-2006թթ.), գլխավոր հաշվապահ-կառավարչական հաշվապահության ղեկավար (2006-2008թթ.): «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերության կողմից Հայներարտբանկի ձեռքբերումից հետո նշանակվել է Տնօրինության անդամի ժամանակավոր պաշտոնակատար-գլխավոր հաշվապահ, այնուհետև՝ Տնօրինության անդամ-գլխավոր հաշվապահ (2008թ.-ից):

Բանկային համակարգում աշխատանքը համատեղել է դասախոսական գործունեության հետ: «Հաշվապահական հաշվառումը բանկերում» ձեռնարկի համահեղինակ է:

Կրթություն 

Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը` տնտեսագետի որակավորմամբ:

Սամվել Աղաբաբյան

Տնօրինության անդամ, Անվտանգության ծառայության ղեկավար

Ծննդյան ամսաթիվ՝ 21 դեկտեմբերի, 1973թ.

Սամվել Աղաբաբյանը Տնօրինության անդամ է նշանակվել 2012թ. փետրվարին:

Փորձ և հմտություններ

1996-2007թթ. Ս. Աղաբաբյանն աշխատել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում, որտեղ ձեռք բերված հարուստ փորձը հետագայում ներդրել է Բանկի անվտանգության համակարգի մշակման գործում (այդ թվում՝ ՏՏ անվտանգությունը, ինկասացիոն ծառայությունները՝ որպես բանկի ներքին հսկողության անբաժանելի տարրեր): Նրա ջանքերի շնորհիվ Ամերիաբանկի անվտանգության եզակի համակարգը հայտնի է ներքին շուկայում: «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում` ներկայումս Ամերիաբանկ, աշխատանքի է ընդունվել որպես Գլխավոր տնօրենի խորհրդական (10.2007թ.-12.2007թ.), այնուհետև նշանակվել է Անվտանգության ծառայության ղեկավար (2008թ.-ից առ այսօր): 2012թ. փետրվարից նաև Տնօրինության անդամ է:

Կրթություն 

Ավարտել է Երևանի իրավագիտության և մենեջմենթի ինստիտուտը: Սովորել է Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտում, ստացել իրավաբանի որակավորում: 2003-2004թթ. մասնակցել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ակադեմիայի՝ ղեկավարների համար նախատեսված ծրագրին:

Անդրանիկ Բարսեղյան

Տնօրինության անդամ, Ռիսկերի կառավարման կենտրոնի ղեկավար

Ծննդյան ամսաթիվ՝ 9 մայիսի, 1972թ.

Mr. Անդրանիկ Բարսեղյանը Տնօրինության անդամ է նշանակվել 2009թ. դեկտեմբերին:

Փորձ և հմտություններ

Ա. Բարսեղյանը բանկային գործի, տնտեսագիտության և ռիսկերի կառավարման ոլորտի կարկառուն ներկայացուցիչ է: Նրա փորձը և գիտելիքները ներառում են բանկային ոլորտի տարբեր ուղղություններ: 1995-2002թթ. աշխատել է «Հայագրոբանկ» ԲԲԸ-ում` որպես բանկային տեխնոլոգիաների ավտոմատացման կառավարչության առաջին կարգի, այնուհետև` ավագ և առաջատար մասնագետ, իրացվելիության և ռեսուրսների կառավարման բաժնի գլխավոր տնտեսագետ և այնուհետև` բաժնի պետ, բանկային ռիսկերի կարգավորման վարչության պետ, ավտոմատացման վարչության պետ: 2003թ.-ից աշխատել է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում` որպես հաշվետվությունների և վերլուծությունների բաժնի պետ, այնուհետև` ռիսկերի կառավարման վարչության պետ, բանկի վարչության անդամ: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում աշխատանքի է անցել 2009թ.` որպես ռիսկերի կառավարման կենտրոնի ղեկավար և Տնօրինության անդամ: Անդրանիկ Բարսեղյանը մի շարք գիտական հոդվածների և հրապարակումների, այդ թվում՝ բանկային կառավարման խնդիրներին վերաբերող նյութերի (նաև միջազգային) հեղինակ է: Հանդիսանում է EURO ֆինանսական մոդելավորման եվրոպական աշխատանքային խմբի անդամ (Erasmus համալսարան, Ռոտերդամ):

Կրթություն 

Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) «Հաշվիչ տեխնիկա և ինֆորմատիկա» ֆակուլտետը: Սովորել է ՀՊՃՀ ասպիրանտական դպրոցի մագիստրատուրայում (ստանալով մագիստրոսի կոչում), ՀՊՃՀ ասպիրանտական դպրոցի ասպիրանտուրայում (ստանալով ճարտարագետ-հետազոտողի կոչում) և, պաշտպանելով ատենախոսությունը, ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Բուրաստան Մովսիսյան

Տնօրինության անդամ, տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն

Ծննդյան ամսաթիվ՝ 23 հունիսի, 1972թ.

Բուրաստան Մովսիսյանը Տնօրինության անդամ է նշանակվել 2014թ. հունիսին:

Փորձ և հմտություններ

Նախքան Ամերիաբանկի թիմին միանալը Բ. Մովսիսյանն արդեն ուներ հեռահաղորդակցման ոլորտում աշխատանքի ավելի քան 15 տարվա փորձ: 1996-2013թթ. աշխատել է «Բիլայն Արմենիա» ընկերությունում (նախկին ԱրմենՏել)՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, այդ թվում` շարժական կապի վարչության պետի, վաճառքի տնօրենի և հաճախորդների սպասարկման ծառայության ղեկավարի պաշտոնները: Անմիջական և առանցքային մասնակցություն է ունեցել կապի ոլորտում մի շարք նախագծերի ներդրման գործում՝ ներառյալ բջջային կապի և ռոումինգի ծառայությունները: Ժամանակակից աշխարհում տեղեկատվական և բանկային տեխնոլոգիաները գնալով սերտաճում են: Հիմնվելով հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում իր բացառիկ փորձի վրա՝ Բ. Մովսիսյանն ակտիվ ռազմավարական դեր է խաղում Ամերիաբանկում բանկային տեխնոլոգիաների զարգացման գործում: Բուրաստան Մովսիսյանն «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում աշխատանքի է անցել 2013թ. սեպտեմբերից՝ որպես տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն:

2014թ. հունիսին նշանակվել է Տնօրինության անդամ-տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն:

Կրթություն

Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Մասնակցել է ղեկավարների վերապատրաստման բազմաթիվ դասընթացների, ստացել Լյուքսեմբուրգի MACH ընկերության որակավորումը հեռահաղորդակցության ոլորտում:

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Մեր անձնակազմը

Ամերիաբանկի կարևորագույն ուղենիշը առանձնահատուկ կորպորատիվ մշակույթ ունեցող Երազանքի թիմ կառուցելն ու պահպանելն է: Ամերիաբանկին հաջողվել է ձևավորել երիտասարդ և փորձառու մասնագետների միասնական թիմ, որն ունի մեծ ներուժ, նպատակասլաց է, ճկուն տնտեսական փոփոխությություններին, համընթաց է քայլում տեխնոլոգիական նորարարություններին, համարձակ է և հանդես է գալիս նորարարություններով: Այս պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ է, որ Ամերիաբանկին հաջողվում է պահպանել բարձր աճի տեմպերը և զբաղեցնել շուկայի բացարձակ առաջատարի դիրքը բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշներով: Կազմակերպության կայունությունը ապահովում է թիմը: Մարդիկ Ամերիաբանկի կարևորագույն արժեքն են, որը մնացած բոլոր արժեքներից վեր է դասվում: Աշխատակիցներին տրվում է հնարավորություն ստեղծել կարիերա, հասնել իրենց պրոֆեսիոնալ նպատակներին և ունենալ բոլոր հնարավորությունները իրենց և իրենց ընտանիքների կյանքը բարելավելու համար:

Աշխատակիցների վերապատրաստում

Ամերիաբանկում ներդրված մշակույթը կարևորություն է տալիս աշխատակիցների շարունակական մասնագիտական զարգացմանը, որը խթանում է ինչպես աշխատակիցների ինքնազարգացմանը, այնպես էլ գործատուի կողմից աշխատակիցների գիտելիքների, հմտությունների զարգացման մեջ ներդրումների իրականացմանը:

Վերապատրաստման ծրագրերում առանձնահատուկ տեղ են գրավում բարձր և միջին օղակի ղեկավարության համար կազմակերպվող սեմինար-քննարկումները, վարպետության դասերը, որոնք վարում են համաշխարհային ճանաչում և երկար տարիների պրակտիկ փորձառություն ունեցող բիզնես դպրոցների հիմնադիրներ:

Միևնույն ժամանակ հարկ է նշել արդեն իսկ ավանդույթ դարձած տարբեր միջազգային կառույցներ աշխատակիցներին on-the-job ուսուցման ուղարկելու փորձը: Մասնավորապես, 2016թ. արդյունավետ համագործակցություններ են տեղի ունեցել Սիլիկոնյան հովտի մի շարք աշխարհահռչակ կազմակերպույունների հետ:

Բացի այդ 2016թ. առավել լայն կիրառում գտավ նաև միջազգային ճանաչում ունեցող բիզնես դպրոցների հեռահար ուսուցման ծրագրերին մասնակցությունը, որոնց շարքում են` «Stanford University», «Chartered Management Institution», «CFA Institute»՝ հնարավորություն ընձեռելով Բանկի մասնագետներին չկտրվելով աշխատանքից ուսանել և ձեռք բերել արդի և շուկայում մրցունակ փորձառություն:

Քայլելով ժամանակակից միտումներին և տեխնոլոգիաներին համընթաց՝ Ամերիաբանկի աշխատակիցները մշտապես ակտիվորեն ներգրավված են հեռահար ուսուցման գործընթացում՝ պարբերաբար մասնակցելով տարբեր վեբինարների և միջազգային որակավորումների: Բանկը նաև ունի մշտապես թարմացվող գրադարան, որը հնարավորություն է ընձեռում աշխատակիցներին օգտվել հսկայածավալ ժամանակակից մասնագիտական գրականությունից թե՛ էլեկտրոնային, թե՛ թղթային տարբերակով:
Իր գործունեության ընթացքում Ամերիաբանկն աշխատակիցների համար ապահովել է մասնակցություն 20,945 վերապատրաստման դասընթացներում՝ արտերկրում և ՀՀ տարածքում (այդ թվում՝ ներքին վերապատրաստումներում), մասնավորապես 2016թ.՝ 2745 մասնակցություն է գրանցվել:

Աշխատատեղերի համալրման քաղաքականություն սոցիալական տարբեր ծրագրերի շրջանակներում

Թիմի կայացման և շարունակական աճի համար Բանկը կարևորում է նոր սերնդին վերապատրաստման և պրակտիկ գիտելիքներ փոխանցելու մշակույթը: Ամերիաբանկը ողջունում է բարձր ներուժով, եռանդով լի, նվիրված, համարձակ, նորարար ու նպատակասլաց անձանց, պատրաստ է ներդրում կատարել նրանց մասնագիտական աճի փուլում: Այս գործընթացը սահուն կազմակերպելու համար Բանկում լայնորեն կիրառվում է մենթորների ինստիտուտը ինչպես սկսնակ մասնագետների, այնպես էլ այլ մշակույթից Ամերիաբանկի թիմին միացած փորձառու մասնագետների տեղեկատվական և գործնական ադապտացիան իրականացնելու, ուսուցման և մշակույթի փոխանցման համար:

Ամերիաբանկը շարունակում է արդյունավետ համագործակցությունը Հայաստանի լավագույն ԲՈՒՀ-երի հետ և ընդլայնում նոր գործընկեր-կազմակերպությունների ցանկը: Սկսնակ երիատասարդ մասնագետների համար նախագծված ծրագրերի միջոցով՝ ԲՈՒՀ-երի հետ համագործակցության և «Ամերիա Սերունդ» ծրագրի միջոցով Բանկի թիմին են միացել ավելի քան 130 նպատակասլաց երիտասարդ մասնագետներ: 2016թ. հաջողությամբ մեկնարկել է արդեն թվով 6-րդ «Ամերիա Սերունդ» ծրագիրը: Նախագիծը հնարավորություն է տալիս 20-25 տարեկան նորավարտ և աշխատանքային փորձ չունեցող երիտասարդներին ստանալ տեսական և գործնական գիտելիքներ ֆինանսական ոլորտի, մասնավորապես` բանկային գործի վերաբերյալ, աշխատանքային միջավայրում շփվել փորձառու մասնագետների հետ, ծանոթանալ կորպորատիվ մշակույթի առանձնահատկություններին և իրենց աշխատանքային ուղին սկսել Ամերիաբանկում:

Բանկի համար առանցքային նշանակություն ունի նաև հայրենադարձության հարցը և կարևորելով հայազգի տաղանդավոր երիտասարդների վերադարձը Հայաստան արտասահմանյան առաջատար ԲՈՒՀ-երում կրթություն ստանալուց հետո՝ Բանկը ակտիվորեն համագործակցում է հիմնադրամների հետ և պրակտիկայի ու աշխատանքի հնարավորություն ստեղծում վերոնշյալ թիրախային խմբի համար:

Ամերիաբանկը, հետամուտ լինելով բոլորին համահավասար հնարավորություններ ընձեռելու քաղաքականությանը, լայնորեն համագործակցում է նաև կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են սահմանափակ կարողություններ ունեցող անձանց ադապտացման և աշխատանքի ընդունման խնդիրներով: 2016թ. Բանկի թիմին են միացել հենաշարժողական խնդիրներ ունեցող պայծառ և տաղանդավոր աշխատակիցներ:

Հատկանշական է այն, որ Բանկն աշխատատեղերի համալրման գործընթացն իրականացնելիս բացի ՀՀ ֆինանսական համակարգի լավագույն մասնագետների ներգրավումից, առաջնահերթ ուշադրություն է դարձնում ներքին առաջխաղացմանը` ներքին թեկնածուներին ընձեռելով ինչպես պաշտոնի առաջխաղացման, այնպես էլ ցանկության դեպքում մասնագիտացումը փոփոխելու հնարավորություններ: 2016թ. մեր աշխատակիցների մոտ 3 տոկոսը առաջխաղացման արդյունքում ստանձնել է ղեկավար պաշտոններ:

Արտոնությունների փաթեթ

Կարևորելով երիտասարդ սերնդի մուտքը թիմ՝ միաժամանակ կարևորվում է լավագույն աշխատակիցներին մոտիվացնելու խնդիրը, որը երկարատև աշխատանքային հարաբերություններ ունենալու գրավականն է: Այս գործում առանցքային է մոտիվացիոն համակարգի և շուկայում մշտապես մրցունակ սոցիալական փաթեթ ունենալու անհրաժեշտությունը: Մրցունակ լինելու համար Բանկը 2012թ.-ից սկսած մասնակցել է առաջատար աուդիտորական ընկերությունների կողմից կազմակերպված աշխատավարձերի և հատուցումների հարցմանը: Իրականացվել են նաև բավարարվածության և մոտիվացիոն համակարգի վերաբերյալ հարցումներ և արդյունքների հիման վրա վերանայվել է Բանկում գործող սոցալական փաթեթը: Ներկայումս գործում է արտոնությունների լայն փաթեթ (արտոնյալ պայմաններով բանկային ծառայությունների մատուցում, որը հնարավորություն է ընձեռում նվազագույն ֆինանսական ներդրման կամ ամբողջովին անվճար օգտվել վերոնշյալ ծառայություններից, բժշկական, ճանապարհորդային և դժբախտ պատահարներից ապահովագրություն, վերապատրաստման և մասնագիտական որակավորման բարձրացման հնարավորություն, տարվա ընթացքում 24 ժամ վճարովի բացակայության հնարավորություն և այլն):

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Կազմակերպական կառուցվածք

ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

Ամերիաբանկի ռիսկերի կառավարման քաղաքականությունը սահմանում է այն նվազագույն պահանջները, որոնք անհրաժեշտ են ռիսկերի կառավարման համակարգի ներդրման համար, ռիսկերի կառավարման նպատակները և սկզբունքները, բանկի որոշումներ ընդունող մարմինների և պաշտոնատար անձանց իրավասությունների բաշխումը՝ ռիսկ պարունակող գործառնությունների իրականացման կապակցությամբ, գործառնությունների իրականացման հիմնական ուղենիշներն ու չափանիշները, վերջիններիս նկատմամբ հսկողության իրականացման պայմանները և այլ դրույթները:

Ռիսկերի կառավարումը Բանկի Տնօրենների խորհրդի, Տնօրինության, ղեկավարների և այլ աշխատակիցների կողմից իրականացվող գործընթաց է՝ սկսած Բանկի ռազմավարության մշակումից, ներառյալ Բանկի գործունեության բոլոր ոլորտները: Այն նպատակաուղղված է Բանկի գործունեության հետ կապված ռիսկերի բացահայտմանը, կառավարմանը և Բանկի կողմից սահմանված «ռիսկերի ախորժակի» (Բանկի համար ընդունելի ռիսկերի չափի) նկատմամբ հսկողության իրականացմանը:

Ամերիաբանկի ռիսկերի կառավարման քաղաքականությունը Բանկի զարգացման ծրագրերի բաղկացուցիչ մասերից է և հիմք է հանդիսանում Բանկի ռիսկ պարունակող գործընթացների կարգավորման համար: Այն Տնօրենների խորհրդի կողմից ընդունված սկզբունքների ամբողջություն է, որոնք ուղղված են Բանկի գործունեության առավել արդյունավետ կերպով կազմակերպմանը` սահմանափակելով անբարենպաստ երևույթների ի հայտ գալու հավանականությունը: Ռիսկերի կառավարման քաղաքականության դրույթները ենթակա են կատարման Բանկի Տնօրենների խորհրդի, Տնօրինության, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենի, գործող կոմիտեների և բոլոր աշխատակիցների կողմից: Ռիսկերի կառավարման քաղաքականությունը ենթակա է պարբերական վերանայման` կախված Բանկի ռազմավարությունից և ձևավորվող տնտեսական միջավայրից:

Բանկի ռիսկերի կառավարման ստորաբաժանումը յուրաքանչյուր ամիս իրականացնում է ռիսկերի գնահատում և արդյունքները ներկայացնում Բանկի Տնօրինությանը կամ մասնագիտացված կոմիտեներին (վարկային, ակտիվների և պասիվների կառավարման և այլն), ինչպես նաև Բանկի խորհրդին:

Բանկում ռիսկերի կառավարման հիմնական նպատակներն են՝ բանկային գործիքների որակյալ պորտֆելների ձևավորումը, որոնք կնպաստեն Բանկի համար նվազագույն ռիսկերով առավելագույն արժեքի ստեղծմանը, հնարավոր ռիսկերով պայմանավորված կորուստների բացառումը կամ դրանց նվազագույնի հասցնելը, շահութաբերության, իրացվելիության և վճարունակության գործակիցների ընդունելի հարաբերակցության պահպանումը:

Բանկում ռիսկերի կառավարման նպատակներին հասնելու համար նախատեսվում է հետևյալ խնդիրների լուծումը՝ Բանկի գործունեության ընթացքում առաջացող հնարավոր ռիսկերի ժամանակին բացահայտումը, ռիսկերի առանձին տեսակների վրա ազդող գործոնների բացահայտումը, առանձին ռիսկերի որակական և քանակական գնահատումը, ռիսկերի ընդունելի սահմանաչափերի հաստատումը, հնարավոր ռիսկերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվության հավաքագրումը, մշակումը և կառավարման մարմիններին հասցնելը, ռիսկերի կառավարման ներքին հսկողության (մոնիթորինգի) ձևերի հաստատումը, ռիսկերի առանձին տեսակների կառավարման արդյունքների համար Բանկի խորհրդի և գործադիր մարմնի անդամների պատասխանատվության սահմանումը, ռիսկերի կառավարման նպատակով համապատասխան միջոցառումների մշակումը, մշակված միջոցառումների իրականացման ընթացքի վերահսկումը:

Ռիսկերի ժամանակին բացահայտման կարևոր պայմաններն են` Բանկի ներքին հիմնական տնտեսական նորմատիվների և ռիսկերի ընդունելի սահմանաչափերի պահպանման պարբերական մոնիթորինգը, Բանկի հաշվեկշռի փոփոխությունների պարբերական վերլուծությունը, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված հիմնական տնտեսական նորմատիվների պահպանումը, տարբեր սթրես սցենարների հաշվարկները, Բանկում առանձին ռիսկերի կառավարումը կանոնակարգող ներքին իրավական ակտերի առկայությունը, որոնցում ներկայացվում են ռիսկերի բացահայտման, դրանց կառավարման մեթոդաբանությունը և մեխանիզմները, որոնք թույլ են տալիս Բանկին ժամանակին արձագանքել համապատասխան իրավիճակին և կառավարել ռիսկերը:

Բանկի ռիսկերի կառավարման քաղաքականությունը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա.

  • Բանկում պետք է ներդրվի ռիսկերի կառավարման միասնական համակարգ, որը պետք է հանդիսանա Բանկի ռազմավարական կառավարման տարրերից մեկը:
  • Ռիսկերի կառավարումը Բանկում ունի պրոակտիվ դեր, մշտական և շարունակական բնույթ: Բանկի բոլոր գործընթացներում ռիսկերը պետք է բացահայտվեն, գնահատվեն, և համապատասխան միջոցառումներ պետք է նախաձեռնվեն ռիսկերի պատշաճ կառավարման համար:
  • Բանկի ռիսկերի կառավարման համակարգը հիմնվում է հնարավորինս ճշգրիտ ռիսկ/եկամուտ հարաբերակցության վրա: Բանկը ռիսկ ձևավորող գործարքներից պետք է կարողանա ընտրել նրանք, որոնց ռիսկերը կարող է գնահատել և արդյունավետ կերպով կառավարել:
  • Բանկը պետք է ձգտի ճանաչել հաճախորդին և պարզել նրա ֆինանսական կարիքները: Բանկը երբեք չպետք է համագործակցի հաճախորդների հետ, եթե չունի պատշաճ տեղեկատվություն վերջինիս ֆինանսական վիճակի մասին: Բանկը հաճախորդների հետ աշխատանքներում պետք է հիմնվի KYC (Know Your Customer՝ Ճանաչիր քո հաճախորդին) սկզբունքի վրա:
  • Բանկի ռիսկ առաջացնող գործիքների հաստատման գործընթացն առանձին գործարքների համար պետք է հիմնվի «չորս աչքի» սկզբունքի վրա` որոշ դեպքերում ներառելով նաև անկախ ռիսկերի կառավարման մասնագետներին (օրինակ` վարկային հայտերը հաստատվում են մեկ վարկային և ռիսկերի կառավարման մեկ լիազորված անձանց կողմից): Հաստատումների գործընթացը յուրաքանչյուր գործիքի համար սահմանվում է համապատասխան գործիքի քաղաքականությամբ և/կամ ընթացակարգով:
  • Բանկի բոլոր գործիքների և գործընթացների համար պետք է հստակ և փաստաթղթավորված կերպով սահմանվեն իրավասությունների և պատասխանատվությունների շրջանակները (ներառյալ հաստատումների սահմանաչափերը): Յուրաքանչյուր գործընթացի համար պետք է փաստաթղթավորված կերպով սահմանվեն ներքին հսկողության մեխանիզմները:
  • Բանկի քաղաքականություններից և ներքին իրավական այլ ակտերից շեղումները պետք է հաստատվեն տվյալ քաղաքականությունը հաստատող կամ համապատասխան լիազորություն ունեցող մարմնի կողմից (Տնօրինություն, Տնօրենների խորհուրդ):
  • Յուրաքանչյուր գործարար ուղղություն պատասխանատվություն է կրում ձևավորված ռիսկերի բացահայտման և պարբերաբար մոնիթորինգի իրականացման համար:Բանկի գործիքների գծով մշակվել են համապատասխան կառավարչական տեղեկատվության համակարգեր (MIS), որոնք հնարավորություն են տալիս առավել արդյունավետ կերպով իրականացնել պորտֆելների կառավարումը:
  • Յուրաքանչյուր բանկային գործիքի մասով ռիսկերի կառավարման մոտեցումները (հաստատումների սահմանաչափեր, ընդունելի պարամետրեր, պորտֆելների ծավալ, շեղումներ ընդունված քաղաքականությունից և այլն) պետք է սահմանվեն համապատասխան գործընթացը կարգավորող ներքին իրավական ակտերով և/կամ քաղաքականությամբ, որոնք պետք է համաձայնեցվեն նաև Ռիսկերի կառավարման ստորաբաժանման հետ:
  • Ռիսկերի կառավարման համակարգի աշխատանքի արդյունավետությունը պարբերաբար պետք է գնահատվի Բանկի ներքին աուդիտի ստորաբաժանման կողմից:
  • Բանկի գործունեությունը պետք է պարբերաբար ուսումնասիրվի և գնահատվի Բանկի կառավարման մարմինների կողմից:

Բանկի ռիսկերի կառավարման համակարգը բաղկացած է հետևյալ տարրերից.

  • Ռիսկի ախորժակ. Բանկի Խորհուրդը սահմանում է ընդունելի կորուստների/ռիսկի չափը: Ռիսկի ախորժակը ենթակա է բաշխման ռիսկերի բոլոր տեսակների վրա, այն է՝ վարկային, շուկայական և գործառնական: Յուրաքանչյուր ռիսկի տեսակին բաժին հասնող ռիսկի ախորժակից ելնելով` սահմանվում են կառավարման ենթակա ռիսկերի պարամետրերը և սահմանափակումները:
  • Չափանիշներ և հաշվետվություններ. կառուցվածքի նշված տարրը ներառում է գործիքների հաստատման չափանիշների, ռիսկերի դասակարգման, գործիքի չափանիշների և կառավարչական հաշվետվությունների չափանիշների (ստանդարտացման) սահմանում:
  • Սահմանաչափեր և կանոններ. Բանկի բոլոր գործիքների համար պետք է սահմանվեն հաստատումների, պորտֆելի սահմանաչափեր և համապատասխան կանոններ:
  • Ներդրումների ուղեցույցներ և ռազմավարություններ. պետք է սահմանվեն Բանկի ներդրումային գործունեության ռազմավարությունները, չափանիշները, շեղումների թույլատրելի չափերը: Նշված ուղեցույցները հիմք են հանդիսանում Բանկի հեջավորման, ակտիվների-պասիվների կառավարման և այլ քաղաքականությունների համար:
  • Ռիսկ/եկամուտ հարաբերակցություն. Բանկի բոլոր գործիքները պետք է հիմնվեն ռիսկ/եկամուտ հարաբերակցության վրա ինչպես Բանկի, այնպես էլ նշված գործընթացում ներգրավված աշխատակիցների համար: Պետք է սահմանվեն աշխատակիցների խթանման համապատասխան մոտեցումներ:

ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

ՌԻՍԿԻ ԱԽՈՐԺԱԿ

Ռիսկի ախորժակի սահմանումը

Ռիսկի ախորժակը Բանկի հնարավոր կորուստների/ռիսկի չափն է, որը կարող է կառավարվել և վերականգնվել որոշակի կարճ ժամանակահատվածում առկա ռեսուրսների հաշվին և առանց Բանկի կարճաժամկետ/միջնաժամկետ նպատակները/ծրագրերը ձախողելու:

Կարգավորման ընդունելի ժամկետ

Կորստի վերականգման համար ընդունելի ժամկետ է համարվում 6 ամիսը:

Ընդունելի չափը և բաշխումը
Բանկի ռիսկի ախորժակը ընդունելի կորստի չափն է, որը չի կարող գերազանցել հաշվեկշռային կապիտալի 10%-ը, ընդ որում՝ այն բաշխվում է վարկային, շուկայական և գործառնական ռիսկերի միջև համապատասխանաբար 60%, 30% և 10% մասնաբաժիններով: Վարկային ռիսկի ախորժակը վարկային ներդրումների գծով ձևավորված զուտ կորուստներն են (վարկերի հնարավոր կորուստների գծով զուտ մասհանումները): Շուկայական ռիսկի ախորժակը ներառում է արտարժութային բաց դիրքից բացասական վերագնահատումը (կորուստ)՝ արժութային ռիսկի մասով, տոկոսադրույքների փոփոխությունից հնարավոր կորուստները` լողացող տոկոսադրույքի ռիսկի, ակտիվների ու պարտավորությունների ժամկետային ճեղքվածքի ռիսկի մասով, եկամտաբերության կորի փոփոխության արդյունքում արժեթղթերի պորտֆելի գծով վերագնահատումներից կորուստներ ներդրումային ռիսկը:

Ռիսկի ախորժակը կառավարում է ԱՊԿԿ/Մեծ Վարկային Կոմիտեի կողմից՝ ցածր և միջին ռիսկի գոտում, Տնօրինության կողմից՝ բարձր ռիսկի գոտում, Տնօրենների խորհրդի կողմից՝ սահմանաչափի գերազանցման դեպքում:

ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

ՀԻՄՆԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԸ ԵՎ ՌԻՍԿԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Ռիսկն՝ ապագա պատահարների վերաբերյալ գոյություն ունեցող անորոշությունն է: Այն արտահայտվում է Բանկի գործունեության և ռազմավարական նպատակների իրականացման վրա ազդեցություն ունեցող պատահարների ի հայտ գալու հավանականության և հնարավոր վնասների միջոցով: Ռիսկերը, որոնց ենթարկված է կամ կարող է ենթարկվել Բանկը, ներառում են ներքին և արտաքին հանգամանքներ, որոնք կարող են սպառնալ Բանկի գործունեության անընդհատությանը կամ բացասական ազդեցություն ունենալ Բանկի կապիտալի կամ շահույթի վրա:

Բանկի ռիսկերը դասակարգվում են որպես վարկային, շուկայական, գործառնական և այլ ռիսկեր:

Վարկային ռիսկը` վարկային կամ ակտիվային գործառնությունների արդյունքում ձևավորված այլ ակտիվների (ներառյալ վարկի մայր գումարի կամ տոկոսների) կորստի ռիսկը, հավանականությունն է գործընկերոջ անվճարունակության կամ վճարել չցանկանալու:

Բանկը ենթարկվում է ֆինանսական կորուստ կրելու ռիսկի, երբ Բանկի հաճախորդները կամ պայմանագրի կողմերը խախտում են սահմանված ժամկետներում վճարում կատարելու իրենց պարտավորությունները: Վարկային ռիսկը Բանկի ամենաէական ռիսկն է, քանի դեռ Բանկի հիմնական գործունեությունը ավանդական վարկավորումն է, որն էլ կազմում է հաշվեկշռային ցուցանիշների հիմնական մասը: Հաշվի առնելով տնտեսության դոլարացման բարձր մակարդակը՝ ընդհանուր վարկային ռիսկի էական տարրերից է փոխարժեքների տատանումով պայմանավորված վարկային ռիսկը, որն առաջանում է չապահովված վարկառուներին արտարժույթով տրամադրված վարկերի առկայության հետևանքով: Վարկային ռիսկը պարունակում է նաև կենտրոնացման ռիսկը՝ վարկային պորտֆելի որակի վատթարացման հավանականությունը, որը կարող է առաջանալ մեկ վարկառուին կամ փոխկապակցված վարկառուներին խոշոր վարկերի տրամադրման արդյունքում:

Հաշվեկշռված վարկային պորտֆել և կայուն եկամուտներ ապահովելու համար շատ կարևոր է վարկային ռիսկերի կառավարման կուռ համակարգի առկայությունը: Այդ նպատակով Բանկում ստեղծվել է ռիսկերի շրջահայաց կառավարման համակարգ, որը հիմնվում է վարկային ռիսկերի բացահայտման, չափման և մոնիթորինգի արդյունավետ գործընթացների վրա: Վարկային ռիսկերի կառավարման թիմը գնահատում և կառավարում է մանրածախ և կորպորատիվ գործառնությունների ռիսկերը թե՛ առանձին գործարքների, թե՛ պորտֆելի մակարդակով:

Վարկային ռիսկերի կառավարման բաժիններն իրականացնում են գործարքների ռիսկերի վերլուծությունը, ռեյթինգավորում վարկերի ռիսկերը և հաստատում գործարքները՝ կիրառելով ռիսկերի գնահատման և ռեյթինգավորման հատուկ ներքին մեթոդաբանություններ:

Վարկային ռիսկի կառավարման նպատակն է պորտֆելի վերահսկումը, որակի մոնիթորինգը, ինչպես նաև վարկային ռիսկի կառավարման մեխանիզմների մշակումը և կիրառումը՝ վերլուծությունների, սթրես-թեստերի, վաղ ահազանգման և ռիսկի հիմնական ցուցանիշների և պարամետրերի, ոլորտային վերլուծության և մոնիթորինգի հիման վրա:

Բանկի մոնիթորինգի համակարգի հիմքում է ռիսկերի բացահայտումը, ինչը թույլ է տալիս ժամանակին արձագանքել շուկայական պայմանների փոփոխություններին, բացահայտել վարկային պորտֆելի թույլ կողմերը և նախանշել լուծումներ՝ հիմնավորված որոշումներ կայացնելու համար: Մոնիթորինգի են ենթարկվում առանձին վարկերը, ընդհանուր պորտֆելի կատարողականը, ինչպես նաև արտաքին միտումները, որոնք կարող են ազդել պորտֆելի ռիսկայնության մակարդակի վրա: Վաղ ահազանգման ազդակները կարևոր դեր են խաղում վարկերի որակի վատթարացումը վաղ փուլում հայտնաբերելու և ռիսկի ազդեցությունը զսպող քայլեր ձեռնարկելու համար: Վարկային պորտֆելի մոնիթորինգի ընթացքում կիրառվում է վիճակագրական վերլուծություն:

Վարկային պորտֆելի մոնիթորինգը և ընտրանքային վերլուծությունն իրականացվում են վարկային ռիսկի կառավարման թիմի կողմից՝ պարբերաբար: Կորպորատիվ վարկային ռիսկի կառավարման բաժինը պատասխանատու է այցելությունների միջոցով առևտրային վարկերի մոնիթորինգի համար: Այս գործընթացը թույլ է տալիս վաղ փուլում արագ բացահայտել ռիսկային վարկերը և համապատասխան քայլեր ձեռնարկել:

Վարկային ռիսկերի կառավարման բաժինը պարբերաբար վերլուծում է պորտֆելի միտումները, ներառյալ ընդհանուր վարկային պորտֆելի հնարավոր կորուստները, պորտֆելի որակը, իրականացնում է վարկերի դասակարգման դինամիկայի, պորտֆելի կենտրոնացման և որակի վերլուծությունը և ամսական հաշվետվություն ներկայացնում Վարկային կոմիտեին իր եզրակացությունների վերաբերյալ: Ընդ որում, վարկային պորտֆելի որակի մասին հաշվետվություններն ամսական կտրվածքով ներկայացվում են Տնօրինությանը և Տնօրենների խորհրդին: Վարկային ռիսկերի կառավարման համակարգի շնորհիվ Բանկը կարողանում է բացահայտել և նվազեցնել ռիսկերը՝ ժամանակին վերանայելով իր քաղաքականությունները:

Շուկայական ռիսկ՝ շուկայական գործոնների փոփոխության արդյունքում ապագա դրամական հոսքերի իրական արժեքի փոփոխության ռիսկն է: Շուկայական ռիսկը ներառում է տոկոսադրույքի, գնային, արժութային և բաժնետոմսերի գնի ռիսկերը: Շուկայական ռիսկն առաջանում է շուկայի տատանողականության պատճառով ակտիվների և պարտավորությունների ժամկետայնության, արժույթի և տոկոսադրույքների անհամապատասխանության արդյունքում, ինչպես նաև արժեթղթերի գնի, անշարժ գույքի, Բանկին պատկանող կամ որպես գրավ ընդունված ակտիվների գնի փոփոխության արդյունքում:

Շուկայական ռիսկերի կառավարման համար պատասխանատու է ակտիվների և պարտավորությունների կառավարման կոմիտեն (ԱՊԿԿ): Բանկի նպատակն է կառավարել շուկայական ռիսկերը, սահմանել ընդունելի շեմեր և կիրառել որոշումների կայացման համապատասխան համակարգ՝ հնարավոր կորուստները ռիսկի ախորժակի նախանշված սահմաններում պահելու համար: Կիրառվող վաղ ահազանգման և ռիսկի հիմնական ցուցանիշների համակարգը, տարատեսակ սթրես-թեստերը նպատակ ունեն հաշվարկելու շուկայական տարբեր զարգացումների ազդեցությունը Բանկի վրա, ինչպես նաև հասկանալ շուկայական ռիսկի բաց դիրքի սահմանաչափերն ըստ շուկայական ռիսկի բոլոր աղբյուրների: Իրականացվող սթրես-թեստերի սցենարները պարբերաբար վերանայվում են՝ ելնելով շուկայի պայմաններից: Ռիսկերի պարամետրերի համակարգը սահմանում է պարտադիր գործողությունները, պատասխանատու անձանց, ռիսկի մակարդակի գոտիները, հաշվետվողականության և որոշումների կայացման կանոնները: Շուկայական ռիսկերի կառավարման համակարգը պարբերաբար վերանայվում է և փոփոխվում Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների և շուկայական պայմանների զարգացմանը զուգահեռ:

Արժութային ռիսկ՝ շուկայում արտարժույթի փոխարժեքների փոփոխության արդյունքում ֆինանսական գործիքի արժեքի փոփոխության ռիսկն է: Արտարժույթով (հիմնականում ԱՄՆ դոլարով) արտահայտված ակտիվների և պարտավորությունների մեծ ծավալը տեղական շուկայի ցածր իրացվելիության հետ մեկտեղ Բանկի համար առաջացնում է արտարժութային ռիսկ և դառնում բաց արտարժութային դիրքի հիմնական պատճառը: Նման պայմաններում փոխարժեքի ցանկացած տատանում կարող է հանգեցնել ռիսկով կշռված ակտիվների արժեքի փոփոխության, ավելին, ճնշում գործադրել Բանկի կապիտալի և կապիտալի համարժեքության ցուցանիշի վրա: Արտարժութային ռիսկը նվազեցնելու նպատակով Բանկը կիրառում է ՎաՌ մեթոդաբանությունը (VaR)` դիտարկելով 250 օրվա փոխարժեքները և դրանց հարաբերակցությունը: Ռիսկերի պարամետրերի համակարգը ներառում է նաև ընդհանուր արտարժութային բաց դիրքի պարամետրերը, որոնք սահմանափակվում են ըստ ռիսկի գոտիների, որոշում կայացնողների և սահմանաչափերի խախտման դեպքում ձեռնարկվող միջոցառումների: Արտարժութային ռիսկը, բաց դիրքի արդյունքում կորուստը, ռիսկով կշռված ակտիվների աճը վաղ փուլում կանխատեսելու և Բանկի կապիտալի, կապիտալի համարժեքության ցուցանիշի և իրացվելիության վրա դրանց ազդեցությունը չափելու համար կիրառվում են մի շարք սթրես-թեստեր՝ 3 հիմնական սցենարով:

Տոկոսադրույքի ռիսկ՝ սահմանված ժամանակաշրջանում զուտ տոկոսային եկամտի նվազման ռիսկն է՝ պայմանավորված շուկայական տոկոսադրույքների փոփոխությամբ: Տոկոսադրույքի ռիսկին է ենթարկվում նաև ներդրումային պորտֆելը, քանի որ արժեթղթերի մի մասը զգայուն է տոկոսադրույքի փոփոխության նկատմամբ, իսկ պարտքային գործիքների եկամտաբերության շուկայական տատանումները կարող են հանգեցնել կորուստների՝ դյուրացիայի միջոցով: Տոկոսադրույքի ռիսկի մեկ այլ աղբյուր է հանդիսանում լողացող տոկոսադրույքով (հիմնականում ԼԻԲՈՐ) ներգրավված և տեղաբաշխված միջոցների միջև ոչ զրոյական տարբերությունը: Քանի որ լողացող տոկոսադրույքով վարկատեսակները տեղական շուկայում լավ չեն զարգացած, լողացող տոկոսադրույքի տատանումները կարող են անդրադառնալ բաց դիրքի վրա:

Տոկոսադրույքի ռիսկը, ներառյալ հաստատուն տոկոսադրույքների փոփոխության արդյունքում առաջացող ճեղքվածքը, լողացող տոկոսադրույքի դիրքի չհեջավորված մասը և արժեթղթերի պորտֆելը, վերահսկվում և նվազեցվում է ռիսկերի մեծաթիվ պարամետրերի միջոցով: Տոկոսադրույքի ռիսկի պարամետրերի համակարգը բաղկացած է ավելի քան 30 տարբեր տարրերից: Արժեթղթերի պորտֆելի ռիսկը կառավարվում է առանձին քաղաքականության համաձայն, որն ընդգրկում է պորտֆելի պարամետրերը, սթրես-թեստերի իրականացումը, ակտիվների տեղաբաշխման վերաբերյալ որոշումների կայացման սահմանաչափերը և վաղ ահազանգման ազդակները, որոնք վերանայվում են Բանկի գործունեության ընդլայնմանը զուգահեռ: Տնօրենների խորհրդի կողմից սահմանվող և ԱՊԿԿ-ի և տնօրինության կողմից իրականացվող քաղաքականությունը նախատեսում է տոկոսադրույքի ռիսկի սահմանափակում՝ ռիսկի ախորժակի նախանշված չափով, և հնարավոր կորուստների գնահատում սթրես-թեստերի սցենարների հիման վրա:

Գնային ռիսկ՝ Բանկը ենթարկվում է վարկերի ապահովման ծածկույթի նվազեցման ռիսկի` ապահովման միջոցների շուկայական գների տատանման արդյունքում: Գնային ռիսկի հիմնական աղբյուրներից է գրավադրված անշարժ գույքի արժեզրկման ռիսկը: Գնային ռիսկը կարող է առաջանալ նաև բաժնային գործիքների, հիմնական միջոցների, գրավադրված շարժական գույքի և գնային ռիսկին ենթարկվող այլ ֆինանսական գործիքների շուկայական գների փոփոխության արդյունքում:

Գնային ռիսկը կարող է էական ազդեցություն ունենալ վարկային ռիսկի մակարդակի վրա, քանի որ գնային տատանումներն անշարժ գույքի շուկայում կարող են հանգեցնել չապահովված վարկերի մեծ ծավալի առաջացմանը՝ պայմանավորված «վարկ/գրավ» հարաբերակցության բարձրացմամբ: Վարկային ռիսկի մեկ այլ տարր, որը փոխկապակցված է գնային ռիսկի հետ, միջազգային առևտրով զբաղվող վարկառուների վճարունակության անկման ռիսկն է, քանի որ նրանք կարող են տուժել տարբեր ապրանքների շուկայական գնի տատանումից: Մակրոմիջավայրի ռիսկի մոնիտորինգի ներքո պարբերաբար վերլուծվում է նաև տեղական ընկերությունների վճարունակության անկումը: Ի պատասխան այդ ռիսկերին, խստացվում են վարկավորման պայմանները, շեղումների սահմանաչափերը, ռիսկերի պարամետրերի ընդհանուր համակարգում ներառվում է որոշումների կայացման սահմանաչափերի հիերարխիկ համակարգ: Բանկը մշակել է գործողությունների ծրագրեր բիզնես-գործընթացների անընդհատությունն ապահովելու և հնարավոր գնային ցնցումների արդյունքում առաջացող ռիսկերին վաղ փուլում արձագանքելու նպատակով: Տվյալ գործողությունների ծրագրերը գնահատվում են սթրես-թեստավորման ընդհանուր համակարգի շրջանակներում:

Իրացվելիության ռիսկ՝ ռիսկ, որ Բանկը չի կարողանա կատարել իր պարտավորությունները՝ առանց մեծ վնաս կրելու: Իրացվելիության ռիսկը կարող է էապես բարձրանալ ակտիվների և պարտավորությունների ժամկետայնության զգալի անհամապատասխանության դեպքում, հաշվեկշռի թույլ դիվերսիֆիկացման, խոշոր ավանդատուների և վարկառուների կենտրոնացման բարձր մակարդակի դեպքում, ավանդների դուրսբերմանը կամ արտարժույթի փոխարկմանը հանգեցնող՝ արժութային շուկայի ցնցումների դեպքում, ֆինանսական շուկայում իրացվելիության պակասի, արժեթղթերի պորտֆելի որակի վատթարացման, ֆինանսական գործիքներից (ռեպո, սվոփ, օվերնայթ և այլն) օգտվելու անսպասելի դժվարությունների դեպքում: Բանկը ձգտում է ապահովել բարձր իրացվելի ակտիվների բավարար մակարդակ` ելնելով ցպահանջ ու կարճաժամկետ պարտավորությունների և ընդհանուր ակտիվների մեծությունից: Եկամտաբերության տեսանկյունից՝ տեղաբաշխված երկարաժամկետ ակտիվները պետք է ապահովեն առավելագույն իրացվելիություն նվազագույն վնասի պարագայում: Բարձր իրացվելի ակտիվների կառուցվածքն ըստ արժույթների, կանխիկ/անկանխիկ միջոցների որոշվում` ելնելով Բանկի պարտավորությունների կառուցվածքից: Բանկը միջոցներ տեղաբաշխելիս ձգտում է ապահովել գործիքների բազմազանություն և կենտրոնացումների շարունակական նվազեցում: Դա ենթադրում է տեղաբաշխված միջոցների դիվերսիֆիկացում ըստ հաճախորդների կամ հաճախորդների խմբերի, գործիքների, տնտեսության տարբեր ճյուղերի և այլ չափանիշների, ինչպես նաև Բանկի ընդհանուր ակտիվներում դրանց տեսակարար կշռի սահմանում ու հսկողություն: Իրացվելիության ռիսկի պարամետրերը (օր.՝ կենտրոնացումը, ակտիվների և պարտավորությունների միջև ճեղքվածքը, տոկոսադրույքի ճեղքվածքը, բարձր իրացվելի ակտիվների ցուցանիշները և այլն) սահմանված են ռիսկերի պարամետրերի համակարգում: Դրանց կառավարումը, այդ թվում՝ ռիսկի մակարդակի սահմանափակումը, հաշվետվողականության սկզբունքները, գործողությունների ծրագրերը, որոշումների կայացման քաղաքականությունները, պատասխանատու անձանց նշանակումը և սթրես-թեստերի սկզբունքների կիրառումը, իրականացվում է ռիսկերի կառավարման ընդհանուր համակարգի շրջանակներում:

Գործառնական ռիսկ՝ ներքին գործընթացների, համակարգերի խափանման, մարդկային գործոնի կամ արտաքին գործոնների արդյունքում կորստի առաջացման հավանականությունն է: Այն ներառում է իրավական ռիսկերը, բայց ոչ ռազմավարական և հեղինակության ռիսկերը:

Այդ նպատակով անընդհատ իրականացվում է ռիսկերի բացահայտմանը և գնահատմանն ուղղված հետևողական աշխատանք: Ռիսկերի կառավարումն իրականացվում է մեկ միասնական համակարգի միջոցով:

Նոր գործընթաց կամ ծառայություն ներդնելուց առաջ Բանկը գնահատում է դրա կարևորությունը և համապատասխան գործառնական ռիսկերի նկատմամբ իր զգայունությունը: Ուսումնասիրության գործընթացում ներգրավվում են ներդրվող գործընթացի/պրոդուկտի հետ առնչություն ունեցող բոլոր կողմերը և/կամ ստորաբաժանումները: Բիզնես-գործընթացները և/կամ նոր պրոդուկտները մշակվում են գնահատման արդյունքների հիման վրա: Գործընթացների և համակարգերի ռիսկերի գնահատման մեջ առանցքային դեր է խաղում տարբեր դեպքերի հավանականության և դրանց ազդեցության հաշվարկը, որի ճշգրտությունն ապահովելու նպատակով Բանկը վարում է գործառնական պատահարների և կորուստների տվյալների շտեմարան: Այն թույլ է տալիս վերլուծել ռիսկի աղբյուրները, դրանց բնույթը, պատճառները և միտումները, հաշվարկել հետագա գործառնական կորուստների վերականգնման համար անհրաժեշտ կապիտալի ծավալը: Բանկը նաև ներդրել է կապիտալի` ըստ պրոդուկտների բաշխման մոդելը` սեփական մեթոդաբանությամբ, որը թույլ է տալիս սահմանել տվյալ պրոդուկտի հետ առնչվող գործընթացների և համակարգերի գնահատման խնդիրներն ըստ առաջնահերթության:

Խոշոր պատահարներից պաշտպանվելու նպատակով Բանկը լավագույն փորձին համապատասխան ապահովագրել է իր ակտիվները, գործառնությունները, պարտավորությունները և աշխատակիցների պատասխանատվությունը: Բանկն իր ակտիվները ապահովագրել է մի շարք ռիսկերից, այդ թվում՝ հրդեհից, կայծակից, ջրհեղեղից, հափշտակումից և բարբարոսությունից, ինչպես նաև իր հաճախորդների համար ձեռք է բերել երրորդ կողմի պատասխանատվության ապահովագրություն: Բանկը նաև ունի ֆինանսական հաստատությունների համապարփակ ապահովագրություն (Bankers’ Blanket Bond) և իր տնօրենների ու ղեկավարների պատասխանատվության ապահովագրություն:

Ռազմավարական ռիսկ՝ շուկայական վիճակի, հաճախորդի վարքագծի և տեխնոլոգիաների փոփոխությունները նույնպես կարող են բացասաբար անդրադառնալ Բանկի արդյունքների վրա, եթե Բանկը ճկուն չլինի փոփոխվող արտաքին միջավայրի պայմաններում: Հետևաբար, Բանկը ենթարկվում է նաև ռազմավարական ռիսկերի:

Ռազմավարական ռիսկերի կառավարման համակարգի հիմքում են պարբերական ռազմավարական քննարկումները, պլանավորումը, հաշվետվությունների ներկայացումը Տնօրենների խորհրդին և Տնօրինությանը, ինչպես նաև զարգացման բոլոր առանձին ուղղությունների շարունակական վերահսկողությունը: Բանկում ռազմավարական պլանավորման գործընթացն իրականացվում է Ռազմավարական վերլուծությունների իրականացման և գործարար ծրագրերի մշակման և մոնիթորինգի ընթացակարգի համաձայն:

Տարեկան երկու անգամ Բանկում կազմակերպվում է ռազմավարական նիստ, որտեղ ուսումնասիրվում և Տնօրենների խորհրդին են ներկայացվում Բանկի ռազմավարությունը, նպատակները և խնդիրները հաջորդող տարիների համար: Ռազմավարական նիստերից հետո սկսվում է եռամյա գործարար ծրագրի մշակումը, իսկ ծրագրի հաստատումից հետո այն կարող է վերանայվել միայն էական փոփոխությունների անհրաժեշտության դեպքում:

Միևնույն ժամանակ եռամսյակային պարբերականությամբ կատարվում է գործարար ծրագրի կատարողականի վերլուծություն, որը քննարկվում է համապատասխան ուղղության տնօրենի հետ և ապա ներկայացվում Տնօրինությանը` ի գիտություն:

Շրջակա միջավայրի ռիսկ՝ ընկերության գործունեության արդյունքում առաջացող կեղտաջրերի, արտանետումների, թափոնների, ռեսուրսների սպառման արդյունքում շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը կամ դրա հավանականությունը, ինչպես նաև որոշակի գործունեության արդյունքում շրջակա բնական միջավայրի քայքայման վտանգը: Շրջակա միջավայրի ռիսկերի կառավարումը ենթադրում է շրջակա միջավայրի առկա ռիսկերի բացահայտումը և դրանց կառավարման եղանակների ընտրությունը՝ մարդկանց առողջությունը և ընդհանուր շրջակա միջավայրը լավագույն ձևով պաշտպանելու համար:

Հաճախորդի/ֆինանսավորվող ընկերության աշխատավայրում կարող են առաջանալ սոցիալական խնդիրներ, որոնք հետզհետե կարող են ազդել մոտակայքում բնակվող համայնքների վրա:

Իր գործունեության ընթացքում ղեկավարվելով շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման լավագույն միջազգային սկզբունքներով՝ Ամերիաբանկը հետամուտ է նաև իր հաճախորդների կողմից շրջակա միջավայրի և հանրության հանդեպ իրենց պարտականությունների պատշաճ կատարումն ապահովելուն: Շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման հիմնական տարրերն են.

  • Շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման քաղաքականությունը,
  • Շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման հրահանգը,
  • Տվյալ ռիսկերի կառավարման գործընթացը ներդնելու և իրականացնելու համար անհրաժեշտ գործիքները:

Բանկն ունի շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի համակարգող, շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման համակարգի ներդրման, վարման և ընթացիկ կիրառման համար պատասխանատու մասնագետ:

Բանկը ենթարկվում է նաև այլ ռիսկերի, որոնց թվում են հեղինակության ռիսկը, օրենսդրական և իրավական պահանջների խախտման ռիսկը, իրավական ռիսկը և ՓԼ/ԱՖ ռիսկը:

Հեղինակության ռիսկն ընկերության հեղինակության վատթարացման հավանականությունն է, որի արդյունքում նվազում է ընկերության ընդհանուր արժեքը, և/կամ ավելանում են իրավական պահանջների պահպանման և այլ ծախսերը: Այն ընդգրկում է բանկի էթիկայի, ապահովության, անվտանգության, կայունության, որակի և նորամուծությունների հետ կապված բացասական զարգացումները: Հեղինակության ռիսկը կառավարվում է Տնօրինության մակարդակում, սակայն հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման, հասարակության հետ կապերի, անվտանգության բաժինները ևս ներգրավվում են որոշումների կայացման գործընթացում՝ առավել ճիշտ որոշում կայացնելու համար: Հեղինակության ռիսկի զսպումն իրականացվում է առանձնացված կառույցի՝ Տեղեկությունների բացահայտման կոմիտեի միջոցով: Կոմիտեն որակում է տեղեկատվությունը՝ որպես ներքին հանդիսացող կամ չհանդիսացող, հաստատում է խոսնակների ցանկը, ինսայդերների ցուցակները, հրապարակման ենթակա Ներդրողների հետ փոխհարաբերությունների հայտարարությունները, իր կարծիքն է հայտնում հրապարակային հարցումների և շուկայի ասեկոսների պատասխանների վերաբերյալ:

Քանի որ Բանկի գործունեությունը կարգավորվում է տեղական օրենսդրությամբ և վարկատուների հետ կնքված պայմանագրերի պահանջներով, Բանկը ենթարկվում է օրենսդրական և իրավական պահանջների խախտման ռիսկի: Օրենսդրական և իրավական պահանջների խախտման ռիսկը կառավարվում է հատուկ բաժնի, իրավաբանական ծառայության և ՓԼ/ԱՖ բաժնի կողմից: Բանկն իր գործունեությունն իրականացնում է կարգավորող մարմնի պահանջների համաձայն՝ միևնույն ժամանակ կիրառելով միջազգային չափանիշներ՝ ներքին իրավական ակտերում հնարավոր թերությունները բացառելու համար:

Նշված ռիսկերը սահմանափակվում են ներքին իրավական ակտերի, որոշումների կայացման և վերահսկողության եռաստիճան համակարգի միջոցով, այն է՝ ռիսկերի կառավարումն իրականացվում է հատուկ բաժնի, մասնագիտացած կոմիտեների և Տնօրինության կողմից:

ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Հիմնական ռիսկերը ԵՎ անորոշությունները

Մակրոտնտեսական գործոններ

ՀՀ տնտեսություն և բանկային համակարգը հաշվետու ժամանակահատվածում գտնվում էին հետևյալ գործոնների բացասական ազդեցության ներքո՝ դանդաղ աճ ամբողջ աշխարհում և տարածաշրջանում, ապրանքային շուկաների ցածր ցուցանիշներ, ցածր ներքին պահանջարկ, կապիտալի թույլ ձևավորում և օտարերկրյա ուղղակի ներդրումների պակաս, բնակչության և բիզնեսի սպասումների անկում:

Ամերիաբանկը շարունակում էր իր գործունեությունը բարձր ռիսկի պայմաններում, թեև բոլոր ռիսկերը, բացառությամբ բանկի վարկային ռիսկի, ընդունելի մակարդակում էին: Բայց և այնպես, տարեվերջում վարկային ռիսկի (խնդրահարույց վարկերի) ցուցանիշն զգալիորեն բարելավվեց և ավելի ցածր էր, քան ՀՀ բանկային համակարգի միջին ցուցանիշը:

2016թ. Բանկի վարկային պորտֆելը գտնվում էր մի շարք գործոնների ազդեցության ներքո: Դրանք են տնտեսության և զուտ ներքին պահանջարկի դանդաղումը, փոխանցումների և օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալի անկումը, բնակչության և բիզնեսի սպասումների անկումը, ՀՀ դրամի արժեզրկման ռիսկերը, որոնք կարող էին բացասաբար անդրադառնալ ներքին պահանջարկի, աշխատավարձերի և հետևաբար վարկերի սպասարկման գործակցի վրա:

Հիմնական ռիսկեր

2016թ. նավթի և մետաղների գների տատանումները, Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը, գլոբալ լարված աշխարհաքաղաքական իրավիճակը, զինված հակամարտությունները, տնտեսության աճի դանդաղումը Չինաստանում, Եվրամիությունից պետությունների ելքի և տնտեսության անկման հավանականությունը, ինչպես նաև ԵՄ բանկային համակարգի խնդիրները և նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում էական ռիսկեր էին առաջացնում տնտեսության համար: Թեև Մեծ Բրիտանիայի ելքը ԵՄ-ից դեռ լուրջ հարված չի հասցրել միջազգային տնտեսությանը, հետագայում, երբ ելքի գործընթացն ավարտվի տնտեսական և քաղաքական համագործակցության բոլոր մակարդակներում, այն կարող է իր հետևանքներն ունենալ:

2015-2016թթ. տնտեսական ճնշումը նկարագրվում էր մասնավորապես 100.5% տնտեսական ակտիվության ինդեքսով՝ հիմնականում երկրորդ կիսամյակի անկումով, ինչպես նաև ՀՆԱ-ի 0.2% աճով:

Տարածաշրջանում զինված հակամարտության ռիսկը նյութականացավ 2016թ. առաջին կիսամյակում և որոշ չափով ազդեց ՀՀ տնտեսության վրա, սակայն երկրորդ կիսամյակում ռազմական գործողությունների հավանականությունը նվազեց: Այնուամենայնիվ, խնդիրը չի լուծվել, և չի բացառվում զինված հակամարտության նոր բռնկում, որն անխուսափելիորեն կանդրադառնա ՀՀ ֆինանսական շուկայի վրա:
2016թ. ԿԲ-ն շարունակ իջեցնում էր տոկոսադրույքները՝ պարտադիր պահուստավորման հարցում սակայն պահպանելով խիստ մոտեցում: 2016թ. ՀՀ ԿԲ-ն իջեցրել է տոկոսադրույքները 4.5%-ով: Դա վկայում է շուկայական տոկոսադրույքների նվազման ակնհայտ միտումների մասին՝ հետզհետե անդրադառնալով բանկային ցուցանիշների վրա: Պարտադիր պահուստավորման ռեժիմի շնորհիվ ՀՀ դրամի փոխարժեքը կայուն էր, սակայն թե ինչպիսի փոփոխություններ կլինեն հետագայում, կանխատեսել դժվար է:

LIBOR տոկոսադրույքն աճի միտում է դրսևորել, ինչին նպաստել են հիմնականում Դաշնային պահուստային ֆոնդերի դրույքաչափի սպասումները և 2016թ. աճը: Սա անդրադարձել է նաև Բանկի եկամտաբերության ներքին նորմայի վրա:

Հիմնական ռիսկերը

2016թ. Բանկը չգերազանցեց նախանշված ռիսկի ախորժակը: Ավելին, չօգտագործված պաշարը կազմել է ընդհանուր սահմանաչափի 34%-ը, փաստացի վնասը ամբողջությամբ փոխհատուցվել է Բանկի կապիտալի հաշվին, և կապիտալի համարժեքության ցուցանիշը ողջ տարի պահպանվում էր ռիսկի ցածր գոտում: 2016թ. ռիսկի հիմնական աղբյուրը վարկային ռիսկն էր: Ռիսկի այլ աղբյուրներով պայմանավորված վնասը շատ չնչին էր:

Մակրոմիջավայրի ռիսկեր

Ռիսկեր և անորոշություններ

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ տնտեսությունը և բանկային համակարգը մի շարք գործոնների բացասական ազդեցության տակ էին: Դրանք էին՝ ցածր ներքին պահանջարկը՝ պայմանավորված ռուսական տնտեսության վիճակով, օտարերկրյա ուղղակի ներդրումների պակասը, մասնավոր փոխանցումների կրճատումը, բնակչության և բիզնեսի բացասական սպասումները, առաջիկա ընտրությունները, անորոշությունը քաղաքական ասպարեզում, ՀՀ ԿԲ քաղաքականությունը տարադրամի փոխանակման հարցում, տարածաշրջանում զինված հակամարտության վտանգը և ապրանքների ցածր գները:

Դա հանգեցրեց ցածր տնտեսական ակտիվության:

Վարկային ռիսկ

2016թ. Բանկը գործում էր բարձր վարկային ռիսկի պայմաններում:

Տնտեսական վիճակը, 2016թ. սպասումները և անորոշություններն ազդեցին թե՛ տնտեսության իրական հատվածի, թե՛ անհատների վրա, ինչի արդյունքում վարկային ռեսուրսների պահանջարկը նվազեց:

Միևնույն ժամանակ 4-րդ եռամսյակում Բանկի վարկային ռիսկի ցուցանիշները դրական դինամիկա և դրական արդյունքներ են արձանագրել:

Ռիսկի հիմնական ցուցանիշներ

  • ՀՆԱ-ի աճ` 0.2%,
  • ՍԳԻ՝ -1.1%,
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումների նվազման միտում սկսած 2008թ.-ից, կրճատվել են մոտ 3 անգամ,
  • Մասնավոր փոխանցումները նվազել են 17.6%-ով,
  • Պղնձի գինը ցածր էր՝ 5,000 ԱՄՆ դոլար մեկ տոննայի դիմաց:

վարկերի միջին ցուցանիշը կազմել է 7.7%:

Կապիտալի համարժեքության ցուցանիշը աճել է՝ տարեվերջում կազմելով 20%:

Կապիտալի եկամտաբերությունը տարեկան կտրվածքով կազմել է ընդամենը 2.7%:

Իրացվելիության գործակիցներն ավելի քան երկու անգամ գերազանցել են նորմատիվային ցուցանիշները:

Ընդհանուր սեփական կապիտալն աճել է 17.2%-ով:

Բանկի խնդրահարույց վարկերի8 ցուցանիշը դրական դինամիկա է դրսևորել` տարվա վերջում կազմելով ընդամենը 3.33%, որն անհամեմատ ցածր է ՀՀ բանկային համակարգի միջին ցուցանիշից (7.7%): Հարկ է նշել, սակայն, որ կորպորատիվ խնդրահարույց վարկերի ցուցանիշը 2.9% էր, իսկ մանրածախ ցուցանիշը՝ շուրջ 6.7%:

Վարկային ռիսկի արժեքը կազմել է վարկային պորտֆելի 1.6%-ը: Վարկերի հնարավոր կորուստների պահուստները ծածկել են խնդրահարույց վարկերի 60%-ը (առանց գրավադրված գույքի արժեքի ճշգրտումների):

Ոլորտային կենտրոնացման մակարդակը ցածր էր, մեկ ոլորտում կենտրոնացման առավելագույն ցուցանիշը չի գերազանցել վարկային պորտֆելի 18%-ը: Վարկերի ամենավատ որակը գրանցվել է առևտրի, տրանսպորտի և շինարարության ոլորտներում, որտեղ խնդրահարույց վարկերի ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 5.6%, 12.6% և 2.2%:

Ռիսկի հիմնական ցուցանիշները թեև փոքր-ինչ բացասական միտում էին դրսևորել, բայց հիմնականում մնում էին կայուն:

Ռիսկերի նվազեցմանն ուղղված գործողությունները 2016թ.

Հաշվի առնելով 2016թ. բացասական միտումները և սպասումները՝ Բանկը.

  • սահմանեց մակրո ռիսկերի և մակրոտնտեսական միջավայրի պայմաններում վարկավորման առավել նպատակահարմար ռեժիմներ՝ 2016թ. նախանշելով կայուն ռեժիմ,
  • խստացրեց վարկային քաղաքականությունը,
  • ուշադրության կենտրոնում էր պահում խնդրահարույց վարկերի վերադարձը և վերահսկում էր ռիսկային վարկերը,
  • կենտրոնացավ լավագույն վարկառուներին լավագույն պայմաններով վարկավորման վրա:

Շուկայական ռիսկ

Ռիսկեր և անորոշություններ

Թեև 2016թ. իրավիճակը շուկայում բարելավվել էր, դեռ պահպանվում էր անորոշության բարձր մակարդակը:

ՀՀ ԿԲ-ի գործողությունների շնորհիվ ՀՀ դրամի փոխարժեքը բավականին կայուն էր, սակայն դրամի արժեզրկման վտանգը դեռ չի անցել: ՀՀ բանկային համակարգում սեփական կապիտալի ներհոսքը նպաստեց նաև տեղական շուկայում արտարժույթի առաջարկի կարգավորմանը: Չնայած դրան՝ կտրուկ տատանումների սպասումները՝ մի կողմից, և իրացվելիության բացակայությունը՝ մյուս կողմից, առաջացրել են փոխարժեքների մեծ սփրեդ:

Տոկոսադրույքների վարքագիծը ՀՀ շուկայում տարբերվում էր միջազգային տոկոսադրույքների վարքագծից: Դաշնային պահուստի քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ համաշխարհային շուկայում տոկոսադրույքները բարձրացան, ինչի արդյունքում LIBOR-ի դրույքը գրանցել է ամենաբարձր մակարդակը 2009թ.-ից ի վեր: Միաժամանակ, ՀՀ ներքին շուկայում տնտեսական վիճակի և մրցակցության արդյունքում թե՛ ավանդների, թե՛ վարկերի տոկոսադրույքները նվազման միտում էին դրսևորում: Դա ուղղակիորեն անդրադառնում էր Բանկի ներքին եկամտաբերության նորմայի վրա, քանի որ առաջանում էր հայկական բանկերին բնորոշ բացասական ճեղքվածք: Հեջավորման հնարավորությունները սահմանափակ էին հեջավորման և տեղական շուկայում առկա գործիքների գնի պատճառով: Չնայած դրան՝ բաց դիրքերը պահպանվում էին ռիսկի ախորժակի սահմաններում և կառավարվում էին համապատասխան ձևով: Պարտքային շուկայի տոկոսադրույքների վրա ազդում էին ԱՄՆ դոլարի արժեզրկումը, դաշնային պահուստային ֆոնդերի դրույքի բարձրացումը և դեպի արժեթղթերի շուկա կապիտալի հոսքը: Դրամի կայուն փոխարժեքի և ՀՀ ԿԲ-ի կողմից վարվող՝ հիմնական տոկոսադրույքների իջեցման քաղաքականության պայմաններում հայկական արժեթղթերը բարձր արդյունավետություն էին դրսևորում:

Ռիսկի հիմնական ցուցանիշներ

Շուկայական ռիսկերից առաջացող կորուստը/ռիսկի ախորժակը 2016թ. զրոյական էր:
Տարվա ընթացքում բաց արտարժութային դիրքը երկար էր՝ պայմանավորված աշխարհում դոլարի ամրապնդման ակնկալիքներով, խնդրահարույց վարկերի աճի ռիսկերով և վարկային պորտֆելի դոլարացման բարձր մակարդակով: 2016թ. արտարժութային դիրքի վերագնահատման արդյունքներն էական չէին և դուրս չեկան ռիսկի ախորժակի սահմաններից:
Տոկոսադրույքի, այդ թվում՝ լողացող տոկոսադրույքի (LIBOR-ի վրա հիմնված) ճեղքվածքը Բանկի համար շուկայական ռիսկերի առաջացման հիմնական աղբյուրն էր: Սակայն սթրես-թեստերի հիման վրա հաշվարկված վնասը և փաստացի արդյունքները չգերազանցեցին սահմանված ռիսկի ախորժակը:
Արժեթղթերի պորտֆելի ծավալը և ժամկետայնությունը (2 տարուց պակաս) թույլ էին տալիս պահպանել շուկայական ռիսկը, սթրես-թեստերի հիման վրա գնահատված վնասը և փաստացի վնասն ընդունելի ռիսկի ախորժակի սահմաններում: Բանկի արժեթղթերի պորտֆելը հիմնականում բաղկացած է ՀՀ պետական պարտատոմսերից (87%): Պորտֆելի 9%-ը կազմում են ներդրումները բարձր վարկանիշ ունեցող, ոչ ռիսկային արժեթղթերում:

Ռիսկերի նվազեցմանն ուղղված գործողությունները 2016թ.

  • Ռիսկի ախորժակի/հնարավոր կորուստների կառավարումն իրականացվում էր հատուկ սթրես-թեստերի, առկա միտումների մոնիթորինգի և գնահատումների միջոցով:
  • Օրական կտրվածքով հատուկ հսկողության տակ էին պահվում բաց արտարժութային դիրքերը:
  • Ներքին եկամտաբերության նորման կառավարվում էր ճեղքվածքի սահմանաչափերի և սթրես-թեստերի հիման վրա որոշված վնասի սահմաններում: Պարբերաբար հաշվարկվում էին և մոնիթորինգի ենթարկվում տոկոսադրույքների ակնկալվող բացասական փոփոխությունները: Հեջավորման բարձր արժեքի հետևանքով ռիսկի նվազեցման հնարավորությունները սահմանափակ էին, բայց և այնպես, ռիսկը նվազեցվում էր սվոփ պայմանագրերի, վարկավորման և ֆինանսավորման տոկոսադրույքների ակտիվ կառավարման միջոցով:
  • Բարելավվել է արժեթղթերի պորտֆելի դիվերսիֆիկացումը: Տարվա ընթացքում Բանկը վաճառեց երկարաժամկետ սուվերեն պարտատոմսերի մի մասը՝ ապահովելով լրացուցիչ շահույթ: Բանկը կարողացավ նաև հավելյալ իրացվելիությունը բաշխել արտասահմանյան բարձր իրացվելի կարճաժամկետ սուվերեն և կորպորատիվ արժեթղթերում:

2016թ. ընթացքում իրացվելիության բարելավման, արժեթղթերի պորտֆելի դիվերսիֆիկացման և եկամտաբերության բարձրացման նպատակով Բանկն սկսեց ձևավորել արժեթղթերի պորտֆելի նոր կառուցվածք:

Գործառնական ռիսկ

Ռիսկեր և անորոշություններ

Բանկային համակարգում ամբողջ աշխարհով մեկ զգալիորեն աճել է կիբերհանցագործությունների թիվը, ինչը կարող է խոշոր ֆինանսական վնասի պատճառ դառնալ, ինչպես նաև խաթարել գործառնությունների իրականացումը և վտանգել գործունեության անընդհատությունը: Համացանցի և բջջային հավելվածների միջոցով իրականացվող առևտրի ծավալի աճին զուգահեռ ողջ աշխարհով մեկ աճում է նաև քարտային խարդախությունների թիվը: Անվտանգությունը դառնում է հիմնախնդիր աշխարհի բոլոր ֆինանսական հաստատությունների համար:

Ռիսկի հիմնական ցուցանիշներ

Կարգավորվող և հսկվող գործընթացների շնորհիվ Բանկին հաջողվում է գործառնական ռիսկը պահել ցածր մակարդակում:

2016թ. կրած ընդհանուր գործառնական վնասը չի գերազանցել կապիտալի 0.042%-ը:

Վնասի 88%-ը գրանցվել է արտաքին զեղծարարությունների խմբում:

Գրանցված դեպքերի թիվը 2015թ. համեմատ նվազել է 10.6%-ով:

Ամենամեծ վնասը գրանցվել է վճարային քարտերի մասով:

Տարեցտարի ավելանում է Ամերիաբանկի՝ հեռահար բանկային ծառայություններից օգտվող հաճախորդների և քարտապանների թիվը: Գործառնական վնասն ընդունելի մակարդակում էր, և ցուցանիշի վատթարացում չի ակնկալվում: Գրանցված դեպքերից ոչ մեկն էլ չուներ համակարգային բնույթ: Բանկի բոլոր համակարգերը գործում են ցածր ռիսկի պայմաններում:

Ռիսկերի նվազեցմանն ուղղված գործողությունները 2016թ.

