Ամերիաբանկը 2015թ. ֆինանսական շուկայի զարգացումների առաջատարն էր բոլոր առումներով: Անցած տարին նշանավորվեց բանկի կանոնադրական և ընդհանուր կապիտալների ավելացմամբ, նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ և այլ ձեռքբերումներով, որոնք գործունեության նոր չափանիշներ սահմանեցին ՀՀ բանկային ոլորտի մասնակիցների համար: Չնայած արտաքին միջավայրի բազմաթիվ կտրուկ փոփոխություններին ու մարտահրավերներին` մենք վստահորեն հաղթահարեցինք դրանք 2015թ. դարձնելով մեծ հնարավորությունների տարին:

2015 թ. ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՀԱՄԱՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ, ՆԵՐՈՒԺԻ ԵՎ ՄԵԾ ՆՎԻՐՈՒՄԻ ՏԱՐԻ ԷՐ:
Annual Report 2015

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱԿՆԱՐԿ

Գործունեության հիմնական ցուցանիշներ

infographic

Տնօրենների խորհրդի նախագահի ուղերձը

Chairman Image

Սիրելի' հաճախորդներ, բաժնետերեր և գործընկերներ,

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մի քանիսն այն ձեռքբերումներից, մարտահրավերներից ու հնարավորություններից, որոնք Ամերիաբանկն արձանագրեց 2015թ.: Մենք վստահորեն պահպանում ենք առաջատարի մեր դիրքը գրեթե բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշներով: Հետևողականորեն բարելավելով ծառայությունների որակը և ներդնելով սպասարկման բարելավմանն ուղղված նոր տեխնոլոգիաներ՝ մենք ապահովել ենք առաջանցիկ տարեկան աճ միջին շուկայականի համեմատ: Թեև անցած տարին դժվարին էր թե՛ բանկային հատվածի, թե՛ Հայաստանի ամբողջ տնտեսության համար, այնուհանդերձ, ի հեճուկս արտաքին խոչընդոտների, գրանցվեց ՀՆԱ-ի տարեկան 3% աճ, որն, ի դեպ, ավելի բարձր է, քան մեր հարևան երկրներինը:

2007թ. տարեվերջում, երբ մենք ձեռք բերեցինք բանկը, այն բավականին փոքր էր, և ընդհանուր կապիտալը կազմում էր ընդամենը 9 մլն ԱՄՆ դոլար, ակտիվները՝ 45 մլն ԱՄՆ դոլար, իսկ անձնակազմը, վարչական և տեխնիկական աշխատողների հետ միասին, բաղկացաց էր շուրջ 30 հոգուց: Ի սկզբանե, մենք նայում էինք 20 տարով առաջ և մեր ռազմավարությունը կառուցում՝ հիմնվելով հստակ տեսլականի ու մանրակրկիտ վերլուծության վրա: Մենք բավականին մեծ ներդրումներ ենք կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում, ինչպես նաև բարձրորակ սպասարկում ապահովելու, հաճախորդի հետ հարաբերությունների կառավարման, տեղական աշխատաշուկայի լավագույն մասնագետներին ներգրավելու և վերապատրաստելու, կորպորատիվ կառավարման լավագույն փորձը կիրառելու և ունիվերսալ բանկի մոդել կառուցելու համար: Այս ամենը, զուգորդվելով առանցքային որոշումների կայացման ճիշտ ժամանակ ընտրելու հետ, օգնեց մեզ իրագործել մեր նպատակը՝ փոքր ընկերությունը դարձնել տեղական շուկայի առաջատար, տարածաշրջանի ֆինանսական շուկայի խոշորագույն մասնակիցներից մեկը և մեր երկրի ֆինանսական հատվածի ամենամեծ դերակատարը:

Այսօր, երբ ամփոփում ենք 2015թ. արդյունքները, Ամերիաբանկի ակտիվները գերազանցում են 1 մլրդ դոլարը (աննախադեպ ցուցանիշ անկախ Հայաստանի բանկային համակարգում) ընդհանուր նորմատիվային կապիտալը մոտենում է 170 մլն ԱՄՆ դոլարի շեմին, իսկ աշխատակիցների թիվը կազմում է շուրջ 600 հոգի: Այսպիսով, Ամերիաբանկը Հայաստանի խոշորագույն ֆինանսական հաստատությունն է բոլոր հիմնական ցուցանիշներով: Այս տարիների ընթացքում մենք ավելի քան 2 մլրդ ԱՄՆ դոլար ենք ուղղել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների ֆինանսավորմանը, այդ թվում՝ ավելի քան 200 մլն ԱՄՆ դոլար՝ արտահանման խթանմանը, 350 մլն ԱՄՆ դոլարից ավել՝ փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը:

Ամերիաբանկը խոշորագույն հարկատուն է հայաստանյան բանկերի ցանկում, իսկ երկրի ամենախոշոր հարկատուների շարքում զբաղեցնում է 15-րդ տեղը: Միաժամանակ, մենք ամենաարդյունավետ ֆինանսական կառույցներից մեկն ենք՝ զբաղեցնելով առաջատար դիրքեր ըստ կապիտալի եկամտաբերության, եկամուտ/ծախս հարաբերակցության, շահույթի, մեկ աշխատակցին բաժին ընկնող ակտիվների, բրենդի ճանաչելիության և մի շարք այլ ցուցանիշների: Կարևոր է նշել, որ որպես երկրի խոշորագույն ընկերություններից մեկը՝ Ամերիաբանկը մեծ ուշադրություն է հատկացնում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը: Մենք ուրախ ենք արձանագրել, որ այս տարիների ընթացքում աջակցել ենք բազում հայ ընտանիքների և Հայաստանում իրականացվող կարևորնախաձեռնությունների:

2015թ. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ձեռք բերեց Ամերիաբանկի բաժնետոմսերի փաթեթ՝ 40 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կատարելով մեր կապիտալում, իսկ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) տրամադրեց 50 մլն ԱՄՆ դոլար ստորադաս փոխառություն: Երկուսն էլ շրջադարձային գործարք են, որոնց նպատակն է ամրապնդել բանկի դիրքերն առաջնային հրապարակային տեղաբաշման (IPO) մեր ծրագրերն իրականացնելու համար: Մեր գործընկերների հետ միասին մենք պատրաստ ենք հաղթահարել բոլոր մարտահրավերները, որոնք մեզ սպասում են այս ճանապարհին: Դրանով մենք կսահմանենք նոր, բեկումնային նշաձող ու կրկին կդառնանք այս կամ այն ոլորտում նշանակալի ձեռքբերում ունեցած առաջին բանկը, տվյալ դեպքում՝ առաջին հայկական առաջատար բանկը, որը նախատեսում է դուրս գալ կապիտալի միջազգային շուկաներ: Այս նպատակին հասնելու համար մենք մտադիր ենք ավելացնել մեր կապիտալը ոչ լրացուցիչ ներդրումների (օրգանական աճի) միջոցով. հույս ունենք 2016թ. կնքել միացման կամ ձեռքբերման ևս մեկ գործարք: Մենք նաև հետևողականորեն կատարելագործում ենք մեր ներքին բիզնես գործընթացները և ներդնում լավագույն միջազգային փորձը: Ավելին, 2016թ. Ամերիաբանկի Տնօրենների խորհրդին կմիանա ՎԶԵԲ-ի կողմից առաջադրված նոր մասնագիտացված անդամ:

Ամփոփելով՝ ցանկանում եմ իմ խորը երախտագիտությունը հայտնել Ամերիաբանկի թիմին անշեղ նվիրվածության համար: Ձեզանից յուրաքանչյուրի ներդրումն անգնահատելի է մեզ համար: Մեծ գնահատանքով, պատվով և հպարտությամբ եմ ասում, որ մեր թիմի հետևողական, պրոակտիվ, քրտնաջան աշխատանքի շնորհիվ մենք հաջողությամբ իրականացրինք բազմաթիվ առանցքային ծրագրեր, որոնք հերթական կարևոր քայլն են մեր ռազմավարական նպատակների իրագործման ճանապարհին:

Ցանկանում եմ նաև սրտանց շնորհակալություն հայտնել մեր բոլոր հաճախորդներին, գործընկերներին, բաժնետերերին և Տնօրենների խորհրդի անդամներին անսասան վստահության, հավատարմության և ռազմավարական նպատակների իրագործման ընթացքում ցուցաբերած շարունակական աջակցության համար:

Վստահ եմ, որ այս տարվա ակտիվ զարգացումները կընձեռեն նորանոր մարտահրավերներ ու հնարավորություններ՝ 2016թ. և այդուհետ ավելի տպավորիչ արդյունքների հասնելու համար:

Գլխավոր տնօրենի ուղերձը

Artak Hanesyan Image

Ամերիաբանկը յուրաքանչյուր մարտահրավեր դիտում է որպես նոր հնարավորություն: Այս առումով անցյալ տարին ևս մեկ բեղմնավոր տարի էր, որի արդյունքները ցանկանում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը: 2014թ. 4-րդ եռամսյակում և ամբողջ 2015թ. ընթացքում Հայաստանի տնտեսության առջև ծառանում էին բազում ներքին և արտաքին մարտահրավերներ, և փորձագետներից շատերը բավականին հոռետեսական կանխատեսումներ էին անում: Բարեբախտաբար, դրանք չիրականացան, և Հայաստանի տնտեսությունը 2015թ. համեմատաբար կայուն վիճակում էր. ՀՆԱ-ի տարեկան աճը կազմեց 3%: ՀՀ դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ կազմեց միջինը 15%, որն ամենացածրն է տարածաշրջանում: Առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը նվազել է, փոխարենը բարելավվել է ընթացիկ վճարային հաշվեկշռի մնացորդը: Այս և բոլոր մյուս մարտահրավերներն իրենց հետքը թողեցին Հայաստանի տնտեսության կառուցվածքում և բանկային հատվածում: Այդուհանդերձ, ես վստահ եմ, որ այս դժվարությունները մի շարք բանկերի համար բացել են նոր և մեծ հնարավորություններ:

Չնայած տնտեսության վայրիվերումներին, Ամերիաբանկը բարելավել է իր առաջատար դիրքերն ինչպես քանակական, այնպես և որակական ցուցանիշներով: 2015-ի վերջում Ամերիաբանկն 1-ինն էր ըստ ակտիվների, վարկային պորտֆելի, հաճախորդների ավանդների և ընդհանուր կապիտալի: Բանկն ապացուցել է իր արդյունավետությունը՝ զբաղեցնելով առաջատար դիրքեր նաև ըստ կապիտալի եկամտաբերության և եկամուտ/ծախս ցուցանիշների: Չնայած 2015թ. 9 ամիսների ընթացքում չաշխատող վարկերի կշիռը որոշ չափով ավելացել էր, 4-րդ եռամսյակում վիճակը կայունացավ, և այսուհետ մենք ակնկալում ենք շարունակաբար բարելավել մեր վարկային պորտֆելի որակը:

2015թ. վերջում բանկի ակտիվները հատեցին 1 մլրդ ԱՄՆ դոլարի սահմանը, ինչը ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի բանկային համակարգի ամբողջ պատմության ընթացքում: Ամերիաբանկը խոշորագույն բանկն է ըստ սեփական և նորմատիվային կապիտալի՝ մեկն ընդամենն այն 6 բանկերից, որոնց կապիտալն արդեն իսկ գերազանցում է ՀՀ ԿԲ նորմատիվը (30 մլրդ ՀՀ դրամ, ուժի մեջ կմտնի 2017թ-ի հունվարի 1-ից): Հաշվի առնելով տնտեսական վիճակի անորոշությունը՝ բանկը շատ զգուշավոր մոտեցում էր որդեգրել վարկավորման ոլորտում՝ ընտրելով միայն ամենահուսալի հաճախորդներին: Միաժամանակ բանկը գնահատում էր տնտեսության տարբեր հատվածների ներուժն ու կանխատեսումներ անում դրանց հետագա զարգացման վերաբերյալ: Ըստ այդմ, վարկային պորտֆելի դիվերսիֆիկացման ընթացքում ընտրվում էին այն ճյուղերը, որոնք ըստ բանկի կանխատեսումների կարող են ցուցաբերել աճի առաջանցիկ տեմպեր: Բանկը նաև արձանագրեց ավանդների 41% աճ, որը վկայում է անգամ տնտեսական անորոշության պայմաններում Ամերիաբանկի հանդեպ հաճախորդների բացառիկ վստահության մասին:

Զուտ շահույթի ձևավորման վրա հիմնականում ազդում էր պահուստավորման ծավալների միտումնավոր ավելացումը բանկի կողմից՝ հետագա հնարավոր կորուստների դեմ ամրության պաշար ստեղծելու նպատակով:

Որպես տարածաշրջանում միջազգային ֆինանսական հաստատությունների հետ համագործակցող ամենաակտիվ բանկ՝ մենք շարունակում ենք փոխշահավետ գործակցության նորանոր եզրեր փնտրել: Մասնավորապես, բանկը կնքել է 2 նոր գործարք՝ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի (20 մլն ԱՄՆ դոլար) և FMO-ի ու Ավստրիական զարգացման բանկի (25 մլն ԱՄՆ դոլար) հետ: Այսպես, Ամերիաբանկը ներգրավեց ևս 45 մլն ԱՄՆ դոլար՝ ՀՀ տնտեսության վարկավորմանն ուղղելու համար: Ավելին, ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի հետ 2015թ. դեկտեմբերին կնքված 2 գործարքի շնորհիվ այս գումարն ավելացավ 90 մլն ԱՄՆ դոլարով, որից 40 մլն ներդրել է ՎԶԵԲ-ը՝ ձեռք բերելով բանկի բաժնեմաս, իսկ 50 մլն տրամադրել է ՄՖԿ-ն որպես ստորադաս փոխառություն: Մենք ստեղծել ենք բոլոր անհրաժեշտ նախապայմաններն Ամերիաբանկի հետագա աճը և Հայաստանի տնտեսության իրական հատվածի վարկավորումն ապահովելու համար:

Ի նշան մեր ձեռքբերումների, Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը բանկին շնորհել է արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի «B+» վարկանիշ, որը հավասար է Հայաստանի վարկանիշին: Ավելին, գնահատելով անցած տարվա ձեռքբերումները՝ մրցանակներ բաշխող գրեթե բոլոր հեղինակավոր միջազգային հաստատությունները Ամերիաբանկը ճանաչել են տարվա լավագույն բանկը Հայաստանում: Մասնավորապես, Ամերիաբանկը ճանաչվել է տարվա լավագույն բանկ The Banker ամսագրի կողմից, տարվա լավագույն բանկ և տարվա լավագույն բանկ առևտրի ֆինանսավորման ոլորտում Global Finance ամսագրի կողմից չորրորդ տարին անընդմեջ, ինչպես նաև Հայաստանի ներքին շուկայում պարտատոմսերի տեղաբաշխման կազմակերպիչների վարկանշային աղյուսակի առաջատար Cbonds գործակալության կողմից: Ամերիաբանկը ստացել է նաև գերազանցության 4 մրցանակ «Նասդաք ՕԷմԷքս Արմենիա» բորսայից:

Հարկ եմ համարում նշել, որ մենք մշտապես ձգտում ենք ներդնել ամենաժամանակակից տեխնոլոգիաներն ու նորամուծությունները և ապահովել սպասարկման ամենաբարձր որակը: ¸րա մասին է վկայում այն, որ գերմանական TÜV Rheinland ընկերությունը բարձրացրել է իր շնորհած ISO 9001:2008 որակի կառավարման վկայականի կարգը՝ այն սահմանելով ISO 9001:2015, և այժմ Ամերիաբանկի գործունեությունը համապատասխանում է որակի կառավարման այս նորագույն չափանիշին: 2015թ. մեր ձեռքբերումների շարքում է նաև BankWorld հեռակառավարման բազմաֆունկցիոնալ համակարգի ներդնումը, մանրածախ սպասարկման ենթակառուցվածքի ընդլայնումը ևս 1 մասնաճյուղով:

Որպես իսկական հաճախորդակենտրոն բանկ՝ մենք ուշադիր հետևում ենք հաճախորդների բավարարվածության մակարդակին (NPS տեխնոլոգիա), որը տարեցտարի աճում է, և ուրախ ենք փաստել, որ մեր հաճախորդները գնալով ավելի ու ավելի են գոհանում մեր մատուցած ծառայությունների որակով: Մենք շարունակում ենք ֆինանսական և մասնագիտական ներդրումներ կատարել հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման CRM համակարգում: Շնորհիվ սպասարկման որակի բարձրացմանն ու հաճախորդների կարիքների բացահայտմանն ուղղված մեր մշտական ջանքերի ու ներդրումների Ամերիաբանկը հայաստանյան շուկայում ամենաճանաչված բրենդն է:

Ես պատիվ ունեմ` իմ երախտիքի խոսքն ուղղելու մեր թիմին, որը կազմված է իսկական, իրենց գործին նվիրված մասնագետներից և վառ անհատականություններից: Մեր երախտագիտությունն եմ հայտնում նաև մեր հաճախորդներին, գործընկերներին, մատակարարներին և բոլոր շահագրգիռ կողմերին` իրենց ցուցաբերած վստահության ու հավատարմության համար, որոնց շնորհիվ է, որ մենք հետևողականորեն ընդլայնում ենք մեր գործունեությունը և ամրապնդում առաջատարի դիրքերը: Շնորհակալ ենք մեր բաժնետերերից և խորհրդից` մշտական աջակցության, խրախուսման և բարի կամքի համար:

CEO signature

Բիզնես մոդել և ռազմավարություն

Vision Mission Strategy

2015 թվականը ձեռքբերումներով լի ևս մեկ տարի էր Ամերիաբանկի համար: Բանկն ամրապնդեց իր դիրքերը ՀՀ առաջատար բանկերի շարքում, վերահաստատեց իր դերը որպես ժամանակակից, դինամիկորեն աճող և կայուն առաջատար՝ անվիճելի մրցակցային առավելություններով, հետագա աճի, զարգացման և մրցակցության էական ներուժով: Մենք մշտապես կատարելագործում ենք աշխատանքի կազմակերպման, կորպորատիվ կառավարման և հաճախորդների սպասարկման տեխնոլոգիաները, ձգտում ընդլայնել առաջարկվող ծառայությունների և պրոդուկտների ցանկը, ներգրավել հմուտ, արհեստավարժ անձնակազմ և ապահովել պահանջվող ռեսուրսների մշտական առկայությունը:

Բանկը վերահաստատում է իր որդեգրած ռազմավարությունը՝ . դառնալ կորպորատիվ և մանրածախ ծառայությունների հավասար բաշխվածությամբ ունիվերսալ բանկ:

Մեր առաքելությամբ ու տեսլականով սահմանված խնդիրները լուծելու և մեր ռազմավարական նպատակներին հասնելու համար մենք նախանշել ենք հետևյալ կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերը.

  • Շարունակաբար ներդրումներ կատարել սպասարկման որակը բարձրացնելու նպատակով, բարելավել բիզնես-գործընթացները, ապահովել ամենաուշադիր և հոգատար մոտեցումը հաճախորդների հանդեպ,
  • Որպես միջնաժամկետ նպատակ՝ ավելացնել շուկայի մասնաբաժինը (դրան կնպաստի նաև բանկի ներգրաված բավականին մեծածավալ նոր կապիտալը, որը թույլ կտա ապահովել հետագա ագրեսիվ աճ)
  • Շեշտը դնել մանրածախ, փոքր ու միջին բիզնեսի զարգացման վրա, ավելացնել վարկային պորտֆելի դիվերսիֆիկացումը,
  • Ներկայացնել նոր բանկային ու ներդրումային ծառայություններ, նորարար լուծումներ՝ միջազգային լավագույն փորձին համահունչ, ներդնել սպասարկման բազմաֆունկցիոնալ համակարգեր, որոնք հասանելի կլինեն աշխարհի ցանկացած կետից,
  • Օգտվել տեղական շուկայում ոչ օրգանական աճի հնարավորություններից,
  • Շարունակաբար բարձրացնել անձնակազմի մասնագիտական պատրաստվածությունը և մոտիվացումը,
  • Նախապատրաստել առաջնային հրապարակային տեղաբաշխման ծրագիրը. Ամերիաբանկի նպատակն է դառնալ առաջին հայկական բանկը, որը պաշտոնապես կցուցակվի կապիտալի առաջատար միջազգային շուկաներում,
  • Վերանայել ռիսկերի չափանիշները, ամրապնդել ֆինանսական կայունությունը, բոլոր բաժնետերերի և շահագրգիռ անձանց համար ապահովել լրացուցիչ երաշխիքներ, ինչը հատկապես կարևոր է տարածաշրջանի անհանգիստ տնտեսական իրավիճակում,
  • Ապահովել հիմնական ֆինանսական ցուցանիշների առաջանցիկ աճ, միաժամանակ լինել առաջատար ըստ արդյունավետության ցուցանիշների (կապիտալի եկամտաբերություն, եկամուտ/ծախսերի)
  • Աջակցել հասարակության անապահով և խոցելի խավերին, նպաստել հասարակության զարգացմանը, Հայաստանի մշակութային ժառանգության վերականգնմանն ու պահպանմանը՝ բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակներում:

Զարգացման հիմնական փուլերը

Մրցանակներ և հավաստագրեր

  • 2015թ. Fitch միջազգային վարկանշային կազմակերպությունը վերահաստատեց Ամերիաբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի «B+» վարկանիշը՝ որպես հիմք ընդունելով բանկի կենսունակության «B+» վարկանիշը: Առաջին անգամ հայկական ընկերությանը տրվեց իր երկրի վարկանշային մակարդակին հավասար վարկանիշ, որը համաշխարհային պրակտիկայում համարվում է ընկերության վարկանիշի գնահատման լավագույն ցուցանիշը:
  • Միջազգային Corporate Intl ամսագիրը 2014թ. համաշխարհային մրցանակաբաշխության արդյունքում Ամերիաբանկը ճանաչեց Հայաստանում 2013թ. ֆակտորինգային ծառայությունների ոլորտում լավագույն բանկը:
  • Ամերիաբանկն արժանացավ ՎԶԵԲ-ի «Տարվա գործարք 2013» մրցանակին: «Տարվա գործարք 2013»-ն Ամերիաբանկի և Կոմերցբանկի միջև կնքված գործարքն է, որը երաշխավորվել է ՎԶԵԲ-ի կողմից:
  • Global Finance ամսագրի՝ «Հայաստանում լավագույն պայմաններով արտարժույթ փոխանակող բանկ 2014», «Հայաստանում առևտրի ֆինանսավորման ոլորտում լավագույն բանկ 2014» և «Հայաստանում տարվա լավագույն բանկ 2014» մրցանակներ:
  • Կոմերցբանկն Ամերիաբանկին շնորհեց միջազգային գործարքների իրականացման «Որակի գերազանցության STP Award 2013» մրցանակը:
  • Ամերիաբանկը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»- ի կողմից հաղթող ճանաչվեց «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում» անվանակարգում և նոր սահմանված «Բորսայի լավագույն անդամ ռեպո և սվոփ գործառնությունների» անվանակարգում: Դեպոզիտար գործունեության մասով Ամերիաբանկը դարձավ Դեպոզիտար համակարգի լավագույն հաշվի օպերատոր-պահառու օտարերկրյա արժեթղթերի շուկայում:
  • Գերմանական TÜV Rheinland ընկերությունը վերահաստատեց Ամերիաբանկին շնորհված ISO 9001:2008 որակի կառավարման միջազգային չափանիշներին համապատասխանության վկայականը և երեք տարով երկարաձգեց հավաստագրի ժամկետը:
  • Ամերիաբանկը ճանաչվեց Հայաստանի 2015թ. «Տարվա լավագույն բանկ» Global Finance հեղինակավոր ամսագրի «Աշխարհի լավագույն զարգացող բանկեր 2015» հատուկ հետազոտության արդյունքում, ինչպես նաև «Լավագույն ենթապահառու բանկ 2015», «Լավագույն բանկ առևտրի ֆինանսավորման ոլորտում 2015» և «Լավագույն պայմաններով արտարժույթ փոխանակող բանկ 2015»:
  • Ամերիաբանկն արժանացավ Euromoney 2014 Գերազանցության մրցանակին` որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում:
  • Ամերիաբանկը ճանաչվեց Հայաստանի 2015թ. «Տարվա լավագույն բանկ» Financial Times հեղինակավոր կազմակերպության The Banker ամսագրի կողմից:

Նորամուծություններ և ենթակառուցվածք

  • Բացվեց 3 մասնաճյուղ՝ «Արշակունյաց» և «Արշակունյաց պլյուս» մասնաճյուղերը Երևանում, «Կապան» մասնաճյուղը ՀՀ Սյունիքի մարզում:
  • Գործարկվեց նորագույն տեխնոլոգիաներով հագեցած կոնտակտային կենտրոնը՝ ապահովելով վճարային քարտերի շուրջօրյա սպասարկում:
  • Առցանց բանկային ծառայություններից օգտվող հաճախորդների համար ներդրվեց նոր համակարգ` AmeriaToken մեկանգամյա գաղտնաբառ գեներացնող հեռախոսային հավելված՝ առաջին անգամ հայաստանյան բանկային համակարգում:
  • Ներդրվեց նոր` Ameria Mobile Banking հավելվածը, որը հնարավորություն տվեց սմարթֆոնների և պլանշետների միջոցով օգտվել բանկային հիմնական ծառայություններից և շուրջօրյա ռեժիմում կառավարել հաշիվները:
  • Ներդրվեց քարտով օնլայն փոխանցումների նոր համակարգ, ինչի շնորհիվ քարտից քարտ և քարտից բանկային հաշիվ օնլայն փոխանցումները հնարավոր է իրականացնել Ամերիաբանկի կայքի միջոցով, ցանկացած բանկի քարտերից Ամերիաբանկի քարտային և բանկային հաշիվներին:
  • Ամերիաբանկը CR2 իռլանդական ընկերության հետ կնքեց պայմանագիր Հայաստանում հեռավար բազմաֆունկցիոնալ բանկային ծառայությունների նոր BankWorld համակարգի ներդրման մասին: Սա CR2-ի առաջին նախագիծն է Հայաստանում:
  • Ամերիաբանկը և «Յուքոմ» ընկերությունը ներդրեցին Հայաստանում նոր ծառայություն` Ամերիա TV Բանկինգ:
  • Հերթերի կառավարման նախագծի շրջանակներում Երևանի մարդաշատ վայրերում և բանկի հիմնական մասնաճյուղերում տեղադրվեցին կանխիկի ընդունման բանկոմատներ և վճարային տերմինալներ: Մի քանի մասնաճյուղերում պիլոտային կարգով ներդրվեց հերթերի կառավարման համակարգ:
  • Կյանքի կոչվեցին մի շարք նախագծեր` բանկի կողմից իրականացվող գործառույթների ավտոմատացման և ծառայությունների բարելավման ուղղությամբ, ներդրվեցին մի շարք նոր գործիքներ.
  • Հաճախորդների նույնականացում հեռախոսային և TV բանկինգի, ԱրՔա համակարգում գործարքների իրականացման ժամանակ՝ կարճ հաղորդագրության միջոցով ուղարկվող գաղտնաբառեր`
      Օնլայն և մոբայլ բանկինգի մեկանգամյա գաղտնաբառեր գեներացնող
    • MobileDigipass հավելված Blackberry-ի համար,
    • Նոր MobileDigipass iPhone/iPad-ի համար:

Ֆինանսական գործարքներ

  • Բանկը կնքեց հոբելյանական 80-րդ գործարքը ՎԶԵԲ-ի առևտրի աջակցման ծրագրի շրջանակներում:
  • Բանկի վարկային պորտֆելը համալրվեց նոր վարկերով՝ «Նորվիկ» ՈՒՎԿ վարկային պորտֆելի մի մասի ձեռքբերման հաշվին:
  • ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամը (OFID) և Ամերիաբանկը ստորագրեցին պայմանագիր Ամերիաբանկին 20 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ տրամադրելու մասին` ուղղված Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը:
  • Ամերիաբանկը FMO-ի և Ավստրիական զարգացման բանկի հետ ստորագրեց 25 մլն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկային պայմանագիր` Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման, վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորման համար:
  • 2014թ. Ամերիաբանկը և FMO-ն կնքեցին 20 մլն ԱՄՆ դոլարի փոխարկելի ստորադաս փոխառության պայմանագիր: ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ հայկական բանկը փոխարկելի ստորադաս փոխառություն ներգրավեց միջազգային ֆինանսական կազմակերպությունից:
  • 2015թ. ՄՖԿ-ն Ամերիաբանկին տրամադրեց 50 մլն ԱՄՆ դոլարի ստորադաս փոխառություն:
  • ՎԶԵԲ-ը 40 մլն ԱՄՆ դոլար ներդրեց Ամերիաբանկի կապիտալում՝ ձեռք բերելով բանկի բաժնեմաս (2015թ. տարեվերջում): Առաջին փուլում ներդրվել է 30 մլն ԱՄՆ դոլար (20.7% բաժնեմաս), իսկ մնացած 10 մլն ԱՄՆ դոլարը կօգտագործվի կապիտալի հետագա համալրման նպատակով:

Մրցանակներ և հավաստագրեր

  • Կոմերցբանկն Ամերիաբանկին շնորհեց մրցանակներ՝ «Առևտրի ֆինանսավորման ոլորտում լավագույն գործընկեր 2012»՝ անթերի համագործակցության համար, «Առևտրի ֆինան-սավորում 2013» գերազանցության մրցանակ, ինչպես նաև մրցանակ միջազգային փոխանցումների բնագավառում վճարման հանձնարարականների կատարման 99% արդյունքի ապահովման համար (STP Award 2012):
  • Ամերիաբանկը ճանաչվեց լավագույն թողարկող բանկ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում` ՄՖԿ-ի կողմից:
  • Լավագույն թողարկող բանկ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում` Առևտրի ֆինանսավորման GTFP ծրագրի ներքո էներգիայի արդյունավետ օգտագործման նախագծերում (ՄՖԿ):
  • ՎԶԵԲ-ի՝ «Հայաստանում առևտրի ֆինանսավորման ոլորտում տարվա լավագույն թողարկող բանկ 2012» մրցանակ:
  • Գերմանական TÜV Rheinland ընկերությունը վերահաստատեց Ամերիաբանկին շնորհված՝ ISO 9001:2008 որակի կառավարման միջազգային չափանիշներին համապատասխանության վկայականը:
  • 2012 և 2013թթ. Global Finance ամսագրի կողմից Ամերիաբանկին շնորհվեցին «Տարվա լավագույն բանկ», «Առևտրի ֆինանսավորման ոլորտում տարվա լավագույն բանկ», «Լավագույն պայմաններով արտարժույթ փոխանակող տարվա բանկ» մրցանակները:
  • Euromoney-ի «Հայաստանի տարվա լավագույն բանկ 2012» գերազանցության մրցանակ երկրորդ տարին անընդմեջ:
  • Financial Times-ի The Banker ամսագրի կողմից բանկին շնորհվեց «Հայաստանի տարվա լավագույն բանկ 2013» մրցանակ:

Նորամուծություններ և ենթակառուցվածք

  • Բացվեց 2 մասնաճյուղ Երևանում («Շենգավիթ», «Սայաթ-Նովա»):
  • 2013թ. բանկը դարձավ ֆակտորների խոշորագույն միջազգային միության` «Ֆակտորզ Չեյն Ինթերնեշնըլ»-ի անդամ:
  • Ամերիաբանկն առաջինը Հայաստանում իր հաճախորդներին ընձեռեց հնարավորություն` ձեռք բերելու միջազգային կապիտալի շուկայում շրջանառվող՝ Հայաստանի առաջին սուվերեն, ԱՄՆ դոլարով թողարկված եվրապարտատոմսերը:
  • Ներդրվեց VISA ինտերնետ էքվայրինգի ծառայությունը:
  • ՎԶԵԲ-ն առաջին անգամ հայկական բանկի՝ ի դեմս Ամերիաբանկի շնորհեց հաստատող բանկի կարգավիճակ միջազգային առևտրի աջակցման ծրագրի (Trade Facilitation Program, TFP) շրջանակներում:

Ֆինանսական գործարքներ

  • Ամերիաբանկը 15 մլն ԱՄՆ դոլար հատկացրեց Անդրկովկասում առանձնահատուկ նշանակության նախագծի` Չարենցավանում մետաղաձուլական գործարանի կառուցման համար` ՄՖԿ-ի առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի շրջանակներում:
  • DEG-ի հետ կնքվեց 20 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր` փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման համար:
  • ՎԶԵԲ-ը և Ամերիաբանկը ստորագրեցին Ամերիաբանկին 12 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ տրամադրելու մասին պայմանագիր` Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների, վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության նախագծերի ֆինանսավորման համար:
  • Ֆրանսիական «Պրոպարկո» զարգացման ֆինանսական գործակալությունը և Ամերիաբանկը ստորագրեցին պայմանագիր Ամերիաբանկին 15 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ տրամադրելու մասին` ուղղված Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի և սննդի վերամշակման փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Սա Պրոպարկոյի առաջին ֆինանսական ներդրումն է Հայաստանում:
  • Ավստրիական զարգացման բանկը (OeEB) և Ամերիաբանկը ստորագրեցին պայմանագիր` Ամերիաբանկին 15 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ տրամադրելու մասին` ուղղված Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների, վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորմանը:
  • Ամերիաբանկը ներկայացավ հայկական բանկի համար եզակի գործարքով` հանդես գալով ոչ միայն որպես ակրեդիտիվ թողարկող բանկ, այլ նաև որպես ակրեդիտիվ հաստատող բանկ մեծ բանկային խմբի անդամ հանդիսացող առաջատար ղազախական բանկի համար:

2010թ. հունիսին հաստատվեց և գրանցվեց «Ամերիաբանկ» ՓԲԸ և «Կասկադ Բանկ» ՓԲԸ միացման պայմանագիրը: 2011թ. նոյեմբերին Ամերիաբանկի միակ բաժնետեր «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունն անվանափոխվեց «ԱՄԵՐԻԱ ԳՐՈՒՊ (Սի Ուայ) ԼԻՄԻԹԵԴ» ընկերության: 2007-2013թթ. ընթացքում «ԱՄԵՐԻԱ ԳՐՈՒՊ (Սի-Ուայ) ԼԻՄԻԹԵԴ» ընկերությունն աստիճանաբար ավելացնում էր բանկի կանոնադրական կապիտալը:

Մրցանակներ և հավաստագրեր

  • 2010թ. Կոմերցբանկն Ամերիաբանկին շնորհեց 2 մրցանակ՝ առևտրի ֆինանսավորման ոլորտում անթերի համագործակցության համար և միջազգային գործարքների իրականացման «Որակի գերազանցության» մրցանակը:
  • Ամերիաբանկը միջազգային փոխանցումների բնագավառում ապահովեց վճարման հանձնարարականների ավտոմատ կատարման 99.85% արդյունք, որի համար արժանացավ Կոմերցբանկի ևս մեկ մրցանակի՝ STP Award 2011:
  • Ամերիաբանկն FMO-ի և DEG-ի աջակցությամբ ավարտին հասցրեց շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման համակարգի ներդրման գործընթացը: FMO-ն և DEG-ն Ամերիաբանկին արժանացրին շնորհակալական վկայականի և իջեցրին 2009թ. դեկտեմբերին FMO-ի, DEG-ի և Ամերիաբանկի միջև կնքված պայմանագրի ներքո Ամերիաբանկի կողմից ներգրավված միջոցների տոկոսադրույքը:
  • ՄՖԿ-ն Ամերիաբանկին շնորհեց «Առևտրի ֆինանսավորում 2010» մրցանակը` որպես առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի շրջանակներում Կովկասյան տարածաշրջանում ամենաակտիվ թողարկող բանկը, և GTFP Award 2011 մրցանակը` որպես լավագույն թողարկող բանկը Կովկասում:
  • Գերմանական TÜV Rheinland ընկերությունը վերահաստատեց Ամերիաբանկին շնորհված՝ ISO 9001:2008 որակի կառավարման միջազգային չափանիշներին համապատասխանության վկայականը և երեք տարով երկարաձգեց հավաստագրի ժամկետը:
  • Financial Times-ի The Banker ամսագրի «Հայաստանում տարվա լավագույն բանկ 2010» մրցանակ:
  • Euromoney-ի «Հայաստանի տարվա լավագույն բանկ 2011» գերազանցության մրցանակ:

Նորամուծություններ և ենթակառուցվածք

  • Բանկը բացեց 5 նոր մասնաճյուղ՝ 2-ը մարզերում («Դիլիջան» և «Վանաձոր»), 3-ը մայրաքաղաքում («Կասկադ», «Կոմիտաս», «Մոսկովյան»):
  • Ստացավ միջնաժամկետ և երկարաժամկետ պետական (գանձապետական) պարտատոմսերի գործակալի կարգավիճակ:
  • ՄՖԿ-ն և Ամերիաբանկը ստորագրեցին Միջազգային սվոփների և ածանցյալ գործիքներով գործառնությունների հիմնական համաձայնագիրը, որը ռիսկերի կառավարման գործարքների միջազգային չափանիշ է:
  • Ամերիաբանկն առաջինը հայկական բանկերից ներկայացավ Apple App Store-ում:

Ֆինանսական գործարքներ

  • Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Ամերիաբանկին տրամադրեց 10 մլն ԱՄՆ դոլարի վարկ` Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման համար:
  • Պայմանագիր Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) հետ` փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման համար Ամերիաբանկին 30 մլն ԱՄՆ դոլարի վարկային գիծ տրամադրելու վերաբերյալ:
  • Ասիական զարգացման բանկ (ԱԶԲ) 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ` փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման համար:
  • Առաջին անգամ միջազգային ֆինանսական կառույցն ի դեմս Կոմերցբանկի հայկական բանկի (Ամերիաբանկի) համար հաստատեց բանկային երաշխիք ազգային արժույթով և խոշոր գումարի վարկ՝ առանց որևէ ապահովվածության:
  • Ամերիաբանկը Citibank-ի հետ կնքեց 4 մլն ԱՄՆ դոլարի սահմանաչափով CARTA (CONTINUING AGREEMENT FOR REIMBURSEMENT OF TRADE ADVANCES) պայմանագիր առևտրի ֆինանսավորման համար: Առաջին անգամ Citibank-ը հայկական բանկի տրամադրեց դրամական միջոցներ` հիմք ընդունելով միայն բանկի ֆինանսական կայուն վիճակը և վստահություն ներշնչող գործունեությունը:

2007թ. Հայներարտբանկի բաժնետոմսերի հիմնական փաթեթը` 96%-ը, ձեռք է բերվում «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերության կողմից: Սկսվում է Հայաստանի ամենահին բանկի պատմության բեկումնալի փուլ, որն ազդարարվում է բանկի ռեսուրսների համալրմամբ ու ծառայությունների պորտֆելի շեշտակի արդիականացմամբ` համաշխարհային և հայաստանյան ֆինանսական շուկայի զարգացումներին և պահանջներին համապատասխան: 2008թ. «Հայներարտբանկ» ՓԲԸ-ն վերանվանվում է «Ամերիաբանկ» ՓԲԸ:

Մրցանակներ և հավաստագրեր

2009թ. բանկըստացավ ISO 9001:2008 որակի միջազգային չափանիշներին համապատասխանության վկայագիր:

Նորամուծություններ և ենթակառուցվածք

  • 2009թ. բացվեց 2 մասնաճյուղ՝ Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության կենտրոն Քաջարանում (Սյունիքի մարզ) և Երևանում («Կենտրոն» մասնաճյուղ), իսկ գլխամասային գրասենյակը տեղափոխվեց նոր տարածք:
  • Նույն թվականին Ամերիաբանկը դարձավ Visa International-ի հիմնական անդամ և Հայկական ֆոնդային բորսայի անդամ:
  • 2009թ. Ամերիաբանկը հանդես եկավ նոր առաջարկով ՀՀ բանկային համակարգում` Visa Gold և MasterCard Gold քարտերի ամբողջական փաթեթ, որը ներառում է լրացուցիչ ծառայությունների տրամադրում՝ IAPA միջազգային զեղչային քարտ և ճամփորդական ապահովագրություն:
  • Ամերիաբանկը միացավ ՄՖԿ-ի Համաշխարհային առևտրի ֆինանսավորման ծրագրին (Global Trade Finance Program, GTFP)` որպես թողարկող բանկ:

Ֆինանսական գործարքներ

  • ՄՖԿ՝ 5 մլն ԱՄՆ դոլարի առևտրավարկային երաշխիք առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի շրջանակներում և 15 մլն ԱՄՆ դոլարի վարկ Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ծրագրերը ֆինանսավորելու նպատակով (2009):
  • 2009թ. դեկտեմբերին Հոլանդիայի զարգացման բանկի (FMO) և Գերմանական ներդրումների և զարգացման ընկերության հետ (Deutsche Investitions und Entwicklungsgesellschaft mbH, DEG) կնքվեց 30 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման ներգրավման պայմանագիր, որից 20 մլն դոլարը փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման նպատակով, 10 մլն ԱՄՆ դոլարը` վերականգնվող էներգետիկայի:

1910թ. Երևանի Տեր-Ղուկասյան փողոցում կառուցվեց Թիֆլիսի առևտրային բանկի Էրիվանյան մասնաճյուղը: 1916թ. Թիֆլիսի առևտրային բանկը վերանվանվեց Կովկասյան բանկ: Արխիվային տվյալները վկայում են, որ Հայաստանի առաջին հանրապետության տարիներին Հայաստան մտնող դրամական հոսքերը հիմնականում անցնում էին Կովկասյան բանկի Էրիվանյան մասնաճյուղով:

Հեղկոմի՝ 1920թ. դեկտեմբերի 18-ի որոշմամբ Հայաստանի տարածքում գործող մասնավոր բանկերն ազգայնացվում են, և 1922թ. մարտի 24-ին հիշյալ շենք է տեղափոխվում Հայաստանի Պետբանկը: Մինչ այդ՝ 1921թ. փետրվարից մինչև 1922թ. մարտը, շենքն զբաղեցնում էր Հայկական հեռագրային գործակալությունը: 1924թ. մարտին հիմնադրվեց Հայաստանի Կոմունալ բանկը, որը նույն թվականին սկսեց գործել Նալբանդյան 2 (նախկին Տեր-Ղուկասյան փողոց) հասցեում:

1959թ. Կոմունալ բանկը լուծարվեց, և նրա ակտիվներն ու պարտավորությունները փոխանցվեցին Ստրոյբանկի հայաստանյան գրասենյակին, որը տեղակայված էր նույն վայրում՝ Նալբանդյան 2 հասցեում գտնվող պատմական բանկային շենքում: 1974թ. նույն շենքում հիմնադրվեց ԽՍՀՄ Վնեշտորգբանկի հայաստանյան մասնաճյուղը, իսկ Ստրոյբանկի մասնաճյուղը տեղափոխվեց այլ տարածք: 1988թ. նշյալ շենքում ձևավորվեց ԽՍՀՄ Վնեշէկոնոմբանկի հանրապետական մասնաճյուղը, որը 1992թ. վերակազմակերպվեց և դարձավ Հայներարտբանկ: 1995թ. տեղի ունեցավ օտարերկրյա կապիտալի ներգրավում. բանկի բաժնետոմսերի հիմնական փաթեթը ձեռք բերեց «Քոմփութրոն Ինդասթրիզ Իսթեբլիշմենթ» ընկերությունը:

Միջազգային գործընկերներ

EBRD logo

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (ՎԶԵԲ)

ՎԶԵԲ-ի հետ համագործակցությանը մեկնարկել է 2010թ., երբ ՎԶԵԲ-ն Ամերիաբանկին տրամադրեց 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային գիծ փոքր և միջին ձեռնարկութ-յունների ֆինանսավորման համար: ՎԶԵԲ-ը տրամադրեց նաև 2 մլն ԱՄՆ դոլարի երաշխիք՝ առևտրի ֆինանսավորմանն աջակցելու համար: Հետագայում սահմանաչափն ավելացավ և այժմ կազմում է 30 մլն ԱՄՆ դոլար: 2014թ. ՎԶԵԲ-ի կողմից Ամերիաբանկին տրամադրված միջոցների ընդհանուր ծավալը հասավ 72 մլն ԱՄՆ դոլարի: Արդեն կնքվել է 80-րդ հոբելյանական գործարքը ՎԶԵԲ-ի առևտրի աջակցման ծրագրի շրջանակներում, իսկ 2014թ. Ամերիաբանկն արժանացավ «Տարվա գործարք 2013» մրցանակին:

2015թ. դեկտեմբերին ՎԶԵԲ-ը 40 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կատարեց Ամերիաբանկի կապիտալում՝ ձեռք բերելով բանկի բաժնեմաս:

Սա մինչ օրս ՎԶԵԲ-ի կողմից տարածաշրջանում կնքած՝ բաժնետոմսերի ձեռքբերման խոշորագույն գործարքն է: Առաջին փուլում ՎԶԵԲ-ը ձեռք բերեց բաժնետոմսերի 20.7%-ը՝ 30 մլն ԱՄՆ դոլարով: Մնացած 10 մլն ԱՄՆ դոլարը կօգտագործվի կապիտալի հետագա ավելացման համար: Ներդրումների նպատակն է ուժեղացնել Ամերիաբանկը և պատրաստվել առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO): 2016թ. Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի կազմում կընդգրկվի ՎԶԵԲ-ը ներկայացնող անկախ տնօրեն: ՎԶԵԲ-ի այս ներդրումային որոշումն արտացոլում է Ամերիաբանկի զարգացման վառ հեռանկարը: Դրանով ՎԶԵԲ-ը ճանաչում է այն կարևոր դերն ու ներդրումը, որոնք Ամերիաբանկը կատարում է Հայաստանի տնտեսության, բանկային հատվածի և հասարակության զարգացման գործում: Ներկայում բանկի ընդհանուր նորմատիվային կապիտալը մոտենում է 170 մլն ԱՄՆ դոլարի շեմին, իսկ ակտիվները դեռ 2015 տարեվերջում հատեցին 1 մլրդ ԱՄՆ դոլարի սահմանը, որը ռեկորդային ցուցանիշ է հայկական ֆինանսական համակարգի պատմության ընթացքում: Շնորհիվ դրա՝ բանկը ստանում է վարկավորման և տեղական շուկայում միացումների ու ձեռքբերումների նորանոր հնարավորություններ:

CityBank logo

Սիթիբանկ

Սիթիբանկը և Ամերիաբանկը համագործակցում են տարիներ շարունակ՝ աստիճանաբար ավելացնելով գործարքների թիվը և ծավալն ու հայկական ընկերությունների համար ապահովելով էժան ֆինանսավորման հնարավորություն: 2011թ. գործակցությունն ընդլայնվեց, և կնքվեց Առևտրի ֆինանսավորման կանխավճարների փոխհատուցման շարունակական համաձայնագիրը (CARTA Continuing Agreement for Reimbursement of Trade Advances): Այս և բոլոր մյուս պայմանագրերի շրջանակներում ծավալվեց արդյունավետ համագործակցություն, որի ընթացքում Սիթիբանկն աստիճանաբար ավելացրեց Ամերիաբանկի ֆինանսավորման սահմանաչափը. 2016թ. այն կհատի 25 մլն ԱՄՆ դոլարի շեմը:

EDB logo

Եվրասիական զարգացման բանկ (ԵԶԲ)

2010թ. բանկին տրամադրվեց 30 մլն ԱՄՆ դոլարի վարկային գիծ փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման համար:

IFC logo

Միջազգային ֆինանսական կորպորացիա (ՄՖԿ)

Դեռևս 2009թ. մեկնարկած համագործակցությունը Համաշխարհային բանկի խմբի անդամ հանդիսացող ՄՖԿ-ի հետ թույլ տվեց Ամերիաբանկին ընդլայնել վերականգնվող էներգետիկայի ոլորտի, մասնավորապես փոքր ՀԷԿ-երի ֆինանսավորումը, ինչպես նաև խթանել երկրում առևտրի ֆինանսավորման գործիքների զարգացումը: Արդյունքում բանկը դարձավ առաջատարը Հայաստանում առևտրի ֆինանսավորման ոլորտում:

ՄՖԿ-ի հետ հետագա համագործակցության ընթացքում 2009թ. բանկին տրամադրվեց 15 մլն ԱՄՆ դոլարի վարկ` նախատեսված Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտի ֆինանսավորման համար: Հաշվի առնելով փոխվստահության վրա հիմնված կայուն համագործակցությունը՝ ՄՖԿ-ն ավելացրեց բանկին տրամադրված` միջազգային առևտրի ֆինանսավորման երաշխիքի սահմանաչափը` այն հասցնելով 40 մլն ԱՄՆ դոլարի: Ընդհանուր առմամբ, ՄՖԿ-ի կողմից Ամերիաբանկին տրամադրված միջոցների ծավալը 2014թ. հասավ 80 մլն ԱՄՆ դոլարի:

Կովկասյան տարածաշրջանում առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի շրջանակներում ամենաակտիվ թողարկող բանկ 2011» և «Լավագույն թողարկող բանկ Եվրոպայում ու Կենտրոնական Ասիայում առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի շրջանակներում էներգիայի արդյունավետ օգտագործման նախագծերում 2012» մրցանակները լավագույն ապացույցն են Ամերիաբանկի և ՄՖԿ-ի միջև ձևավորված բեղուն համագործակցության, հատկապես եթե հաշվի առնենք, որ սրանք ՄՖԿ-ի առաջին խրախուսական մրցանակներն են` շնորհված Կովկասյան տարածաշրջանում գործող բանկի:

ՄՖԿ-ն նաև ֆինանսավորում է «Ամերիա» խմբի անդամ «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ընկերության՝ Հայաստանում առաջին «կանաչ» գործարար կենտրոնը կառուցելու նախագիծը՝ տրամադրելով 9 մլն ԱՄՆ դոլարի վարկ սեփական միջոցներից ու ներգրավելով ևս 9 մլն ԱՄՆ դոլար DEG-ից: Նախագծի ընդհանուր արժեքն է շուրջ 37 մլն ԱՄՆ դոլար, որի մնացած մասը ֆինանսավորում է «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ն սեփական միջոցներից:

2015թ. դեկտեմբերին ՄՖԿ-ն 50 մլն ԱՄՆ դոլարի ստորադաս փոխառություն տրամադրեց Ամերիաբանկին` վերջինիս կապիտալն ավելացնելու, երկրի տնտեսվարող սուբյեկտների վարկավորման հնարավորությունները և ֆինանսավորման հասանելիությունը ընդլայնելու, տնտեսական աճն ու աշխատատեղերի ստեղծումը խթանելու նպատակով:

Երկարաժամկետ կապիտալ տրամադրելով՝ ՄՖԿ-ն նպատակ է հետապնդում ամրապնդել Հայաստանի բանկային ոլորտի կայունությունը և օժանդակել Ամերիաբանկի՝ իր արժեքավոր գործընկերոջ ռազմավարական նպատակների իրագործմանը: Հաշվի առնելով Ամերիաբանկի կորպորատիվ կառավարման համակարգի բարձր որակն ու աճի արագընթաց տեմպերը՝ ՄՖԿ-ի տրամադրած ստորադաս փոխառությունը կնպաստի բանկի զարգացմանը և թույլ կտա նախապատրաստվել բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման:

UniCredit Bank

Յունիկրեդիտ

Ամերիաբանկը և Յունիկրեդիտը համագործակցում են տարիներ շարունակ, և այս ընթացքում Յունիկրեդիտը դարձել է Ամերիաբանկի վստահելի գործընկերը՝ տրամադրելով առևտրի ֆինանսավորման գործիքներ և սահմանաչափեր: Երկու բանկերի համագործակցության շրջանակը գնալով ընդլայնվում է՝ ստեղծելով նորանոր հնարավորություններ արտաքին առևտրով զբաղվող տնտեսվարողների համար:

ADB logo

Ասիական զարգացման բանկ (ԱԶԲ)

Ամերիաբանկի և ԱԶԲ-ի համագործակցության մեկնարկն ազդարարվեց 2011թ. վերականգնվող վարկային գիծ տրամադրելու մասին պայմանագրի կնքմամբ: Պայմանագրի շրջանակներում բանկին տրամադրված միջոցներն ուղղվեցին առևտրի զարգացմանը և Հայաստանի կայուն տնտեսական աճի ապահովմանը: Առևտրի ֆինանսավորման ոլորտում ավելի քան արգասաբեր համագործակցության արդյունքում 2011թ. բանկին տրամադրվեց 20 մլն ԱՄՆ դոլարի վարկ` նախատեսված փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման համար: 2012թ. բանկի համար սահմանված առևտրի ֆինանսավորման սահմանաչափը եռապատկվեց` 3-ից մինչև 9 մլն ԱՄՆ դոլար:

BSTDB logo

Առևտրի և զարգացման սևծովյան բանկ (BSTDB)

Ամերիաբանկի և սևծովյան բանկի համագործակցությունը սկսվեց 2014թ., երբ կնքվեց մանդատային համաձայնագիր, որի շրջանակներում Ամերիաբանկին տրամադրվեց 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային գիծ 6 տարի ժամկետով՝ նախատեսված փոքր և միջին ձեռնարկատիրության վարկավորման համար:

OeEB logo

Ավստրիական զարգացման բանկ (OeEB)

013թ. կնքվել է 15 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր՝ 8 տարի ժամկետով: Պայմանագրի շրջանակներում ստացված ֆինանսական միջոցներն ուղղվել են Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների և վերականգնվող էներգետիկայի/էներգաարդյունավետության ոլորտի ֆինանսավորմանը:

DEG logo

Գերմանական ներդրումների և զարգացման ընկերություն (DEG)

DEG-ի հետ համագործակցությունը սկսվեց 2009թ.` այս կազմակերպության և FMO-ի հետ համատեղ վարկային գծի պայմանագրի կնքմամբ: Հետագայում համագործակցությունը վերածվեց ռազմավարական գործընկերության, երբ 2012թ. նոյեմբերին ստորագրվեց 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր: Վարկը տրամադրվել է 8 տարի ժամկետով և նախատեսված է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման համար: Այս համագործակցությունը համահունչ է բանկի ռազմավարությանը, համաձայն որին փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորումը վարկային քաղաքականության առաջնային ուղղություններից է: 2013թ. ՎԶԵԲ-ի կողմից Ամերիաբանկին տրամադրված միջոցների ընդհանուր ծավալը հասնում էր 35 մլն ԱՄՆ դոլարի:

Proparco

Պրոպարկո

2013թ. «Պրոպարկո» ֆրանսիական զարգացման գործակալությունը բանկի հետ կնքեց 15 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որն ազդարարեց համագործակցության սկիզբը՝ դառնալով Պրոպարկոյի առաջին ներդրումը Հայաստանում և երկրորդը՝ Հարավային Կովկասում: Վարկը կբացի գյուղատնտեսության և փոքր ու միջին վերամշակող ձեռնարկությունների ֆինանսավորման նոր երկարաժամկետ հնարավորություններ` նպաստելով տնտեսության զարգացմանը և ստեղծելով նոր աշխատատեղեր:

FMO logo

Հոլանդիայի զարգացման բանկ (FMO)

Ամերիաբանկն սկսեց համագործակցել FMO-ի հետ 2009թ-ին` ստորագրելով 30 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր: Համագործակցության նպատակն էր Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների և վերականգնվող էներգետիկայի ոլորտի ֆինանսավորումը: Ծրագրի շրջանակներում բանկն ընդլայնեց ՓՄՁ-ների և վերականգնվող էներգետիկայի վարկավորման ծավալները:

2010թ. Ամերիաբանկը FMO-ի և DEG-ի աջակցությամբ բարեհաջող կերպով ավարտեց էկոլոգիական և սոցիալական ռիսկերի կառավարման համակարգի ներդնումը: Նշենք, որ Ամերիաբանկը տարածաշրջանում առաջիններից էր, որ ներդրեց նման համակարգ՝ արժանանալով FMO-ի և DEG-ի գնահատանքի հավաստագրին: Ի նշան գնահատանքի նվազեցվեց նաև 2009թ. դեկտեմբերին կնքված պայմանագրի շրջանակներում տրված վարկի տոկոսադրույքը:

2014թ. Ամերիաբանկը և FMO-ն կնքեցին 20 մլն ԱՄՆ դոլարի փոխարկելի ստորադաս փոխառություն ներգրավելու մասին պայմանագիր: Առաջին անգամ ՀՀ բանկային համակարգի պատմության ամբողջ ընթացքում միջազգային ֆինանսական կազմակերպությունը տրամադրում է փոխարկելի ստորադաս փոխատվություն հայկական բանկի: Սա խորհրդանիշն է միջազգային ներդրողների՝ ՀՀ բանկային համակարգի հանդեպ աճող վստահության:

OFID logo

ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամ (OFID)

2015թ. հունիսին Ամերիաբանկը և հիմնադրամը կնքեցին 20 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային պայմանագիր՝ նախատեսված Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման համար:

ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՎԱՅՐ

Մակրոտնտեսական նախադրյալներ

2015թ. Հայաստանի բանկային համակարգում զգացվում էր տարածաշրջանի բացասական մակրոտնտեսական ազդեցությունը՝ պայմանավորված Ռուսաստանում տնտեսության անկմամբ և զարգացող երկրներում տնտեսական աճի արգելակմամբ: 2009թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով ՀՀ տնտեսությունը գրանցել էր 14.1% անկում, իսկ 2010-2015թթ. դանդաղ վերականգնվում էր: 2015թ. տնտեսական աճը կազմեց 3%, որն ամենացածրն է վերջին 5 տարվա ընթացքում, և այդուհանդերձ սա առավել դրական ցուցանիշ է, քան տարածաշրջանում առկա միտումները և կանխատեսումները:

ՀՀ տնտեսության վրա առավել մեծ ազդեցությունն ունեցած արտաքին գործոններն են՝ 2015թ. համաշխարհային տնտեսության դանդաղ աճը (պայմանավորված զարգացող երկրներում տիրող իրավիճակով), նավթի և մետաղների գների անկումը, աշխարհաքաղաքական զարգացումները և դրանց հետևանքով Ռուսաստանի տնտեսական անկումը, որն անխուսափելիորեն անդրադարձավ նաև Հայաստանի տնտեսության վրա:

Ռուսաստանից կախվածությունն ավելի խորացավ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո (2015թ. հունվարին), այդուհանդերձ, բացասական ազդեցությունն սպասվածից մեղմ էր: Հաշվի առնելով տնտեսական անկումը և պատժամիջոցները՝ ԵՏՄ մաքսային եկամուտըսպասվածից քիչ էր, իսկ Ռուսաստանից Հայաստան մասնավոր փոխանցումների ծավալը 36.1%-ով նվազեց (սրան նպաստեց նաև դոլարի նկատմամբ ռուբլու արժեզրկումը): Բացասական ազդեցությունը մասամբ չեզոքացվեց ի հաշիվ Մերձավոր Արևելքի ու Չինաստանի հետ առևտրաշրջանառության ծավալի, ԱՄՆ-ից ու զարգացած այլ երկրներից ստացվող փոխանցումների աճի:

Այդուհանդերձ, 2015թ. Հայաստանի տնտեսական զարգացումները միջազգային կազմակերպությունների կանխատեսումներից շատ ավելի դրական էին`մեծամասամբ ի հաշիվ հանքաարդյունաբերական նախագծերի և իննովացիոն գյուղատնտեսական ծրագրերի: Մոտակա 2-3 տարիների կանխատեսումները ևս աճի ավելի բարձր տեմպեր չեն խոստանում: Ըստ միջազգային կազմակերպությունների (Միջազգային արժութային հիմնադրամ, Համաշխարհային բանկ, ՎԶԵԲ) կանխատեսումների՝ 2016թ. տնտեսական աճը կկազմի 2-2.2%:

2015թ. (դեկտեմբերից դեկտեմբեր) սպառողական գների ինդեքսը կազմում էր 99.9%, որը գնաճի կանխատեսված շեմից ցածր էր (4% ± 1.5%): 0.1% գնանկումը հիմնականումպայմանավորված էր դրամ-դոլար կայուն փոխարժեքով և միջազգային շուկաներում ապրանքների գների անկմամբ: Գնաճի միջին տարեկան մակարդակը կազմում էր 3.7%: 2016թ. սպառողական գների ինդեքսի կտրուկ տատանումներ չեն նախանշվում, այն կլինի գնաճի կանխատեսված սահմաններում:

2015թ. պատմության մեջ առաջին անգամ անվանական ՀՆԱ-ն գերազանցեց 5 տրիլիոն ՀՀ դրամի շեմը: Իրական ՀՆԱ-ն 11.8%-ով գերազանցում է նախաճգնաժամային (2008թ.) մակարդակը, սակայն դոլարային արտահայտմամբ այն դեռևս զիջում է 2008թ. ցուցանիշները: Դոլարային արտահայտմամբ անվանական ՀՆԱ-ն 2015թ. կազմեց 10.6 մլրդ՝ 9.7%-ով քիչ, քան 2014թ., ինչը պայմանավորված է դրամի` դոլարի նկատմամբ 15% արժեզրկմամբ:

Տնտեսական աճը հիմնականում ապահովվում էր գյուղատնտեսության (ՀՆԱ-ի` 2.1 տոկոսային կետով աճ, որը շատ ավելի բարձր է, քան նախորդ տարվա ընթացքում), հանքաարդյունաբերության (ՀՆԱ-ի` 1.2 տոկոսային կետով աճ 2014թ. անկման փոխարեն), սպասարկման, այդ թվում՝ մշակույթի և ժամանցի ոլորտների աճով (1.5 տոկոսային կետ):

Գյուղատնտեսության իրական ծավալն ավելացավ 11.4%-ով, իսկ լեռնահանքային ոլորտում գրանցվեց 58.4%-նոց աճ: Միաժամանակ 8.2%-ով անկում գրանցվեց մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտում՝, և 8%-ով անկում`տրանսպորտի ոլորտում:

Արդեն հինգերորդ տարին անընդմեջ զգալի աճ է գրանցվում գյուղատնտեսության ոլորտում, որն ունի ամենամեծ մասնաբաժինը ՀՆԱ-ում, մասնավորապես2015թ.-ին կազմել է 17.3%: Սա Եվրոպայում և ԱՊՀ-ում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է անգամ 2014թ. համեմատ 1 տոկոսային կետով անկումից հետո (որը պայմանավորված էր գյուղմթերքի գների և ՀՆԱ դեֆլյատորի նվազմամբ): 2011-2015թթ. գյուղատնտեսության միջին տարեկան աճը կազմում է 10% և պայմանավորված է ինչպես արդյունաբերական գյուղատնտեսության զարգացմամբ, այնպես էլ պետական աջակցության մի շարք ծրագրերով: ԵՏՄ անդամակցությունը, բացի այդ`ծ արևմտյան երկրներից Ռուսաստան գյուղմթերքի ներ

2014թ. արձանագրված անկումից հետո 2015թ. հանքաարդյունաբերության ոլորտը, չնայած հումքի, հատկապես պղնձի գների անկմանը, գրանցեց աննախադեպ իրական աճ ի հաշիվ արտադրության ծավալի աճի: կրման էմբարգոն, նպաստում է հայկական ապրանքների արտահանմանը դեպի Ռուսաստան և խթանում Հայաստանում գյուղմթերքի արտադրությունը: Միաժամանակ 4.1% անկում գրանցվեց արդյունաբերության ոլորտում` չնայած այն հանգամանքին, որ ծխախոտի արտադրությունն ավելացել էր 49.1%-ով: Անկման պատճառը սննդի արտադրության 9% և ըմպելիքների արտադրության 19.7% կրճատումն էր:

2011-2014թթ. ամենաարագ աճող ոլորտներն էին ֆինանսական և ապահովագրական ծառայությունները, սակայն դրանք էլ 2010-2014թթ. արձանագրված երկնիշ աճից հետո 2015թ. նվազեցին մինչև 2.3%: Պատճառը տարածաշրջանում ընդհանուր տնտեսական անկումն է և ՀՀ կարգավորող դաշտի խստացումը:

Երկրորդ տարին անընդմեջ արտաքին առևտրային հաշվի պակասորդը կրճատվում է, ինչը դրական միտում է մի երկրի համար, որի արտաքին առևտրային հաշվեկշռի պակասորդը բարձր է: 2015թ. պակասորդը կրճատվել էր զգալիորեն՝ 36%-ով:

Այդուհանդերձ, 2015թ. թե՛ արտահանման, թե՛ ներմուծման տեմպերը նախորդ տարվա համեմատ դանդաղեցին, պատճառը՝ Ռուսաստանի ՀՆԱ-ի անկումը, մետաղների գների և տրանսֆերտների ծավալի անկումը, ՀՀ դրամի և տարածաշրջանի այլ արժույթների արժեզրկումը: Ներկրման ծավալը դոլարային արտահայտմամբ 2.2 անգամ գերազանցում էր արտահանման ծավալը, որն ամենացածր ցուցանիշն է վերջին 10 տարվա ընթացքում: Արտահանման 3.9%,և ներկրման 26.5% անկումը նպաստեցին նրան, որ արտաքին առևտրային պակասորդը կրճատվեց շուրջ 1 մլրդ ԱՄՆ դոլարով, սակայն դրա հետագա կրճատումը լուրջ մարտահրավեր է` ենթադրելով արտահանման կառուցվածքի փոփոխություն, որը թույլ կտա հիմքեր ստեղծել աճի համար: Ընթացիկ հաշվեկշռի պակասորդը ևս զգալիորեն նվազել է, և այժմ պակասորդ/ՀՆԱ հարաբերակցությունն ամենացածրերից է ՀՀ ամբողջ պատմության ընթացքում:

Հայաստանի արտաքին պարտքը 2015թ. կազմում էր ՀՆԱ-ի 40.9%-ը 2014թ. 32.5%-ի համեմատ, գումարային արտահայտմամբ՝ 4,317 մլն ԱՄՆ դոլար (14.1% աճ անվանական դոլարային արտահայտմամբ): Աճը պայմանավորված է կառավարության վերցրած մի շարք խոշոր վարկերով՝ անկման շրջանում տնտեսության զարգացումը պահպանելու համար: Կանխատեսելով անկումը՝ ՀՀ կառավարությունը դեռևս 2015թ. 1-ին եռամսյակում տեղաբաշխել էր լրացուցիչ 500 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր՝ 7.15% արժեկտրոնային եկամտաբերությամբ (նախկին 6%-ի համեմատ) և 10 տարի մարման ժամկետով (2025թ. մարտին, նախորդը` 2020թ. սեպտեմբերին), և հետ գնել 200 մլն դոլարի պարտատոմսեր նախորդ թողարկումից: Նշենք, որ 1-ին թողարկումը տեղի էր ունեցել 2013թ.՝ 700 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով: ՀՀ արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն ըստ միջազգային կազմակերպությունների բարձր ռիսկային չէ, անգամ եթե հաշվի առնենք 2015թ. պարտքի աճը:

2015թ. Հայաստանը շարունակում էր ակտիվորեն համագործակցել միջազգային կառույցների հետ և տեղաբաշխել ներգրավված միջոցները (ՀԲ, Արժույթի միջազգային հիմնադրամ, ԱԶԲ, ԵՄ): Մասնավորապես, 2015թ. ՀԲ աջակցությամբ իրականացվում էին 18 նախագծեր տնտեսության տարբեր բնագավառներում: Ծրագրերն իրականացվում էին բազմաթիվ ոլորտներում՝ ճանապարհաշինություն, էներգետիկա, գյուղատնտեսություն, կրթություն, առողջապահություն, ոռոգման համակարգեր, գյուղական համայնքների զարգացում, հանրային կառավարում և դատական համակարգ: Ասիական զարգացման բանկի մշակած՝ 2016-2018թթ. երկրի գործառնությունների բիզնես պլանը (ԵԳԲՊ) կազմվել է այնպես, որ ներդաշնակ լինի ՀՀ 2014-2025թթ. զարգացման ռազմավարությանը և կառավարության՝ 2014-2017թթ. ծրագրին: ԵԳԲՊ-ն համահունչ է ԱԶԲ-ի 2020թ. Ռազմավարության միջնաժամկետ ուսումնասիրության մեջ նախանշված առաջնահերթ խնդիրներին, ինչպես նաև ԱԶԲ-ի մշակած՝ Հայաստանի՝ 2014-2018թթ. երկրի գործընկերության ռազմավարությամբ սահմանված առաջնային նպատակներին:

Վերջին տարիների ընթացքում ՀՀ ձեռնամուխ է եղել երկրում ներդրումային և գործարար միջավայրի բարելավմանը, ինչի արդյունքում 2015թ. ՀԲ Doing Business 2016 զեկույցում Հայաստանը նախորդ տարվա համեմատ 3 կետով բարելավեց իր դիրքը՝ զբաղեցնելով 35-րդ հորիզոնականը: Բացի այդ, Հայաստանը նաև 3 կետով բարելավեց իր դիրքը Համաշխարհային տնտեսական ֆորումի 2015-2016թթ. մրցունակության ինդեքսում՝ զբաղեցնելով 82-րդ հորիզոնականը:

Ապահովագրական ոլորտ

ՀՀ ապահովագրության ոլորտը դեռևս թույլ զարգացած է մի շարք պատճառներով, որոնցից են ապահովագրման մշակույթի բացակայությունը և բնակչության ցածր եկամուտը: Ներկայում ՀՀ-ում գործում է 6 ապահովագրական ընկերություն, որոնք տրամադրում են ոչ կյանքի ապահովագրության առկա 19 դասից 17 դասի ծառայություններ: 2015թ. ապահովագրական ոլորտի եկամուտն աճեց 71%-ով՝ կազմելով 2.5 մլրդ ՀՀ դրամ, որն ամենաբարձր ցուցանիշն է վերջին 5 տարվա ընթացքում: Աճն ապահովվեց ի հաշիվ ապահովագրավճարների ավելացման, որն, ի դեպ, մեծամասամբ արձանագրվել էր կամավոր ապահովագրության ոլորտում: Միաժամանակ արձանագրվել է ապահովագրական հատուցման ծավալի նվազում: Ընդհանուր առմամբ, ապահովագրության ոլորտի մասնաբաժինը ՀՀ ֆինանսական համակարգում փոքր է, իսկ տնտեսական անկումն անդրադառնում է դրա հետագա զարգացման վրա:

Առաջին նախանշանը կամավոր բժշկական ապահովագրության աճի տեմպի նվազումն էր: Քանի որ բժշկական ապահովագրությունից օգտվողների մեծ մասը կորպորատիվ հաճախորդներ էին, այլ ոչ թե անհատներ, ընկերությունների եկամտի նվազումն ազդեց նաև ապահովագրական ոլորտի վրա. որոշ ընկերություններ հրաժարվեցին երկարաձգել իրենց աշխատակիցների բժշկական ապահովագրության պայմանագրերը: Արդյունքում, 2015թ. բյուջետային աշխատողների պարտադիր բժշկական ապահովագրությունը (որի պահանջը հանվել էր դեռևս 2013թ.) դադարեց որևէ դեր խաղալ ֆինանսական ցուցանիշների ձևավորման գործում, իսկ տարաժամկետ վճարումները, պետական հիմնարկների պարտավորությունները դուրս գրվեցին եկամտի հաշվին:

Բազում ընկերություններ հրաժարվեցին կորպորատիվ գույքի ապահովագրությունից:

Բանկերում նվազեց հիփոթեքային վարկավորման և ավտովարկավորման ծավալը, որն իր հերթին հանգեցրեց ԿԱՍԿՈ-յի, գույքի և բիզնեսի ապահովագրության պորտֆելների կրճատման:

Այս ամենի հետևանքով կամավոր ապահովագրության շուկան սկսել է կրճատվել. արդեն երրորդ տարին անընդմեջ նվազում են գանձվող ապահովագրավճարները:

Այս իրավիճակում կարևորվում է պարտադիր ապահովագրության նոր տեսակների ներդնումը: Ներկայում Հայաստանում կիրառվող պարտադիր ապահովագրության տեսակներից մեկն է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը (ԱՊՊԱ), որն առաջին անգամ ներդրվել էր 2011թ. և դարձել Հայաստանում ապահովագրական ծառայությունների շուկայի և մշակույթի զարգացման հիմնական խթանը: ԱՊՊԱ-յի ոլորտը շարունակում է զարգանալ և ապահովում է ընկերությունների կողմից գանձվող ապահովագրավճարների և միջնորդավճարների զգալի մասը: Ակնկալում ենք, որ այն կնպաստի նաև երկրում ԿԱՍԿՈ-յի զարգացմանը: Դիտարկվում է նաև առողջապահական ծառայությունները համընդհանուր պարտադիր բժշկական ապահովագրության սկզբունքով մատուցելու հնարավորությունը: Ըստ փորձագետների՝ այս հայեցակարգը կարող է կյանքի կոչվել 2017թ.: Գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրությունը ևս մեկ զարգացող ոլորտ է, հատկապես եթե հաշվի առնենք, որ գյուղատնտեսությունը ՀՆԱ-ի խոշորագույն ճյուղերից է, որն ապահովում է բնակչության մի ստվար հատվածի զբաղվածությունը:

Բանկային հատված

2015թ.-ը դժվար տարի էր ՀՀ ֆինանսական հատվածի համար մի շարք արտաքին փոփոխությունների պատճառով: Ստորև ներկայացված է հատվածի ընդհանուր բնութագիրը:

Banking Sector Infographic

*Երկու բանկ պաշտոնապես հայտարարեց այլ բանկերի հետ միացման մասին, որն իրավական ուժ կստանա 2016թ.: Ավելին, ընդհանուր կապիտալի շեմի բարձրացումը (ուժի մեջ կմտնի 2017թ.) ենթադրում է բանկերի թվի զգալի կրճատում: 2015թ. վերջի դրությամբ Հայաստանում գործում էր 21 առևտրային բանկ՝ 529 մասնաճյուղերով:

**Համահայկական բանկը ձեռնարկությունների զարգացման բանկ է, որը տրամադրում է երկարաժամկետ ֆինանսավորում արտահանմամբ զբաղվող մասնավոր ընկերությունների ներդրումային նախագծերի համար: Անհրաժեշտ ֆինանսական միջոցները բանկը ներգրավում է զարգացման զանազան տեղական և արտասահմանյան կազմակերպություններից:

2014-2015թթ. բանկային օրենսդրության կարևոր փոփոխություններն արդեն 2015թ. սկսեցին ազդել համակարգի զարգացման վրա, իսկ 2016-2017թթ. կանխատեսվում են զգալի որակական փոփոխություններ: Մասնավորապես.

1.Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցման շեմի ավելացում 2.5 անգամ (10 մլն ՀՀ դրամ դրամային ավանդների դեպքում և 5 մլն ՀՀ դրամ արտարժութային ավանդների դեպքում, «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենք, փոփոխ. Ազգային ժողովի կողմից 25.10.2015).

Հատուցման պահանջ ներկայացնելու համար սահմանված ժամկետը նախկինում գործող 1 տարվա փոխարեն երկարաձգվել է մինչև 3 տարի:

Ըստ կարգավորող մարմնի գնահատականների՝ ավանդների հատուցման շեմի բարձրացումը 2.5 անգամ թույլ կտա ապահովագրել ֆիզիկական անձ ավանդատուների 95%-ին և երաշխավորել ավանդների 40%-ի վերադարձը նախկին 25-27%-ի փոխարեն, որն իր հերթին կնպաստի ավանդների աճին:

2.ՀՀ ԿԲ կողմից պարտադիր պահուստավորման կարգի մեղմացում.

Հիմնական նպատակն է խթանել երկարաժամկետ կայուն ֆինանսավորման ներգրավումը, պարտատոմսերի թողարկումը և միջազգային բորսաներում ցուցակումը:

3.ՀՀ ԿԲ՝ կապիտալի նվազագույն շեմը բարձրացնելու մասին որոշումը (30 մլրդ ՀՀ դրամ, ուժի մեջ է 2017թ. հունվարի 1-ից), որի նպատակն է առավել ուժեղ դարձնել բանկերը և ամրապնդել ընդհանուր բանկային համակարգը: Որպես ուղղակի հետևանք՝ 6 բանկ արդեն ավելացրել է կապիտալը, իսկ մի քանիսն ընտրել են միացման ուղին:

Բացի իրավական դաշտի փոփոխություններից, ՀՀ բանկային հատվածի զարգացման վրա մեծապես ազդում էին նաև Հայաստանում և աշխարհում առկա սոցիալական և տնտեսական գործոնները:

2015թ. Հայաստանի բանկային համակարգը արդեն իսկ կանգնած էր մի շարք խնդիրների առջև. 2014թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տեղի ունեցավ դրամի ավելի քան 15% արժեզրկում դոլարի նկատմամբ:

Արտաքին առևտուրը կրճատվեց 20%-ով:

Մասնավոր փոխանցումների ծավալը նվազեց 30%-ով:

Արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման նորմատիվն ավելացվեց և սահմանվեց 20%:

Բանկերը մեծ ծախսեր կրեցին չաշխատող վարկերի հնարավոր կորուստների դիմաց պահուստավորման մասով: Ընդհանուր առմամբ, ՀՀ բանկերի հիմնական խնդիրն այսօր վարկային պորտֆելի որակն է: Պատճառները մի քանիսն են.

Նավթի գների անկման, ռուբլու արժեզրկման պատճառով տեղական արտահանողներից շատերը չեն կարողանում իրական շահույթ ստանալ իրենց գործունեությունից: Արտահանողների խնդիրներն իրենց հերթին ազդում են բանկային ակտիվների որակի վրա:

Մասնավոր փոխանցումների ծավալի գրեթե մեկ երրորդով կրճատումը գործնականում վերացրել է շուկայի պահանջարկը և ֆինանսական ներուժը:

Պղնձի և ոսկու գների էական անկումը դարձավ չաշխատող վարկերի աճին նպաստող երկրորդ ալիքը:

Այդուհանդերձ, չնայած վերոնշյալը 2015թ. բանկերի առջև ծառացող խնդիրների մի մասն է միայն, բանկերը բավականին ամուր հիմք դրեցին հետագա զարգացման համար և 2015թ. ավարտեցին դրական արդյունքներով: Հաճախորդների նկատմամբ պարտավորություններն ավելացան 11.4%-ով: Ընդհանուր կապիտալն ավելացավ 16%-ով (2015թ. 8 բանկ համալրեց կապիտալը): Չնայած այն հանգամանքին, որ որոշ ֆինանսական ցուցանիշներ նվազեցին, ուշագրավ են ստորև բերված փաստերը.

Նախորդ 8 տարիների ճգնաժամերով ու անորոշությամբ հանդերձ՝ ՀՀ բանկային համակարգում չի արձանագրվել սնանկության ոչ մի դեպք:

Ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում պետության և Կենտրոնական բանկի աջակցության կարիքը չեղավ:

Հայկական բանկերն ունեն բավարար «պաշար»՝ ճգնաժամերին դիմակայելու համար.

  • ՀՀ բանկային համակարգի կապիտալի համարժեքության գործակիցը կազմում է 16.2%:
  • Իրացվելիության ցուցանիշները ևս բավականին բարձր են՝ Ն2.1-28%, Ն2.2-142.4%:
  • Հաճախորդների վարքագիծը ևս վկայում է բանկերի հուսալիության մասին: Չնայած ցուցանիշների մեծ մասի աճը դանդաղեց` 2015թ. հաճախորդների նկատմամբ պարտավորություններն ավելացան 11.4%-ով՝ անգամ գերազանցելով 2014թ. ցուցանիշը (5.9%):

Միաժամանակ, հաշվի առնելով տարածաշրջանում աշխարհաքաղաքական և տնտեսական անորոշությունը, 2016թ. հայկական բանկերն ունենալու են մի շարք մարտահրավերներ.

Դանդաղ տնտեսական աճ.

ՀՆԱ-ի աճին նպաստող հիմնական ճյուղերը կլինեն գյուղատնտեսությունը, հանքաարդյունաբերությունը, սննդի արտադրությունը, ակնկալվում է նաև դրական տեղաշարժ ՏՏ, սպասարկման և էներգետիկայի ոլորտներում:

Տրանսֆերտների նվազում.

Ռուսաստանից եկող մասնավոր տրանսֆերտների նվազումը կշարունակվի, սակայն ավելի դանդաղ տեմպերով:

Չաշխատող վարկեր.

Սա դեռևս ՀՀ բանկային համակարգի թիվ մեկ խնդիրներից է, բայց այդուհանդերձ ակնկալում ենք, որ գալիք տարում իրավիճակը կբարելավվի

Կապիտալի համարժեքությունը.

Հաշվի առնելով բանկային համակարգի ու կարգավորող դաշտի վերջին փոփոխությունները՝ 2016թ. ակտիվ կլինի կապիտալի համալրման առումով:

Այդուհանդերձ, ՀՀ բանկային համակարգը շարունակում է գրավիչ լինել օտարերկրյա ներդրողների համար: Ներկայում Հայաստանում գործող բանկերից 18-ն ունի օտարերկրյա կապիտալ, իսկ 2015թ. համալրումների հիմնական բաժինն արտասահմանից էր: Ընդհանուր առմամբ բանկային համակարգում օտարերկրյա կապիտալի մասնաբաժինը կազմում է 67.7%: Հայկական բանկային հատվածի նկատմամբ վստահության և հետաքրքրության մասին են վկայում նաև միջազգային ֆինանսական հաստատություններից ներգրավված երկարաժամկետ միջոցները՝ ուղղված Հայաստանի տնտեսության զարգացմանը

2015թ. ՀՆԱ-ի աճը գերազանցում էր բանկային համակարգի աճը, սակայն ֆինանսական միջնորդության նվազումը չնչին էր, ինչը նշանակում է, որ եթե այն կրկին աճի, Հայաստանն այս ցուցանիշով կմոտենա իր մրցակից երկրներին.

Ակտիվներ/ՀՆԱ՝ 69.4% (2014թ.-ին` 70.2%)

Վարկեր/ՀՆԱ՝ 42.4% (2014թ.-ին` 44.5%)

Հաճախորդների նկատմամբ պարտավորություններ/ՀՆԱ՝ 37.5% (2014թ.-ին` 35.1%)

Assets
Loans
Liabilities
Profit
Capital
NPL
ROE
ROA

*Ըստ ՀՀ ԿԲ հրապարակած հաշվետվությունների

**Ըստ առևտրային բանկերի հրապարակած հաշվետվությունների

Assets

Ըստ առևտրային բանկերի հրապարակած հաշվետվությունների

ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

Ամերիաբանկի դիրքը ՀՀ բանկային համակարգում

Չնայած 2015թ. տնտեական դժվարություններին` Ամերիաբանկն աճ արձանագրեց բոլոր հիմնական ցուցանիշներով, իսկ բանկի ակտիվները հատեցին 1 մլրդ ԱՄՆ դոլարի սահմանը:

Բանկն ամրապնդեց առաջատարի իր դիրքը՝ ապահովելով աճի առաջանցիկ տեմպեր, այսպես.

Ընդհանուր կապիտալ

Ամերիաբանկը դարձավ առաջատարն ընդհանուր կապիտալով (2014թ. 4-րդը) շնորհիվ երկու նոր ներդրողի: Մասնավորապես, բանկի ընդհանուր կապիտալն ավելացավ 40%-ով, որից 34%-ը՝ ի հաշիվ նշված ներդրողների: Ամերիաբանկը պահպանեց և ամրապնդեց իր դիրքը որպես առաջատար ըստ կանոնադրական կապիտալի:

2015-ի վերջում բանկի ակտիվները հատեցին 500 մլրդ ՀՀ դրամի կամ 1 մլրդ ԱՄՆ դոլարի շեմը, որը ռեկորդային ցուցանիշ է ՀՀ բանկային համակարգի համար և ավելի քան 10 անգամ ավել, քան 7 տարի առաջ, երբ բաժնետիրոջ փոփոխությունից հետո բանկը փակեց իր առաջին ֆինանսական տարին:

2015թ. Ամերիաբանկի ակտիվներն ավելացան 116 մլրդ ՀՀ դրամով կամ 29.1%-ով, որն աճի ամենաբարձր ցուցանիշն է ՀՀ բանկերի շրջանում: Արդյունքում, բանկի մասնաբաժինը 2014թ. 11.8%-ից հասավ 14.8%-ի: Ընդհանուր աճը բանկային համակարգում կազմեց 3.1%:

Բանկի ընդհանուր կապիտալն ավելացավ 17 մլրդ ՀՀ դրամով կամ 40.0%-ով:. Այս ցուցանիշով ևս բանկն առաջատարն է՝ 10.7% մասնաբաժնով 2014թ. 8.9%-ի համեմատ: Ընդհանուր աճը բանկային համակարգում կազմեց 11.0%:

Հաճախորդների նկատմամբ պարտավորություններն աճեցին 85 մլրդ ՀՀ դրամով կամ 40.9%-ով: Բանկն առաջատարն է նաև այս ցուցանիշով՝ շուկայի 15.6% մասնաբաժնով 2014թ. 12.3%-ի համեմատ: Ընդհանուր աճը բանկային համակարգում կազմեց 11.4%:

Տնտեսությանը տրված վարկերն ավելացան 25.5 մլրդ ՀՀ դրամով կամ 9.4%-ով, բանկի մասնաբաժինը հասավ 14.7%-ի՝ 2014թ. 13.3%-ի համեմատ, մինչդեռ բանկային համակարգում այս ցուցանիշը նվազեց 0.8%-ով:

Միջազգային ֆինանսական հաստատությունների հետ համագործակցության ընդլայնումը ստեղծել է բոլոր պայմանները բանկի հետագա աճի և 2016թ. ՀՀ տնտեսության՝ աննախադեպ ծավալներով վարկավորման համար:

Ամերիաբանկն առաջատարների թվում է նաև զուտ շահույթով (2-րդ տեղը): Բանկի շահույթն ավելի քան 5 անգամ ավելի մեծ է, քան բանկային համակարգի միջին շահույթը, և շուրջ 3 անգամ ավելի բարձր, քան եկամտաբեր բանկերինը:

Ակտիվների և կապիտալի եկամտաբերությունը ևս մի քանի անգամ գերազանցում է միջին բանկային ցուցանիշները:

Չնայած 2015թ. վարկային պորտֆելի որակն անկում ապրեց, չաշխատող վարկերի կշիռն Ամերիաբանկում ամբողջությամբ վերահսկվում է և, ընդհանուր առմամբ, շատ ավելի ցածր է, քան միջին բանկային ցուցանիշը:

Աճի առաջանցիկ տեմպեր

Assets
Profit
Assets
Liabilities
Loans
Capital

Մրցանակներ

Ուշագրավ է, որ, սկսած 2010թ-ից,Ամերիաբանկը յուրաքանչյուր տարի ճանաչվում է Հայաստանում տարվա լավագույն բանկ կամ Euromoney ամսագրի (Գերազանցության մրցանակ 2014, 2012, 2011) կամ Financial Times-ի The Banker ամսագրի կողմից (2015, 2013, 2010): Հինգ տարի անընդմեջ, սկսած 2012թ-ից, Ամերիաբանկն արժանանում է Global Finance-ի մրցանակների մի քանի կարևոր անվանակարգերում, մասնավորապես՝ Հայաստանում լավագույն այմաններով արտարժույթ փոխանակող բանկ, Հայաստանի լավագույն բանկ առևտրի ֆինանսավորման ոլորտում, Հայաստանի լավագույն ենթապահառու բանկ և Հայաստանի լավագույն բանկ:

Մեր կողմից շարունակաբար իրականացվող նորարարությունների և բարելավումների շնորհիվ բանկը միջազգային կազմակերպությունների և գործընկերների մրցանակներին է արժանացել նաև առանձին գործառնական ոլորտներում. 2015թ. Ամերիաբանկը հաղթող ճանաչվեց «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի «Բորսայի լավագուն անդամ արտարժույթի շուկայում» և ներաստեղծ «Բորսայի լավագույն անդամ ռեպո և սվոփ գործառնություններում» անվանակարգերում, ինչպես նաև «Դեպոզիտար համակարգի լավագույն հաշվի օպերատոր-պահառու օտարերկրյա արժեթղթերի շուկայում» անվանակարգում:

Արդյունավետության հիմնական ցուցանիշները

Ամերիաբանկը 2015թ. արդյունքներով խոշորագույն հարկատուն է հայաստանյան բանկերի ցանկում, իսկ երկրի ամենախոշոր հարկատուների շարքում զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը:

Հաշվետու տարում բանկի ակտիվները կազմել են 515.9 մլրդ ՀՀ դրամ կամ ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլար, ինչն աննախադեպ ցուցանիշ է անկախ Հայաստանի պատմության մեջ:

Ամերիաբանկը մի շարք հիմնական ցուցանիշներով` ակտիվներ, պարտավորություններ, վարկեր, արդեն երկու տարին անընդմեջ զբաղեցնում է բացարձակ առաջատարի դիրքը ՀՀ բանկային համակարգում:

2015թ. բանկի ակտիվ հաճախորդների թիվն ավելացել է 7.3%-ով: Վարկային պորտֆելը (ներառյալ լիզինգը և ֆակտորինգը) աճել է 9.4%-ով և կազմել 313.2 մլրդ ՀՀ դրամ, պարտավորություններն աճել են 27.7%-ով և կազմել 456.6 մլրդ ՀՀ դրամ: Բանկի ընդհանուր կապիտալն աճել է 40.0%-ով՝ կազմելով 59.3 մլրդ ՀՀ դրամ: 2015թ. վերջում բանկը ներգրավեց կապիտալ և քվազի կապիտալ միջազգային ֆինանսական հաստատություններից, որի շնորհիվ հնարավորություն ստացավ արտաքին աղբյուրներից ներգրավել առնվազն 500 մլն ԱՄՆ դոլարի լրացուցիչ ֆինանսական միջոցներ, ինչպես նաև վարկավորել ֆինանսական լուրջ ներդրումներ պահանջող մեծ նախագծեր, որոնց համար անհրաժեշտ է կապիտալի զգալի ծավալ:

2015-ի տարեվերջում բանկի զուտ շահույթը կազմում էր 4,815 մլն ՀՀ դրամ: Չնայած տնտեսական դժվարություններին, որոնք պայմանավորված էին արտաքին խոչընդոտներով, զուտ շահույթի ցուցանիշով բանկը մնում է առաջատարների թվում շնորհիվ արդյունավետության բարձրացմանն ուղղված շարունակական ջանքերի:

Տեխնոլոգիաներ և ենթակառուցվածք

Տեխնոլոգիաներ

Մեր գործունեության առաջին օրից բանկի առաքելությունը կառուցվում է նորարարության գաղափարի վրա, որը մեր զարգացման հիմնական խթանն է և արտահայտվում է գործունեության բոլոր բնագավառներում: Ամերիաբանկը հանդես է գալիս որպես գործընկեր՝ առաջարկելով նորարար, որակյալ, բազմակողմանի ֆինանսական լուծումներ Հայաստանում և տարածաշրջանում գործունեություն ծավալող հաճախորդներին:

Ամերիաբանկի նորարարական քաղաքականությունները հիմնված են հետևյալ երեք սկզբունքների վրա.

Նորարարության ընդհանուր քաղաքականությունը պետք է համահունչ լինի բանկի ռազմավարական նպատակներին ու ընթացիկ զարգացմանը:

Ուղղվածություն դեպի միջազգային լավագույն փորձ, տեխնոլոգիաների շարունակական արդիականացում և ամենաժամանակակից բանկային լուծումների ներդնում:

Հաճախորդակենտրոն մոտեցում և անհատական ժամանակակից լուծումներ:

Հավատարիմ մնալով այս երեք սկզբունքներին` Ամերիաբանկը կարճ ժամանակում դարձավ Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկը: Այսօր Ամերիաբանկը հզոր ֆինանսական հաստատություն է, որն իր հաճախորդների կողքին է՝ որպես հուսալի գործընկեր և պատրաստ է դիմակայել ցանկացած մարտահրավերի ու քայլել ժամանակին համընթաց, հանդես գալ աննախադեպ նորարար լուծումներով ու ամենաարդի տեխնոլոգիաներով:

Ամերիաբանկը շարունակում է ներդրումներ իրականացնել նորարար տեղեկատվական տեխնոլոգիաներում՝ ամուր հիմքեր ստեղծելով հեռակառավարման բանկային համակարգերի մշակման համար և ձգտելով ապահովել հաճախորդների ժամանակակից սպասարկում:

2015թ. բանկն ընդլայնեց Կոնտակտային կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների ցանկը: Շարունակաբար ընդլայնելով ծառայությունների շրջանակը՝ բանկը ձգտում է ստեղծել վիրտուալ մասնաճյուղ, որը միշտ հասանելի կլինի հաճախորդների համար՝ հեռախոսի և համացանցի միջոցով տրամադրելով բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ:

Հաշվետու տարվա ընթացքում բանկն ընդլայնեց իր վճարային տերմինալների ու բանկոմատների ցանցը՝ այն համալրելով կանխիկի ընդունման և մի շարք այլ գործառույթներով:

2015թ. Ամերիաբանկը ներդրեց մի շարք նոր ծառայություններ, մասնավորապես՝

Հաճախորդների նույնականացում հեռախոսային և TV բանկինգի, ԱրՔա համակարգում գործարքների իրականացման ժամանակ՝ կարճ հաղորդագրության միջոցով ուղարկվող գաղտնաբառեր,

Ամերիա Մոբայլ Բանկինգ՝ նոր հավելված, որը թույլ է տալիս սմարթֆոնների և պլանշետների միջոցով իրականացնել հիմնական բանկային գործառնությունները ու շուրջօրյա ռեժիմով կառավարել հաշիվները:

Ներդրվեց քարտով օնլայն փոխանցումների նոր համակարգ, որի միջոցով քարտից քարտ և քարտից բանկային հաշիվ օնլայն փոխանցումները հնարավոր է իրականացնել Ամերիաբանկի կայքի միջոցով, ցանկացած բանկի քարտերից Ամերիաբանկի քարտային և բանկային հաշիվներին:

CR2 իռլանդական ընկերության հետ կնքեց պայմանագիր Հայաստանում բազմուղի հեռահար բանկային ծառայությունների նոր BankWorld համակարգի ներդրման մասին: BankWorld-ի շնորհիվ Ամերիաբանկը կկարողանա մատուցել ամենաժամանակակից բանկային լուծումները շուրջօրյա ռեժիմով՝ ինքնասպասարկման տերմինալների միջոցով (բանկոմատներ, վճարային տերմինալներ, ինչպես նաև ինտերնետ և մոբայլ բանկինգ): Սա կլինի նոր խոսք հայկական ֆինանսական շուկայում, երբ հեռահար սպասարկման բոլոր եղանակները միավորված կլինեն մեկ միասնական հարթակում, որը հաճախորդի համար կապահովի առավելագույն հարմարություն և միանման ստանդարտացված հասանելիություն բոլոր ծառայություններին` հեռահար սպասարկման ցանկացած համակարգից:

Ամերիաբանկը և Յուքոմը հանդես եկան համատեղ առաջարկով՝ Ամերիա ԹիՎի Բանկինգ, որը բոլորովին նոր պրոդուկտ է հայաստանյան բանկային շուկայում: Այս նոր առաջարկից կարող են օգտվել Յուքոմի բաժանորդները: Այն թույլ է տալիս կոմունալ վճարները կատարել հեշտ ու արագ՝ հեռուստատույցի միջոցով, ինչպես նաև դիտել Ամերիաբանկի փոխարժեքները և մասնաճյուղերի ու բանկոմատների ցանկը:

Տեղադրվեցին կանխիկի ընդունման գործառույթով մի շարք բանկոմատներ:

Պիլոտային կարգով ներդրվեց հերթերի կառավարման համակարգ:

Բանկը ներդրեց մի շարք ծրագրեր՝ ուղղված ներքին գործընթացների ավտոմատացմանն ու սպասարկման բարելավմանը, այդ թվում՝ մի շարք նոր պրոդուկտներ, մասնավորապես.

Հաճախորդների նույնականացում հեռախոսային և TV բանկինգի, ԱրՔա համակարգում գործարքների իրականացման ժամանակ՝ կարճ հաղորդագրության միջոցով ուղարկվող գաղտնաբառեր,

Օնլայն և մոբայլ բանկինգի մեկանգամյա գաղտնաբառեր գեներացնող MobileDigipass հավելված Blackberry-ի համար,

Նոր MobileDigipass iPhone/iPad-ի համար:

Բանկը նաև ձգտում էր նպաստել էլեկտրոնային առևտրի զարգացմանը և այդ նպատակով կատարելագործում իր համակարգերն ու vPOS ծառայությունը:

Աշհարհագրական տարածում

2015թ. Ամերիաբանկը բացեց երկու նոր մասնաճյուղ՝ «Կապան» մասնաճյուղը Սյունիքի մարզկենտրոնում, որը դարձավ Սյունիքի մարզում բանկի երկրորդ մասնաճյուղը, և «Արշակունյաց պլյուս» մասնաճյուղը, որը երկրորդ մասնաճյուղն է Երևանի մանրածախ առևտրի ամենաաշխույժ վայրերից մեկում՝ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում: Մենք մասնաճյուղեր ունենք Հայաստանի խոշոր քաղաքներում և մարզկենտրոններում` «Վանաձոր» (Լոռի), «Դիլիջան» (Տավուշ), «Քաջարան» (Սյունիք), «Կապան» (Սյունիք), 7 մասնաճյուղ ու գլխամասային գրասենյակը մայրաքաղաքի ամենաբանուկ վայրերում, ինչպես նաև Արցախի «Ստեփանակերտ» մասնաճյուղը: Բոլոր մասնաճյուղերի և գլխամասի միջև կապն ապահովվում է առցանց ռեժիմով` թույլ տալով բանկի հաճախորդներին սպասարկվել ցանկացած մասնաճյուղում` անկախ նրանից, թե որ մասնաճյուղում են հաշիվ բացել:

Մասնաճյուղերի ցանցի զարգացմանը զուգընթաց, որպես ենթակառուցվածքի անբաժանելի մաս, բանկը նաև ընդլայնում և բարելավում է իր բանկոմատների և POS տերմինալների ցանցը: Մասնավորապես, 2015թ. վերջի դրությամբ տեղադրված բանկոմատների ընդհանուր քանակը 110-ն է, POS տերմինալներինը` 735-ը, իսկ POS Cash տերմինալներինը` 25-ը: Ավելին, Ամերիաբանկն առանձնապես կարևորում է հաճախորդների վիրտուալ սպասարկումը: Բիզնեսն ինտերնետ միջավայրում զարգացնելու համար Ամերիաբանկի կողմից առաջարկված vPOS ծառայությունը, որն ապահովում է ծրագրային ամբողջական, պատրաստի լուծում և ազատում է ծրագրավորման, կարգաբերման բարդ և ժամանակատար խնդիրներից, լայն արձագանք է ստացել հաճախորդների շրջանում: 2015թ. վերջի դրությամբ տեղադրված է թվով 108 vPOS:

Գլխամասային գրասենյակ

11 մասնաճյուղ

110 բանկոմատ

735 POS տերմինալ

25 POS Cash տերմինալ

108 վիրտուալ POS տերմինալ

Ռիսկերի կառավարում

Risk Management

Ամերիաբանկի համար 2015-ը մարտահրավերներով լի տարի էր, որին բնորոշ էին աշխարհաքաղաքական և տնտեսական անկայունությունը (տե՛ս «Արտաքին միջավայր» բաժինը): Ստեղծված իրավիճակում բանկը վերանայել է իր չափանիշները՝ սահմանելով ռիսկերի չափավոր պարամետրեր, կառավարման ավելի պահպանողական քաղաքականություն: Հետագայում զարգացում ապահովելու և ռիսկերն ավելի արդյունավետ կառավարելու նպատակով բանկը նախաձեռնեց կապիտալի համալրում, որը հաջողությամբ իրականացվեց 2015թ. վերջում: Առաջնահերթ կարևորություն տալով ռիսկերի կառավարման համակարգի արդյունավետությանը` Ամերիաբանկը 2015թ. ևս հետամուտ էր գործող համակարգերի, մոդելների և մեթոդաբանության բարելավմանն ու զարգացմանը:

Հաշվետու տարվա ընթացքում բանկի գործունեությունն ուղղված էր`

Ռիսկի ախորժակի հայեցակարգի մշակմանն ու ներդրմանը

Սթրես-սցենարների հիման վրա ռիսկերի կառավարման սկզբունքների մշակմանն ու ներդրմանը,

Ռիսկերի և կապիտալի համարժեքության արդյունավետ կառավարմանը,

Վարկային և ավանդային պորտֆելների կենտրոնացման նվազեցմանը,

Պորտֆելի դիվերսիֆիկացմանը, մանրածախ վարկավորման ընդլայնմանը,

Շուկայական ռիսկերի առավել արդյունավետ կառավարմանը՝ ռիսկի սահմանափակ ախորժակի սահմաններում,

Գործընկերների ցանցի բարելավմանը և նրանց ռիսկերի սահմանափակմանը, Իրացվելիության օպտիմալ կառավարմանը, բանկի գործառնական ռիսկերի կառավարման գործող մոդելի արդյունքների համակարգմանը,

Բանկի` ռիսկերի բացահայտմանն ուղղված հսկողությանը և աուդիտին:

2015թ. բանկը ներդրեց ռիսկի ախորժակի հայեցակարգը և սահմանեց ռիսկի ախորժակի չափն ըստ ռիսկի տեսակների, ներգրավված մասնագետների և պատասխանատու անձանց: Ներդրվեցին մի շարք նոր պարամետրեր: Ռիսկի մակարդակի բարձրացման պայմաններում ռիսկերի կառավարումը բարելավելու նպատակով բանկը մշակեց գործողությունների ծրագիր տարբեր սթրես-սցենարների համար, որով սահմանվում են անհրաժեշտ գործողությունները, պատասխանատու անձինք և ժամկետները:

Infographic

Վարկային ռիսկ

Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2015թ. Ամերիաբանկում վարկային ռիսկերի կառավարումը ռազմավարական առաջնայնություններից էր: Հաշվետու ժամանակահատվածում բանկը մեծ ուշադրություն էր դարձնում վարկային պորտֆելի որակին:Պորտֆելի աճը թելադրում էր վարկային ռիսկերի բացահայտման, նվազեցման, կառավարման և մոնիթորինգի համակարգի արդիականացում: Հաշվետու տարվա ընթացքում.

Բանկը կատարելագործեց ցուցանիշների (պարտքի սպասարկման գործակից, վարկ/գրավ հարաբերակցություն, իրացվելիություն, պարտավորությունների հարաբերակցությունը եկամտին, մնացորդային եկամուտը և այլն) վրա հիմնված սթրես-թեստերի մոտեցումը՝ արտարժութային և այլ տեսակի ցնցումներին արագ արձագանքելու նպատակով:

Վերանայվեց մանրածախ վարկային հայտերի սպասարկման համակարգը, ներդրվեց դրանց վարկանշման համակարգ:

Կատարելագործվեց պորտֆելի մակարդակով վարկային ռիսկի մոնիթորինգի, հսկողության, վերլուծության և հաշվետվողականության համակարգը (ըստ պրոդուկտների, մասնաճյուղերի, որոշում կայացնողների, վարկային մասնագետների, տնտեսության ճյուղերի, շեղումների տեսակի և այլ ցուցանիշների):

Վերանայվեցին վաղ հայտնաբերման ցուցանիշները և վարկային ռիսկի հիմնական հայտանիշները, մանրածախ վարկավորման գործընթացում ներդրվեց ԱՔՐԱ-Սքոր ազգային սքորինգային համակարգը:

Կորպորատիվ վարկավորման ոլորտում Բանկը.

Բանկը Բարելավեց վարկային հայտերի հետ կապված ռիսկերի գնահատման մեթոդաբանությունը, կատարելագործեց վարկառուների վարկունակության (վարկային ռիսկի) գնահատման չափանիշները:

Բարելավեց վարկային պորտֆելի մոնիթորինգի համակարգը/մեթոդաբանությունը, մոնիթորինգի միջոցով վարկային ռիսկի նվազեցման մոտեցումները:

Բանկը շարունակեց կատարելագործել կորպորատիվ վարկերի պորտֆելային վերլուծության գործընթացը, կորպորատիվ վարկառուների ռիսկի վարկանիշի/սքորինգի համակարգը, իսկ որպես նոր մոտեցում մշակվեց ռիսկի հավելավճարի հայեցակարգը:

Կատարելագործվեցին վարկավորման և վարկային ռիսկի գնահատման ընթացակարգերը, գործընթացները և մեթոդները:

Ռուսաստանում անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակի և նավթի գների անկման պատճառով 2015թ. բարձր էին արտարժութային ռիսկերը և Ռուսաստանից դեպի Հայաստան փոխանցումների կտրուկ նվազման ոիսկը:

Շնորհիվ ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգերի և գործիքների, ինչպիսիք են վաղ հայտնաբերման մեխանիզմները, ռիսկերի հիմնական ցուցանիշները, հաճախորդների մոնիթորինգը, շարունակական հսկողությունը, առանձին դեպքերի ուսումնասիրությունը, սթրես-թեստերը և այլն, բանկը կարողացավ 2015թ. դեկտեմբերի դրությամբ 1 և ավել օր ժամկետանց վարկերի կշիռը պահել 7.2%-ի սահմաններում, մինչդեռ բանկային համակարգում այդ ցուցանիշը կազմում էր միջինը 10.1%: Նշենք նաև, որ տարեվերջի դրությամբ 90 և ավել օր ժամկետանց վարկերը կազմում էին պորտֆելի ընդամենը 4.8%-ը: Բանկի վարկային պորտֆելի կառուցվածքում ներկայացված են բազմազան վարկային պրոդուկտներ և տնտեսության տարբեր ճյուղեր՝ կենտրոնացման ցածր մակարդակով:

Ավելին, երկարաժամկետ փոխշահավետ համագործակցության ակնկալիքով բանկն իր ամենավստահելի և հավատարիմ հաճախորդներին առաջարկեց ճկուն սցենարներ՝ ուղղված նրանց վարկային և արժութային ռիսկերի նվազեցմանը:

Ընդհանուր վարկային ռիսկի առումով 2015թ. Ամերիաբանկն ապահովեց ոչ միայն կապիտալի համարժեքության բավարար մակարդակ, այլև ռիսկերին դիմակայելու ամրության հուսալի պաշար: Տարեվերջի դրությամբ բանկի վարկային պորտֆելը կազմում էր ակտիվների 59.2%-ը, իսկ կապիտալի համարժեքության գործակիցը՝ 20.2%:

Շուկայական ռիսկեր

2015թ. բնորոշվում էր շուկայական ռիսկերի չափավոր մակարդակով՝ ՀՀ դրամի կտրուկ արժեզրկումից և պետական պարտատոմսերի եկամտաբերության զգալի փոփոխությունից հետո շուկան որոշ չափով կայունացավ` չնայած դեռ կա անորոշություն և իրացվելիության պակաս: Անորոշությունը պայմանավորված է նավթի գների անկմամբ, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով և Չինաստանի տնտեսության արգելակմամբ: ԱՄՆ դաշնային պահուստի որոշումը տոկոսադրույքի վերաբերյալ ազդեց շուկայի այլ տոկոսադրույքների, այդ թվում՝ LIBOR-ի վրա:

Շուկայական ռիսկերի թվում էին պարտատոմսերի պորտֆելի երկար դյուրացիան, ճեղքվածքի վերագնահատումը, լողացող տոկոսադրույքով պորտֆելը, որոնք կառավարվում էին և պահպանվում բանկի ռիսկի ախորժակի սահմաններում. տարեվերջի դրությամբ բանկը բոլոր նշված ռիսկերը բերել էր ցածր մակարդակի:

Շուկայական ռիսկերի կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու համար բանկը վերանայել է ռիսկերի մոնիթորինգի և հաշվետվողականության համակարգը և վերահսկողության տակ վերցրել ռիսկերի մի շարք նոր աղբյուրներ: Մշակվել է առևտրային ռիսկերի կառավարման նոր հայեցակարգ, որը ներառում է անհրաժեշտ ՏՏ լուծումները, ռիսկերի նոր սահմանափակումներ, ներդրումային քաղաքականության սկզբունքներ, որոշումների կայացման մոտեցումներ, հաշվետվողականության սխեմաներ: Վերանայվել է բրոքերային գործառնությունների ընթացակարգը, և սահմանվել են ռիսկերի սահմանափակման սկզբունքներ: Մշակվել է բանկ չհանդիսացող ֆինանսական կազմակերպությունների վարկային ռիսկի գնահատման մեթոդաբանություն, վերանայվել են բանկերի վարկային ռիսկի սահմանաչափերը՝ հաշվի առնելով արտաքին տնտեսական գործոնները և ցնցումները:

Մշակվել և ներդրվել է տնտեսական միջավայրի ռիսկերի՝ ՀՀ տնտեսության վրա ազդեցության գնահատման և մոնիթորինգի ընթացակարգը: Ուսումնասիրվել է Ռուսաստանում ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը խոշոր վարկառուների (մեծամասամբ ներկրողների և արտահանողների) վրա, վերանայվել են վարկավորման պայմանները և հաճախորդների սքորինգի չափանիշները: Բանկն իրականացնում է անշարժ գույքի տեղական շուկայի պարբերական վերլուծություն, ուսումնասիրում արժեզրկման և իրացվելիության նոր ռիսկերը: Այդ կապակցությամբ բանկը միջոցներ է ձեռնարկում գրավի ընդունման պայմանները և քաղաքականությունը խստացնելու ուղղությամբ՝ միաժամանակ ճկուն մնալով իր ամենավստահելի հաճախորդների հանդեպ:

Ի տարբերություն 2014թ.՝ անցած տարին շատ ռիսկային էր տոկոսադրույքների տատանումների, փոխարժեքների անկանխատեսելիության, բացասական արտաքին գործոնների և ՀՀ տնտեսության անկման միտումների առումով:

Իրացվելիության ռիսկ

Հաշվետու տարվա ընթացքում բանկի իրացվելիության նորմատիվներն ունեին ամրության բավարար պաշար` ապահովելով բանկի անխափան գործունեությունը:

ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված ընդհանուր իրացվելիության նվազագույն չափի նորմատիվը կազմում է 15%, մինչդեռ Ամերիաբանկի ցուցանիշը տարեվերջի դրությամբ 29.91% էր:

ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված ընթացիկ իրացվելիության նվազագույն չափի նորմատիվը կազմում է 60%, Ամերիաբանկի ցուցանիշը՝ 151.3%:

Սթրես-թեստեր

Բանկը յուրաքանչյուր ամիս տարբեր սցենարներով սթրես-թեստեր է իրականացնում՝ շուկայական, վարկային, գործառնական և իրացվելիության ռիսկերի հնարավոր ազդեցությունը գնահատելու համար: Այդ թեստերի արդյունքները հետագայում հաշվի են առնվում բանկի ղեկավարության կողմից գործունեության տարբեր ոլորտներին վերաբերող որոշումների կայացման ժամանակ: 2015թ. բանկը վերանայեց թեստերի տեսակները և ներդրեց նոր սթրես-թեստեր, այդ թվում՝ միաժամանակ մի քանի ռիսկերի ի հայտ գալու բացասական սցենարներ, առկա տնտեսական իրավիճակում հաճախորդների վարկունակության սթրես-թեստեր:

Ռուսաստանի, ինչպես նաև Հայաստանի շուկաներում բացասական զարգացումները և դրանց արդյունքում եկամտաբերության կորի ու փոխարժեքների կտրուկ տատանումները ցույց տվեցին, որ ճգնաժամի հնարավոր ազդեցությունը շուկայի ցուցանիշների վրա մինչ այդ թերագնահատվում էր, ուստի բանկը վերանայեց սթրես-թեստերի ձևերը և ռիսկերի պարամետրերը:

Գործառնական ռիսկեր

Հաշվետու ժամանակահատվածում բանկի գործառնական կորուստները ձգտում էին զրոյի: Հիմնական գործառնական ռիսկերը, որոնց ենթակա է բանկը, ներառում են արտաքին միջավայրի անբարենպաստ փոփոխությունների , համակարգերի խափանումների , մարդկային գործոնով պայմանավորված, ինչպես նաև արագ զարգացող բանկերին բնորոշ՝ ներքին գործընթացների կազմակերպման ռիսկերը:

Ռիսկերի կառավարումը բանկում խաղում է պրոակտիվ դեր: Մենք ձգտում ենք նվազագույնի հասցնել ինչպես բանկի բնականոն գործունեության ընթացքում, այնպես էլ արտաքին գործոնների հետևանքով առաջացող վնասը և ապահովել բանկում ռիսկերի արդյունավետ կառավարում բոլոր մակարդակներում:

Այդ նպատակով անընդհատ իրականացվում է ռիսկերի բացահայտմանը և գնահատմանն ուղղված հետևողական աշխատանք: Ռիսկերի կառավարումն իրականացվում է մեկ միասնական համակարգի միջոցով, որի հիմքում ընկած է հսկողության մեթոդների ընտրության ընթացքում ռիսկի և օգուտի հարաբերակցությունը:

Գործառնական ռիսկերի կառավարումը բանկում հիմնված է հետևյալ սկզբունքների վրա.

Գործընթացների մանրամասն նկարագրում,

Իրավասությունների և սահմանաչափերի հստակ սահմանում,

Շահերի բախման բացառում,

Հաշվետվողականության հստակ մեխանիզմ,

Կրկնակի ստուգման սկզբունք և այլն:

Մենք հաշվարկում ենք բանկային պրոդուկտների և ծառայությունների նշանակալիությունը և բանկի` դրանց գործառնական ռիսկերի նկատմամբ զգայունությունը: Ներդրել ենք կապիտալի` ըստ պրոդուկտների բաշխման մոդելը` սեփական մեթոդաբանությամբ, որը թույլ է տալիս սահմանել տվյալ պրոդուկտի հետ առնչվող գործընթացների և համակարգերի գնահատման խնդիրներն ըստ առաջնահերթության:

Հաշվետու տարվա ընթացքում բանկում գործառնական ռիսկերի բացահայտման նպատակով նախապես կազմված ծրագրին համաձայն իրականացվեց մի շարք գործընթացների և տեղեկատվական համակարգերի գնահատում, որը թույլ տվեց բացահայտել և վերլուծել համակարգերի և գործընթացների թույլ կողմերը, կայացնել դրանք բարելավելու և դրանցից բխող ռիսկերը կառավարելու վերաբերյալ որոշումներ, նվազեցնել գործառնական կորուստների հավանականությունը և դրանց հետևանքները` միաժամանակ ապահովելով բանկի ղեկավարության և անձնակազմի առավելագույն տեղեկացվածությունը գործառնական ռիսկերի մասին:

Կատարված աշխատանքներից հարկ է նշել մանրածախ վարկավորման վերանայված գործընթացի ռիսկերի գնահատումը, պլաստիկ քարտերի գործառնական ռիսկերի նվազեցման ծրագիրը:

Խոշոր պատահարներից պաշտպանվելու նպատակով բանկը, համաշխարհային պրակտիկային համապատասխան, ապահովագրել է իր ակտիվները, գործառնությունները, պարտավորությունները և որոշ աշխատակիցների: Ապահովագրական ծածկույթը ներառում է, մասնավորապես, հետևյալ ռիսկերը՝ հրդեհի, կայծակի, ջրհեղեղի, հափշտակման, վանդալիզմի ռիսկերը, ինչպես նաև երրորդ անձի պատասխանատվության ապահովագրությունը: Բանկը նաև ունի ֆինանսական հաստատությունների համապարփակ ապահովագրություն (Bankers' Blanket Bond) և իր տնօրենների ու ղեկավարների պատասխանատվության ապահովագրություն:

Գործընթացների և համակարգերի ռիսկերի գնահատման մեջ առանցքային դեր է խաղում տարբեր դեպքերի հավանականության և դրանց ազդեցության հաշվարկը, որի ճշգրտությունն ապահովելու նպատակով բանկը 2011թ. սկսած վարում է գործառնական պատահարների և կորուստների տվյալների շտեմարան: Այն թույլ է տալիս վերլուծել ռիսկի աղբյուրները, դրանց բնույթը, պատճառները և միտումները, հաշվարկել հետագա գործառնական կորուստների վերականգնման համար անհրաժեշտ կապիտալի ծավալը:

2015թ. բանկի` գործառնական ռիսկերով պայմանավորված կորուստներն աննշան էին. ավելի ցածր, քան Տնօրենների խորհրդի կողմից հաստատված գործառնական կորուստների ռիսկի ախորժակը և համաշխարհային պրակտիկայում ընդունված առավելագույն թույլատրելի շեմը:

Էկոլոգիական և սոցիալական ռիսկերի կառավարման համակարգ

Հաշվետու տարվա ընթացքում բանկում շարունակում էր գործել էկոլոգիական և սոցիալական (ԷևՍ) ռիսկերի կառավարման համակարգը: Բանկի ԷևՍ ռիսկերի կառավարման համակարգը հիմնված է միջազգային լավագույն փորձի վրա և համապատասխանում է բանկի հետ համագործակցող ֆինանսական հաստատությունների չափանիշներին (FMO, ՄՖԿ, ՎԶԵԲ, ԱԶԲ): Այն նաև ներառում է ԷևՍ ռիսկերի մոնիթորինգի համակարգ, որի կազմում վերջերս ներդրվել է նաև մեդիա մոնիթորինգի բաղադրիչ: Բանկի ԷևՍ ռիսկերի մասնագետները պարբերաբար մասնակցում են սեմինարների և վերապատրաստման դասընթացների:

Հաշվետու տարվա ընթացքում ԷևՍ ռիսկերի կառավարման համակարգը համալրվեց հաճախորդների ռիսկի նվազեցման նոր մեխանիզմներով (համաձայն միջազգային լավագույն փորձին), որոնք թույլ են տալիս ոչ միայն գնահատել ռիսկը, այլև ձեռնարկել համապատասխան քայլեր դրա նվազեցման ուղղությամբ: Հաշվետու տարում նաև վերանայվեց և կատարելագործվեց ԷևՍ ռիսկերի դասակարգման մեթոդաբանությունը: Այժմ այն ներառում է գործունեության ավելի մեծ ու մանրակրկիտ ցանկ և դասակարգման ավելի շատ տարբերակներ:

ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԵՎ ՄԱՆՐԱԾԱԽ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Corporate and Retail Banking

Ամերիաբանկն ամուր դիրքեր է զբաղեցնում կորպորատիվ բանկային ծառայությունների շուկայում: 2010թ-ից սկսած՝ մենք առաջատարների շարքում ենք ըստ կորպորատիվ վարկային պորտֆելի: Մեր բարձր հեղինակությունը, որպես հուսալի ռազմավարական գործընկեր, նպաստեց նրան, որ 2015թ. կորպորատիվ հաճախորդների թիվն ավելացավ 10%-ով: Մենք ցուցաբերում ենք անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին, տրամադրում ֆինանսական խորհրդատվություն և օգնում գտնել լավագույն լուծումը: Այդ քաղաքականության արդյունքում է, որ մենք հաճախ ավանդական վարկային լուծումները փոխարինում ենք առևտրի ֆինանսավորման գործիքներով կամ ծառայությունների համակցված փաթեթով՝ ապահովելով ավելի ճկուն և հարմար պայմաններ մեր հաճախորդների համար:

Չնայած 2015թ. տնտեսական դժվարություններին՝ բանկի կորպորատիվ վարկային պորտֆելը (ներառյալ վարկային գծերը, օվերդրաֆտները, լիզինգը և ֆակտորինգը) ավելացավ 12%-ով՝ տարեվերջում կազմելով 280,503 մլն ՀՀ դրամ:

Մենք որդեգրել ենք կորպորատիվ հաճախորդների հետ համագործակցության հետևյալ սկզբունքները.

Անհատական մոտեցում, հաճախորդի կարիքների բացահայտում և համապատասխան ֆինանսական լուծումների առաջարկում:

Ֆինանսական խորհրդատվություն տեղական և արտասահմանյան շուկաներում, այդ թվում՝ լուծումներ գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար:

Յուրաքանչյուր հաճախորդին հատուկ նրա պահանջների համար մշակված անհատական ծառայությունների ամբողջական փաթեթի տրամադրում:

Հաճախորդների հետ լինել գործընկեր և նպաստել նրանց գործունեության աճին և զարգացմանը:

Նպատակային ծրագրային միջոցների հասանելիության ապահովում:

Սպասարկման բարձր որակ:

2015-ի վերջին Ամերիաբանկի հաճախորդների նկատմամբ պարտավորությունները կազմում էին ավելի քան 294 մլրդ ՀՀ դրամ. այս ցուցանիշով բանկը ՀՀ բանկային համակարգի բացարձակ առաջատարն է: Հաճախորդների նկատմամբ պարտավորությունների բացարձակ տարեկան աճը կազմել է 85 մլրդ ՀՀ դրամ, ներառյալ 52 մլրդ ՀՀ դրամի աճ կորպորատիվ հաճախորդների նկատմամբ պարտավորությունների մասով, որից 48 մլրդ ՀՀ դրամը բաժին է ընկնում կորպորատիվ ժամկետային ավանդներին:

Լիզինգ

2015թ. վերջին Ամերիաբանկի լիզինգային պորտֆելը կազմեց 2,141 մլն ՀՀ դրամ: Գործարքների մեծ մասն իրականացվել է հանքարդյունաբերության, առողջապահության, փաթեթավորման, տպագրական և այլ սարքավորումների, մարդատար և բեռնատար ավտոմեքենաների ձեռքբերման ոլորտում: Ընդհանուր առմամբ, Ամերիաբանկի լիզինգային պորտֆելը ներառում էր հանքային արդյունաբերության, շինարարության, սննդի արդյունաբերության, առողջապահության, ՏՏ և հաղորդակցման, առևտրի և սպասարկման ոլորտները:

Ֆակտորինգ

Հաշվետու ժամանակահատվածում Ամերիաբանկն արձանագրել է ֆակտորինգային գործառնությունների կայուն աճ՝ պահպանելով իր դիրքը ՀՀ բանկային հատվածում: 2015թ. նշանավորվեց արտահանման ֆակտորինգի աճով, որը մեծապես նպաստեց տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող նոր հաճախորդների ներգրավմանը:

2015թ. Ամերիաբանկի ֆակտորինգային պորտֆելը կազմել է 5.5 մլրդ ՀՀ դրամ 2014թ. 4.5 մլրդ ՀՀ դրամի համեմատ՝ արձանագրելով 21.58% աճ:

2015թ. Ամերիաբանկի ֆակտորինգային ֆինանսավորումն ուղղված էր հիմնականում առևտրի, տրանսպորտի, շինարարության, արտադրության, հանքարդյունաբերության, ջերմոցային տնտեսության ոլորտներին, ընդ որում, ֆինանսավորման հիմնական մասը բաժին է ընկել առևտրի ոլորտին: Բացի նրանից, որ մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք ֆակտորինգային ֆինանսավորման բավականին ճկուն պայմաններ, մենք չենք սահմանափակվում ստանդարտ լուծումներով և հաճախորդների նկատմամբ ցուցաբերում ենք անհատական մասնագիտական մոտեցում` կիրառելով ֆակտորինգի բոլոր հնարավոր սխեմաներն ու միջազգային հարուստ փորձը: Ֆակտորինգային գործարքների շրջանակներում Ամերիաբանկը համագործակցում է խոշոր մանրածախ ցանցերի, արդյունաբերական ձեռնարկությունների և հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների հետ:

2013թ.-ից Բանկը հանդիսանում է Factors Chain International միջազգային ֆակտորինգային միության անդամ, ինչը հաճախորդներին հնարավորություն է տալիս գործարար կապեր հաստատել աշխարհի ավելի քան 90 երկրների կազմակերպությունների հետ և դուրս գալ նոր շուկաներ: Այն նաև թույլ է տալիս բանկին ընդլայնել իր միջազգային ֆակտորինգային ծառայությունների շրջանակը: Արդյունքում, բանկի միջազգային ֆակտորինգային գործարքների ընդհանուր ծավալը կազմում է 15.97 մլրդ ՀՀ դրամ, որը 53.36%-ով ավել է, քան նախորդ տարվա ցուցանիշը (10.39 մլրդ): Միջազգային ֆակտորինգի շրջանակներում հիմնականում իրականացվում են արտահանման գործարքներ, ինչը վկայում է արտահանումը և տեղական ապրանքների սպառումը միջազգային շուկաներում խթանելու՝ Ամերիաբանկի դիրքորոշման մասին:

Առևտրի ֆինանսավորում

Ամերիաբանկը Հայաստանում առևտրի ֆինանսավորման ծառայություններ մատուցող հիմնական կառույցներից է: Մեր առաջարկած գործիքները նախատեսված են մեղմացնելու ինչպես օտարերկրյա, այնպես էլ տեղական շուկաների ռիսկերը:

Թողարկված ակրեդիտիվների ու երաշխիքների, սպասարկման բարձր մակարդակի և նոր ու հետաքրքիր նախագծերի համար բանկն արժանանում է հեղինակավոր միջազգային կազմակերպությունների բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Global Finance ամսագրի «Հայաստանի լավագույն բանկ առևտրի ֆինանսավորման ոլորտում» մրցանակին (չորս տարի անընդմեջ), Կոմերցբանկի՝ առևտրի ֆինանսավորման ոլորտում անթերի համագործակցության մրցանակին ու ՎԶԵԲ-ի՝ «Հայաստանում ամենաակտիվ թողարկող բանկ» մրցանակին: Ամերիաբանկը նաև դարձավ առաջին հայկական բանկը, որը ստացավ ՎԶԵԲ-ի առևտրի աջակցման ծրագրի շրջանակներում հաստատող բանկի կարգավիճակ: Հաճախորդների հետ սերտ համագործակցության արդյունքում բանկը կարողանում է հիմնավորված խորհրդատվություն և հաճախորդի ֆինանսական կարիքներից բխող նորարար ֆինանսական լուծումներ առաջարկել:

2015թ. բանկի կողմից թողարկված ակրեդիտիվների ու երաշխիքների ընդհանուր ծավալը գերազանցեց համապատասխանաբար 5 մլրդ և 12 մլրդ ՀՀ դրամը: Թողարկված երաշխիքների ծավալն ավելացավ 6.32%-ով:

Շնորհիվ ՄՖԿ-ից, ՎԶԵԲ-ից և մի շարք խոշոր առևտրային բանկերից ներգրավված միջոցների՝ Բանկը թողարկում է ակրեդիտիվներ և ֆինանսավորում հաճախորդների ներմուծման գործարքները շուկայականից ցածր տոկոսադրույքներով: Ընդհանուր առմամբ, 2015թ. բանկը ֆինանսավորում էր առևտուրն ինչպես վճարային գործիքների թողարկման և արտահանման/ներկրման գործառնությունների սպասարկման, այնպես էլ միջազգային բանկերից ռեսուրսների ներգրավման հաշվին հայրենական արտադրողների արտահանման և ներկրման գործառնությունների ուղղակի ֆինանսավորման միջոցով: Մասնավորապես, Ամերիաբանկի համար միջազգային ֆինանսական կազմակերպությունների և առևտրային բանկերի կողմից բացված վարկային սահմանաչափերը 2015թ. գերազանցում էին 68 մլրդ ՀՀ դրամը:

Մանրածախ բանկային գործառնություններ

Հաշվետու տարվա ընթացքում Ամերիաբանկն իրագործեց ազգային նշանակության մի քանի նախագիծ ՏՏ և հեռահաղորդակցման, արտադրության, ջերմոցային տնտեսության, հանքարդյունաբերության, մետաղագործության, կարճաժամկետ ֆինանսավորման ոլորտներում: Այդ գործարքները թե՛ ծավալի, թե՛ նշանակության տեսանկյունից բավականին տպավորիչ էին և՛ տեղական շուկայի, և՛ տարածաշրջանի մակարդակով:

Արդեն մի քանի տարի է, ինչ Ամերիաբանկը ներկայանում է որպես ունիվերսալ բանկ և մանրածախ բանկային գործառնությունների զարգացումը համարում է իր հիմնական ռազմավարական ուղղություններից մեկը: Չնայած տեղական շուկան բավականին հագեցած է մանրածախ ծառայություններով` Ամերիաբանկը գնալով ամրապնդում է իր դիրքերն այս ոլորտում:

2015թ. բանկն առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում հեռակառավարման ծառայությունների զարգացմանը և ներդնում ամենաժամանակակից տեխնոլոգիական լուծումները՝ ապահովելով հաճախորդների սպասարկման ամենաբարձր չափանիշները:

Ամերիաբանկի հեղինակությունը և այն վստահությունը, որը բանկը վայելում է հաճախորդների շրջանում, նպաստում են հաճախորդների թվի և ժամկետային ավանդների աճին: 2015թ. բանկը զբաղեցնում էր 2-րդ դիրքը ՀՀ բանկային համակարգում ըստ ժամկետային ավանդների: Բանկն արձանագրել է ժամկետային ավանդների միջին տարեկան 21.9% աճ՝ գերազանցելով բանկային համակարգի միջին ցուցանիշը (11.2%):

Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի բացարձակ առաջատարն է ըստ հաճախորդների նկատմամբ պարտավորությունների՝ ապահովելով տարեկան 85 մլրդ ՀՀ դրամի աճ, որից 34 մլրդ ՀՀ դրամն անհատ հաճախորդների նկատմամբ պարտավորություններ են, իսկ 19 մլրդ ՀՀ դրամը՝ ժամկետային ավանդներ:

Սպասարկման դիվերսիֆիկացված ցանց

Սպասարկման բազմակողմանի ցանցի զարգացման ներքո բանկը նախաձեռնել է մասնաճյուղային ցանցի ընդլայնման նախագծեր, մասնավորապես՝

2015թ. մարտին Սյունիքի մարզում բացվեց նոր՝ «Կապան» մասնաճյուղը:

2015թ. նոյեմբերին բացվեց «Արշակունյաց Պլյուս» մասնաճյուղը մայրաքաղաքում՝ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում:

2016թ. փետրվարին նախատեսված է «Երիտասարդական» մասնաճյուղի գործարկումը Երևանում:

Մասնաճյուղերն իրենց հարմար դիրքի, մեծ տարածքի, ժամանակակից տեխնիկական հագեցվածության և պրոֆեսիոնալ անձնակազմի միջոցով ապահովում են սպասարկման բարձր որակ:

Գիտակցելով սպասարկման այլընտրանքային ուղիների առավելությունները և դրանց ազդեցությունը սպասարկման բարելավման վրա՝ 2015թ. մենք շարունակում էինք ներդրումներ կատարել հեռակառավարման բանկային համակարգերում՝ ստեղծելով առավելագույն արժեքը մեր հաճախորդների համար:

Մարդկանց համար բանկային ծառայություններից օգտվելը հեշտ, արագ ու հարմար դարձնելու նպատակով 2015թ. ներդրվեցին հետևյալ նոր ծառայությունները՝

  • Կանխիկի մուտքագրման բանկոմատներ և վճարային տերմինալներ,
  • Հեռախոսային բանկինգ,
  • «Ամերիա» փոխանցումների համակարգը, որը թույլ է տալիս Ամերիաբանկի կայքի միջոցով առցանց փոխանցումներ կատարել քարտից քարտ կամ քարտից բանկային հաշիվ,
  • Բանկի կայքի միջոցով կոմունալ վճարումների առցանց համակարգ,
  • Հաշվի հեռակա բացում արտասահմանում գտնվող հաճախորդների համար՝ տեսազանգի միջոցով հաճախորդի նույնականացման հիման վրա:

Ձգտելով ապահովել բարձրորակ և անթերի սպասարկում մեր յուրաքանչյուր հաճախորդի համար՝ մենք զգալիորեն բարելավել ենք առկա ինտերնետ-բանկինգի ծառայությունը. ի թիվս այլ նորամուծությունների, հաճախորդներն այժմ կարող են իրենց հայտերն ու դիմումները ներկայացնել ինտերնետ-բանկինգի միջոցով:

2015թ. մենք մեծ աշխատանք ենք կատարել՝ փոխելու բանկային գործարքների նկատմամբ մարդկանց կարծրատիպերը և խթանելու հեռակառավարման համակարգերը: Բացի սոցիալական մեդիայով հեռակառավարման համակարգերի ակտիվ գովազդային արշավից, իրականացվեց նաև ուղղակի վաճառք (հիմնականում օնլայն և մոբայլ բանկինգի): Արդյունքում՝ 2015թ. դեկտեմբերին նախորդ տարվա համեմատ ինտերնետ/մոբայլ բանկինգից օգտվողների քանակն ավելացավ 28%-ով, իսկ հեռակառավարման համակարգերով իրականացված գործարքների քանակը՝ 160.5%-ով:

Հաճախորդների սպասարկման բարելավում

Սպասարկման արդյունավետությունը բարձրացնելու, հերթերի կառավարումը հեշտացնելու նպատակով իրականացվեց գործողությունների մի ամբողջ համալիր՝

Ամենաբանուկ մասնաճյուղերում ներդրվեց հերթերի կառավարման համակարգ:

Գլխամասային գրասենյակում ու Երևանում տեղակայված մասնաճյուղերում ներդրվեց Wi-Fi ցանց:

Ներդրվեց հեռախոսով հաշվի մնացորդի ստուգման ավտոմատացված համակարգ:

Աշխատավարձային նախագծեր

Բանկը մշտապես ձգտում է իր առաջարկները կազմել այնպես, որ դրանք համապատասխանեն շուկայի պահանջարկին: Աշխատավարձային նախագծերի շարունակական զարգացումն ու ընդլայնումը բանկի առաջնահերթ խնդիրներից է: Ընտրված քաղաքականության արդյունքում ավելացավ մեր աշխատավարձային նախագծերից օգտվող կազմակերպությունների թիվը ավելի քան 100-ով:

Հաճախորդների բազա և ավանդներ

Հաճախորդների ռազմավարության և սպասարկման շարունակական բարելավման շնորհիվ Ամերիաբանկի մանրածախ հաճախորդների բազան ավելացել է 40%-ով, ընդ որում` ֆիզիկական անձ հաճախորդներինը՝ 3.6%-ով, Պրեմիում/Գործընկեր կարգավիճակ ունեցող հաճախորդներինը՝ շուրջ 25%-ով: Դրան զուգահեռ զգալի աճ է արձանագրել նաև ավանդային բազան՝ «Ամերիա Գործընկեր» և «Պրեմիում» հաճախորդների ներդրած ժամկետային ավանդների ծավալն ավելացել է 38%-ով:

Ֆիզիկական անձանցից ներգրավված ցպահանջ և ժամկետային ավանդների ծավալը տարվա կտրվածքով աճել է 32.5%-ով՝ 103.5 մլրդ ՀՀ դրամից մինչև 137.2 մլրդ ՀՀ դրամ:

Վճարային քարտեր

Առաջարկելով միջազգային քարտերի լայն տեսականի՝ Ամերիաբանկը փորձում է բավարարել տարբեր կենսակերպ և պահանջներ ունեցող մարդկանց կարիքները: Մեր հաջողության հիմքում են հաճախորդների համար առավելագույն հարմարության ապահովումը, անվտանգությունը, ինչպես նաև հաճախորդների պահանջարկի ըմբռնումը. 2015թ. բանկի թողարկած քարտերի քանակն ավելացավ 12.6%-ով:

Մեզ համար կարևոր է, որ հաճախորդների համար գնումներ կատարելու գործընթացը լինի հնարավորինս հեշտ ու հաճելի, ուստի մենք մշակել ենք հատուկ զեղչային համակարգեր POS տերմինալների, վիրտուալ POS տերմինալների, վաճառքի կետերի համար: 2015թ. վիրտուալ POS տերմինալների քանակն մեծացավ 70%-ով, իսկ դրանցով իրականացված գործարքների ծավալը՝ 113%-ով: Ինչպես միշտ, 2016թ. ևս արձանագրվեց քարտային գործառնությունների մի շարք ոլորտների աճ՝ քարտերով գործարքների ընդհանուր ծավալը, անկանխիկ գործարքների ծավալը և քանակը, քարտերի օգտագործման մակարդակը և այլն: POS տերմինալների միջոցով Ամերիաբանկի քարտերով իրականացված գործարքները 2014-ի համեմատ ավելացան 15%-ով, բանկոմատներով կանխիկացման գործարքները՝ 6%-ով:

Մանրածախ վարկավորում

Բիզնեսի արդյունավետությունը, մեր ծառայությունների գրավչությունը բարձրացնելու նպատակով 2015թ. մենք պայմանագիր ստորագրեցինք Ազգային հիփոթեքային ընկերության հետ: Այն մեզ թույլ կտա տրամադրել հիփոթեքային վարկեր մատչելի տոկոսադրույքով՝ ներկայանալով նաև մրցակցային առաջարկներով փոքր և միջին ձեռնարկությունների համար:

Ամրապնդելով փոխվստահելի հարաբերությունները մեր հաճախորդների հետ և պարզեցնելով վարկավորման գործընթացը` 2015թ. մենք շարունակում էինք մանրածախ վարկավորումը: Աշնանը բանկը հանդես եկավ փոքր և միջին ձեռնարկությունների համար նախատեսված արշավով, որը թույլ տվեց վարկառուներին օգտվել Ամերիաբանկի կողմից առաջարկվող նոր առավելություններից:

2015թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Ամերիաբանկի մանրածախ վարկային պորտֆելը կազմում էր 47,928 մլն ՀՀ դրամ: Մանրածախ փոքր և միջին բիզնես վարկերը կազմում էին 7,956 մլն ՀՀ դրամ (ընդհանուր մանրածախ պորտֆելի 17%): Հիփոթեքային վարկերը կազմում են ընդհանուր մանրածախ վարկային պորտֆելի 36%-ը կամ 17,390 մլն ՀՀ դրամ, իսկ վարկային քարտերով տրամադրված վարկերը՝ 6,243 մլն ՀՀ դրամ:

Retail Portfolio
Total Deposits
Total Turnover
Term Deposits
Individual Money

ՆԵՐԴՐՈՒՄԱԲԱՆԿԱՅԻՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Investment Banking and Trading

Ներդրումաբանկային և առևտրային գործառնությունները ՀՀ բանկային համակարգում առայժմ թերզարգացած են: Այդուհանդերձ, վերջին մի քանի տարիների ընթացքում Ամերիաբանկը, որպես ներդրումային, բանկային և առևտրային ծառայություններ տրամադրող առաջին հաստատություններից մեկը և տվյալ ոլորտի ջատագովը Հայաստանում, շարունակաբար աշխատում է ոլորտը զարգացնելու, ծառայությունների արդյունավետության և համաշխարհային շուկաների մասին հաճախորդների տեղեկացվածությունը բարձրացնելու ուղղությամբ:

Բարեհաջող իրականացնելով բազմաթիվ աննախադեպ, ոլորտի համար էական գործարքներ և պարբերաբար ստեղծելով նոր հնարավորություններ ներդրողների համար՝ Ամերիաբանկը վաստակել է նորարար ներդրումային բանկի համբավ:

Կորպորատիվ կառավարման խորհրդատվություն

Ամերիաբանկի Կորպորատիվ ֆինանսների բաժինն առաջարկում է ընթացիկ օժանդակություն կորպորատիվ ֆինանսների ոլորտում և լուծումների մշակում ոչ միայն Ամերիաբանկի տնօրինության և տնօրենների խորհրդի, այլ նաև բանկի հաճախորդների համար: Մեր թիմը համախմբել է փորձառու բազմակողմանի մասնագետների, ովքեր կարող են խորհրդատվություն տրամադրել ամենատարբեր բնագավառներում՝ պարտքային և փայատիրական ֆինանսավորում կապիտալի փակ շուկաներից, վարկանիշի ստացում և ֆինանսավորման ռազմավարության մշակում:

Ամերիաբանկը տրամադրում է ներդրումաբանկային և առևտրային ծառայությունների ամենալայն տեսականին Հայաստանում: Այն ընդգրկում է կորպորատիվ ֆինանսները, կապիտալի շուկաները, միաձուլումներն ու ձեռքբերումները, արտարժութային և բրոքերային գործառնությունները, միջնորդություն Դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի ռեեստրավարման և պահառության ծառայությունների ժամանակ:

2015թ. Կորպորատիվ ֆինանսների բաժինը էական ներդրում ունեցավ բանկի հետագա աճն ապահովելու գործում: Ընդլայնվեց բանկի գործընկեր միջազգային ֆինանսական հաստատությունների ցանկը՝ ընդգրկելով այնպիսի հեղինակավոր կազմակերպություն, ինչպիսին ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամն է, որի հետ կնքվեց 20 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման նպատակով: Իսկ տարեվերջին կնքվեց մեկ այլ՝ 25 մլն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկային պայմանագիր FMO-ի և Ավստրիական զարգացման բանկի հետ, որոնց հետ Ամերիաբանկը համագործակցում է արդեն մի քանի տարի:

2015թ. բանկն աշխատում էր ոչ միայն պարտքային ֆինանսավորման ներգրավման ուղղությամբ, այլ նաև հաշվետու տարում կնքվեց կապիտալի և քվազի կապիտալի ներգրավման երկու գործարք, որոնք շրջադարձային նշանակություն ունեցան բանկի համար. 2015թ. Ամերիաբանկն ավարտեց 1 մլրդ ԱՄՆ դոլարը գերազանցող ակտիվներով, կապիտալը կրկնապատկվեց, իսկ բաժնետերերի շարքում հայտնվեց AAA վարկանիշ ունեցող ինստիտուցիոնալ ներդրող: Նշված գործարքներն են դեկտեմբերին կնքված 50 մլն ստորադաս փոխառության պայմանագիրը ՄՖԿ-ի հետ և 40 մլն արժողությամբ բաժնեմասի ձեռքբերման պայմանագիրը ՎԶԵԲ-ի հետ:

Այս գործարքները վկայում են այն մասին, որ միջազգային ներդրողների համար Ամերիաբանկը հուսալի ու թափանցիկ է:

Նախորդ 6 տարիների ընթացքում Ամերիաբանկն ընդհանուր առմամբ ներգրավել է շուրջ 500 մլն ԱՄՆ դոլար տարբեր միջազգային ֆինանսական հաստատություններից և զարգացման կառույցներից, որոնց թվում են Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ), Հոլանդիայի զարգացման բանկը (FMO), Գերմանական ներդրումների և զարգացման ընկերությունը (DEG), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ), Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ), Ավստրիական զարգացման բանկը (OeEB), «Պրոպարկո» ֆրանսիական գործակալությունը և Առևտրի և զարգացման սևծովյան բանկը (BSTDB): Իսկ անցած տարի այս ցանկին միացավ նաև ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամը:

Միջազգային կառույցներից և զարգացման գործակալություններից ներգրավված միջոցներն ուղղվել են փոքր և միջին ձեռնարկությունների, էներգաարդյունավետության/վերականգնվող էներգետիկայի և գյուղատնտեսական նախագծերի ֆինանսավորմանը` հստակ ընդգծելով Ամերիաբանկի դիրքորոշումը վերոնշյալ ոլորտների նկատմամբ: Մենք վստահ ենք, որ միջազգային ֆինանսական միջոցներն ուղղելով դեպի այդ ոլորտներ, էապես նպաստում ենք երկրի կայուն տնտեսական աճին: Մեր թիմի կողմից ներգրավված ներդրողների ցանկը չի սահմանափակվում միայն միջազգային ֆինանսական կառույցներով և զարգացման գործակալություններով, այլ ներառում է միջազգային ներկայություն ունեցող խոշոր բանկեր, որոնք համագործակցում են Ամերիաբանկի հետ նաև գործառնական ոլորտում:

Ինչ վերաբերում է մասնավոր նախագծերին, ապա մեր հաճախորդների թվում են Հայաստանի խոշորագույն ջերմոցային տնտեսություններից երկուսը, որոնց բանկը տրամադրում է բազմակողմանի խորհրդատվություն և աջակցություն գործունեության ընդլայնման համար շուրջ 100 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավելու հարցում: Այս ուղղությամբ միջազգային ֆինանսական կառույցների հետ բանակցություններն ընթանում էին 2015թ. և կշարունակվեն 2016թ.:

Կապիտալի շուկաներ

2015թ.-ը, շնորհիվ նպատակաուղղված աշխատանքի, նշանակալի տարի դարձավ Հայաստանի կապիտալի շուկաների համար: Ամերիաբանկի պրոֆեսիոնալ թիմը շարունակում է աջակցել իր հաճախորդներին՝ պարտքային և փայատիրական կապիտալի շուկաներում գործունեություն ծավալող անձանց, նրանց առաջարկելով ծառայությունների ամբողջական փաթեթ, որը ներառում էր կորպորատիվ պարտատոմսերի թողարկումը, արժեթղթերի առաջնային և երկրորդային տեղաբաշխումը, շուկա ստեղծողի (մարքեթ-մեյքերի) ծառայություններ և խորհրդատվություն:

2015թ. ՎԶԵԲ-ի կողմից բանկն արժանացավ ՀՀ դրամով պարտատոմսերի հերթական թողարկման գլխավոր կազմակերպչի և անդերրայթերի կոչմանը՝ միաժամանակ ապահովելով առավել իրացվելի երկրորդային շուկաներ ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի ՀՀ դրամով պարտատոմսերի համար:

ՄՖԿ-ի և ՎԶԵԲ-ի դրամային պարտատոմսերի թողարկումը AAA վարկանիշ ունեցող ոչ ռեզիդենտ հաստատության կողմից ՀՀ ազգային արժույթով պարտատոմսերի թողարկման աննախադեպ գործարք էր պարտքային կապիտալի շուկայում, ընդ որում, ՎԶԵԲ-ի պարտատոմսերը լողացող տոկոսադրույքով առաջին արժեթղթերն էին, որոնք ներկայացվել էին ՀՀ բանկերին և այլ ֆինանսական հաստատություններին որպես իրացվելիության կառավարման նոր գործիք:

infographic

Նշված բոլոր թողարկումները ցուցակվել էին «Նասդաք ՕԷմԷքս Արմենիա» ֆոնդային բորսայում, և Ամերիաբանկի ջանքերի շնորհիվ բոլոր պարտատոմսերն ակտիվորեն շրջանառվում են երկրորդային շուկայում: Ամերիաբանկը «Նասդաք ՕԷմԷքս Արմենիա» բորսայի ամենաակտիվ մարքեթ-մեյքերն էր՝ ապահովելով ՄՖԿ-ի 3 տարի մարման ժամկետով դրամային պարտատոմսերի, ՎԶԵԲ-ի 1 տարի մարման ժամկետով դրամային պարտատոմսերի, «Շեն Հոլդինգ» ընկերության 5 տարի մարման ժամկետով դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ու շրջանառությունը շուկայում:

Ամերիաբանկը հանդես է գալիս որպես Հայաստանում և տարածաշրջանում կապիտալի շուկաների զարգացման ակտիվ ջատագով: Համոզված լինելով, որ Հայաստանի փայատիրական և պարտքային կապիտալի շուկաներն ունեն լավ հեռանկար՝ մենք շարունակաբար աշխատում ենք դրանք զարգացնելու ուղղությամբ: 2016թ. մեր նախագծերի ցանկն իսկապես շատ խոստումնալից է և ոչ պակաս հավակնոտ, քան 2015թ.: 2016թ. 2-րդ եռամսյակում մենք նախատեսում ենք հանդես գալ մի շարք նոր ծրագրերով՝ նոր անուններով և Ա ու ավելի բարձր վարկանիշով:

Միաձուլումներ և ձեռքբերումներ

2015թ. Ամերիաբանկը մասնակցում էր Հայաստանում միաձուլման և ձեռքբերման բոլոր խոշոր գործարքներին, խորհրդատվություն տրամադրում տարբեր ոլորտներում, այդ թվում էներգետիկայի, հանքարդյունաբերության, ֆինանսների, հեռահաղորդակցման, մանրածախ առևտրի և սննդի արտադրության ոլորտներում նշանակալի գործարքների կնքման ընթացքում:

Ամերիաբանկի Միաձուլումների և ձեռքբերումների բաժինը տրամադրում է ընկերությունների վաճառքի, ձեռքբերման և միաձուլման ծառայությունների ամբողջական փաթեթ: Մենք մասնագիտանում ենք այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են բիզնեսի գնահատումը, ֆինանսական և կոմերցիոն ստուգումները (due diligence), ընթացիկ խորհրդատվությունը, գործարքից դուրս գալու ծրագրի մշակումը և ներդրումային գնահատումը: «Ամերիա» ընկերությունների խմբի գործունեության ավելի քան 15 տարիների ընթացքում մենք ձեռք ենք բերել շուկայի լավ իմացություն և լայն կապեր ՀՀ և արտերկրի գործարար շրջանակների հետ, ինչը մեծապես նպաստում է մեր հաջողությանը:

Ամերիաբանկի Միաձուլումների և ձեռքբերումների բաժինը մշտապես հետևում է շուկայի զարգացումներին՝ միաձուլումների և ձեռքբերումների նոր հնարավորություններ բացահայտելու նպատակով: Այս առումով հարկ է նշել, որ Հայաստանում միաձուլումները և ձեռքբերումները գնալով ավելի մեծ թափ են առնում, որին ի թիվս այլոց, նպաստում են նաև նորմատիվային պահանջների խստացումը և ուժեղացող մրցակցությունը:

Առևտրային գործառնություններ

2015թ. բանկն առաջատարն էր ՀՀ շուկայում արտարժութային գործառնությունների ոլորտում: Հաշվի առնելով տնտեսական անկայունությունը՝ առևտրային գործառնություններից (արտարժույթ, ոսկի և արժեթղթեր) ստացված զուտ շահույթը նվազեց 16.2%-ով, որն, այնուամենայնիվ, ավելի քիչ է, քան ընդհանուր նվազումը բանկային համակարգում՝ 21.9%: 2014թ. վերջում սպրեդն ավելի մեծ էր, որի հետևանքով նվազեց թե՛ բանկային համակարգի, թե՛ Ամերիաբանկի շահույթը: Բանկի ընդհանուր գործառնական եկամտում առևտրային գործառնությունների մասնաբաժինը կազմեց 12.6%, մինչդեռ բանկային համակարգում՝ 10.7%: Ամերիաբանկի հաճախորդների արտարժութային ակտիվությունը ևս ավելի բարձր էր, քան ընդհանուր բանկային համակարգինը: Բանկն ակտիվորեն մասնակցում էր հայկական եվրապարտատոմսերի, ինչպես նաև ոչ պետական արժեթղթերի շուկայի գործունեությանը: 2015թ. տարեվերջին Ամերիաբանկն 1-նն էր ՀՀ բանկային համակարգում ոչ պետական պարտատոմսերում իրականացված ներդրումների ծավալով:

Ամերիաբանկը բրոքերային ծառայություններ է մատուցում 23 երկրի 100-ից ավել մասնագիտացված առևտրային հարթակներում, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել տարատեսակ արժեթղթերի առքուվաճառք ֆոնդային բորսաներում և մշտապես տեղեկացված լինել ֆինանսական շուկայի զարգացումների մասին: Բացելով բրոքերային հաշիվ Ամերիաբանկում` հաճախորդը ստանում է հասանելիություն աշխարհի ամենամեծ ֆոնդային բորսաներին, ինչպիսիք են` NYSE-ն, NASDAQ-ը, AMEX-ն, ARCA-ն, CBOT-ը և այլն (ԱՄՆ), Տորոնտոյի և Մոնրեալի ֆոնդային բորսաները (Կանադա), LSE-ն, LSE International Order Book-ը (Միացյալ Թագավորություն), Ֆրանկֆուրտի բորսան FWB (Գերմանիա), Վիեննայի բորսան VSE (Ավստրիա), Բրյուսելի Euronext բորսան, Nasdaq OMX Europe NUROEN-ը (Բելգիա), Euronext France-ը (Ֆրանսիա), Շվեյցարիայի ֆոնդային բորսան SWX (Շվեյցարիա), Borsa Italiana-ն (Իտալիա), Մադրիդի բորսան (Իսպանիա), Տոկյոյի բորսան TSE.JPN (Ճապոնիա), Հոնկոնգի բորսան SEHK (Չինաստան), Ավստրալիայի բորսան ASX և այլն: Հաճախորդը հնարավորություն է ստանում իրականացնել տարբեր արժույթներով գնանշվող արժեթղթերի առքուվաճառքի գործարքներ և ստանալ միջազգային շուկաների արժեթղթերի գնանշումներն իրական ժամանակում:

Բանկի գործունեության արդյունքում Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի` 2015թ. «Լավագույն պայմաններով արտարժույթ փոխանակող բանկ» Global Finance ամսագրի կողմից: 2016թ. սկզբին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան հայտարարեց «Բորսայի լավագույն անդամ 2015» մրցանակաբաշխության հաղթողներին: Ամերիաբանկը հաղթեց «Դեպոզիտար համակարգի լավագույն հաշվի օպերատոր-պահառու օտարերկրյա արժեթղթերի շուկայում» անվանակարգում:

ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՒՂԵՐՁ

Հարգելի' գործընկերներ,
Մենք վստահ ենք, որ կորպորատիվ կառավարման ներդնումը բանկի արդյունավետության կարևորագույն նախապայմաններից է: Կառավարման բոլոր օղակների միջև գործառույթների և պատասխանատվության հստակ բաշխումը, տեղեկատվական թափանցիկությունը, ներքին հսկողությունը, ռիսկերի կառավարումը.սրանք բոլորը բանկի կորպորատիվ կառավարման բաղադրիչներն են: Ցանկացած ընկերություն, որի ռազմավարական նպատակների շարքում է կապիտալի միջազգային շուկաներ դուրս գալը, պետք է համապատասխանի կորպորատիվ կառավարման բոլոր միջազգային չափանիշներին:

Անկախ նրանից՝ ներկա է կազմակերպությունը կապիտալի միջազգային շուկաներում, թե ոչ, կառավարման միջազգային չափանիշների ներդնումը և գործնական կիրառումը միայն օգուտ են բերում, քանի որ ուղղակիորեն ազդում են գործունեության արդյունավետության վրա և թույլ են տալիս հեշտությամբ դիմակայել արտաքին դժվարությունները:

Կորպորատիվ կառավարման համակարգն ամրապնդում է կազմակերպության գործունեությունը, բարձրացնում կատարողականը, օգնում ավելի արագ և արդյունավետորեն կազմակերպել որոշումների կայացման գործընթացը: Երկրորդ կարևոր գործոնը ռիսկերի կառավարումն է: Կառավարման գործուն համակարգ ունեցող կազմակերպությունները կարողանում են պատշաճ կերպով բացահայտել և գնահատել իրենց գործունեության հետ առնչվող բոլոր ռիսկերը, ինչպես նաև ժամանակին ձեռնարկել կանխարգելիչ և մեղմացնող միջոցներ և բարձրացնել գործունեության արդյունավետությունը:

Ավելին, բանկի գործունեության թափանցիկությունը, հաշվետվությունների արժանահավատությունը, հաճախորդների և բաժնետերերի համար տեղեկատվության հասանելիությունը, ինչպես նաև բազմաթիվ այլ չափանիշներ շատ էական են և բարձրացնում են բանկի հուսալիությունը, այն դարձնում առավել վստահելի, իսկ վստահությունը կորպորատիվ կառավարման համակարգի բարձրագույն նպատակն է:

Ամերիաբանկի առաջնայնություններից է կորպորատիվ կառավարման լավագույն փորձի ներդնումը: Շուրջ 1 տարի առաջ մենք գործարկեցինք արժեթղթերի առաջնային տեղաբաշխման ներքին ծրագիրը, որից բխում են բանկի ներսում տեղի ունեցող բոլոր գործընթացներն ու փոփոխությունները, այդ թվում՝ կորպորատիվ կառավարման համակարգի փոփոխությունները: Արդեն մի քանի տարի է, ինչ մենք ունենք խորհրդի անկախ անդամ, վերջերս խորհրդին կից ստեղծել ենք կոմիտեներ, իսկ այժմ մեր նպատակն է այդ կոմիտեների գործունեությունը, կորպորատիվ կառավարման համակարգի ընդհանուր բարելավման շրջանակներում, համապատասխանեցնել կապիտալի միջազգային շուկաների լավագույն փորձին: ՎԶԵԲ-ի բաժնեմասնակցությունը և ՄՖԿ-ի հետ գործընկերության նոր մակարդակն այս առումով մեզ տալիս են եզակի առավելություններ:

Հաճախորդների, գործընկերների և բաժնետերերի թվի շարունակական աճը վկայում է բանկի նկատմամբ օրեցօր աճող վստահության մասին, քանի որ բոլոր շահառուները պետք է վստահ լինեն, որ բանկն ի զորու է պատշաճ կերպով կառավարել և մեղմացնել բոլոր ռիսկերը, իսկ ղեկավարությունը՝ խստորեն վերահսկել ռիսկերի կառավարումը և բոլոր մյուս ներքին գործընթացները:

Մեր տնօրենների խորհուրդը մշտապես հետամուտ է կորպորատիվ կառավարման ամենաբարձր չափանիշների ներդրմանը: 2016թ. խորհրդի կազմում կընդգրկվի ՎԶԵԲ-ի ներկայացուցիչը՝ որպես անկախ անդամ: Տնօրենների խորհրդում ՎԶԵԲ-ի պես կառույց ներկայացնող մասնակցի ներկայությունը թույլ կտա ավելի ընդլայնել բանկի կարողությունները՝ ապահովելով մեծ ձեռքբերումներ և հաջողություն ինչպե'ս 2016թ., այնպես էլ հետագայում:

signature

Կորպորատիվ կառավարման հաշվետվություն

Տնօրենների խորհրդի դերը

Ամերիաբանկի տնօրենների խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Տնօրենների խորհրդի կանոնակարգով, որով սահմանվում են խորհրդի գործունեության հիմնական նպատակներն ու խնդիրները, իրավասությունների շրջանակը, նիստերի նախապատրաստման, հրավիրման և վարման կարգը:

Տնօրենների խորհուրդն իրականացնում է բանկի գործունեության ընդհանուր ղեկավարումը: Խորհրդի իրավասությանն են պատկանում հետևյալ հարցերը (ցանկը սպառիչ չէ և կարող է ներառել նաև այլ հարցեր).

Բանկի գործունեության ընդհանուր ղեկավարումը,

Ռազմավարության, գործունեության հիմնական ուղղություների, հեռանկարային զարգացման ծրագրերի սահմանումը,

Բաժնետերերի համար առավելագույն ներդրումային արժեքի ապահովումը (բաժնետոմսերի շուկայական գնի ավելացման միջոցով), այլ շահագրգիռ անձանց շահերի պաշտպանությունը:

Տնօրենների խորհուրդն իր գործունեության ընթացքում ներկայացնում և պաշտպանում է բաժնետերերի ու շահագրգիռ անձանց շահերը և ուղղորդվում այդ շահերով (շահագրգիռ անձինք են բոլոր այն անձինք, ովքեր իրենց մարդկային, մասնագիտական, դրամական և ցանկացած այլ տեսակի ներդրումով աջակցում են բանկի երկարաժամկետ առաջընթացին և մրցունակությանը, այդ թվում են բանկի ներդրողները, վարկատուները, աշխատակիցները և այլն):

Տնօրենների խորհրդի անդամների պաշտոնավարման ժամկետը սահմանվում է ընդհանուր ժողովի կողմից և չի կարող 5 տարուց պակաս և 10 տարուց ավել լինել, ընդ որում, տնօրենների խորհրդի նախագահն ու անդամներն ունեն վերընտրվելու իրավունք: Բանկի այն բաժնետերերը, որոնք տիրապետում են բանկի տեղաբաշխված բաժնետոմսերի 10 և ավել տոկոսին, իրավունք ունեն առանց ընտրության ընդգրկվել տնօրենների խորհրդի կազմում կամ խորհրդի կազմում նշանակել իրենց ներկայացուցչին: Փոքր մասնակցություն ունեցող բաժնետերերը կարող են միավորվել և խորհրդի կազմում ընդգրկել իրենց միասնական ներկայացուցչին:

Իր հիմնական խնդիրը համարելով երկարաժամկետ աճը՝ բանկը, այնուամենայնիվ, չի անտեսում նաև կարճաժամկետ նպատակները՝ ձգտելով պահպանել երկուսի միջև առողջ հավասարակշռություն: Այդ իսկ պատճառով երկարաժամկետ և միջնաժամկետ, իսկ որոշ դեպքերում նաև կարճաժամկետ նշանակություն ունեցող առավել կարևոր որոշումներն ընդունվում են տնօրենների խորհրդի կողմից: Դրանց թվին են դասվում, մասնավորապես, բանկի ռազմավարության սահմանումը, ռիսկի ախորժակի հաստատումը, կապիտալի և իրացվելիության հարցերը, շահերի բախման հավանականություն առաջացնող խոշոր գործարքների հաստատումը և այլն:

Մենք գիտակցում ենք նաև մեր ավելի լայն պարտականությունները և մեր որոշումների անդրադարձը բոլոր շահագրգիռ կողմերի՝ մեր աշխատակիցների, բաժնետերերի, հաճախորդների, ինչպես նաև մեր շրջապատի և հանրության վրա ընդհանրապես: Ռազմավարությունը սահմանելու և իրականացնելու ընթացքում մենք հետևում ենք, որ ղեկավարության կողմից արդյունավետ կերպով կիրառվեն ներքին վերահսկողության և ռիսկերի կառավարման համակարգերը, ինչը թույլ կտա ապահովել բանկի վերահսկելի և կայուն աճը:

Տնօրենների խորհուրդը հավաստիացնում է, որ էական ռիսկերի, այդ թվում սոցիալական, բնապահպանական և էթիկական ռիսկերի բացահայտումը, նրանց գնահատումը և կառավարումը բանկում կրում է շարունակական բնույթ: Մինչդեռ խորհուրդը պատասխանատու է ռիսկերի և հսկողության ներքին քաղաքականությունների և ընթացակարգերի մշակման համար, բանկի գործադիր ղեկավարությունը ստանձնել է դրանց ներդրման և իրականացման պարտականությունը: Ներքին հսկողության համակարգերի և դրանց արդյունավետության գնահատման պատասխանատվությունը նույնպես կրում է խորհուրդը:

Տնօրենների խորհուրդն իր գործունեության ընթացքում պետք է միջոցներ ձեռնարկի՝ ապահովելու ներքին հսկողության գործուն և արդյունավետ համակարգի ներդնումը: Սրա կազմում պետք է առանձնանան ներքին աուդիտի, համապատասխանության գործառույթն ապահովող (ներքին հսկողության), ռիսկերի կառավարման ստորաբաժանումները, որոնցից յուրաքանչյուրը պետք է լինի անկախ, գործի արդյունավետորեն, ունենա համապատասխան իրավասություններ, կանոնակարգ, ռեսուրսներ և հասանելիություն տնօրենների խորհրդին: Տնօրենների խորհուրդը պարբերաբար վերանայում է բանկի ռիսկերի կառավարման, համապատասխանության ապահովման և ներքին աուդիտի ստորաբաժանումների կառուցվածքը և գործառույթները՝ բանկի աճին, արտաքին միջավայրի և ռիսկերի փոփոխությանն ու զարգացումներին զուգընթաց:

Խորհուրդը պարտավոր է մշտապես ապահովել իր աշխատանքի պատշաճ կատարման համար անհրաժեշտ գիտելիքի և հմտությունների համապատասխան պաշար: Խորհրդի արդյունավետության համար առանցքային դեր է խաղում դրա անդամների հասանելիությունը տեղեկատվությանն ու ղեկավարման գործընթացին: Խորհրդի բոլոր անդամները մշտապես ձգտում են ապահովել իրենց մասնակցությունը բոլոր նիստերին, եթե ոչ առկա, ապա հեռակա կարգով: Բացի այդ, յուրաքանչյուր նիստից հետո խորհրդի նախագահը հանդիպում է ունենում բանկի գլխավոր տնօրենի հետ՝ նիստի արդյունավետությունը և հետագա քայլերը քննարկելու նպատակով: Խորհրդի անդամները և նախագահը հաճախակի այցելում են բանկ և շփվում բոլոր օղակների աշխատակիցների հետ, ինչը նրանց հնարավորություն է տալիս տեղում ծանոթանալ ընկերության մշակույթին և արժեքներին, ինչպես նաև գործնական համատեքստ ստեղծում նիստերի ընթացքում քննարկվող հարցերի համար: Իր պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումների ընթացքում խորհուրդն ուսումնասիրում է ղեկավարության բոլոր գործողությունները՝ դրանց հիմնավորվածությունը գնահատելու նպատակով: Այդ հարցում առավել կարևոր դեր է խաղում խորհրդի նախագահը, ով հնարավորություն է տալիս խորհրդի բոլոր անդամներին արտահայտել իրենց դիրքորոշումը: Այս մոտեցումը դրականորեն է անդրադառնում խորհրդի ընդհանուր արդյունավետության վրա:

Խորհրդի անդամների թիվը, կազմը, որակավորումը, փոխարինելիությունը և գնահատումը

2015թ. և սույն հաշվետվությունը կազմելու պահին բանկի տնօրենների խորհուրդը բաղկացած էր հինգ անդամներից՝ խորհրդի նախագահ, մեկ անկախ տնօրեն և երեք սովորական տնօորեն: Խորհրդի կազմը, անդամների թիվը և որակավորումը, ինչպես նաև փոխլրացնող փորձառությունն ու հմտություններն անմիջականորեն անդրադառնում են խորհրդի արդյունավետության վրա: Մենք պարբերաբար վերանայում ենք խորհրդի կառուցվածքը՝ հասկանալու համար, թե ինչպիսի մարդիկ են մեզ անհրաժեշտ ներկայում և կարող են անհրաժեշտ լինել ապագայում՝ հաջողության հասնելու համար: Մեր նպատակն է ապահովել կառուցողական քննարկումների և արդյունավետ որոշումների ընդունման համար խորհրդի ճիշտ կազմը:

Հետամուտ լինելով կորպորատիվ կառավարման լավագույն փորձին՝ Ամերիաբանկը դեռևս 2012թ. հրավիրել էր պրն Ռոբերտ ֆոն Ռեկովսկուն որպես տնօրենների խորհրդի անկախ անդամ: Որքան շատ անկախ անդամներ կան տնօրենների խորհրդի կազմում, այնքան ավելի պրոֆեսիոնալ, որակյալ և արդյունավետ են խորհրդի կայացրած որոշումները, ուստի 2016թ., որպես ՎԶԵԲ-ի կողմից Ամերիաբանկի կապիտալում 40 մլն ԱՄՆ դոլարի բաժնեմասնակցություն ձեռք բերելու տրամաբանական շարունակություն, բանկի տնօրենների խորհրդի կազմում կընդգրկվի նաև ՎԶԵԲ-ի ներկայացուցիչը՝ որպես նոր անկախ անդամ:

Գիտակցելով Խորհրդի կազմում բազմազան հմտություններ և գիտելիք ունենալու բոլոր առավելությունները՝ մենք մեր տնօրենների խորհրդում ընդգրկել ենք բանկը հավուր պատշաճի ղեկավարելու համար անհրաժեշտ ամենատարբեր ունակությունները և փորձառությունն ունեցող մարդկանց: Խորհրդի նոր անդամներ ներգրավելիս մենք հաշվի ենք առնում աշխարհագրական բազմազանությունը, բանկային գործի, ակտիվների կառավարման, խորհրդատվության, ֆինանսների և միջազգային բիզնեսի ոլորտներում հարուստ մասնագիտական փորձը: Մենք վստահ ենք, որ արդյունավետ պլանավորման և փոխարինելիության ապահովման միջոցով հնարավոր է նվազեցնել բարձր որակավորում և հարուստ փորձ ունեցող առանձին մասնագետների՝ ընկերությունից հեռանալու կամ բացակայության հետ կապված ռիսկերը: Այդ պատճառով 2013թ. Անդրեյ Մկրտչյանը փոխարինեց Ռուբեն Վարդանյանին Ամերիաբանկի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում: Ռ. Վարդանյանը մնում է թիմի կազմում որպես խորհրդի անդամ՝ շարունակելով ներդնել իր հարուստ փորձն ու գիտելիքը, ինչպես նաև առաջնորդական հմտությունները բանկի զարգացման գործում:

Մեր ռազմավարության արդյունավետ և հաջող իրականացման նպատակով մենք ձգտում ենք խորհրդի և տնօրինության կազմում ներգրավել բացառապես հմուտ և փորձառու մասնագետների: Գիտակցելով, որ նոր մարդիկ կարող են նոր շունչ հաղորդել առօրյա գործընթացներին և հանդես գալ նոր գաղափարներով՝ մենք բարձր ենք գնահատում նաև Խմբում բազմամյա փորձ ունեցող անդամներին, ովքեր հիմնավոր գիտելիք և պատկերացում ունեն Խմբի ամեն մի գործընթացի մասին: Մեր համոզմամբ՝ տնօրենների խորհրդի անդամների փոխարինման օպտիմալ ժամկետն առնվազն հինգ տարին մեկ է:

Խորհրդի արդյունավետ աշխատանքը բանկի հաջողության հիմնական գրավականներից է: Բանկում գործում է տնօրենների շարունակական վերապատրաստման ծրագիր՝ յուրաքանչյուրի կարիքներին համապատասխան: Մեր նպատակն է ապահովել տնօրենների վերապատրաստումը և զարգացումը՝ շարունակաբար հարստացնելով նրանց փորձը և ոլորտի խորը իմացությունը:

Տնօրենների խորհրդին կից կոմիտեներ

Տնօրենների խորհրդի գործունեությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու և ավելի արդյունավետ դարձնելու նպատակով խորհրդին կից ստեղծվել են կոմիտեներ, մասնավորապես`

Աուդիտի կոմիտե,

Վարձատրության կոմիտե,

Կորպորատիվ կառավարման և ղեկավար անձնակազմի նշանակման կոմիտե:

Կոմիտեների ստեղծումը, անդամների նշանակումը և կանոնակարգերի հաստատումն իրականացվում են տնօրենների խորհրդի կողմից:

Որևէ կոմիտեի կամ հանձնաժողովի իրավասությունները չեն կարող սահմանափակել տնօրենների խորհրդի իրավասությունների շրջանակը կամ այլ կերպ ազդել դրա վրա: Կոմիտեների անդամ կարող են լինել միայն տնօրենների խորհրդի անդամները: Յուրաքանչյուր կոմիտեի կազմում պետք է լինի տնօրենների խորհրդի առնվազն երկու անկախ անդամ:

Կոմիտեների/հանձնաժողովների նիստերին և աշխատանքին կարող են մասնակցել նաև բանկի տնօրինության անդամները, բանկի այլ աշխատակիցներ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այլ անձինք (փորձագետներ, խորհրդատուներ և այլն)՝ առանց ձայնի իրավունքի:

Նշված 3 կոմիտեների կանոնակարգերը հաստատվել են 2015թ. նոյեմբերին, իսկ փաստացի գործունեությունը կմեկնարկի 2016թ. կեսերից:

Շահերի բախման բացառում

Մեր ներքին կանոնակարգերի համաձայն բանկի տնօրենների խորհրդի անդամները պարտավոր են խուսափել այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են առաջացնել շահերի բախում բանկի հետ: Մենք ընդունում ենք, սակայն, որ տարատեսակ գործունեությունից ստացված փորձն ու գիտելիքը կարող են անփոխարինելի ներդրում դառնալ տնօրենների խորհրդի աշխատանքում: Նախքան այլ ընկերություններում պաշտոն զբաղեցնելը խորհրդի յուրաքանչյուր անդամ պարտավոր է ձեռք բերել մյուս անդամների համաձայնությունը և ապահովել երկու աշխատանքների արդյունավետ համատեղումը և ժամանակի ճիշտ բաշխումը, որպեսզի նոր աշխատանքը բացասաբար չանդրադառնա բանկի նկատմամբ իր պարտականությունների վրա:

Ներդրողների հետ փոխհարաբերություններ

Ամերիաբանկի ներդրողների հետ փոխհարաբերությունների բաժնի հիմնական նպատակը թափանցիկ և հետևողական տեղեկատվության և ինտերակտիվ հաղորդակցման ապահովումն է: Մենք ձգտում ենք բաց երկխոսության մեջ մտնել ֆինանսական կառույցների, ԶԼՄ-ների և բոլոր շահագրգիռ անձանց հետ՝ բանկի մասին ճիշտ պատկերացում ձևավորելու և ռիսկերն ու հնարավորությունները բացատրելու նպատակով: Ամերիաբանկը մշտապես իրազեկում է բոլոր շահագրգիռ անձանց իր հիմնական արժեքների, ռազմավարության, ռիսկերի և հնարավորությունների, արդյունավետության ցուցանիշների և դրանց փոփոխությունների մասին:

Տնօրենների խորհուրդ

Անդրեյ Մկրտչյանը «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահն է 2013թ. նոյեմբերի 27-ից, իսկ մինչ այդ՝ Ամերիաբանկի հիմնադրման պահից (2007) մինչև 2013թ., հանդիսացել է «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամ: Միաժամանակ նաև «Ամերիա» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրենն է:

Անդրեյ Մկրտչյանի մասնագիտական ուղին ընդգրկում է ավելի քան 18 տարվա փորձ խորհրդատվական և ներդրումային գործունեության ոլորտում: Նա աշխատել է այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերությունը (GTZ), ԵՄ ԱՊՀ պետություններին տեխնիկական աջակցման ծրագիրը (EU TACIS) և «Բի Էս Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնը, որի նպատակն է ներդրումային խորհրդատվություն տրամադրելն ու Հայաստանում բիզնեսի զարգացմանն աջակցելը: Անդրեյ Մկրտչյանը «Ամերիա» ներդրումային և խորհրդատվական ընկերության հիմնադիրն է և ղեկավար գործընկերը: Նա նաև հանդիսանում է Դիլիջանի միջազգային դպրոցի և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ և Գործարարության աջակցման խորհրդի անդամ:

Անդրեյ Մկրտչյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի մագիստրատուրան: Ուսանել է ԱՄՆ Քոլորադոյի համալսարանի տնտեսագիտական բաժնում և Լոնդոնի Քինգսթոուն համալսարանի բիզնեսի դպրոցում:

Ռոբերտ ֆոն Ռեկովսկին զբաղեցնում է Ամերիաբանկի տնօրենների խորհրդի անկախ անդամի պաշտոնը 2012թ. հոկտեմբերից: Համաշխարհային ակտիվների կառավարման ոլորտում ավելի քան 23 տարվա փորձառությամբ՝ Ռոբերտ ֆոն Ռեկովսկին հանդիսանում է Fidelity Investments ընկերության զարգացող շուկաների ռազմավարության բաժնի փոխնախագահը և ընկերության պորտֆելի կառավարիչ: Ներկայում կառավարում է ամերիկյան և կանադական ներդրողների մի շարք ինստիտուցիոնալ և մանրածախ ներդրումային հիմնադրամներ զարգացող շուկաներում:

1989թ.-ին ընդունվել է Fidelity Investments ընկերության ֆիքսված եկամտաբերությամբ ներդրումների բաժին: 1995թ.-ին զարգացող շուկաների պարտքային գործարքների կառավարման խմբի հետ տեղափոխվել է բարձր եկամտաբերությամբ ներդրումների բաժին` որպես սուվերեն պարտքային գործառնությունների վերլուծաբան: 1996թ.-ից մինչև 1998թ. կեսերը ընկերության լոնդոնյան գրասենյակում զբաղվել է եվրոպական շուկայում կապիտալ ներդրումների ուսումնասիրությամբ` միաժամանակ շարունակելով զբաղեցնել վերլուծաբանի իր պաշտոնը: 2002-2004թթ. եղել է զարգացող շուկաների հիմնադրամների` Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանների գծով պատասխանատու առաջատար կառավարիչ: 2004թ.-ին տեղափոխվել է Բոստոն, ուր ստանձնել է ընկերության զարգացող շուկաներում կապիտալի ներդրումային հիմնադրամների կառավարումը (ներկայումս 4.0 միլիարդ ԱՄՆ դոլար արժեքով): Հանդիսանում է Russian Investment Review ամսագրի` 2003թ. հունիս-հոկտեմբերի համարում տպագրված Investor's Outlook նյութի հեղինակը: 2001-2003թթ. հաղթող է ճանաչվել Institutional Investor ամսագրի Best of the Buyside (լավագույն գնորդ) անվանակարգում:

Ավարտել է Նյու-Յորքի նահանգային համալսարանն Օլբանիում (SUNY)` ստանալով բակալավրի կոչում, ինչպես նաև Հյուսիսարևելյան համալսարանը` ստանալով մագիստրոսի կոչում: Ունի նաև ֆինանսների մագիստրոսի կոչում, որը ստացել է Բրենդայզ համալսարանում:

Ռուբեն Վարդանյանը Ամերիաբանկի տնօրենների խորհրդի անդամ է հանդիսանում 2013թ. նոյեմբերից, իսկ մինչ այդ՝ բանկի հիմնադրման պահից (2007թ.) մինչև 2013թ., զբաղեցրել է «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը:

Ռուբեն Վարդանյանը հայտնի ներդրումային բանկիր է՝ ավելի քան 21 տարվա փորձով, նշանակալից դեր է խաղացել Ռուսաստանի կապիտալի շուկաների կայացման գործում: Հանդիսանում է Մոսկվայի «ՍԿՈԼԿՈՎՈ» կառավարման դպրոցի հիմնադիր-գործընկեր, համակարգող խորհրդի անդամ, «ՍԿՈԼԿՈՎՈ»-յի Զարգացող շուկաների հետազոտության ինստիտուտի դիտորդ խորհրդի նախագահ, բիզնես-դպրոցի հարստության կառավարման և բարեգործության կենտրոնի փորձագիտական խորհրդի նախագահ, մի շարք կազմակերպությունների խորհրդի անդամ Ռուսաստանում և այլուր, այդ թվում՝ Համաշխարհային բանկի խմբի մասնավոր հատվածը սպասարկող անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի Տնտեսական խորհրդատվական խորհրդի անդամ:

2014թ. ապրիլից զբաղեցնում է «Վարդանյան, Բրոյթման և Գործընկերներ» ՍՊԸ նախագահի, իսկ 2012թ. փետրվարից՝ Ռուսաստանի Սբերբանկի նախագահի-վարչության նախագահի խորհրդականի պաշտոնը: Նախքան 2012թ. հունվարին Սբերբանկի հետ միավորումը զբաղեցնում էր Ռուսաստանի և ԱՊՀ առաջին և խոշորագույն ներդրումային բանկերից մեկի՝ «Տրոյկա Դիալոգ»-ի տնօրենների խորհրդի նախագահ` գլխավոր տնօրենի պաշտոնը: Ռուբեն Վարդանյանը նաև անդամակցում է մի շարք ընկերությունների, այդ թվում՝ «ԿԱՄԱԶ»-ի, «ՍԻԲՈՒՐ Հոլդինգ»-ի, «ՋոուլԱնլիմիթեդ»-ի, Ռոսգոսստրախի և «Միացյալ հացահատիկային ընկերություն» ԲԲԸ խորհուրդներին: Նա նաև ՌԴ Պետական դումայի նախագահին առընթեր ներդրումային խորհրդի և Արդյունաբերության և առևտրի նախարարությանն առընթեր՝ նոր ոլորտներում ներդրումների ռազմավարական խորհրդի, ինչպես նաև «Ավիքա Փրոփերթի Ինվեսթորս Ինթերնեշնլ» ընկերության ներդրումային կոմիտեի անդամ է:

Պրն Վարդանյանը հանդիսանում է International Christian University (Ճապոնիա) համալսարանի և Fundacao Dom Cabral (FDC) բիզնես-դպրոցի (Բրազիլիա) միջազգային խորհրդատվական խորհուրդների, Ռուսաստանի ազգային տնտեսության և պետական ծառայության նախագահական ակադեմիայի և Մոսկվայի Լոմոնոսովի անվ. պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի հոգաբարձուների խորհուրդների, 2006թ-ից՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի «Երիտասարդ համաշխարհային առաջնորդներ» (Young Global Leaders) և «Նոր ի հայտ եկող բազմազգ ընկերությունների համաշխարհային օրակարգի ձևավորման խորհուրդ» (Global Agenda Council on Emerging Multinationals) միությունների անդամ, իսկ 2007թ-ից՝ RVVZ Foundation ընտանեկան հիմնադրամի համահիմնադիր: 2012թ.-ից գլխավորում է BRICS Business Magazine միջազգային գործարար ամսագրի խմբագրական խորհուրդը, 2013թ-ից՝ IDeA (Հայաստանի զարգացման նախաձեռնություններ) բարեգործական հիմնադրամի և Scհolae Mundi կրթական նախաձեռնությունների հիմնադրամի համահիմնադիր: Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ է:

2011թ. ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Սբ. Մեսրոպ Մաշտոց շքանշանով:

Ռուբեն Վարդանյանն ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, որից հետո ուսանել է մի շարք միջազգային ինստիտուտներում և դպրոցներում, այդ թվում` INSEAD-ում, Հարվարդի բիզնես-դպրոցում, Յեյլի համալսարանում և Սթենֆորդում:

Նուբար Աֆեյանն Ամերիաբանկի խորհրդի անդամ է 2010թ. հուլիսի 6-ից: Flagship Ventures ընկերության ղեկավար գործընկեր է: Ընկերությունը ներդրումներ է կատարում առողջապահության և կայուն զարգացման ոլորտներում մասնագիտացող սկսնակ կազմակերպություններում. ներկա պահին պորտֆելի արժեքը գերազանցում է 600 մլն ԱՄՆ դոլարը: Ն. Աֆեյանը Flagship VentureLabs տեխնոլոգիական ընկերության նախագահը և գործադիր տնօրենն է. ընկերության կողմից վերջին տասնամյակում հիմնադրվել և գործարկվել է 22 նոր վենչուրային նախաձեռնություն: Ն. Աֆեյանը նաև Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Սլոունի մենեջմենթի դպրոցում Ձեռներեցություն առարկայի ավագ դասախոս է:

Վերջին երկու տասնամյակի ընթացքում Ն. Աֆեյանը մասնակցել է կենսաբանական և տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող 20-ից ավել հաջողակ ընկերությունների հիմնադրմանը և կայացմանը: Նա կենսաբանական սարքավորումների և գործիքների արտադրության ոլորտի առաջատար PerSeptive Biosystems-ի հիմնադիրն էր և գործադիր տնօրենը: Applera Corporation-ի կողմից PerSeptive-ի ձեռքբերումից հետո Ն. Աֆեյանը դարձավ Applera-ի գլխավոր փոխնախագահը և տնօրենը, նախաձեռնեց և վերահսկեց Celera Genomics ընկերութան ստեղծումը: Ներկայում Նուբար Աֆեյանը հանդիսանում է մի շարք պետական և մասնավոր ընկերությունների խորհրդի անդամ: Նա Flagship-ի ներդրումային պորտֆելի կազմի մեջ մտնող Affinnova, BG Medicine, Bind Biosciences, Ensemble Discovery, Helicos BioSciences, Joule Biotechnologies, LS9 և Eleven Biotherapeutics ընկերությունների տնօրենն է:

Ն. Աֆեյանը մի շարք կազմակերպությունների, այդ թվում` Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տեխնոլոգիական նորամուծությունների Deshpande կենտրոնի, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Ուայթհեդ ինստիտուտի և Մոսկվայի «ՍԿՈԼԿՈՎՈ» կառավարման դպրոցի խորհրդատվական խորհուրդների անդամ է, ինչպես նաև Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և Դիլիջանի միջազգային դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ: Պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով հայրենասիրական գործունեության համար: Ստացել է կենսատեխնիկական գիտությունների դոկտորի կոչում (Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ), բազմաթիվ գիտական հոդվածների և արտոնագրերի հեղինակ է:

Տնօրենների խորհրդի անդամ է 2007թ-ից: Գոռ Նահապետյանը ձեռներեց է, բարերար՝ սոցիալական ձեռներեցության, մարդկային կապիտալի, ստեղծարար ոլորտների և այլընտրանքային կրթության բնագավառներում լայն հետաքրքրություններով: 2006թ.-ից Մոսկվայի «ՍԿՈԼԿՈՎՈ» կառավարման դպրոցի համակարգող խորհրդի անդամ է` միաժամանակ լինելով դպրոցի գլխավոր հիմնադիր անդամներից մեկը: Գ. Նահապետյանը նաև հանդիսանում է Մուլտիմեդիա Արտ Թանգարանի դիտորդ խորհրդի անդամ:

Գոռ Նահապետյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է «Դիալոգ բանկում» 1992թ.: Մասնակցել է Մոսկվայի բորսայի առաջին սակարկություններին: 1993թ.՝ ընկերության հիմնադրման առաջին օրերից, սկսեց իր աշխատանքը «Տրոյկա Դիալոգ»-ում: Գործունեությունը սկսելով վաճառքի վարչությունում՝ 1994թ. ստեղծում է գործառնական վարչություն, որն էլ հետո գլխավորում է: Հետագայում ղեկավարում էր հատուկ ծրագրերի մշակման բաժինը, որի հիման վրա ստեղծվեց «Տրոյկա Դիալոգ» ակտիվների կառավարման ընկերությունը: 1996թ. Գ. Նահապետյանը ստանձնեց ընկերության տնօրենի պաշտոնը: 2001-2003թթ. զբաղեցրել է «Ռոսգոսստրախ» ԲԲԸ-ի փոխնախագահի պաշտոնը` ղեկավարելով աշխատակազմի և հոլդինգի մի շարք ստորաբաժանումների աշխատանքը: Ղեկավարում էր նաև ընկերության ռեբրենդինգի նախագիծը: Գոռ Նահապետյանն անմիջական մասնակցություն է ունեցել Քաղաքային հիփոթեքային բանկի բացմանը «Տրոյկա Դիալոգի» և «Ռոսգոսստրախ» ԲԲԸ-ի համատեղ նախագծի շրջանակներում:

Զբաղեցրել է «Սբերբանկ» կորպորատիվ-ներդրումային բանկի (մինչև 2012թ. հոկտեմբերը՝ «Տրոյկա Դիալոգ») նախագահի աշխատակազմի ղեկավարի և կառավարող տնօրենի պաշտոնը՝ վերահսկելով ռազմավարական զարգացման հարցերը, ինչպես նաև մի շարք ստորաբաժանումների` հասարակության հետ կապերի, անձնակազմի կառավարման, անվտանգության, մարքեթինգի վարչությունների, կոնտակտային և տեղեկատվական կենտրոնի և ներքին հաղորդակցման վարչության աշխատանքը:

Գ. Նահապետյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Ստացել է Գործարար կառավարման մագիստրոսի կոչում Հայաստանի ամերիկյան համալսարանում, մասնակցել INSEAD բիզնես-դպրոցի դասընթացին:

Տնօրինություն

1995թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը (տնտեսագետի որակավորմամբ)` ստանալով մագիստրոսի կոչում: Համաձայն ՀՀ ԿԲ կողմից տրված վկայականի` ունի բանկի գործադիր տնօրենի, գործադիր տնօրենի տեղակալի, տնօրինության, օտարերկրյա մասնաճյուղի կառավարչի պաշտոններում աշխատելու իրավունք:

Արտակ Հանեսյանն իր աշխատանքային ուղին սկսել է 1993թ. Պետական գյուղ-արդյունաբերական տեսչությունում որպես պլանային բաժնի տնտեսագետ՝ այնուհետև աշխատելով «Արմինվեստբանկ» ՓԲԸ-ում որպես ինժեներ: Փոխելով աշխատանքի բնույթը` նա ՀՀ Կենտրոնական բանկում ստանձնել է վերահսկողության, կարգավորման և արտոնագրման վարչության մասնագետի, ավագ մասնագետի, իսկ այնուհետև վերահսկողության վարչության առաջին բաժնի պետի պարտականությունները (1995-1998թթ.): Ձգտելով ընդլայնել բանկային համակարգում ունեցած աշխատանքային փորձը` նա աշխատել է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում` որպես ֆինանսական գլխավոր վարչության պետ, վարչության նախագահի տեղակալ (1998-2006թթ.):

Ցուցաբերելով աշխատանքային լավագույն հատկանիշներ` նա 2006թ. ստանձնեց «Կոնվերս Բանկ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնը, որը զբաղեցրեց մինչև 2007թ.: 2007թ. հոկտեմբերի 23-ին ստանձնեց «Հայներարտբանկ» ՓԲԸ-ի, ներկայումս` «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը, իսկ 2008թ. ապրիլի 18-ից մինչ օրս զբաղեցնում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի (նախկինում «Հայներարտբանկ») Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենի պաշտոնը

1992թ. ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը, իսկ 2004թ. մասնակցել է Լոնդոնի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի ամառային դասընթացին: Էյ-Սի-Սի-Էյ որակավորման հավակնորդ է: Բանկային համակարգում իր գործունեությունը սկսել է 1994թ. ՀՀ Կենտրոնական բանկի վերահսկողության ծառայությունում, որտեղ զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ, ինչպես նաև իրականացրել Հայաստանում` Բազելյան կոմիտեի ղեկավարության ներքո Միջին Ասիայի և Կովկասի տարածաշրջանների բանկային վերահսկողության համակարգումը:

1999թ. տեղափոխվել է «Հայներարտբանկ» ՓԲԸ որպես ֆինանսական տնօրեն, իսկ 2006թ. նշանակվել է նույն բանկի գլխավոր տնօրենի տեղակալ: 2007թ. ապրիլից աշխատել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում որպես գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահի տեղակալ և ֆինանսական դեպարտամենտի տնօրեն: 2008թ. տեղափոխվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ որպես գլխավոր ֆինանսական տնօրեն: 2012թ. նշանակվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ: Ամերիաբանկ է տեղափոխվել 2012թ. հունիսին՝ որպես Գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն: 2012թ. նշանակվել է տնօրինության անդամ:

Բանկային համակարգում աշխատանքը Գևորգ Թառումյանը համատեղել է դասախոսական գործունեության հետ` կարդալով դասախոսություններ ֆինանսական վերլուծության և ռիսկերի կառավարման թեմաներով: Հանդիսանում է բանկային գործ, ֆինանսական վերլուծություն և ռիսկերի կառավարում թեմաներով մի շարք ձեռնարկների հեղինակ և համահեղինակ:

1995թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը և ստացել մաթեմատիկայի բակալավրի որակավորում: 1995-1997թթ. ուսումը շարունակել է Հայաստանի ամերիկյան համալսարանի գործարար կառավարման ֆակուլտետում և ստացել գործարար կառավարման մագիստրոսի որակավորում: Հետագայում մասնակցել է մի շարք մասնագիտական դասընթացների, այդ թվում` Հարվարդի համալսարանի Քենեդի կառավարման դպրոցում (2004թ.):

«Ամերիա» ՓԲԸ-ում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, մասնավորապես, աշխատել է որպես ավագ խորհրդական և կառավարման խորհրդատվության բաժնի ղեկավար (1999-2012թթ.): Կուտակելով բավականին մեծ փորձ` նա տեղափոխվեց «Ամերիաբանկ» ՓԲԸ, որտեղ աշխատում է մինչ օրս: Ամերիաբանկում զբաղեցրել է հետևյալ պաշտոնները` խորհրդական (2008-2010թթ.), Կորպորատիվ գործառնությունների գծով տնօրեն (2010-2012թթ.), Տնօրինության անդամ-Կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն (2012թ. փետրվարի 13-ից մինչ օրս):

1992-1997թթ. սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում` «Համաշխարհային էկոնոմիկա» մասնագիտացմամբ: 1997-2001թթ. սովորել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում: Պաշտպանելով «ՀՀ տնտեսության մրցակցային միջավայրի ձևավորման հիմնախնդիրները» թեմայով ատենախոսություն` 2001թ. ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական կոչում: Նաև մասնակցել է մի շարք մասնագիտական դասընթացների Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Մալթայում, Թուրքիայում, Հնդկաստանում և այլուր:

Արման Բարսեղյանն իր աշխատանքային ուղին սկսել է 1997թ. հոկտեմբերին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում (նախկինում «Միդլենդ Արմենիա Բանկ» ԲԸ) որպես ֆինանսական վերահսկողության բաժնի մասնագետ: Այնուհետև զբաղեցրել է տարբեր պաշտոններ, մասնավորապես` ֆինանսական վերահսկողության բաժնի գործառնությունների կառավարիչ (2001-2004թթ.), մասնաճյուղի կառավարիչ (2004-2008թթ.) և մանրածախ ծառայությունների դեպարտամենտի տնօրեն (2008-2012թթ.):

Արման Բարսեղյանն ստանձնել է «Ամերիաբանկ» ՓԲԸ Մանրածախ գործառնությունների գծով տնօրենի պաշտոնը 2012թ. հունիսին: 2012թ. սեպտեմբերի 6-ին նշանակվել է տնօրինության անդամ:

1989-1994թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում: Մասնակցել է մի շարք մասնագիտական դասընթացների: 1993-1999թթ. զբաղվել է ձեռնարկատիրությամբ:

Բանկային համակարգում իր մասնագիտական ուղին սկսել է 1999թ. «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում, ներկայումս` Ամերիաբանկ, որտեղ աշխատելով մինչ օրս` զբաղեցրել է տարբեր պաշտոններ` արտարժութային և ֆոնդային գործառնությունների վարչության դիլեր (1999-2001թթ.), գլխավոր դիլեր (2001-2002թթ.), դիլինգային կենտրոնի ղեկավար (2002-2013թթ.), առևտրային գործառնությունների գծով տնօրեն (2013թ.): Նշանակվել է տնօրինության անդամի պաշտոնակատար (28.11.2013թ.-24.12.2013թ.), ապա` Տնօրինության անդամ-Առևտրային գործառնությունների գծով տնօրեն (24.12.2013թ-ից մինչ օրս):

1991թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը` ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում: 1992-1993թթ. սովորել է ՌԴ Բաումանի անվան պետական տեխնի-կական համալսարանի ասպիրանտուրայում, իսկ 1994թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին մասնակցել է Կոնկորդիա համալսարանի (ԱՄՆ) Ներդրումների կառավարման ծրագրի դասընթացին: 1998-2000թթ. պատրաստել է իր թեկնածուական թեզը Հայաստանի տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտում, իսկ 2000թ.` ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական կոչում: 2003թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին սովորել է Հունգարիայում Ռոնալդ Քոուզի ինստիտուտի (ԱՄՆ) Ինստիտուցիոնալ վերլուծությունների ծրագրի շրջանակում: Հեղինակել է ավելի քան 130 գիտական հոդվածներ և հրապարակումներ ինստիտուցիոնալ տնտեսագիտության, արդյունաբերական տնտեսա-գիտության, ներդրումային և ֆինանսական շուկայի զարգացման, առևտրային քաղաքականության զար-գացման, մակրոտնտեսական տեսության, Հայաստանի` ԵՄ-ին ինտեգրման և ԱՀԿ-ին անդամակցության խնդիրների վերաբերյալ, որոնք տպագրվել են տեղական և միջազգային ամսագրերում և հանդեսներում:

Այնուհետև Տ. Ջրբաշյանն ընդունվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ, որտեղ աշխատելով մինչ օրս, զբաղեցրել է հետևյալ պաշտոնները` խորհրդական (2008թ.), Զարգացման գծով տնօրեն (01.08.2008թ.- 05.11.2008թ.), Տնօրինության անդամ, Զարգացման գծով տնօրեն (2008-2011թթ.), զարգացման գծով տնօրեն (2011-2013թթ.), Տնօրինության անդամ, Զարգացման գծով տնօրեն (20.06.2013թ-ից մինչ օրս):

1980-1985թթ. սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում:

Գոհար Խաչատրյանն իր աշխատանքային ուղին սկսել է ՀՀ Կենտրոնական բանկում, որտեղ զբաղեցրել է հետևյալ պաշտոնները` գործառնական վարչության հաշվեգործառնական բաժնի առաջին կարգի հաշվապահ (1991-1992թթ.), գործառնական վարչության տնտեսագիտական վերլուծությունների բաժնի առաջին կարգի տնտեսագետ, այնուհետև գլխավոր տնտեսագետ (1992-1994թթ.), բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների վերահսկողության և աուդիտի վարչության աուդիտի բաժնի առաջատար մասնագետ (1994թ.), բանկերի վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման վարչության տնտեսական վերլուծությունների և ուսումնասիրությունների բաժնի առաջատար մասնագետ (1994-1995թթ.), վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչության հաշվետվությունների ընդունման և հաշվապահական մեթոդոլոգիայի մշակման բաժնի առաջատար մասնագետ (1995-1998թթ.), վերահսկողության վարչության հաշվետվությունների ընդունման և փաստաթղթային վերահսկողության բաժնի առաջատար մասնագետ (1998-2000թթ.):

Այնուհետև ընդունվել է «Հայներարտբանկ» ՓԲԸ, ներկայումս` «Ամերիաբանկ» ՓԲԸ, որտեղ աշխատելով առ այսօր` զբաղեցրել է հետևյալ պաշտոնները. Ֆինանսական դեպարտամենտի հաշվեկշռի և հաշվետվությունների վերլուծության բաժնի պետ (2000թ.), Ֆինանսական հաշվետվությունների և ծախսերի վերահսկման վարչության պետ (2000-2001թթ.), Ֆինանսական դեպարտամենտի կառավարչական հաշվապահության վարչության պետ (2001-2003թթ.), գլխավոր կառավարչական հաշվապահ (2003-2006թթ.), գլխավոր հաշվապահ-կառավարչական հաշվապահության ղեկավար (2006-2008թթ.), Տնօրինության անդամի ժամանակավոր պաշտոնակատար, Գլխավոր հաշվապահ և Տնօրինության անդամ, Գլխավոր հաշվապահ (2008թ.): Բանկային համակարգում աշխատանքը համատեղել է դասախոսական գործունեության հետ: «Հաշվապահական հաշվառումը բանկերում» ձեռնարկի համահեղինակն է:

Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) «Հաշվիչ տեխնիկա և ինֆորմատիկա» ֆակուլտետը (ԷՀՄ ինժեներ-կոնստրուկտոր-տեխնոլոգի որակավորմամբ): 1994-1996թթ. սովորել է ՀՊՃՀ ասպիրանտական դպրոցի մագիստրատուրայում, իսկ 1996-1999թթ.` ՀՊՃՀ ասպիրանտական դպրոցի ասպիրանտուրայում: Պաշտպանելով իր գիտական ատենախոսությունը` 2000թ. ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի կոչում:

Անդրանիկ Բարսեղյանը մի շարք գիտական հոդվածների և հրապարակումների, այդ թվում բանկային կառավարման խնդիրներին վերաբերող նյութերի (նաև միջազգային) հեղինակ է: Հանդիսանում է EURO ֆինանսական մոդելավորման եվրոպական աշխատանքային խմբի անդամ (Erasmus համալսարան, Ռոտերդամ):

Համաձայն ՀՀ ԿԲ-ի կողմից տրված վկայականի` ունի բանկի գործադիր տնօրենի, գործադիր տնօրենի տեղակալի, տնօրինության, օտարերկրյա մասնաճյուղի կառավարչի պաշտոններում աշխատելու իրավունք: Անդրանիկ Բարսեղյանն իր աշխատանքային ուղին սկսել է ուսանողական տարիներին` ՀՊՃՀ հաշվիչ տեխնիկայի ֆակուլտետում` որպես լաբորանտ: 1995-2002թթ. աշխատել է «Հայագրոբանկ» ԲԲԸ-ում` որպես բանկային տեխնոլոգիաների ավտոմատացման կառավարչության առաջին կարգի, այնուհետև` ավագ և առաջատար մասնագետ, իրացվելիության և ռեսուրսների կառավարման բաժնի գլխավոր տնտեսագետ, որից հետո`բաժնի պետ, բանկային ռիսկերի կարգավորման վարչության պետ, ավտոմատացման վարչության պետ: 2003թ.-ից աշխատել է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում` որպես հաշվետվությունների և վերլուծությունների բաժնի պետ, այնուհետև` ռիսկերի կառավարման վարչության պետ, բանկի վարչության անդամ: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում աշխատանքի է անցել 2009թ.` որպես Ռիսկերի կառավարման կենտրոնի ղեկավար, իսկ 2009թ. դեկտեմբերի 7-ին նշանակվել է տնօրինության անդամ:

Ավարտել է Երևանի իրավագիտության և մենեջմենթի ինստիտուտը (1990-1995թթ.): Նպատակ ունենալով խորացնելու և զարգացնելու մասնագիտական գիտելիքները և պատրաստվածությունը՝ 1998-2002թթ. սովորել է ՌԴ Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտում, ստացել իրավաբանի որակավորում: 2003-2004թթ. անցել է մասնագիտական վերապատրաստում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ակադեմիայի հատուկ ֆակուլտետում:

1996-2007թթ. աշխատել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում: 2007թ. ընդունվել է աշխատանքի «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում` ներկայումս Ամերիաբանկ, որտեղ սկզբում զբաղեցրել է գլխավոր տնօրենի՝ անվտանգության գծով խորհրդականի (11.10.2007թ.-31.12.2007թ.), այնուհետև՝ Անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնները: 13.02.2012թ. մինչ օրս հանդիսանում է «Ամերիաբանկ» ՓԲԸ Տնօրինության անդամ` միաժամանակ զբաղեցնելով Անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը:

1989-1994թթ. Բուրաստան Մովսիսյանը սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլետը:

Բուրաստան Մովսիսյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1996թ. մարտ ամսից «ԱրմենՏել» ՓԲԸ-ում, որտեղ աշխատել է մինչև 2013թ. սեպտեմբերի 1-ը՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, այդ թվում` շարժական կապի վարչության պետի, վաճառքի տնօրենի և հաճախորդների սպասարկման ծառայության ղեկավարի պաշտոնները: Անմիջական և առանցքային մասնակցություն է ունեցել կապի ոլորտում մի շարք նախագծերի ներդրման գործում, ներառյալ բջջային կապի և ռոումինգի ծառայությունները: Մասնակցել է վերապատրաստման բազմաթիվ դասընթացների, ստացել Լյուքսեմբուրգի MACH ընկերության որակավորումը կապի ոլորտում:

Բուրաստան Մովսիսյանն «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում աշխատանքի է անցել 2013թ. սեպտեմբերի 2-ից որպես Տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն: 2014թ. հունիսի 11-ից ստանձնում է Տնօրինության անդամի, Տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրենի պաշտոնը:

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն

Բացի մեր կողմից իրականացվող հիմնական բանկային գործունեությունից, մենք փորձում ենք օգտակար լինել այն հասարակությանն ու երկրին որտեղ ապրում ենք:

Մեր գործունեությունը կառուցվում է այնպիսի հիմնարար սկզբունքների վրա, ինչպիսիք են ազնվությունը, վստահությունը և գործարար էթիկայի կանոնները, որոնք մեզ թույլ են տալիս հավուր պատշաճի սպասարկել ինչպես անհատներին, այնպես էլ իրավաբանական անձանց: Մեր ֆինանսական կայունությունը թույլ է տալիս երաշխավորել մեր հաճախորդների ֆինանսական միջոցների ապահովությունը: Մեր արդյունավետ ջանքերի շնորհիվ մենք դարձել ենք ՀՀ տնտեսության խթան և առաջատար ֆինանսական կառույց, ինչպես նաև լավագույն գործատուներից մեկը՝ շուրջ 600 հոգուց բաղկացած անձնակազմով: Մեր ֆինանսավորած նախագծերի շնորհիվ ստեղծվել է ավելի քան 2000 աշխատատեղ:

Ամերիաբանկը մշտապես մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում սոցիալական խնդիրներին և այդ նպատակով մշակել ենք կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հատուկ քաղաքականություն, որն ընդգրկում է այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են երեխաների առողջությունը և բարեկեցությունը, մշակութային արժեքների պահպանումը և տարածումը, մասնագիտական գիտելիքի տարածումը և կրթական ծրագրերը, համազգային նշանակության ծրագրերին և պետական կարևորության ենթակառուցվածքային ծրագրերին աջակցելը:

Հավատարիմ մնալով պատասխանատվության և պրոֆեսիոնալիզմի մեր հիմնարար արժեքներին՝ մենք ձգտում ենք գտնել այնպիսի գործընկերներ, որոնք ապահովում են թափանցիկ գործունեություն և պատշաճ հաշվետվություններ, որոնք անհրաժեշտության դեպքում տրամադրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին: 2015թ. Ամերիաբանկը Դիլիջանի միջազգային դպրոցի կրթաթոշակային հիմնադրամին տրամադրեց շուրջ 33 մլն ՀՀ դրամ:

2015թ. հիմնական միջոցառումները

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Ամերիայի սոցիալական պատասխանատվության առաջնահերթ ուղղություններից է առողջական բարդ խնդիրներ ունեցող երեխաներին աջակցելը: Հինգ տարի շարունակ Ամանորի շեմին մենք հանդես ենք եկել տարբեր թեմաներով բարեգործական աճուրդների կազմակերպմամբ, որոնց շրջանակներում հավաքագրված գումարը կրկնապատկվել է Ամերիաբանկի կողմից:

Այս միջոցառումներում Ամերիան միավորում է գործարար աշխարհի ուժերը թե՛ Հայաստանից և թե՛ արտերկրից: Միջոցառումների արդյունքում հավաքագրված գումարները, ինչպես նաև տարվա ընթացքում մեր նախաձեռնություններին միացած մեր գործընկերների, հաճախորդների և աշխատակիցների կատարած նվիրաբերությունները կազմել են 243.5 մլն ՀՀ դրամ, որն ուղղվել է երեխաների բարդ առողջական խնդիրների լուծմանը և կյանքի բնականոն ընթացքի ապահովմանը:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊՈՐՏ

Մենք 2010թ-ից համագործակցում ենք «Հայաստանի մանուկներ» (COAF) հիմնադրամի հետ: Իրականացնում ենք մի շարք ծրագրեր՝ ուղղված սոցիալապես խոցելի մարզային համայնքներում դպրոցներին աջակցմանը:

Ամերիաբանկը 2015-2016թթ. ուսումնական տարում Արմավիրի և Լոռու մարզերում համատեղ իրականացնում են երեխաների սոցիալական և ֆինանսական կրթության «Աֆլաթուն» ծրագիրը՝ նախատեսված միջին և ավագ դպրոցականների համար, որի գլխավոր նպատակն է երեխաներին ինքնաճանաչման ու դրսևորման հնարավորություն տալ և օգնել, որ նրանք ավելի լավ ընկալեն աշխարհն ու շրջակա միջավայրը:

Ամերիաբանկը նպատակ ունի բարելավել Հայաստանում կրթության որակը և հնարավորություն տալ ընդունակություններով երեխաներին իրենց ուսումը շարունակելու բարձր որակավորում ունեցող դպրոցներում: Այդ իսկ նպատակով «Ամերիա» խումբը համաֆինանսավորում է Դիլիջանի նորաբաց միջազգային դպրոցի կրթաթոշակային հիմնադրամը: Դիլիջանի միջազգային դպրոցը հանդիսանում է աշխարհի 14 երկրում դպրոցներ և ավելի քան 145 երկրում համագործակցության պայմանագրեր ունեցող United World Colleges (UWC) միջազգային ցանցի անդամ: UWC ցանցի աշակերտներն ընտրվում են ամբողջ աշխարհից՝ ելնելով նրանց անհատական նվաճումներից և ներուժից:

2015թ. Ամերիաբանկը Դիլիջանի միջազգային դպրոցի կրթաթոշակային հիմնադրամին տրամադրեց շուրջ 33 մլն ՀՀ դրամ:

Խրախուսելով առողջ ապրելակերպը` 2015թ. Ամերիաբանկն աջակցել է տարվա ամենագունեղ միջոցառման` Yerevan Color Run-ի կազմակերպմանը:

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Մեր գործունեության ընթացքում մենք աջակցել ենք քաղաքային ենթակառուցվածքի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերի իրագործմանն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ ՀՀ մարզերում, հատկապես այն մարզերում, որտեղ Բանկն ունի մասնաճյուղեր: 2015թ. «Երևան» հիմնադրամին ցուցաբերվել է 15 մլն ՀՀ դրամի աջակցություն` մայրաքաղաքում «Էրեբունի-Երևան» տոնակատարության և Ամանորի մի շարք միջոցառումների կազմակերպման ընթացքում:

Մեր թիմը

Մեր թիմը

Ամերիաբանկը հայաստանյան բանկային համակարգում եզակի կազմակերպություն է, որն առաջնորդվում է« «Երազանքի թիմ» գաղափարախոսությամբ և սկզբունքով: Մշակույթը, որը ներդրվել է, կարևորում է աշխատակիցների շարունակական մասնագիտական զարգացումը, ինչպես նաև խրախուսում կազմակերպության անմիջական մասնակցությունն այդ գործում: Մեզ հաջողվել է ձևավորել երիտասարդ և փորձառու մասնագետների միասնական թիմ, որն իր նպատակասլացության ու նվիրվածության, մեծ ներուժի, մասնագիտական կարողությունների, անկոտրում կամքի և նախաձեռնողականության շնորհիվ կարողանում է ծավալել արդյունավետ գործունեություն և հաղթահարել բոլոր խոչընդոտները:

ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Մեր հաջողության գրավականներից մեկն է բարձրակարգ պրոֆեսիոնալ մասնագետների թիմը: Ամենամեծ ներուժը և լավագույն որակավորումն ունեցող մասնագետներին ներգրավելու համար մենք մեր աշխատակիցներին հնարավորություն ենք տալիս շարունակելու իրենց կրթությունը և բարձրացնելու որակավորումը Հայաստանի և արտերկրի ճանաչված ուսումնական հաստատություններում: Ամենատարբեր հանդիպումների և համաժողովների մասնակցելով՝ մեր աշխատակիցները շարունակաբար շփվում են ոլորտի լավագույն ներկայացուցիչների հետ, հաղորդակից լինում առաջադեմ փորձին և նորարար լուծումներին:

Մեր գործունեության ընթացքում մենք աշխատակիցների համար արտերկրում, ՀՀ տարածքում և ներքին սեմինարներում վերապատրաստումների 18,200 մասնակցության հնարավորություն ենք ստեղծել, իսկ մասնավորապես 2015թ., մեր աշխատակիցներն ունեցել են 2807 մասնակցություն տարբեր վերապատրաստումներին:

Մեր վերապատրաստման ծրագրերում առանձնահատուկ տեղ են գրավում բարձր և միջին օղակի ղեկավարության համար կազմակերպվող սեմինար-քննարկումները, վարպետության դասընթացները, որոնք վարում են համաշխարհային ճանաչում և երկար տարիների պրակտիկ փորձառություն ունեցող բիզնես-դպրոցների հիմնադիրներ:

Միևնույն ժամանակ, մենք կարևորում ենք մեր աշխատակիցներին տարբեր միջազգային ֆինանսական կառույցներ գործնական (on-job) ուսուցման ուղարկելու փորձը, և մինչ օրս գրանցել ենք համագործակցության բազմաթիվ հաջողված օրինակներ:

Ձգտելով քայլել միջազգային զարգացումներին համընթաց՝ մեր աշխատակիցներն ակտիվորեն մասնակցում են հեռակա ուսուցման զանազան ծրագրերի, այդ թվում՝ վեբինարների և միջազգային որակավորման դասընթացների: Մենք ջանք չենք խնայում՝ խրախուսելու մեր աշխատակիցների ինքնազարգացումը: Ստեղծել ենք մեծ գրադարան, որը ներառում է ինչպես էլեկտրոնային, այնպես էլ տպագիր մասնագիտական նյութեր:

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ՍԿՍՆԱԿ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մենք ողջունում ենք եռանդով լի, նվիրված, համարձակ ու նպատակասլաց անձանց և պատրաստ ենք ուսուցանել նրանց՝ փոխանցելով միաժամանակ և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքներ` աջակցելով նրանց մասնագիտական առաջխաղացմանը:

Բանկը շարունակում է արդյունավետ համագործակցությունը Հայաստանի լավագույն ԲՈՒՀ-երի հետ և ընդլայնում նոր գործընկեր-կազմակերպությունների ցանկը: Սկսնակների համար նախատեսված ծրագրերի միջոցով ԲՈՒՀ-երի հետ համագործակցության և «Ամերիա Սերունդ» ծրագրի շրջանակներում Ամերիաբանկի թիմին են միացել տաղանդաշատ, եռանդով լի, համարձակ ու նպատակասլաց երիտասարդ մասնագետներ:

2012թ. սկսած Ամերիաբանկն իրականացնում է «Ամերիա Սերունդ» ծրագիրը, որը մեծ մասսայականություն է վայելում երիտասարդների շրջանում: Ծրագիրը հնարավորություն է տալիս 20-25 տարեկան նորավարտ և աշխատանքային փորձ չունեցող երիտասարդներին ստանալու տեսական և գործնական գիտելիքներ ֆինանսական ոլորտի, մասնավորապես` բանկային գործի վերաբերյալ, աշխատանքային միջավայրում շփվելու փորձառու մասնագետների հետ, ծանոթանալու կորպորատիվ մշակույթի առանձնահատկություններին և իրենց աշխատանքային ուղին սկսելու Ամերիաբանկում: Չորս տարիների ընթացքում անցկացրած ծրագրերի արդյունքում շուրջ 100 երիտասարդ մասնագետ աշխատանքի է անցել Ամերիաբանկի տարբեր ստորաբաժանումներում:

ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՄԱԼՐՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԱՐԲԵՐ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Բանկն աշխատատեղերի համալրման գործընթացն իրականացնելիս բացի ՀՀ ֆինանսական համակարգից լավագույն մասնագետների ներգրավումից, մեծ ուշադրություն է դարձնում նաև ներքին առաջխաղացմանը` ներքին թեկնածուներին ընձեռելով ինչպես պաշտոնի առաջխաղացման, այնպես էլ ցանկության դեպքում մասնագիտացումը փոփոխելու հնարավորություններ:

Ուշադրության արժանացնելով հայրենադարձության հարցը, ինչպես նաև կարևորելով հայազգի տաղանդավոր երիտասարդների վերադարձը Հայաստան արտասահմանյան առաջատար ԲՈՒՀ-երում կրթություն ստանալուց հետո՝ բանկն ակտիվորեն համագործակցում է «Դեպի Հայք» կազմակերպության և «Լույս» հիմնադրամի հետ, պրակտիկայի և աշխատանքի հնարավորություն ստեղծում վերոնշյալ թիրախային խմբի համար: 2015թ. բանկը մասնակցել է նաև Փարիզում տեղի ունեցած աշխատանքի տոնավաճառին` արտերկրում ապրող հայերի համար հնարավորություն ստեղծելով ծանոթանալու կազմակերպությանը և աշխատանքի իրական հնարավորություններին:

Բանկը համագործակցում է նաև այնպիսի կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են սահմանափակ կարողություններով անձանց հասարակությանն ինտեգրմանև աշխատանքի ընդունման հարցերով, և 2015թ. մեր թիմն արդեն իսկ համալրել է սահմանափակ կարողություններով աշխատակից:

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹ

Բանկը մշակել է նաև արտոնությունների լայն փաթեթ (արտոնյալ պայմաններով բանկային ծառայությունների մատուցում, բժշկական, ճանապարհորդային և դժբախտ պատահարներից ապահովագրություն, վերապատրաստման և մասնագիտական որակավորման բարձրացման հնարավորություն, տարվա ընթացքում 24 ժամ վճարովի բացակայության հնարավորություն և այլն), որը հնարավորություն է ընձեռում նվազագույն ֆինանսական ներդրմամբ կամ ամբողջովին անվճար օգտվել վերոնշյալ ծառայություններից: Բայց ամենակարևորը, իրարկե, մասնագետներից ձևավորված երազանքների թիմի անդամ դառնալու և այդ թիմը զարգացնելու հնարավորությունն է:

Experience in financial sector
Age
Profit per bank employee
Assets per bank employee
Employee Statistic
Breakdown of the workforce

Բովանդակություն

Մենյու Top