  • Գործառնական ռիսկերի կառավարման նպատակով Բանկում գնահատվել և վերագնահատվել են մի շարք գործընթացներ և համակարգեր: Գնահատումների արդյունքում առանձնացված բարձր ռիսկերի համար առաջարկվել և ներդրվել են ռիսկերը կանխարգելող և/կամ նվազեցնող համապատասխան լուծումներ՝ վճարային քարտերով կատարվող զեղծարարությունների սահմանափակում (աշխարհագրական սահմանափակումներ), բանկոմատներով մատուցվող ծառայությունների և հեռահար բանկային ծառայությունների ավելի անվտանգ իրականացում:
  • Բանկի գործառնական ռիսկերը վերահսկվում էին համապարփակ և համակարգված եղանակով:
  • Ուշադրության կենտրոնում էին ներքին ՏՏ համակարգի անվտանգությունը, անձնակազմի վերապատրաստումները, որոշումների կայացման ժամանակ աստիճանակարգումը և իրավասությունների բաշխումը:
  • Բանկը ձեռք էր բերել համապարփակ և արդյունավետ ապահովագրություն (ֆինանսական հաստատությունների համապարփակ ապահովագրություն, կանխիկ միջոցների, գույքի, բանկոմատների, երրորդ անձանց պատասխանատվության ապահովագրություն և այլն):

Իրացվելիության ռիսկ

Ռիսկեր և անորոշություններ

Իրացվելիության մակարդակը ՀՀ բանկային համակարգում շատ բարձր է: Դրան նպաստեց կապիտալի ներհոսքը ի պատասխան ՀՀ ԿԲ-ի պահանջի՝ բանկային համակարգի հուսալիությունը բարձրացնելու և դրամական պահանջարկը բարելավելու նպատակով: Մյուս կողմից, դեռ 2014թ. սկսված հայաստանյան տնտեսության աճի դանդաղելու արդյունքում վարկավորման ծավալներն իջել էին՝ տեղական շուկայում առաջացնելով ավելցուկային իրացվելիության բաշխման խնդիր: 2016թ. տարեվերջին գրանցված վարկավորման ծավալի դրական դինամիկան կնպաստի ավելցուկային իրացվելիության կլանմանը:
Նման պայմաններում Բանկի իրացվելիությունը կառավարվում էր արդյունավետ կերպով և պահպանվում էր բավարար մակարդակի վրա: 2016թ. Բանկը իրացվելիության հետ կապված ռիսկերի չի ենթարկվել:

Ռիսկի հիմնական ցուցանիշներ

Իրացվելիության բոլոր գործակիցներն անգամ ամենաբացասական սթրես-սցենարների դեպքում համապատասխանում էին ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված պահանջներին:

2016թ. ընթացքում իրացվելիության ռիսկը չնչին էր և զսպվում էր ընդհանուր ռիսկի պարամետրերի համակարգի շրջանակներում:

Ավելին, սթրես-թեստերի ժամանակ իրացվելիության ճեղքվածքն անգամ ամենառիսկային սցենարների դեպքում շատ դրական արդյունքներ է ցույց տվել:

Ռիսկերի նվազեցմանն ուղղված գործողությունները 2016թ.

  • Նախորդ տարվա ընթացքում Բանկը որոշեց օգտվել այլընտրանքային ներդրումների հնարավորություններից և նախաձեռնեց ներդրումային պորտֆելի ընդլայնման և դիվերսիֆիկացման գործընթացը՝ ներդրումներ կատարելով ցածր ռիսկայնություն ունեցող, բարձր իրացվելի արտասահմանյան դոլարային պարտատոմսերի մեջ:
  • Բարձր իրացվելի ակտիվների տեղաբաշխման դիվերսիֆիկացումն ապահովվում է նաև բարձրակարգ գործընկերների ցանցի միջոցով: Բանկն ընդլայնեց իր գործընկերների ցանցը՝ կապեր հաստատելով արտասահմանյան ֆինանսական հաստատությունների հետ, ինչի շնորհիվ Բանկի համար հասանելի են դառնում մեծ թվով ֆինանսական գործիքներ և իրացվելիություն ապահովող մեխանիզմներ:
  • Ավանդային բազայի կայունությունը և հետագա աճն ապահովելու համար Բանկը սահմանում էր ավանդների տոկոսադրույքները՝ հիմք ընդունելով շուկայում գործող տոկոսադրույքները: Բանկն աշխատում էր նաև այլ աղբյուրներից (միջազգային հաստատություններ) ռեսուրսների ներգրավման ուղղությամբ:

Շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկեր

Ռիսկեր և անորոշություններ

Շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերը ողջ աշխարհով մեկ թափ են հավաքում բնակչության և տնտեսության բնական աճի հետևանքով: Հայաստանը նույնպես ենթարկվում է շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի:

Որպես Հայաստանի խոշորագույն բանկ՝ մենք ակտիվորեն ֆինանսավորում ենք տնտեսության տարբեր ճյուղերը: Ուստի, քանի որ Բանկի վարկառուները ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտներ, Բանկը նույնպես ենթարկվում է շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի: Միևնույն ժամանակ Բանկի վարկային քաղաքականությունը նպատակ է դնում ապահովել կայուն զարգացում և սոցիալապես պատասխանատու մոտեցում:

Ռիսկի հիմնական ցուցանիշներ

Բանկի վարկային պորտֆելի շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերը գնահատվել են որպես ընդունելի:

Շրջակա միջավայրի գրեթե 89%-ը և սոցիալական ռիսկերի 67%-ը գտնվում են ցածր և միջին ռիսկի գոտում:

«Բարձր Ա» դասի ռիսկային վարկառուներ Բանկի վարկային պորտֆելում ներկայացված չեն:

Բանկի՝ շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման և վարկային քաղաքականությունները նպատակ ունեն նվազեցնել ֆինանսավորվող ծրագրերի բացասական ազդեցությունը՝ ֆինանսական պայմանների, հրահանգների և սահմանված պայմանների, խորհրդատվության մատուցման և շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման բարձրակարգ մասնագետների ներգրավման միջոցով:

Ռիսկերի նվազեցմանն ուղղված գործողությունները 2016թ.

  • Շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերը կառավարվում էին Բանկի վարկային ընթացակարգերի տրամաբանությամբ՝ հիմնվելով լավագույն միջազգային փորձի (ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի գործունեության չափանիշները/ պահանջները) ավանդույթներով մշակված համակարգի վրա: Ցանկացած ծրագիր ֆինանսավորելիս Ամերիաբանկը գնահատում էր տվյալ ծրագրի՝ շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերը, ուսումնասիրում իրավական փաստաթղթերը, բացահայտում, հսկում և նվազեցնում ռիսկերը և կազմում համապատասխան հաշվետվություններ: Գնահատման արդյունքները ներկայացվում են եզրակացության տեսքով, որի հիման վրա վարկային պայմանագրերում ներառվում են պարտադիր պահանջներ շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման վերաբերյալ:
  • Վարկառուների համապատասխանությունը շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման լավագույն փորձին ապահովելու նպատակով 2016թ. Բանկը մշակեց և ներդրեց 11 ձեռնարկ «բարձր» և «բարձր Ա» դասի ռիսկային ծրագրերի (ներառյալ ՀԷԿ-երը) համար, որտեղ ներկայացված են այն նորմերը և պահանջները, որոնցով վարկառուները պետք է առաջնորդվեն իրենց գործունեության ընթացքում:

Անգամ ամենավատ սցենարի դեպքում կապիտալի համարժեքության գործակիցը կազմում է 13.5% (նորմատիվային պահանջը՝ առնվազն 12%):

Այսինքն, սթրես-թեստավորման բոլոր սցենարների դեպքում կապիտալի համարժեքության գործակիցը չի նվազում նորմատիվային պահանջից: Դա պայմանավորված է 2015թ. վերջում տեղի ունեցած կապիտալի համալրմամբ: Կապիտալի համարժեքության ներքին տարեկան գնահատման շրջանակներում իրականացվող սթրես-թեստերի ժամանակ կապիտալի համարժեքության գործակիցը պահպանվում է յուրաքանչյուր ռիսկի գոտու վերին քառորդում (միջին/բարձր ռիսկի գոտու ամենաբարձր հատվածը միջին/բարձր ռիսկի սցենարների համար)՝ վկայելով անվտանգության լրացուցիչ պաշարի մասին: Ներկա պայմաններում ամենահավանականն է միջին ռիսկ նախատեսող սցենարը, որտեղ կապիտալի համարժեքության գործակիցը պահպանվում է ցածր ռիսկի գոտուն մոտ մակարդակի վրա:

Սթրես-թեստեր: կապիտալի ցուցանիշը կումուլյատիվ սցենարի դեպքում

ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ռիսկերի ավելի արդյունավետ կառավարման համար հարթակ ապահովելու համար 2016թ. Բանկը վերանայեց և բարելավեց ռիսկերի գնահատման, մոնիթորինգի, վերահսկման և հաշվետվողականության համակարգերը:

Վարկային ռիսկերի կառավարման բնագավառում 2016թ. Բանկը ներդրեց.

  • Վարկավորման պայմաններից շեղումով տրամադրված վարկերի հաշվառման նոր համակարգ
  • Նոր մոտեցումներ սթրեսային սցենարներին
  • Risk premium համակարգի հիմնական բաղադրիչներ
  • Որոշ վարկային պրոդուկտների գնահատման մեթոդաբանություններ
  • Տնտեսության տարբեր ճյուղերի ռեյթինգավորման մեխանիզմ (տնտեսության ճյուղերին բնորոշ ֆինանսական ցուցանիշներ), առանձնակի ուշադրության կենտրոնում էին պահվում հանքարդյունաբերության ոլորտի և տվյալ ոլորտում ներգրավված վարկառուների հնարավոր ռիսկերը:
  • Բողոքների և բողոք-պահանջների քննության և արձագանքման ընթացակարգում սահմանվեց և ընդհանրացվեց նաև շրջակա միջավայրի և սոցիալական խնդիրներին առնչվող բողոքների ընթացակարգը:
  • «Բարձր» և «բարձր Ա» դասի (այդ թվում՝ բոլոր ՓՀԷԿ-երի) գործարքների համար մշակվել և ներդրվել է 11 ուղեցույց, որտեղ նկարագրում են այն հիմնական պահանջները, որոնցով պետք է առաջնորդվի տվյալ դասին համապատասխան գործունեություն ծավալող վարկառուն՝ շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման միջազգային լավագույն փորձին համապատասխանելու նպատակով:

Ամսական պարբերականությամբ ներկայացվող վարկային ռիսկերի հաշվետվության միջոցով Բանկի ղեկավարությունը մշտապես տեղեկացվում էր վարկային պորտֆելի որակի, տնտեսության ճյուղերի, վարկային պրոդուկտների, ռիսկերի հիմնական ցուցանիշների և այլ ռիսկային գործոնների և դրանց դինամիկայի վերաբերյալ, որի արդյունքում ձևավորվում էին կոնկրետ հանձնարարականներ ռիսկերի գնահատման և նվազեցման ուղղությամբ: Արտահերթ մոնիթորինգի միջոցով մշտապես ուշադրության կենտրոնում էին պահվում ռիսկային համարվող վարկերը, ինչի հաշվին տարեվերջին դրանց ծավալն զգալիորեն նվազել է: Ռիսկերի բացահայտման, գնահատման և կառավարման գործող մեխանիզմների շնորհիվ հնարավոր եղավ 2016թ. ընթացքում էականորեն նվազեցնել վարկային ռիսկի մակարդակը և դարձնել հնարավորինս վերահսկելի:
Շուկայական ռիսկերի կառավարման բնագավառում 2016թ. Բանկը.

  • Ավելցուկային իրացվելիության և հավելյալ եկամտաբերության ապահովման նպատակով ներկայացրեց արժեթղթերի պորտֆելի ձևավորման և կառավարման նոր հայեցակարգ
  • Ներդրեց առևտրային գործառնությունների ռիսկերի կառավարման ՏՏ համակարգի ներդրման հայեցակարգ՝ տարեվերջին հայտարարելով մատակարարի ընտրության մրցույթ
  • Ներդրեց վարկային շեղումների կառավարման համակարգ՝ հիմնված մակրոտնտեսական ցուցանիշների փոփոխության վրա
  • Խմբագրեց ֆինանսական կազմակերպություն հանդիսացող գործընկերների սահմանաչափերի հաշվարկման և հաստատման մեթոդաբանությունները
  • Բարելավեց ներդրումային պորտֆելի սահմանաչափերը, ռիսկի պարամետրերը, ռիսկի ախորժակի բաշխումը և մշակեց այլ երկրների սուվերեն պարտատոմսերի ռիսկայնության գնահատման մոտեցումներ
  • Վերանայեց կիրառվող բոլոր սթրես-թեստերի սցենարները՝ համապատասխանեցնելով դրանք տնտեսական միջավայրի միտումներին
  • Բարելավեց բրոքերային գործառնությունների ռիսկերի կառավարումը՝ ներդնելով պորտֆելների և հաճախորդների գնահատման մոտեցումներ և կասեցնելով բարձր ռիսկային առևտրային հարթակի կիրառումը

Գործառնական ռիսկերի կառավարման բնագավառում 2016թ. Բանկը.:

  • Գնահատեց և վերագնահատեց մի շարք գործընթացներ և համակարգեր՝ գործառնական ռիսկերի պատշաճ կառավարումն ապահովելու նպատակով
  • Առանձին բարձր ռիսկերի համար մշակեց և կիրառեց ռիսկերը կանխարգելող և/կամ նվազեցնող համապատասխան լուծումներ: Ձեռնարկված միջոցառումներից էին վճարային քարտերով կատարվող զեղծարարությունների սահմանափակումը, ինչը գերակա խնդիր է Բանկի համար, բանկոմատներով մատուցվող ծառայությունների անվտանգության բարձրացումը, հեռահար բանկային ծառայությունների մատուցման և սպասարկման բարելավումը:
  • Կիրառեց վճարային քարտերով գործարքների աշխարհագրական սահմանափակումներ՝ ըստ առավել ռիսկային պետությունների:
  • Գույքի կորստի, պատասխանատվության և այլ մի շարք ռիսկեր սահմանափակելու նպատակով Բանկն իրականացրել է ծավալուն ապահովագրական ծածկույթի ձեռքբերում:

ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Ստորև ներկայացված է Բանկի ռիսկերի կառավարման համակարգի ընդհանուր տրամաբանությունը: Այն ունի լավ մշակված կառուցվածք, որը նախատեսում է արտաքին և ներքին աղբյուրներից առաջացող ռիսկերից պաշտպանվելու մի քանի մակարդակ:

Ռիսկերի կառավարման նպատակով բոլոր գործընթացները Բանկում մանրամասնորեն կարգավորվում են, փաստաթղթավորվում և գնահատվում:

ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Ռիսկերի կառավարումը Բանկում իրականացվում է բոլոր մակարդակներում: Մասնավորապես, ռիսկերի կառավարման և ռիսկ ստանձնելու իրավասությունները սահմանվում են՝ հիմք ընդունելով Բանկի ռիսկի ախորժակը:

Տնօրենների խորհուրդը.

  • Հաստատում է Բանկի ռազմավարությունը, վերջինիս իրականացման համար անհրաժեշտ ռիսկերի կառավարման, վարկային և այլ քաղաքականությունները, ներքին իրավական ակտերը,
  • Սահմանում է Բանկի «ռիսկերի ախորժակը» (ռիսկերի ընդունելի չափանիշները և սահմանը), ներառյալ ռիսկերի կառավարման պարամետրերի և ներքին նորմատիվների հրահանգի հաստատումը,
  • Հսկում է ռիսկերի կառավարման համակարգի աշխատանքի արդյունավետությունը, Բանկի ընդունած ռիսկերի մակարդակը, դրանց համապատասխանությունն ընդունված ռիսկերի ախորժակին,
  • Հաստատում է Բանկի Տնօրինության սահմանաչափերից և չափանիշներից դուրս բանկային գործիքները:

Տնօրինությունը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը և Տնօրինության անդամները.

  • Իրականացնում են Տնօրենների խորհրդի կողմից հաստատված քաղաքականությունների ներքո ռիսկերի ընդունում և ամենօրյա կառավարում` կոորդինացնելով ստորաբաժանումների աշխատանքները,
  • Խորհրդի կողմից սահմանված ռիսկերի կառավարման պարամետրերի և ներքին նորմատիվների ներքո իրականացնում են ռիսկի կառավարումը և հաշվետու են Տնօրենների խորհոդին: Տնօրինությունը կարող է վերոնշյալ լիազորությունները փոխանցել մասնագիտացված կոլեգիալ մարմիններին` կոմիտեներին (ակտիվների և պարտավորությունների կառավարման կոմիտե, վարկային կոմիտե և այլն):

Բանկում հիմնադրվել է մասնագիտացված կոմիտեների համակարգ, որոնց փոխանցվել է Տնօրինության իրավասությունների մի մասը, ինչը թույլ է տալիս կառավարել այն ռիսկերը, որոնք բխում են Բանկի հիմնական գործունեությունից:

Մեծ վարկային կոմիտե

Կոմիտեի գործունեության հիմնական նպատակը Բանկի վարկային քաղաքականության իրականացումն է և եկամտաբեր վարկային ակտիվների ձևավորումը՝ միևնույն ժամանակ ապահովելով վարկային ռիսկի ընդունելի մակարդակը: Մեծ վարկային կոմիտեն որոշումներ է կայացնում Բանկի հաշվեկշռային ընդհանուր կապիտալի մինչև 10% չափով վարկերի տրամադրման վերաբերյալ՝ հիմք ընդունելով գործարար ստորաբաժանումների, ռիսկերի կառավարման կենտրոնի և անվտանգության ծառայության եզրակացությունները: Հաստատված պայմաններից շեղումով վարկերը նույնպես քննարկվում են Մեծ վարկային կոմիտեի կողմից:

Փոքր վարկային կոմիտե

Փոքր վարկային կոմիտեն ունի նույն նպատակները, ինչ Մեծ վարկային կոմիտեն, սակայն որոշումների կայացման իրավասությունները և սահմանաչափերն ավելի ցածր են: Կոմիտեի քննարկմանը և հաստատմանն են ներկայացվում մանրածախ և ՓՄՁ վարկերը: Փոքր վարկային կոմիտեն իրավասու չէ քննարկել պատասխանատու ստորաբաժանումներից որևէ մեկի կողմից բացասական եզրակացություն ստացած վարկերը:

Ակտիվների և պարտավորությունների կառավարման կոմիտե (ԱՊԿԿ)

Ակտիվների և պարտավորությունների կառավարման կոմիտեն Բանկում մշտապես գործող կոլեգիալ մարմին է, որն ունի որոշումներ կայացնելու իրավունք՝ ակտիվների և պարտավորությունների կառավարման քաղաքականության շրջանակներում: Կոմիտեի նպատակն է Բանկի ակտիվների և պարտավորությունների փոխհամաձայնեցված կառավարման համար նախադրյալների ստեղծումը, որը հնարավորություն կտա Բանկի ստորաբաժանումներին ապահովել առավելագույն շահութաբերություն` իրացվելիության, արտարժութային և տոկոսադրույքի ռիսկերի ընդունելի սահմաններում: Կոմիտեի իրավասությունների շրջանակը ներառում է նաև ներդրումային քաղաքականության, տոկոսադրույքների, արտարժույթի, իրացվելիության կապիտալի համարժեքության և ռիսկի պարամետրերի կառավարումը:

Խնդրահարույց վարկերի կառավարման կոմիտե

Կոմիտեն ձևավորվել է 2014թ.՝ նավթի գների անկման արդյունքում առաջացած ֆինանսական շուկայում ճգնաժամից հետո: Կոմիտեն ունի նույն նպատակները, ինչ Մեծ վարկային կոմիտեն՝ իր ուշադրության կենտրոնում պահելով հիմնականում խնդրահարույց և ռիսկային վարկերը, գրավի օտարումը և խնդրահարույց վարկերի վերադարձը:

ՓԼ/ԱՎ կոմիտե

Կոմիտեի հիմնական նպատակը Բանկի հեղինակության և բարի համբավի պահպանումն է` ձեռնարկելով ողջամիտ քայլեր հեղինակային և ֆինանսական ռիսկերից խուսափելու համար ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս ահաբեկչության ֆինանսավորման և հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների դեմ պայքարի շրջանակներում: Կոմիտեի հիմնական խնդիրն է ահաբեկչության ֆինանսավորման և փողերի լվացման դեմ պայքարը և նման գործունեության բացառումը Բանկի գործառնություններում:

Վարկավորման վերաբերյալ որոշումների կայացման սահմանաչափերը բաշխվում են ստորև բերված աղյուսակի համաձայն:

Վարկավորման պայմաններից շեղումների վերաբերյալ որոշումները նույնպես կայացվում են նշված սահմանաչափերի սահմաններում՝ կախված վարկատեսակից, գումարից և քվեարկության եղանակից (պարզ մեծամասնություն, ճնշող մեծամասնություն):

Ռիսկերի կառավարման կենտրոն.

  • Իրականացնում է ռիսկերի կառավարման քաղաքականության և կառուցվածքի մշակում,
  • Իրականացնում է բիզնես գործընթացների մակարդակով ռիսկերի կառավարման (ներքին հսկողության) համակարգի ներդնում,
  • Նոր ներդրվող գործիքների գծով ներկայացնում է ռիսկերի կառավարման վերաբերյալ առաջարկություններ,
  • Հաստատված սահմանաչափերի ներքո տալիս է եզրակացություն բանկային գործարքների մասով,
  • Մշակում և վերանայում է ռիսկերի կառավարման վերաբերյալ հաշվետվություններ, ներկայացնում Բանկի ղեկավարությանը,
  • Իրականացնում է Բանկում ռիսկերի կառավարման վերաբերյալ տեղեկացվածության բարձրացում, կրթում:

Ներքին աուդիտ.

  • Ներքին աուդիտի ստորաբաժանումը գնահատում է Բանկում ներդրված ռիսկերի կառավարման համակարգի արդյունավետությունը, հաստատված չափանիշների պահպանումը Բանկի ստորաբաժանումների կողմից, ներկայացնում առաջարկներ արդյունավետության բարձրացման համար,
  • Բացահայտված ռիսկերի վերաբերյալ հաշվետվություններ է ներկայացնում Բանկի ղեկավարներին և Տնօրենների խորհրդին:

ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Ռիսկերի կառավարման համակարգի արդյունավետության համար Բանկում անհրաժեշտ է սահմանել համապատասխան կառավարչական տեղեկատվության համակարգ, ինչը հնարավորություն կտա ապահովել անհրաժեշտ ուղղահայաց և հորիզոնական տեղեկատվական հոսքեր որոշումների կայացման համար:

Կառավարչական տեղեկատվական համակարգը Բանկի ղեկավարությանը ներկայացնում է առաջնորդող, համընկնող և հետևորդ ինդիկատորներ Բանկի վարկային և այլ պորտֆելների վերաբերյալ:

Կառավարչական տեղեկատվության համակարգի ներքո Բանկի Տնօրենների խորհուրդը և Տնօրինությունը կարող են ստանալ հաշվետվություններ նոր ի հայտ եկած ռիսկերի և դրանց հնարավոր հետևանքների, ինչպես նաև հսկողական մեխանիզմների խափանման մասին:

Կառավարչական տեղեկատվության համակարգն առանձին գործիքների մասով տարբեր եղանակներով Բանկի գծային և հորիզոնական ղեկավարներին ներկայացնում է մասնավորապես.

  • գործիքների պորտֆելների/ներդրումների կառուցվածքը,
  • գործիքների եկամտաբերության և ժամկետայնության կառուցվածքը,
  • ժամկետանց ակտիվների և պարտավորությունների կառուցվածքը,
  • գրավադրված ակտիվների և ընդունված գրավների կառուցվածքը,
  • խնդրահարույց վարկերի և կենտրոնացումների վերաբերյալ տեղեկատվությունը,
  • դեֆոլտի ենթարկված վարկերի վերադարձելիությունը,
  • այլ տեղեկատվություն արդյունավետության վերաբերյալ:

Ֆինանսական հաշվետվություններ

Անկախ աուդիտորական եզրակացություն

Անկախ աուդիտորական եզրակացություն

«Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության Բաժնետերերին և Տնօրենների խորհրդին

Կարծիք

Մենք աուդիտի ենք ենթարկել «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության (Բանկ) ֆինանսական հաշվետվությունները, որոնք ներառում են 2016թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը, նույն ամսաթվին ավարտվող տարվա համապարփակ ֆինանսական արդյունքների, դրամական միջոցների հոսքերի և սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվությունները, ինչպես նաև ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները, ներառյալ հաշվապահական հաշվառման նշանակալի քաղաքականությունների ամփոփ նկարագիրը:
Մեր կարծիքով, կից ֆինանսական հաշվետվությունները բոլոր էական առումներով ճշմարիտ են ներկայացնում Բանկի ֆինանսական վիճակը 2016թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ, նույն ամսաթվին ավարտվող տարվա ֆինանսական արդյունքները և դրամական միջոցների հոսքերը՝ համաձայն Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ-ների):

Կարծիքի արտահայտման հիմքեր

Մենք աուդիտն իրականացրել ենք Աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան: Այդ ստանդարտներից բխող մեր պարտականությունները նկարագրված են ստորև «Աուդիտորի պատասխանատվությունը ֆինանսական հաշվետվությունների աուդիտի համար» բաժնում: Մենք անկախ ենք Բանկից՝ համաձայն Հաշվապահների Վարքագծի Միջազգային Ստանդարտների Խորհրդի Պրոֆեսիոնալ Հաշվապահների Վարքագրքի (ՀՎՄՍԽ Վարքագիրք), և մենք կատարել ենք վարքագծի հետ կապված մեր այլ պարտականությունները` համաձայն ՀՎՄՍԽ Վարքագրքի: Մենք գտնում ենք, որ մեր կողմից ձեռք բերված աուդիտորական ապացույցները բավարար և համապատասխան հիմք են հանդիսանում մեր կարծիքն արտահայտելու համար:

Աուդիտի առանցքային հարցեր

Աուդիտի առանցքային հարցերը այն հարցերն են, որոնք, ըստ մեր մասնագիտական դատողության, առավել նշանակալի էին ընթացիկ ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունների աուդիտի ընթացքում: Այդ հարցերը դիտարկվել են ֆինանսական հաշվետվությունների մեր աուդիտի համատեքստում ընդհանրապես, և այդ հաշվետվությունների վերաբերյալ մեր կարծիքը ձևավորելիս: Մենք չենք արտահայտում առանձին կարծիք այդ հարցերի վերաբերյալ: Մեր նկարագրությունը, թե ինչպես է ստորև նշված յուրաքանչյուր հարցը դիտարկվել մեր աուդիտի ընթացում, ներկայացված է այդ համատեքստում:

Մենք կատարել ենք մեր պարտականությունները, որոնք նկարագրված են «Աուդիտորի պատասխանատվությունը ֆինանսական հաշվետվությունների աուդիտի համար» բաժնում, այդ թվում` այդ հարցերի վերաբերյալ: Համապատասխանաբար, մեր աուդիտը ներառել է ընթացակարգերի իրականացում՝ մշակված ի պատասխան ֆինանսական հաշվետվությունների էական խեղաթյուրման ռիսկի մեր գնահատմանը: Մեր աուդիտորական ընթացակարգերի արդյունքները, այդ թվում` ստորև ներկայացված հարցերը դիտարկելիս իրականացրած ընթացակարգերը, հիմք են հանդիսանում կից ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական կարծիք արտահայտելու համար:

Վարկերի արժեզրկման գծով պահուստ

Վարկերի արժեզրկման գծով պահուստը ղեկավարության համար հանդիսանում է առանցքային դատողությունների առարկա: Արժեզրկման բացահայտումն ու փոխհատուցվող գումարի որոշումը իր բնույթով անորոշ գործընթաց է, որը ներառում է տարբեր ենթադրություններ և գործոններ, ներառյալ գործընկերոջ ֆինանսական վիճակը, սպասվող ապագա դրամական հոսքերը, գրավի իրացման սպասվող զուտ գները և իրացման ժամանակահատվածը: Մոդելավորման տարբեր մեթոդների և ենթադրությունների կիրառումը կարող է հանգեցնել վարկերի արժեզրկման գծով պահուստի գնահատման էականորեն տարբեր արդյունքների: Սա կարող է էական ազդեցություն ունենալ Բանկի ֆինանսական արդյունքների վրա:

Վարկերի արժեզրկման գծով պահուստը հանդիսանում է աուդիտի առանցքային հարց հաճախորդներին տրված վարկերի գումարի նշանակալի լինելու (Բանկի ընդհանուր ակտիվների 69.4%՝ 2016թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ) և արժեզրկման գնահատման հիմքում ընկած ենթադրությունների սուբյեկտիվության պատճառով:

Մենք գնահատել ենք խմբային արժեզրկման հաշվարկների նկատմամբ վերահսկողության միջոցների նախագծման և գործարկման արդյունավետությունը: Մենք թեսթավորել ենք խմբային արժեզրկման հաշվարկի հիմքում ընկած մոդելներն ու ենթադրությունները, մոդելների բանաձևերն ու մուտքային տվյալները, ինչպիսիք են վարկերի զուտ դուրսգրումներն ու ժամկետանց օրերը:

Անհատական հիմունքներով հաշվարկված արժեզրկման գծով կորուստների համար մենք թեսթավորել ենք արժեզրկման բացահայտման և քանակական գնահատման հիմքում ընկած ենթադրությունները, ներառյալ հաշվարկի հիմքում ընկած գրավի առարկայի գնահատումը ու ապագա դրամական հոսքերի կանխատեսումը: Մենք ուշադրությունը կենտրոնացրել ենք հաշվետու ամսաթվի դրությամբ արժեզրկման հայտանիշեր ունեցող իրավաբանական անձանց տրված նշանակալի վարկերի վրա:

Մենք նաև իրականացրել ենք ընթացակարգեր Բանկի` վարկային ռիսկին ենթարկվածությունը և արժեզրկման գծով պահուստի գնահատման համար կատարված առանցքային ենթադրություններն ու դատողությունները նկարագրող բացահայտումների նկատմամբ (Ծանոթագրություն 21):

Ցեսիայից օգուտ

2016թ. ընթացքում Բանկը ճանաչել է ցեսիայից օգուտ` ապագայում ստացվելիք հատուցման դիմաց վարկերի և այլ ստացվելիք գումարների փոխանցումից (Ծանոթագրություն 8): Բանկի ղեկավարությունը կիրառել է իր դատողությունները` փոխանցված վարկերի և այլ ստացվելիք գումարների ապաճանաչման հայտանիշերը գնահատելու և ստացվելիք հատուցման գումարի իրական արժեքը որոշելու համար:

Ցեսիայից օգուտը հանդիսանում է աուդիտի առանցքային հարց իր ոչ սովորական բնույթի և ղեկավարության համապատասխան դատողությունների սուբյեկտիվության պատճառով:

Մենք իրականացրել ենք աուդիտորական ընթացակարգեր ճանաչված գումարների ճշգրտության և գնահատման նկատմամբ: Մեր աուդիտորական ընթացակարգերը ներառել են ապաճանաչման չափանիշների գնահատում փոխանցված վարկերի և այլ ստացվելիք գումարների համար և արված առանցային ենթադրությունների վերլուծություն, ներառյալ՝ հատուցման գումարի վերադարձելիությունը:

Բանկի 2016թ. Տարեկան հաշվետվության մեջ ներառված այլ տեղեկատվություն

Այլ տեղեկատվությունը ներառում է Տարեկան հաշվետվության մեջ ներառված տեղեկատվությունը, բացի ֆինանսական հաշվետվություններից և դրանց վերաբերյալ մեր աուդիտորական եզրակացությունից: Ղեկավարությունը պատասխանատու է այլ տեղեկատվության համար: Տարեկան հաշվետվությունը ենթադրաբար մեզ կտրամադրվի աուդիտորական եզրակացության ամսաթվից հետո: Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ մեր կարծիքը չի տարածվում այլ տեղեկատվության վրա, և մենք այդ տեղեկատվության վերաբերյալ չենք տրամադրելու կարծիք, որը որևէ ձևով կարտահայտի հավաստիացում տվյալ տեղեկատվության վերաբերյալ: Ֆինանսական հաշվետվությունների մեր աուդիտի հետ կապված, մեր պարտավորությունն է ծանոթանալ վերոնշյալ այլ տեղեկատվությանը, երբ այն տրամադրվի մեզ, և դրանով դիտարկել, թե արդյոք առկա են էական անհամապատասխանություններ այլ տեղեկատվության և ֆինանսական հաշվետվությունների կամ աուդիտի ընթացքում ձեռք բերված մեր գիտելիքների միջև, և թե արդյոք այլ տեղեկատվությունը պարունակում է այլ էական խեղաթյուրումներ:

Ղեկավարության և Տնօրենների խորհրդի պատասխանատվությունը ֆինանսական հաշվետվությունների համար

Ղեկավարությունը պատասխանատու է ֆինանսական հաշվետվությունները ՖՀՄՍ-ներին համապատասխան պատրաստելու և ճշմարիտ ներկայացնելու, ինչպես նաև այնպիսի ներքին վերահսկողության համակարգի համար, որը, ըստ ղեկավարության, անհրաժեշտ է խարդախության կամ սխալի հետևանքով առաջացած էական խեղաթյուրումներից զերծ ֆինանսական հաշվետվությունների պատրաստումն ապահովելու համար:

Ֆինանսական հաշվետվություններ պատրաստելիս ղեկավարությունը պատասխանատու է Բանկի անընդհատ գործելու հնարավորությունը գնահատելու, համապատասխան դեպքերում անընդհատ գործելու հետ կապված հարցերը բացահայտելու և կազմակերպության գործունեության անընդհատության ենթադրության հիման վրա հաշվետվությունները պատրաստելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ ղեկավարությունը մտադիր է լուծարել Բանկը, ընդհատել դրա գործունեությունը կամ երբ չունի այդպես չվարվելու որևէ իրատեսական այլընտրանք։

Տնօրենների խորհուրդը պատասխանատու է Բանկի ֆինանսական հաշվետվությունների պատրաստման գործընթացի նկատմամբ վերահսկողության համար:

Աուդիտորի պատասխանատվությունը ֆինանսական հաշվետվությունների աուդիտի համար

Մեր նպատակն է ձեռք բերել ողջամիտ հավաստիացում առ այն, որ ֆինանսական հաշվետվությունները, ամբողջությամբ վերցրած, զերծ են էական խեղաթյուրումից՝ անկախ դրանց խարդախության կամ սխալի հետևանքով առաջացման հանգամանքից, և ներկայացնել մեր կարծիքը ներառող աուդիտորական եզրակացություն: Ողջամիտ հավաստիացումը բարձր մակարդակի հավաստիացում է, բայց այն չի երաշխավորում, որ Աուդիտի միջազգային ստանդարտներին համաձայն իրականացրած աուդիտը միշտ կհայտնաբերի էական խեղաթյուրումը, երբ այն առկա է: Խեղաթյուրումները կարող են առաջանալ խարդախության կամ սխալի հետևանքով և համարվում են էական, երբ խելամտորեն կարող է ակնկալվել, որ դրանք, առանձին կամ միասին վերցրած, կազդեն ֆինանսական հաշվետվություններն օգտագործողների՝ սույն ֆինանսական հաշվետվությունների հիման վրա կայացվող տնտեսական որոշումների վրա:

Աուդիտի միջազգային ստանդարտներին համաձայն իրականացրած աուդիտի շրջանակներում մենք կիրառում ենք մասնագիտական դատողություն և պահպանում ենք մասնագիտական կասկածամտություն աուդիտի ողջ ընթացքում: Մենք նաև իրականացնում ենք հետևյալը.

  • Հայտնաբերում և գնահատում ենք խարդախության կամ սխալի հետևանքով ֆինանսական հաշվետվությունների էական խեղաթյուրման ռիսկերը, նախագծում և իրականացնում ենք աուդիտորական ընթացակարգեր՝ այդ ռիսկերին արձագանքելու նպատակով, և ձեռք ենք բերում աուդիտորական ապացույցներ, որոնք բավարար և համապատասխան հիմք են հանդիսանում մեր կարծիքն արտահայտելու համար: Խարդախության հետևանքով առաջացած էական խեղաթյուրման չբացահայտման ռիսկն ավելի բարձր է, քան սխալի հետևանքով էական խեղաթյուրման չբացահայտման ռիսկը, քանի որ խարդախությունը կարող է ներառել հանցավոր համաձայնություն, զեղծարարություն, միտումնավոր բացթողումներ, սխալ ներկայացումներ կամ ներքին վերահսկողության համակարգի չարաշահում:
  • Ձեռք ենք բերում պատկերացում աուդիտին վերաբերող ներքին հսկողության վերաբերյալ՝ տվյալ հանգամանքներին համապատասխան աուդիտորական ընթացակարգեր նախագծելու, սակայն ոչ Բանկի ներքին վերահսկողության համակարգի արդյունավետության վերաբերյալ կարծիք արտահայտելու նպատակով:
  • Գնահատում ենք կիրառված հաշվապահական հաշվառման քաղաքականության տեղին լինելը, ինչպես նաև ղեկավարության կողմից կատարած հաշվապահական հաշվառման գնահատումների և համապատասխան տեղեկատվության բացահայտման խելամտությունը:
  • Եզրահանգում ենք ղեկավարության կողմից հաշվապահական հաշվառման անընդհատության սկզբունքի կիրառման տեղին լինելու վերաբերյալ և, հիմնվելով ձեռք բերված աուդիտորական ապացույցների վրա, գնահատում ենք, թե արդյոք առկա է դեպքերի կամ հանգամանքների հետ կապված էական անորոշություն, որը կարող է էական կասկած առաջացնել Բանկի անընդհատ գործելու հնարավորության վերաբերյալ: Եթե մենք եզրակացնում ենք, որ առկա է էական անորոշություն, մեզանից պահանջվում է մեր աուդիտորական եզրակացությունում ուշադրություն դարձնել ֆինանսական հաշվետվությունների համապատասխան բացահայտումներին, կամ, երբ այդ բացահայտումները համապատասխան չեն, ձևափոխել մեր կարծիքը: Մեր եզրահանգումները հիմնված են մինչև մեր աուդիտորական եզրակացության ամսաթիվը ձեռք բերված աուդիտորական ապացույցների վրա: Սակայն ապագա իրադարձություններն ու հանգամանքները կարող են հանգեցնել Բանկի գործունեության անընդհատության դադարեցմանը:
  • Գնահատում ենք ֆինանսական հաշվետվությունների ընդհանուր ներկայացումը, կառուցվածքն ու բովանդակությունը, ներառյալ՝ բացահայտումները, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների հիմքում ընկած գործարքների ու դեպքերի ճշմարիտ ներկայացումը:

Տնօրենների խորհրդին, ի թիվս այլ հարցերի, տեղեկացնում ենք աուդիտի առաջադրանքի պլանավորված շրջանակի և ժամկետների, ինչպես նաև աուդիտի ընթացքում հայտնաբերված նշանակալի հարցերի, ներառյալ՝ ներքին հսկողությանը վերաբերող կարևոր թերությունների մասին:

Մենք Տնօրենների խորհրդին նաև տրամադրում ենք հայտարարություն, ըստ որի մենք պահպանել ենք անկախության վերաբերյալ վարքագծի պահանջները, ինչպես նաև նրանց տեղեկացնում ենք բոլոր հարաբերությունների կամ այլ հարցերի մասին, որոնք ըստ ողջամիտ ենթադրության, կարող են անդրադառնալ մեր անկախության վրա, և որտեղ կիրառելի է, նախազգուշական միջոցառումների մասին։

Տնօրենների խորհրդին հաղորդված հարցերից մենք որոշում ենք այն հարցերը, որոնք համարվել են առավել նշանակալի ընթացիկ ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունների աուդիտի ընթացում, և հետևաբար հանդիսանում են աուդիտի առանցքային հարցեր: Մենք նկարագրում ենք այդ հարցերը մեր աուդիտորական եզրակացությունում, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով կամ կարգավորող ակտերով արգելված է այդպիսի հարցերի հրապարակային բացահայտումը, կամ երբ խիստ բացառիկ հանգամանքներում մենք որոշում ենք, որ տվյալ հարցը չպետք է ներկայացվի մեր եզրակացությունում, քանի որ կարող է ողջամտորեն ակնկալվել, որ դրա ներկայացման հետ կապված բացասական հետևանքները ավելի շատ կլինեն, քան դրա ներկայացումից հանրային օգուտը։

Այս աուդիտի առաջադրանքի պատասխանատուն Էրիկ Հայրապետյանն է:

«Էրնսթ ընդ Յանգ» ՓԲԸ
ՀՀ, ք. Երևան

Գլխավոր տնօրեն՝ Հ. Սարգսյան՝
Ի դեմս լիազորված անձ Է. Հայրապետյանի
(գործող 2016թ. օգոստոսի 1-ին տրված լիազորագրի հիման վրա)

Աուդիտի բաժնի հիմնադիր գործընկեր`

Էրիկ Հայրապետյան

2017թ. մարտի 23

Ֆինանսական հաշվետվությունները վավերացվել են ղեկավարության կողմից 2017թ. մարտի 23-ին և ստորագրվել են վերջինիս անունից`

Տնօրինության նախագահ –

Գլխավոր տնօրեն

Արտակ Հանեսյան

Գլխավոր հաշվապահ

empty

Գոհար Խաչատրյան

Ծանոթագրություն 1

Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջների` «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը պետք է հրապարակի իր ֆինանսական հաշվետվությունները:

Կից ամփոփ ֆինանսական հաշվետվությունները, որոնք ներառում են 2016թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ֆինանսական վիճակի մասին ամփոփ հաշվետվությունը, նույն ամսաթվին ավարտվող տարվա համապարփակ ֆինանսական արդյունքների մասին ամփոփ հաշվետվությունը, սեփական կապիտալում փոփոխությունների եւ դրամական միջոցների հոսքերի մասին ամփոփ հաշվետվությունները և կից ծանոթագրությունը, քաղված են Բանկի` 2016թ. դեկտեմբերի 31-ին ավարտվող տարվա աուդիտորական ստուգում անցած ֆինանսական հաշվետվություններից` պատրաստված համաձայն Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների:

Կից ամփոփ ֆինանսական հաշվետվությունները չեն պարունակում ամբողջ պարզաբանող տեղեկատվությունը, որը ներկայացված է ամբողջական ֆինանսական հաշվետվություններում, մասնավորապես` հաշվապահական հաշվառման քաղաքականության ամփոփ նկարագիրը և այլ պարզաբանող տեղեկությունները, որոնց բացահայտումը պարտադիր է համաձայն Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների:

Ֆինանսական հաշվետվությունների ամբողջական փաթեթի հետ կարելի է ծանոթանալ «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրոնային կայքում: